1917 թվականին ավարտել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
Կարո Հալաբյանի պատվին անվանակոչվել են փողոցներ Մոսկվայում (Հալաբյան փողոց) և Երևանում (Հալաբյան փողոց)։ 2020 թվականի աշնանը Մոսկվայի Արբատեց պուրակում գտնվող Հալաբյան փողոցում տեղադրվել, իսկ 2021 թվականի ապրիլի 27-ին հանդիսավոր բացվել է Կարո Հալաբյանի հուշարձան[3] (քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան[4], ճարտարապետներ՝ Աշոտ Թաթևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան և Կարինա Դանիելյան)[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։