Վեդի (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Քաղաք
Վեդի
Զինանշան

Վեդիի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՔաղաքապետՎարուժան Բարսեղյան
Տվյալ կարգավիճակում1995-ից թվականից
Մակերես22.9 կմ²
ԲԾՄ850±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն11 600[1] մարդ (2015)
Խտություն3, 714 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվեդեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (234)
Փոստային ինդեքս0601
Պաշտոնական կայքararat.gov.am/about-communities/71/ (հայ.)
Վեդի (քաղաք) (Հայաստան)##
Վեդի (քաղաք) (Հայաստան)

Վեդի (նախկինում՝ Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի), քաղաք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։ Վեդի է վերանվանվել 1946 թ-ին։ Վեդին ունի իր օրհներգը, որը գրվել է 2007 թ. Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի առաջարկությամբ։

Անվանումը

Քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ. ըստ առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1995 թվականի վարչատարածքային բաժանման ժամանակ. մինչ այդ ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։

Հուշարձան Վեդի քաղաքի մուտքի մոտ
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Քաղաքի օրհներգը

Վեդին օրներգ ունի։ Խոսքերի հեղինակը Ս.Հակոբյանն է, երաժշտությունը՝ Թ.Ստամբոլցյանի։

 Սրբազան հողում հայրենի,
 Այգիներով, արտերով ոսկի,
 Արարատյան հողում գեղանի ՝
 Քաղաքը մեր կոչվում է Վեդի:
 Դու ծաղկիր, չքնաղ մեր բնօրրան,
 Թող հզորանա մեծն Հայաստան
 Փառք քեզ, Վեդի, փառք հավիտյան:
 Դարեր ես ապրել հավատով,
 Վեդեցու անխոնջ աշխատանքով,
 Ամենուր ժպիտն է ծիրանի,
 Բուրմունքը գինու, խաղողի:

Հիմնադրման թվական

Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Նրա մասին առաջին հիշատակությունները գալիս են դեռևս ուրարտական ժամանակներից[2]։ Առաջին անգամ Վեդին հիշատակվում է 13-րդ դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ, երկու հիշատակություն ՝ Նորավանքի, և մեկի՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում։ Մինչև 17-րդ դարը եղել է մեծ բնակավայր։ Ըստ ռուս աշխարհագետ Ի. Շոպենի, բնակավայրը 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը։ 19-րդ դարի կեսին ուներ եկեղեցի, ապրում էին 240 տուն թաթար և 12 հայ ընտանիք։1828 թվականին Վեդի բասարի մահալում Մակուի շրջանից վերաբնակվել են 1170 շունչ հայեր՝ 640- ը՝ Դավալուում(Արարատ գյուղ) և 530 -ը՝ Վեդիում։ 1849 թվականից մտել է Երևանի նահանգի մեջ, 1918 թ-ից որպես առանձին գավառ, իսկ 1929 թվականին գավառը վերացվել է, և ստեղծվել է Վեդու շրջանը՝ Բոյուք Վեդի շրջկենտրոնով։ Վեդիի համար հայացման գործընթացը սկսվել է 1940- ական թվականներին։ 1958 թվականին ունեցել է 4500 բնակիչ։ 1962 թվականին բնակավայրը ստանում է ավանի կարգավիճակ, 1996 թվականից՝ քաղաքի։

Աշխարհագրություն և կլիմա

Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի արևմուտք։ Բուն կենտրոնական մասում գտնվում է հարթեցված գագաթով մոտ 10 մ հարաբերական բարձրությամբ երկրաբանական ավելի հին ապարներից կազմված բլուր։ Ծովի մակերըույթից ունի մոտ 900 մ բարձրություն։ Վեդի քաղաքը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Արցախ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Վեդի գետի ստորին հոսանքում։ Տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում, Երևանից 48 կմ հեռավորության վրա։ Անմիջապես քաղաքի կողքին է գտնվում Գոռավան անապատը։

Վեդին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որտեղ ձևավորվել է կլիմայի չոր, խիստ ցամաքային տիպը։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, նվազագույն ջերմաստիճանը դիտվել է - 32 °C։ Կայուն ձյունածածկույթ ձևավորվում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է ջերմաստիճանային շրջադասությունը: Ամառը շոգ է, տևական՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք մեղմացնում են քաղաքի ամառային տապը։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Վեդիում բնական լանդշաֆտը կիսաանապատային է։ Հումուսից աղքատ գորշ հողերը վերածվել են կուլտուր ոռոգելի հողերի[3]։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ է։

Քաղաքի միջով է հոսում Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա հանքային ջրերի պաշարներ։

Բնակչություն

Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի նահանգներից, իսկ նոր ժամանակներում՝ Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից։

Ժողովրդագրություն

Տարի 1831 1897 1937 1959 1970 1989 2015
Բնակչություն 1 244 2 798 2 830 3 581 6 165 10 757 11 600

1988-1989 թվականներին Ադրբեջանում կազմակերպված Սումգայիթյան ջարդերի հետևանքով քաղաք են գաղթել շուրջ 561 մարդ։ Ըստ 2009 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13242 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 11%[4]։

Կրթություն

Ունի 2 միջնակարգ և 1 ավագ դպրոց, գրադարան, երաժշտական դպրոց, ուսումնարան, քոլեջ, 4 մանկապարտեզ, մարզադպրոց, մշակույթի պալատ, գեղարվեստի դպրոց։

Տնտեսություն

Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատկարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին։ Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն։ Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա՝ արտեզյան ավազանի ջրերը։

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75 %՝ 1740 հա։ Հիմնական ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։

Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Վեդիում գործում է Վեդիպլաստ իրերի գործարանը, որը հիմնադրել է Արմեն Պողոսյանը։ Գործում են նաև մեկ տասնյակից ավելի մանր արտադրամասեր, տրավերտինի քարի հանքը, Վեդիշինը։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • Սամվել Հակոբյան «Արարատի մարզ», Երևան, 2010

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Վեդի քաղաք
  3. Արարատի մարզպետարան
  4. Վեդի