Ջուզեպե Տոռնատորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջուզեպե Տորնատորեից)
Ջուզեպե Տոռնատորե
Ծնվել էմայիսի 27, 1956(1956-05-27)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրԲագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0868153

Ջուզեպե Տոռնատորե (իտալ.՝ Giuseppe Tornatore, մայիսի 27, 1956(1956-05-27)[1][2][3], Բագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժոր։ Հայտնի է ոչ միայն որպես պոետիկ ֆիլմերի հեղինակ, որոնք զգալի հաջողություն են ունեցել իտալացի հանդիսատեսների մոտ և արտերկրում, այլև իր քաղաքացիական դիրքորոշման շնորհիվ։ Ի լրումն Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար մրցանակի և ««Նոր կինոթատրոն «Պարադիզո»» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս»-ի՝ Տոռնատորեն արժանացել է Դավիդ դի Դոնատելլո չորս մրցանակի՝ որպես իտալացի լավագույն ռեժիսոր. 1996 թվականին՝ «Աստղերի գործարանը» (Աստղ ստեղծողը), 1999 թվականին՝ «Լեգենդ դաշնակահարի մասին», 2007 թվականին՝ «Անծանոթուհին» և 2013 թվականին՝ «Լավագույն առաջարկ»։

Առաջին նկարահանած ֆիլմն էր «Սիցիլիայի ազգային փոքրամասնությունները» (իտալ.՝ Le minoranze etniche in Sicilia), որը Սալեռնոյի փառատոնին մրցանակ է ստացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաղերիայում՝ Պալերմո նահանգում, 1956 թվականի մայիսի 27-ին, Պեպինո Տորնատորեի (Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի անդամ) որդին[6]։ Վաղ տարիքից ուժեղ հետաքրքրություն է ցուցաբերել դրամատիկ արվեստի և ռեժիսուրայի հանդեպ։ Արդեն տասնվեց տարեկանում ղեկավարել է Լուիջի Պիրանդելլոյի և Էդուարդո դե Ֆիլիպոյի ստեղծագործությունների բեմադրությունները։ Գերազանցությամբ ավարտել է Բագերիայի Ֆրանչեսկո Սկադուտոյի դասական միջնակարգ դպրոցը։ Նախքան կինոյին լիովին նվիրվելը՝ նա այցելել է մի քանի դասախոսությունների Պալերմոյի բանասիրական ֆակուլտետում։ Սկսելով իր ստեղծագործական ուղին թատրոնում՝ նա հետագայում մոտեցել է կինոյի աշխարհին վավերագրության և հեռուստատեսության միջոցով, մասնավորապես, Il carretto: Immagini di un’antica cultura (1979) վավերագրական ֆիլմով։ 1979 թվականին նա ընտրվել է Բագերիայի քաղաքային խորհրդական՝ առաջադրվելով Իտալիայի կոմունիստական կուսակցության կողմից[7]։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 5-ին RAI-ում Ritratto di un rapinatore վավերագրական ֆիլմով։

Այնուհետեւ, իտալական Rai 3 հեռուստաալիքի սիցիլիական մասնաճյուղի համար Տորնատորեն նկարահանել է Incontro con Francesco Rosi (1981), Le minoranze etniche in Sicilia (1982 թվական, Սալեռնոյի փառատոնի մրցանակակիր), Diario di Guttuso (1982) և Scrittori siciliani e cinema: Verga, Pirandello, Brancati e Sciascia (1983): 1984 թվականին «Հարյուր օր Պալերմոյում» ֆիլմի նկարահանումների ժամանակ Տորնատորեն աշխատել է Ջուզեպե Ֆերարայի հետ՝ դառնալով նրա ֆիլմի պրոդյուսերը, սցենարիստներից մեկը, ինչպես նաև երկրորդ ռեժիսորը։ Երկու տարի անց նա՝ որպես ռեժիսոր, նորամուտն է նշել մեծ էկրանին «Կամորիստ» ֆիլմով՝ հիմնված Ջուզեպե Մարացոյի համանուն վեպի վրա, որը կենտրոնացած է կամորայի հայտնի բոս Ռաֆաելե Կուտոլոյի պատմության վրա (ֆիլմում նա կրում է «Պրոֆեսոր» մականունը)։

Ֆիլմը լավ է ընդունվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից, իսկ Տորնատորեն «Արծաթե ժապավեն» է ստացել ռեժիսորական լավագույն դեբյուտի համար։ Տորնատորեի ծանոթությունը հայտնի պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդիի հետ հանգեցրել է «Նոր կինոթատրոն «Պարադիզո»» ֆիլմի ստեղծմանը, որը մեծ հաջողությամբ անցել է ամբողջ աշխարհում՝ միջազգային ճանաչում պարգևելով այն ռեժիսորին, որը սովորաբար որոշակի զսպվածություն Է ցուցաբերել։ Որոշ չնախատեսված իրադարձություններից հետո, որոնց թվում էին տարբեր կրճատումները և ցուցադրությունների փակումները, որոնք տեղի են ունենում միայն հանգստյան առաջին օրերին իտալական բոլոր կինոթատրոններում, չհաշված Մեսինայինը («Ավրորա» կինոթատրոն), ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է Գրան պրիի և Օսկարի՝ օտարալեզու լավագույն ֆիլմի համար։

Հաջողությունները «Օսկարից» հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ջուզեպե Տորնատորեն նկարահանել է «Բոլորը լավ են» ֆիլմը իր երեխաներին փնտրող սիցիլիացի հոր ճանապարհորդության մասին, որոնք ցրված են ողջ Իտալիայում, որտեղ խաղում է Մարչելո Մաստրոյանին (նրա վերջին դերերից մեկը)։ 1991 թվականին այլ ռեժիսորների հետ համատեղ մասնակցել է «Հատկապես կիրակի օրերին» ֆիլմի ստեղծմանը, հատկապես «Կապույտ շուն» նովելը։ 1994 թվականին նկարահանել է «Հասարակ ձևականություն» ֆիլմը, որը ներկայացվել Է Կաննի կինոփառատոնում, որտեղ կարելի է ռեժիսորի ոճի մեջ տեսնել արմատական փոփոխություններ։ Ֆիլմում ներկայացված են երկու միջազգային աստղեր, ինչպիսիք են ռեժիսոր Ռոման Պոլանսկին (որպես դերասան) և Ժերար Դեպարդիեն։ 1995 թվականին Տորնատորեն վերադարձել է վավերագրական ֆիլմին, մասնավորապես՝ «Վահան և երեք սուր», որտեղ նա ցուցադրում Է «իր» Սիցիլիան։ Նույն թվականին նա նկարահանել է «Աստղերի գործարանը» ֆիլմը՝ Սերջիո Կաստելիտոյի մասնակցությամբ՝ «երազների գողի» գլխավոր դերում։

Ֆիլմը նվաճել է Դավիդ դի Դոնաթելլոյի և «Արծաթե ժապավեն» մրցանակները լավագույն ռեժիսուրայի համար, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակը Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմը նաև «Օսկարի» մրցանակի հավակնորդ է օտար լեզվով լավագույն ֆիլմի համար։ Տպավորվելով Ալեսանդրո Բարիկոյի թատերական «Novecento» մենախոսությամբ՝ Տորնատորեն անմիջապես սկսել է մտածել, թե ինչպես այն ադապտացնի ֆիլմի համար։ Գաղափարի երկար խմորումից հետո նկարահանվել է «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմը, որի սաունդթրեքը գրել է Էնիո Մորիկոնեն, իսկ գլխավոր դերը կատարել է անգլիացի դերասան Թիմ Ռոթը։ Այս ֆիլմը ևս ստացել է մի քանի մրցանակներ. Դավիդ դի Դոնաթելլո, L’Efebo d’oro (1999), Ciak d’Oro ռեժիսուրայի համար և երկու «Արծաթե ժապավեն»՝ ռեժիսուրայի և սցենարի համար։ 2000 թվականին նկարահանվել է «Մալենա» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Մոնիկա Բելուչին է։ Ֆիլմը իտալա-ամերիկյան համատեղ արտադրության է, և կրկին հնչում է Մորիկոնեի երաժշտությունը։

Վերադարձ դեպի էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգամյա ընդմիջումից հետո՝ 2006 թվականին, Ջուզեպե Տորնատորեն նկարահանել է «Անծանոթուհին» ֆիլմը, որը նվաճել է Դավիդ դի Դոնաթելլոյի երեք մրցանակ։ Ֆիլմը ընտրվել է 2008 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Իտալիան ներկայացնելու համար՝ օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում։ 2007 թվականին նա գովազդային հոլովակ է տեղադրել Monte dei Paschi di Siena-ի համար, որը ստեղծվել է Catoni Associati գործակալության կողմից[8]։ Նույն թվականին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Տորնատորեն ներկայացրել է իր կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի 50-ամյակին, որն իրենից ներկայացնում է նախորդ տարիներին այդ անվանակարգին մասնակցած ֆիլմերի մոնտաժ[9]։

2009 թվականին Տորնատորեն նկարահանել է «Բաարիա» ֆիլմը (նրա հայրենի Բագերիայի սիցիլիական անվանումը), որի սյուժեն հիմնվում է ռեժիսորի կյանքի այն մասի վրա, որն անցել է նրա հայրենի քաղաքում։ Ֆիլմը, որը թողարկվել էր սեպտեմբերի 25-ին, բացել է Վենետիկի 66-րդ կինոփառատոնը պաշտոնական մրցույթում։ Հակակենդանահերձման միությունը՝ որպես «Ֆիլմերի վերանայման հանձնաժողովի» իրավաբանական բաղադրիչ, քննադատել է Տորնատորեի ընտրությունը՝ արյան կորստի միջոցով կենդանուն սպանել[10]՝ չդիմելով հատուկ ներգործությունների կամ ցավազրկման մեթոդների օգնությանը՝ Իտալիայում ընդունված, չնայած այդ տեսարանը նկարահանվել էր Թունիսի տարածքում։ Ֆիլմը նախապես ընտրվել էր «2010» թվականին «Օսկար»-ում Իտալիան ներկայացնելու համար, սակայն այն չանցավ հաջորդող ընտրությունները և չհասավ եզրափակիչ փուլին։ Տորնատորեն հրատարակել է «Բաարիա. իմ կյանքի ֆիլմը» գիրքը, RCS MediaGroup-ի համար։

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 1-ին Տորնատորեն ստացել է դոկտորի աստիճան հեռուստատեսության, կինոյի և նոր մեդիաների բնագավառում Միլանի IULM համալսարանում։ 2011 թվականին արժանացել է Ֆեդերիկո Ֆելինիի 8 1/2 մրցանակի գեղարվեստական վարպետության համար Բարիի միջազգային կինոփառատոնում։ Նույն թվականին նա նկարահանել է կարճամետրաժ գովաբանական ֆիլմ Esselunga ռեստորանների ցանցի համար։ 2013 թվականին Տորնատորեն թողարկել է իր հաջորդ՝ «Լավագույն առաջարկ» ֆիլմը Ջիմ Սթարջեսի, Դոնալդ Սազերլենդի և Ջեֆրի Ռաշի հետ[11]։ Ֆիլմը նկարահանվել է Բոլցանոյում, Վիեննայում, Տրիեստում, Պարմայում, Միլանում, Պրահայում և Հռոմից ոչ հեռու գտնվող գյուղական վայրերում։ Ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է ստացել Իտալիայում և նրա սահմաններից դուրս։ 2013 թվականին Տորնատորեն մասնակցել է դարձյալ Paco Cinematografica S.r.l. կինոստուդիայի կողմից նկարահանվող նոր ֆիլմի նախաարտադրությանը, որի նկարահանումները պետք է սկսվեին միայն 2014 թվականի փետրվարին։ 2016 թվականին թողարկված ֆիլմը, որը լավ է ընդունվել հանրության կողմից և ստացել «Երկուսը տիեզերքում» անվանումը, պատմում է «հեռավորության վրա» եղած սիրո պատմության մասին Օլգա Կուրիլենկոյի մարմնավորած կերպարի և մեծ պրոֆեսորի, որի դերը կատարել է Ջերեմի Այրոնսը, միջև։

2014 թվականին Տորնատորեն մասնակցել է «Ծնվել է U.S.E.-ում» վավերագրական ֆիլմի ստեղծմանը, պրոդյուսեր Ռենցո Ռոսելինիի և ռեժիսոր Միշել Դիոմայի հետ համատեղ, որը RAI-ն ընտրել էր կինոյի 120-ամյակի տոնակատարության համար, որտեղ վերջին անգամ էկրանին հայտնվել է Ֆրանչեսկո Ռոզին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանումը Տարեթիվ
«Հարյուր օր Պալերմոյում» 1984
«Կամորիստ» 1986
«Նոր կինոթատրոն «Պարադիզո»» 1988
Բոլորը լավ են 1990
Հասարակ ձևականություն 1994
Աստղ ստեղծողը 1995
Լեգենդ դաշնակահարի մասին 1998
Մալենա 2000
Անծանոթուհին 2006
Բաարիա 2009
Լավագույն առաջարկ 2013
Երկուսը տիեզերքում 2016

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ricordare երգը գրել է հենց Ջուզեպեն իր «Հասարակ ձևականություն» ֆիլմի համար։
  • Գրեթե բոլոր կինոնկարներում Տորնատորեն համագործակցել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алова Л., Боброва О. Молодые кинорежиссёры Италии. 1980—1995. НИИКиноискусства, 1997.
  • Алова Л. Джузеппе Торнаторе // Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М. — М., Материк, 2002. — ISBN 5-85646-077-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20180325232354/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1989.84.0.html
  5. https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
  6. Arriva il film di Tornatore: «Sì, è la nostra Baaria», quotidiano la Repubblica del 23/09/2009 p.1 sez. Palermo
  7. Marco Formosa AMARANTOWEB. «Giuseppe Tornatore Baaria». www.ioacquaesapone.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  8. website created by TVN S.r.l - www.televisionet.tv - Davide Catalano - Salvatore Lentini - Marco Arcangeli - Matteo Meneghetti. «Tornatore dirige i nuovi spot di Monte dei Paschi di Siena per Flying Films e CatoniAssociatiPubblicità Italia» (անգլերեն). www.pubblicitaitalia.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.(չաշխատող հղում)
  9. Fabio Lombardo. «La Zattera dell'Arte». www.lazatteradellarte.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  10. «LAV: le nostre campagne - spettacoli - cinema e tv - news cinema, teatro, tv, radio e web ii». 2009 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  11. Elisa Grando, «Oggi c'è il primo „ciak“ di Tornatore a Trieste sul set Geoffrey Rush», Il Piccolo, 30 aprile 2012, p. 24
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպե Տոռնատորե» հոդվածին։