Ապար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապար (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Igneous_rock_Santoroni_Greece.jpg/220px-Igneous_rock_Santoroni_Greece.jpg)
Ապար, երկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներից կազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ մագմայական (հրաբխային), նստվածքային, փոխակերպային (մետամորֆային)։ Հրաբխային և մետամորֆային ապարները կազմում են երկրակեղևի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործել է ռուս գիտնական Սևերգինը 1798 թ-ին։
Մագմայական ապարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագմայական ապարներն առաջանում են Երկրի խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների (մագմա կամ լավա) սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ գաբրո, գրանիտ, դիորիտ և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ բազալտ, անդեզիտ, տուֆ և այլն ապարների։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Darone.jpg/225px-Darone.jpg)
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, Գեղիի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ)։
Նստվածքային ապարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։ Ըստ ծագման՝ նստվածքային ապարները լինում են բեկորային (ավազ-ավազաքար, խճաքար-փշրաքար, գլաքար-խառնաքար), կավային (կավեր, քարացած կավեր կամ արգիլիտներ, լյոսանման կավեր և այլն), ոչ բեկորային՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգանական (կրաքար, քարաղ, դիատոմիտ, քարածուխ, այրվող թերթաքարեր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային ապարներին բնորոշ է շերտայնությունը։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված են Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Որոտանի միջին հոսանքի ավազանում, Փամբակի հովտում և այլուր։
Փոխակերպային ապարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխակերպային ապարներն առաջանում են հրաբխային և նստվածքային ապարների փոփոխման հետևանքով։ Երկրակեղևում ջերմադինամիկական պայմանների փոփոխությունը հանգեցնում է միներալային կազմի և կառուցվածքի վերափոխումների, որոնք ընթանում են պինդ վիճակում, առանց ապարների հալման։ Փոխակերպման գլխավոր գործոններն են բարձր ջերմաստիճանն ու բարձր ճնշումը։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված են Արզականի, Հանքավանի բյուրեղային լեռնազանգվածներում։ Փոխակերպային են սկառնը, գնեյսը, մարմարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 505)։ ![]() |