Սանդուղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չկալովյան սանդուղք, Նիժնի Նովգորոդ
Պոտյոմկինյան սանդուղք, Օդեսա
Բրամանտե սանդուղք, Վատիկանի թանգարան
Մետաղե պտուտակաձև սանդուղք
Պտուտակաձև սանդուղք-աշտարակ, Պալացցո Կոնտարի դել Բովոլո, Վենեցիա
Թեք վերելքով աշխարհի ամենաերկար սանդուղքը Niesenbahn, Շվեյցարիա, ունի 11,674 աստիճան

Սանդուղք, գործառական և կառուցվածքային տարր, որն ապահովում է ուղղահայաց կապեր։ Սանդուղքը բաղկացած է մի շարք աստիճաններից։ Սովորաբար այս հասկացությունը կիրառվում է շինությունների այն տարրերը բնորոշելու համար, որոնք հանդիսանում են կրող կոնստրուկցիաներ։ Հասկացությունն օգտագործվում է նաև ծառայողական մեքենաների (օրինակ՝ հրշեջ մեքենայի), ինքնաթիռների և ուղղաթիռների, պարանասանդուղքների, շարժասանդուղքների բարձրացնող տարրերի բնորոշման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սանդուղքներն ի հայտ են եկել առաջին բնակավայրերի հետ մեկտեղ։ Նախնադարյան մարդիկ, ընդօրինակելով կենդանիների փորձը, սար էին բարձրանում, այսպես կոչված, «այծի ճանապարհով», որը հիշեցնում է խորդուբորդ սանդուղք[1]։

Փայտե առաջին սանդուղքն ավելի քան յոթ հազար տարեկան է։ 2004 թվականին ավստրիական Հալշտադտ քաղաքում՝ հնագույն աղի հանքավայրում, գիտնականները հայտնաբերեցին լավ պահպանված փայտե սանդուղք։ Այն մինչ օրս հայտնի ամենահին սանդուղքն է։ Պեղվել է միայն 6 մետր աստիճան։ Աղի շնորհիվ հնագույն սանդուղքը լավ պահպանվել է։ Գիտնականները նշում են, որ այն կառուցվել է մեր թվարկությունից 5000 տարի առաջ։

Սանդուղքի պատրաստման տեխնոլոգիայի մասին առաջին գրավոր վկայությունները եղել են մ.թ.ա. 4-1-ին հազարամյակների եգիպտական պապիրուսները։ Եգիպտական բուրգերը դեպի երկինք գնացող հսկայական սանդուղք են։

Մայաների քաղաքակրթության սանդուղքները ծածկված էին հիերոգլիֆներով և հանդիսանում էին բուրգերի կարևորագույն տարրերը։

Ասորեստանի ճարտարապետության մեջ ավանդույթ կար կառուցել վեր բարձրանալիս։ Մ.թ.ա. 521 թվականին Դարիայի ամրոցում կառուցված դեպի մեծ ապադանա տանող սանդուղքի պատերը զարդարված էին մարտիկների, առյուծների, ցլերի, գերիների խմբերի պատկերներով։

Հին հույները և հռոմեացիները, ովքեր կառուցել են կոլիզեումներ, ամֆիթատրոններ և տաճարներ, չէին կարող առանց զանգվածային աստիճանական կառույցների։ Անտիկ տաճարները կառուցում էին վեր բարձրացրած հարթությունների՝ ստիլոբատների վրա, որոնք բաղկացած էին բազմաթիվ աստիճաններից։ Երբեմն այդ աստիճաններն ունենում էին 2 մետրից ավելի բարձրություն։

Միջնադարում դղյակներն ունեին պաշտպանողական պատեր և աշտարակներ, որտեղ բարձրանում էին սանդուղքի աստիճաններով, և մութ նկուղներ, որտեղ ևս իջնում էին սանդուղքներով։ Ստեղծում էին հատուկ աստիճանական հիլդիաներ, որոնք սերնդեսերունդ փոխանցում էին սանդուղքների կառուցման գաղտնիքները։ Պտուտակաձև սանդուղքների պատրաստումը պահանջում էր մաթեմատիկական հատուկ հաշվարկներ։

Ֆրանսիայում գոթական շրջանում հատուկ ուշադրություն էին դարձնում սանդղավանդակներին, որոնք հաճախ կազմում էին շինության գլխավոր մուտքը։

Վերածննդի, կլասիցիզմի, բարոկկո, ռոկոկո, մոդեռն ժամանակաշրջաններում սանդուղքները կրում էին դարաշրջանի կնիքը, զարդարվում էին քանդակներով և ճարտարապետական այլ նմուշներով։

Անգլիացի պոետ, ճարտարապետ և դիվանագետ պարոն Հենրի Ուոթթոնը 1624 թվականին գրել է.

Լավ սանդուղք պատրաստելը ճարտարապետական բարդ խնդիր է։

Նա խորհուրդ էր տալիս լավ լուսավորել սանդուղքը, որպեսզի ոչ ոք հանկարծ չսայթաքի, գլխավերևում բավականաչափ տեղ թողնել, որպեսզի «վեր բարձրացող մարդուն օդը բավականացնի», ընդգծում էր լայն աստիճանների և փոքրիկ թեքության նշանակությունը, քանի որ «ոտքերը վերելքի ժամանակ ավելի են հոգնում, քան վայրէջքի»։

Նյութերի մշակման մեթոդների զարգացմանը և նոր մեթոդների յուրացմանը զուգընթաց սանդուղքների արտաքին տեսքը և ձևավորումը փոփոխվել են[2]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն սանդուղքների դասակարգման տարբեր չափանիշներ[3]։

Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմնական սանդուղք (նախատեսված են մարդկանց տարհանման համար), գլխավոր (ընդհանուր օգտագործման համար),
  • օժանդակող սանդուղք,
    • պահեստային (նախատեսված է վթարային-փրկարարական աշխատանքների համար),
    • ծառայողական (նախատեսված է նկուղ կամ ձեղնահարկ մտնելու համար),
    • տանիքի (նախատեսված է տանիքի և դրա տարրերի անվտանգ սպասարկման համար),
  • ներբնակարանային սանդուղք (ծառայում է միևնույն բնակարանի տարբեր հարկերի կամ անհատական բազմահարկ տան մեջ հաղորդակցման համար),
  • մուտքի և շքամուտքի սանդուղք,
  • այգիների և զբոսայգիների սանդուղք,
  • շարժասանդուղք (էսկալատոր)։

Ըստ դիրքի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներքին սանդուղք՝ տեղակայված աստիճանավանդակում,
  • ներքին բաց սանդուղք,
  • արտաքին բաց սանդուղք[4]
  • ներբնակարանային սանդուղք։

Ըստ պատրաստման նյութի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուղքի նյութի օգտագործումը պայմանավորված է դրա գործառնական նշանակությամբ և շահագործման առանձնահատկություններով։

Ըստ աստիճանատակի առկայության (բացակայության)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաց (առանց աստիճանատակի),
  • փակ (աստիճանատակով),
  • կիսափակ (աստիճանատակով մասամբ փակվում է լույսը)։

Ըստ մեկ հարկի շրջանակներում սանդուղքաբաժինների քանակի և դասավորվածության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղիղ սանդուղքաբաժիններով,
    • մեկ
      Մեկ սանդուղքաբաժնով սանդուղք
      Մեկ սանդուղքաբաժնով սանդուղք
      , երկու, երեք, չորս բաժնով,
    • հատվող բաժիններով,
    • բրգաձև,
  • շրջադարձային,
    • Г-աձև,
    • П-աձև,
    • S-աձև,
    • պարուրաձև-պտուտակաձև,
    • քառորդ պտույտով 90°,
    • կես պտույտով 180°,
    • շրջանաձև 360°,
  • կորագիծ,
  • համակցված։
Երկու սանդուղքաբաժնով սանդուղք
Երկու սանդուղքաբաժնով սանդուղք
Երեք սանդուղքաբաժնով սանդուղք
Երեք սանդուղքաբաժնով սանդուղք

Պտուտակաձև, բազմաբաժին սանդուղք Y և S-աձև, Բեռլինյան սանդուղք Բրգաևձ և կոնաձև սանդուղք

Ըստ աստիճանների ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղիղ աստիճաններով,
  • թեք աստիճաններով,
    • պտուտակաձև աստիճաններով,
    • անկյունային շրջադարձային սատիճաններով,
  • «բադաքայլ» (աստիճանների դասավորվածության արդյունքում քայլը զուգորդվում է բադաքայլի հետ) կամ «սամբա» (այսպիսի սանդուղքով շարժվելը հիշեցնում է սամբա պարը. թեև այն շատ հարմարավետ չէ, բայց թույլ է տալիս տարածք խնայել) աստիճաններով[6]։

Ըստ կառուցապատման եղանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավաքովի,
    • մեծ տարրերով,
    • փոքր տարրերով,
  • միաձույլ,
  • մետաղական զոդվող և հավաքովի,
    • տեսանելի մետաղով սանդուղք,
      • մեկ կենտրոնական սանդղակալի վրա,
      • հավաքովի "մոդուլային" սանդուղք
        «Սամբա»
        ,
      • երկու և ավելի սանդղակալների վրա,
    • թաքնված մետաղական հիմնակմախքով,
      • փայտով երեսպատված,
      • մանրահատակով, լամինատով երեսպատված,
  • փայտե սանդուղք,
    • սանդղակալի վրա,
    • համակցված։

Համաչափ և հարմարավետ սանդուղքների տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկփեղկ,
  • ծալվող (բաղկացած է երեք, չորս և ավելի բաժնից, որոնք շարժելու դեպքում հարմարավետորեն դասավորվում են միմյանց վրա),
  • հարմոնաձև (ծալքավոր) սանդուղք, պատրաստվում են միայն մետաղից,
  • շարժական,
  • բացովի,
  • հենովի։

Հրդեհային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրդեհային արտաքին սանդուղք (նախատեսված է հրդեհի մարման և վթարային-փրկարարական աշխատանքների իրականացման համար)։ Տարատեսակներն են.
      • Հ1 - ուղղահայաց սանդուղք,
        • Հ1-1 - առանց պատվարի (մինչև 6 մետր բարձրությամբ),
        • Հ1-2 - պատվարով (6 մետրից ավելի բարձրությամբ),
      • Հ2 - երթային սանդուղք 6:1-ից ոչ ավելի թեքությամբ[4],
    • ըստ պատվարի,
      • ԱՍ - սանդուղքաբաժինների համար,
      • ՀԱ - սանդուղքահրապարակների համար,
      • ՈւԱ - ուղղահայաց սանդուղքների համար,
      • ԱՃ - առանց ճաղաշարի տանիքի համար,
      • ՃՏ - ճաղաշարով տանիքի համար,
    • ըստ երեսարկման,
      • Ա - համատարած ակոսավոր,
      • վանդակավոր,
        • Դ - դրոշմված տարրերով,
        • Շ - եզրերի և շրջանաձև մասի վրա գծերով,
        • Ե - եզրերի վրա մեկ ուղղությամբ արված գծերով,
        • Ձ - հատած-ձգած մետաղից մասերով[7]։

Սանդուղքի կառուցվածքի մասնավոր դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենովի, օգտագործվում է ձեղնահարկ կամ նկուղ գնալու, այգում մաքրություն անելու, վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Հիմնականում պատրաստվում է բնափայտից, ալյումինային պարզեցված պրոֆիլներից կամ խողովակներից (հազվադեպ` պողպատե կոնստրուկցիաներից)։ Տեղադրվում է մեծ անկյան տակ` 60-75°:
Ժամանակակից ձեռնասանդուղք
  • Ձեռնասանդուղք, ծառայում է վերջին հարկից ձեղնահարկ գնալու համար։ Այսպիսի սանդուղքի լայնությունը շուրջ 60 սմ է։ Պատրաստվում է պրոֆիլավորված մետաղից կամ 16մմ տրամագծով ձողից։
  • Մոնտաժային սանդուղք, պարզեցված սանդուղք, որը հիմնականում օգտագործվում է բարձր հարկերում աշխատելիս կամ զոդման աշխատանքներ կատարելիս։
  • Վայրէջքի սանդուղք (ամբարձչի), նախատեսված է կռունկով աշխատելու համար։ Թեքության անկյունը 60° է։
  • Այգե-պուրակային սանդուղք, օգտագործվում է բազմամակարդակային շինվածքներ բարձրանալու, ներքին բակ իջնելու համար։
  • Նավասանդուղք, հատուկ սանդուղք է` նախատեսված մարդկանց նավ բարձրացնելու և իջեցնելու, ինչպես նաև մի տախտակամածից մյուսը տեղափոխելու համար։
  • Պարանասանդուղք, օգտագործվում է տնտեսության մեջ, հրդեհի ժամանակ մարդկանց տարհանելու համար, ինչպես նաև մանկական սպորտային համալիրներում և կրկեսում։ Այն կարող է ամբողջությամբ կազմված լինել պարանից կամ որպես աստիճաններ` կարող են հանդես գալ 25-30 մմ տրամագծով փայտե կամ մետաղյա կտորներ։ Աստիճանների միջև հեռավորությունը սովորաբար կազմում է 30 սմ։
  • Փոթորկասանդուղք, պարանասանդուղքի տարատեսակ է, որն օգտագործվում է նավ բարձրանալու համար[3]։

Կառուցողական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուղքի կառուցվածքում կարելի է առանձնացնել մի քանի տարր[8].

  • աստիճան,
  • սանդղակալ,
  • սանդուղքաբաժին,
  • ճաղաշար,
  • բազրիք,
  • զարդաճաղ։

Սանդուղքը արվեստի և մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծննդոցում նկարագրվում է Հակոբի սանդուղքը, որը գտնվում էր երկրի վրա և դիպչում երկնքին։ Դեպի երկինք ձգվող սանդուղքի կերպարը մեկնաբանվել է Հովհան Կլիմաքոսի աշխատություններում։ Նորագույն ժամանակաշրջանում սանդուղքի կերպարին անդրադարձել է Լեդ Զեփելին ռոք խումբը իր Stairway to heaven երգում։
  • Մաուրից Կոռնելիս Էշերի աշխատանքներում հաճախ են հանդիպում օպտիկական պատրանքների վրա հիմնված, «անհնարին» պատկերներ ձևավորող սանդուղքներ։
  • Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմում կա դրվագ՝ կապված Պոտյոմկինյան սանդուղքի հետ։ Այդ ֆիլմը համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներից մեկը։
  • Օլեգ Մենշիկովի հերոսը՝ Վոլոդյան, «Սանդուղք» ֆիլմում փորձում է անվերջ սանդուղքի միջոցով ելք գտնել կախարդված տանից։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուղքը դիտարկվում է նաև որպես խորհրդանիշ և կրոնական ծեսերի բաղադրիչ՝ ընդգծելով հարության կարևորությունը։ Սանդուղքի համարժեք են հանդիսանում ոսկե թելը, երկրի առանցքը, համաշխարհային սարը, ծիածանը և այլն։ Սանդուղքը թափանցում է տիեզերական երեք շերտերի մեջ՝ միացնելով աստվածների աշխարհը, մարդկանց և անդրաշխարհը։ Այն կապված է ուղղահայաց շարժման հետ[9]։

Սանդուղքը խորհրդանշում է.

  • անցում կեցության մի ձևից մյուսին,
  • անցում դեպի գոյաբանական մյուս մակարդակ,
  • հաղորդակցում Երկրի և Երկնքի միջև երկու ուղղությամբ,
  • մատնանշում է հասանելիությունը իրականությանը, բացարձակին, տրանսցենդենտին՝ անցում կատարելով անիրականից իրականին, խավարից լույսին, մահվանից անմահությանը,
  • երկինքը դարձնում է հասանելի, սակայն կարող է նաև հեռացվել. ի սկզբանե սանդուղքը գոյություն ուներ դրախտում և ապահովում էր մարդու և աստծո կապը, սակայն մեղսագործության արդյունքում այն անհետացավ,
  • կամուրջ, կապված է անցման ծեսերի հետ,
  • աստիճանական բուրգ, հաջողակ կարիերայի նշան («վեր բարձրանալ ծառայողական սանդուղքով»),
  • դեպի վերև՝ քաջություն և արիություն, դեպի ներքև՝ վախկոտություն և ստորություն։

Կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հնդկացիների շրջանում ծիածանը սանդուղք է, որը հանդիսանում է մուտք դեպի այլ աշխարհներ։

Բուդդիզմում Շակյամունի սանդուղքը պատկերվում է վերին և ստորին աստիճանների վրա Բուդդայի հետքով։ Շակյամունին Տուշիտայի երկնքից գնում է դեպի երկիր Ինդրայի բերած սանդուղքով։

Տիբեթում երկնքի հետ մարդու կապն ապահովվում է մու-ի միջոցով՝ թելեր, պարաններ կամ սանդուղքներ։ Նախկինում տիբեթցիների մարմինները ձուլվում էին լույսին և մու-ի միջոցով բարձրանում երկինք։ Սակայն մի անգամ մարդը պատահաբար թրով կտրեց մու-ն, և այդ օրվանից մարդիկ սկսեցին մահանալ, իսկ նրանց մարմինները՝ մնալ երկրի վրա։

Քրիստոնեության մեջ սանդուղքը համարվում է Քրիստոսի տանջանքների խորհրդանիշ։

Եգիպտացիների համար սանդուղքը համարվում է Գոռի խորհրդանիշը և գտնվում Ռա աստծո հովանավորության ներքո։ Այն բարձրանում է նյութական աշխարհից և կապում Երկնքի հետ։ Երկնքի աստվածուհին՝ Հաթորը, բռնում է սանդուղքը, որպեսզի բարի մարդիկ կարողանան բարձրանալ երկինք։ Եգիպտական դամբարաններում հայտնաբերվել են սանդուղքի տեսքով հմայագրեր։

Հրեաների համար սանդուղքը մարդկանց հետ հրեշտակների միջոցով աստծո շփման միջոց է։

Իսլամում Մուհամմադ մարգարեի տեսած սանդուղքը հավատարիմներին տանում է աստծո մոտ։

Ճապոնացիների համար սանդուղքը կայծակի աստծո գործիք է, որը մատնանշում է Երկնքի և Երկրի շփումը։

Սիբիրյան ժողովուրդները համաշխարհային (շամանական) ծառը պատկերում էին սանդուղքի, ձողի կամ սյան տեսքով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջնադարյան ամրոցների աշտարակներում պտուտակաձև սանդուղքները պատրաստվում էին այնպես, որ վեր բարձրանալը լիներ ժամ սլաքի ուղղությամբ։ Դա արվում էր, որպեսզի ամրոցի պաշարման դեպքում պաշտպանողները ձեռնամարտի ժամանակ առավելություն ունենային, քանի որ աջ ձեռքով ավելի ուժեղ կարելի է հարվածել աջից ձախ, ինչը չէին կարող անել հարձակվողները։ Բացի այդ, եթե հարձակվողը պաշտպանվելու համար օգտագործեր վահանը, ապա զենքը չէր կարողանա կիրառել[10]։
  • 19-րդ դարում սանդուղքաբաժինների կամ պատվարների ճաղերի հիմքը ամրացնելու համար որպես ֆիքսող նյութ օգտագործում էին ծծումբը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terminology. Stairplace.co.uk. Retrieved on 2013-11-11.
  2. R.E. Putnam and G.E. Carlson, Architectural and Building Trades Dictionary, Third Edition, American Technical Publishers, Inc., 1974
  3. 3,0 3,1 «Banister». Merriam Webster dictionary. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 Технический регламент о требованиях пожарной безопасности. Статья 39. Классификация лестниц
  5. «Stair Safety: A Review of the Literature and Data Concerning Stair Geometry and Other Characteristics». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Stairs». BBC.co.uk. 2001 թ․ հունվարի 23. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. ГОСТ Р 53254—2009 ТЕХНИКА ПОЖАРНАЯ. ЛЕСТНИЦЫ ПОЖАРНЫЕ НАРУЖНЫЕ СТАЦИОНАРНЫЕ. ОГРАЖДЕНИЯ КРОВЛИ. Общие технические требования. Методы испытаний -М.:Стандартинформ, 2009 с.2
  8. James H. Monckton (1891). Moncktons One Plane Method Of Hand Railing and Stair Building, Copyright 1888. John Wiley & Sons. p. Plate 2, Figure 4
  9. «Vol. 4&5 (see pages 692&693)». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Арсенал: Средневековые замки и крепости
  11. The Cascade Complex. Cmf.am. Retrieved on 2013-11-11.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդուղք» հոդվածին։