Օցեոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օցեոլա
Դիմանկար
Ծնվել է1804[1][2]
ԾննդավայրՋորջիա, ԱՄՆ[3]
Մահացել էհունվարի 30, 1838(1838-01-30)[4]
Մահվան վայրFort Moultrie, Sullivan's Island, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]
ԳերեզմանOsceola's tomb
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններցեղի առաջնորդ
 Osceola Վիքիպահեստում

Օցեոլա (անգլ.՝ Osceola [ˌɒsiːˈoʊlə] կամ [ˌoʊseɪˈoʊlə], 1804[1][2], Ջորջիա, ԱՄՆ[3] - հունվարի 30, 1838(1838-01-30)[4], Fort Moultrie, Sullivan's Island, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]), հնդկացիների Սեմինոլ ցեղի (Ֆլորիդա) ոչ պաշտոնական առաջնորդ։ Երկրորդ Սեմինոլական պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ը փորձում էր սեմինոլներին արտաքսել իրենց հողերից, եղել է սեմինոլների դիմադրության ոչ մեծ ջոկատի («ավազակախմբի») առաջնորդը։ Ունեցել է մեծ ազդեցություն սեմինոլների գլխավոր առաջնորդ Միկանոպիի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օցեոլայի (Բիլլի Պաուելի) ծագման հանգամանքները վիճելի են։ Նրա մայրը՝ Պոլլի Կոպինգերը հնդկացի-մետիս էր և պատկանում էր Կրիկ (Մասկոգի) ցեղին։ Նա ծնվել է այժմյան Ալաբամա նահանգի Թալիսի (Թալլասի) կրիկական գյուղում։ Ըստ կրիկական ավանդույթների, ժառանգությունը փոխանցվում է մայրական գծով, և այդ իմաստով, Օցեոլան «լիիրավ» կրիկ է։ Նրա հայրը համարվում է անգլիացի առևտրական Վիլյամ Պաուելը։ Սակայն, ինքը՝ Օցեոլան, պնդում էր, որ իր հայրը եղել է հնդկացի և Պոլլին միայն իր ծնվելուց հետո է ամուսնացել Պաուելի հետ։ Նրա մազի գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ Օցեոլան մետիս էր։ Սակայն հայրության հարցը մնում է բաց, քանի որ ինքը՝ Պոլլի Կոպինգերը ունեցել է սպիտակամորթ նախնիներ։ Նրա մայրական պապը եղել է Օլստերի շոտլանդացի բնակիչ Ջեյմս Մակ-Քվինը (McQueen), որը 1714 թ վերաբնակվել է Կրիկների Երկրում։

1814 թ, պատերազմում ԱՄՆ-ի պարտությունից հետո, շատ կրիկներ հաստատվեցին դեռևս իսպանական Ֆլորիդայում և միացան սեմինոլների ցեղին։ Ներգաղթյալների թվում էին Բիլլի Պաուելը և նրա մայրը։ Այդ ժամանակ սեմինոլները արգելում էին իրենց ցեղակիցներին ամուսնանալ սպիտակամորթների հետ, և ըստ երևույթին, հանուն նոր միջավայրում ինքնահաստատվելու՝ Բիլլի Պաուելը հերքել է իր հոր անգլիական ծագումը։ Չափահաս դառնալով՝ Բիլլին ստանում է Օցեոլա անունը, որը հանդիսանում է կրիկական (մեսկոգյան) asi-yahola (/asːi jahoːla/, asi = արարողակարգային «սև խմիչք», որը պատրաստվում է yaupon holly-ից (yahola = «ճիչ», կամ «ճչացող») բառի անգլիական աղավաղված հնչողությունը։

1819 թվականին Իսպանիայի կողմից Ֆլորիդայի վաճառքը ԱՄՆ-ին՝ ամերիկացի սպիտակամորթների առջև ճանապարհ բացեց դեպի սեմինոլների պտղաբեր հողերը։ 1823 թ, Մոուլթրի ամրոցում ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն՝ սեմինոլները պարտադրված էին լքելու ափամերձ շրջանները և վերաբնակեցվելու երկրի խորքում, այսինքն, կենտրոնական Ֆլորիդայի բնակվելու համար քիչ պիտանի ճահճային հողերում։ Այդ պայմանագիրը ստորագրելու համաձայնության դիմաց՝ սեմինոլների ներկայացուցիչները ստացան խոշոր հողամասեր՝ նահանգի հյուսիսում։ Իսկ Օցեոլան ու իր ընտանիքը ստիպված էին վերաբնակվել ճահիճներում...

Դիմադրության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1832 թ-ի գարնանը, սեմինոլների ներկայացուցիչները հավաքվեցին Փեյնզ-Լենդինգում՝ Օկլահոմա գետի վրա։ Հնդկացիների հարցերով գործակալը (հնդկացիների հարցերով զբաղվող, ԱՄՆ-ի կառավարության կողմից լիազորված պաշտոնյա) նրանց առաջարկեց վերաբնակվել Արկանզասի կրիկների հողում, ինչպես նաև վերադարձնել բոլոր փախստական ստրուկներին իրենց "օրինական" տերերին, բայց չստացավ միասնական համաձայնություն. հինգ սեմինոլյան առաջնորդներ, ներառյալ Միկանոպին, հրաժարվեցին ստորագրել այդպիսի պայմանագիր։

Սակայն, 1834 թ-ի ապրիլին, Սենատը վավերականացրեց Օկլահոմայի պայմանագիրը, սեմինոլներին տալով մեկ տարի ժամանակ՝ Միսսիսիպիի արևմուտքում հաստատվելու համար։ Նույն տարում հնդկացիների հարցերով նոր գործակալ նշանակվեց Ուայլի Թոմպսոնը։ 1834 թ-ի հոկտեմբերին նա կանչեց սեմինոլների առաջնորդներին և վերաբնակության կոչ արեց, բայց մերժում ստացավ։ Այդ ժամանակ Թոմպսոնը ռազմական օգնություն խնդրեց, և բանակը սկսեց նախագծված տեղահանության պատրաստությունը։ Թոմպսոնը արգելեց զենքի և զինամթերքի վաճառքը սեմինոլներին։ Օցեոլան դա ընդունեց որպես սեմինոլներին ստրկացնելու փորձ (ի դեպ, նրա երկու կանանցից մեկը սևամորթ էր)։ Չնայած դրան, Թոմպսոնը շարունակում էր բարեկամ համարել Օցեոլային, և նույնիսկ զենք նվիրեց նրան։

1835 թ-ի սկզբին, նախագահ Էնդրյու Ջեքսոնը հնդկացիներին սպառնաց, որ եթե նրանք կամավոր չհեռանան արևմուտք՝ նրանց կստիպեն ռազմական ուժով։ Մի քանի առաջնորդներ համաձայնեցին վերաբնակեցմանը՝ հետաձգման պայմանով, մյուսները հրաժարվեցին։ Երիտասարդ առաջնորդ Օցեոլան գլխավորեց սեմինոլների դիմադրության շարժումը։ Շուտով Թոմպսոնը կարգադրեց փակել Օցեոլային Քինգ ամրոցում։ Ազատման դիմաց, Օցեոլան համաձայնեց ճանաչել պայմանագիրն ու դրանում համոզել իր հետևորդներին։ Սակայն, 1835 թ-ի դեկտեմբերի 28-ին, Քինգ ամրոցի սահմաններից դուրս, Օցեոլան և իր համախոհները թաքստոցից սպանեցին Ուայլի Թոմպսոնին և նրա 6 ուղեկիցներին։ Դրանով դրվեց Երկրորդ սեմինոլյան պատերազմի սկիզբը։

Գերություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմադրությունը շարունակվեց գրեթե երկու տարի։ 1837 թ-ի հոկտեմբերի 21-ին, ամերիկյան գեներալ Թոմաս Սինդնի Ջեսապի հրամանով՝ Օցեոլան գերեվարվեց այն պահին, երբ ժամանել էր Փեյթոն ամրոցը՝ խաղաղության վերաբերյալ բանակցությունների համար։ Նրան փակեցին Ֆլորիդայի Սենտ-Օհաստին քաղաքի Մարիոն ամրոցում։ Նույն ժամանակ, դեկտեմբերին, Օցեոլային և մյուս գերիներին տեղափոխեցին Հարավային Կարոլինայի Մոուլթրի ամրոց։ Այնտեղ նկարիչ Ջորջ Քելթինը ծանոթացավ նրա հետ և համոզեց դառնալ երկու դիմանկարների բնորդը։ Ռոբերտ Կյորտիսը պատկերեց նաև նրա դիմանկարը։

Օցեոլա, 1838 թ

1838 թ-ի հունվարի 20-ին, չբոլորելով գերեվարման երեք ամիսը, Օցեոլան մահացավ մալարիայից և թաղվեց Մոուլթրի ամրոցում՝ ռազմական ծիսակարգով։

Օցեոլան մեծ ճանաչում գտավ մահից հետո։ Նրա մասին գրվել են բազմաթիվ գրական ստեղծագործություններ, այդ թվում հայ ընթերցողին քաջ հայտնի Մայն Ռիդի վեպը՝ «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան»։

Երկրորդ Սեմինոլյան պատերազմը շարունակվեց ընդհուպ մինչև 1842 թ-ը, մինչև սեմինոլների ուժերի սպառումը։ Ցեղախմբի մեծ մասը տեղահանվեց։ Ֆլորիդայի սեմինոլների մի փոքրաթիվ խումբ թաքնվեց ճահճային ետնախորշերում, և, ժամանակ առ ժամանակ, նրանք վերսկսում էին ընդհատակյա պայքարը։ Միայն 1935 թ-ին այդ միավորումը խաղաղության պայմանագիր ստորագրեց ԱՄՆ-ի կառավարության հետ։ Ժամանակներն արդեն այլ էին, և հնդկացիներին թույլատրվեց մնալ հայրենիքում։ 1962 թ-ին, Ֆլորիդա նահանգում ստեղծվեց սեմինոլների Միսսոսուկի ռեզերվացիան, իսկ նրա տարածքում՝ Օցեոլայի անվան Ազգային անտառ, որտեղ վերակառուցվեցին նրա բոլոր պատսպարանները։

Օցեոլայի պատվին անվանվել են բազմաթիվ բնակավայրեր ԱՄՆ-ում, ինչպես նաև կան Օցեոլա անվանված շրջաններ՝ Ֆլորիդա, Այովա և Միչիգան նահանգներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marcus, Martin L. Freedom Land. Fiction, Forge Books (Tom Doherty Associates), 2003.
  • Milanich, Jerald T. Osceola’s Head (Archaeology magazine January/February 2004).
  • Wickman, Patricia R. Osceola’s Legacy. University of Alabama Press, 1991.