Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Խաչատրյան
Ծնվել էապրիլի 5, 1985(1985-04-05)[1] (39 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Պարգևներ
Կայքsergeykhachatryan.com

Սերգեյ Վլադիմիրի Խաչատրյան (ապրիլի 5, 1985(1985-04-05)[1], Երևան, Հայաստան), հայ ջութակահար։ 1993 թվականից բնակվում է Գերմանիայում։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում[2], Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։

15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005 թվականին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջութակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։ 2013/14 համերգաշրջանում ծրագրվում է Բերգի կոնցերտի կատարումը Դավիդ Աֆքհամի հետ։ Ծրագրվում են նաև համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Հանդես է գալիս քրոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուետ։ Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր։ Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում։ Հանդես է եկել նաև տրիոյի կազմում Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ։

Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրից Կրեյսլերի անվան մրցույթ 2000 թ., 1-ին մրցանակ։
  • Լուի Շպորի անվան ջութակահարների միջազգային մրցույթ, 1-ին մրցանակ։
  • Պաբլո Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթ, 2-րդ մրցանակ։
  • 2000 թ.–ի աշնանը 15 տարեկան Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ Խաչատրյանն այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցն է[3]։
  • 2002 թվականին Ինդիանապոլիսի մրցույթում արժանանում է երկրորդ մրցանակի[4]։
  • 2005 թվականին Բրյուսելի Էլիզաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի[5], և 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թ. ջութակը

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որի ընթացքում հանդես է գալիս հայրենիքում այլ հայազգի երաժիշտների հետ։

Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»[6]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Սերգեյ Խաչատրյան + «Նաիրի» քառյակ = նոր համերգ(չաշխատող հղում)
  3. «Laureates, International Jean Sibelius Violin Competition». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Laureates, Indianapolis International Violin Competition». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «Laureates, Queen Elisabeth Competition» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «Սերգեյ Խաչատրյանը աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  7. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)» հոդվածին։