Ակոռիի ճակատամարտ
Թվական | 481 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | |
Արդյունք | Մարզպանական Հայաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Վահան Մամիկոնյան | Մարզպան Ատրվշնասպ |
Կողմերի ուժեր | |
400 | 7000 |
Ռազմական կորուստներ | |
թեթև | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Ակոռիի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 481 թվականին Այրարատ նահանգի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի մոտ։ Հայկական կողմի հրամանատարն էր սպարապետ Վասակ Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմինը՝ մարզպան Ատրվշնասպը։
Վահանանց ապստամբության շրջանակներում տեղի են ունեցել նաև ՆԵրսեհապատի, Ճարմանայի, Դվինի և մի շարք այլ ճակատամարտեր ու կռիվներ, որոնց հետևանքով 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Նվարսակի պայմանագիրը։ Այդ պայմանագրով պարսիկները վերջնականապես հրաժարվել են Հայաստանի բնակչության կրոնափոխության մտադրությունից, իսկ հայ իշխանները՝ ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը, որն ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի։ Վերջինը չէր ուրացել և նահատակվել էր դրա համար։ Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվում է ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Ստեղծվում է նոր կառավարություն։ Երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[1]։
Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապստամբությունը դեռևս անկազմակերպ դրության մեջ էր, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով հայերը ստիպված են լինում ներգրավվել պատերազմական գործողություններում։ Ատրպատական փախած հայ դավաճաններն Ատրվշնասպին խորհուրդ են տալիս հարձակվել հայերի վրա, և նա արագ 7 հազարանոց բանակ է հավաքում ու շարժվում դեպի Հայաստան։ Հեղափոխական կառավարությունը, որը սկզբնապես որոշել էր տեղափոխվել Տայք, մնում է Դվինում և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանի հրամանատարությամբ մի ստորաբաժանում ուղարկում Արաքս գետի ափ։ հրամանատարությունը որոշել էր ամրանալ Կռվակք գյուղում, սակայն Ատրվշնասպ մարզպանն ավելի շուտ է հասնում այնտեղ։
Հայկական զորաբաժինն այդ ժամանակ չէր գերազանցում 400 հոգին։ հրամանատարությունը որոշում է ընդունում ամրանալ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ։ Ճակատամարտից առաջ հայոց սպարապետը զորքը բաժանել էր չորս մասի։
Բախման սկզբում պարսիկների կողմն է անցնում Գարջույլ Խորխոռունին իր հարյուր մարդկանցով։
Հայերն իրենց ուժերը հավաքելով՝ վերջնական հարձակումն են տալիս պարսիկներին և հաղթանակ տանում։ Հաղթանակից հետո հայերը հետապնդում են պարսիկներին, սպանվում է նաև մարզպան Ատրվշնասպը։ Վրացիներն այդ ընթացքում իրենց երկրի տարածքում հաղթում են պարսիկներին, որից հետո հայերի և դրացի վրացիների միջև սերտ կապեր են հաստատվում։ Վրաց Վախթանգ թագավորը 300 հոգուց կազմված զորաբաժին է ուղարկում, սակայն, տեղ չհասնելով, նրանք ետ են վերադառնում Վրաստան։ Ապստամբության առաջին հաղթանակից հետո հայոց սպարապետը պատգամավորություններ է ուղարկում նահանգների իշխանների մոտ, որոնց արդյունքում ապստամբությանն են միանում որոշ իշխաններ։
արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապստամբության ընթացքում հաջորդող Ներսեհապատի, Ճարմանայի, Դվինի ճակատամարտերի արդյունքում կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[2]՝
- Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար։
- Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին։
- Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ «երկերեսանի, բախտախնդիր անձանց» ամբաստանություններին, ունկնդրել «ուղղամիտ» մարդկանց խորհուրդները։
- Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը կարևոր դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 113.
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
- ↑ Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967թ., էջ 126-128։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 112-114
- Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 289-291
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 229)։ |