Շերամ (գուսան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերամ
Շերամ
Շերամին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
Ի ծնե անունԳրիգոր Կարապետի Թալյան
Ծնվել էմարտի 20, 1857(1857-03-20)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էմարտի 7, 1938(1938-03-07) (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունաշուղ և բանաստեղծ
Գործիքներսազ և թառ
 Sheram Վիքիպահեստում

Շերամ (Գրիգոր Կարապետի Թալյան) (մարտի 20, 1857(1857-03-20), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 7, 1938(1938-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գուսան–երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։ Սիրելով Գրիգորին ու նրա երգերը՝ ժողովուրդը նրան կոչում է «ուստա Գոքոր», իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

Ալեքսանդրապոլի աշուղական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան հին Ալեքսանդրապոլից (19-րդ դար)

Ալեքսանդրապոլում աշուղական դպրոցը հիմնադրվել, ձևավորվել ու զարգացել էր Կարսից, Էրզրումից, Բայազետից ու Վանից գաղթած աշուղների կողմից։ Նրանցից էին կարսեցի աշուղ Քյամալու (Բաղդասար Տալյան) որդիները՝ Հովհաննեսն ու Կարապետը՝ Տալյանների գերդաստանից։ Տալյան ազգանունը ծագել է Հովհաննեսի և Կարապետի Տալիդա անունով տատի անունից, որը եղել է գերդաստանի հարգված ու սիրված մեծերից։ Հովհաննեսն ու Կարապետը թեև իրենց հոր նման աշուղ չէին, սակայն ժառանգել էին նրա երաժշտական շնորհները և 1860-ական թվականներին Ալեքսանդրապոլում հիմնել էին աշուղական սրճարան։ Շուտով այն հռչակվեց աշուղական բազմազան մրցույթներով, որտեղ ելույթ էին ունենում Շիրինը, Մահուբի Գևորգը, Ջիվանին և այլ աշուղներ։ Սա այն բեկումնային ժամանակաշրջանն Էր, երբ քաղաքում արդեն ձևավորվել Էր հայեցի մի մթնոլորտ շաղախված տեղաբնակների, կարսեցիների, կարինցիների, մշեցիների, վանեցիների երաժշտական ավանդույթներից։ Ալեքսանդրապոլի առանձնահատկությունն այն էր, որ թեև այստեղ կային ազգային փոքրամասնություններ՝ հույներ, թուրքեր, հրեաներ, եզդիներ, ռուսներ և այլն, բայց բնակչության հիմնական մասը՝ շուրջ 95 տոկոսը հայեր էին, հետևաբար քաղաքի մշակույթը նույնպես առանձնանում էր զուտ հայկական երանգով։ Մինչդեռ այդ միատարրությունը չկար Կարսում, Էրզրումում և մյուս քաղաքներում, որտեղից այստեղ էին հաստատվել բազմաթիվ հայեր՝ իրենց հետ բերելով տեղի մշակույթը։ Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքի մի ինքնատիպ ոլորտը ժողովրդական երգարվեստն էր։ Արտահայտչական անսահմանափակ հնարավորություններ ունեցող, սակայն ժանրային մի որոշակի համակարգի մեջ զարգացող այս արվեստը ձևավորել էր բարենպաստ ասպարեզ' երաժշտականությամբ օժտված երիտասարդների համար։ Քաղաքում հիմնվել էր աշուղական համքարություն, որը կարգավորում էր աշուղների գործունեությունը, հետևում և վերահսկում նոր աշուղների քննությունն և ձեռնադրությունը։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացիկ հին Ալեքսանդրապոլի տեսարանով (19-րդ դար)

Աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը ծնվել է 1857 թվականի մարտի 20-ին Ալեքսանդրապոլում, Տալյաններ ազգանվամբ հայտնի գերդաստանում։ Նրա հայրը աշուղ Քյամալու որդիներից Կարապետն էր։ Ընտանիքում որոշել էին նրան արհեստի տալ փայտագործ վարպետի մոտ։ Իր ինքնակենսագրության մեջ Շերամը պատմում է, որ պատրաստում էին փայտե սնդուկներ, որոնց վրա պետք է աշակերտները փորագրեին զարդանախշեր։ Վարպետը խստորեն հետևում էր, որ նրանք ճշգրտորեն վերարտադրեին օրինակով տրված նախշերը՝ առանց աննշան շեղման։ Իսկ Գրիգորը մտածում է, թե ինչու պետք է կրկնի միայն այդ նախշերը՝ առանց ստեղծագործելու և ավելացնելու նոր նախշեր։ բայց, ինչպես հիշում է նա, վարպետը երբեք չէր ընդունում այդ նորամուծությունները և միշտ հակասությունների մեջ էին իրար հետ։ Սա բնավորության մի կարևոր գիծ էր, որը հետագայում դրսևորվեց նաև Շերամի երաժշտական գործունեության ընթացքում։ Այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա երգաստեղծության տաղանդը, որն անմիջապես գտնում է իր համակիրներին. «Ջահել-ջահել ընկերներ հավաքվում էին թյուքյանս, - հիշում է նա իր ինքնակենսագրականում, - էլ դուրգյարություն չէի անում խո կարգին, այնպես սիրահարվեցի մուզիկայի վրա, որ գիշեր-ցերեկ թառը ձեռքիցս վար չէի դնում։ Ցերեկը բավական չէր, գիշերը մինչև ժամը 1-ը, 2-ը մայրս բարկանում էր ինձ վերա բոլորովին, ասում էր, - «ա՛յ տղա, բավական է, վեր կաց, քնի», իսկի չէի լսում նրան, շորերս հանում էի, մտնում տեղաշորիս մեջ, թառը կրծքիս էի առնում պառկում, և անգամ կամաց-կամաց մատներով նվագում»։

Նրա աշուղական տաղանդի զարգացման վրա մեծ ազդեցություն էր թողնում Ալեքսանդրապոլի աշուղական ճոխ մթնոլորտը, քանի որ նա թրծվում էր՝ մշտապես ներկա լինելով հոր և հորեղբոր հիմնած աշուղական սրճարանում կայացող համերգներին ու մրցումներին, զգում էր և հասկանում, թե այդ արվեստում ինչն է արժեվորվում ու խրախուսվում։ Իսկ երաժշտական ուսուցումը, եթե կարելի է այդպես ասել, այս ընթացքում հիմնականում սահմանափակվում է նրանով, որ հյուսնություն սովորելուն և աշխատելուն զուգահեռ, ավելի ու ավելի հետաքրքրությամբ լսում է Շիրակի անչափ հարուստ ժողովրդական երաժշտությունը, պարերգերն ու մանիները։ Գրիգորը երկար չմնաց աշուղական արվեստի այդ պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ հայրը մահացավ, որի պատճառով սրճարանը փակվեց։ Բայց այդ մի քանի տարին էլ բավական եղավ, որ փոքրիկ տղայի հոգում սեր ու համակրանք ձևավորվեր աշուղական արվեստի նկատմամբ։

Համբավի տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղ Շերամը՝ թառը ձեռքին:

Հորից զրկվելուց հետո Գրիգորը աշակերտեց մե՛րթ ատաղձագործ, մե՛րթ հյուսն արհեստավորների, մե՛րթ էլ մանրավաճառի։ Աշակերտելու տարիներին պատրաստում է իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորում։ Իր ինքնակենսագրության մեջ Շերամը գրում է, որ 13 տարեկանում սկսում է հայերենով ու թուրքերենով երգեր հորինել։ Սկզբում նա որևէ աշուղի մոտ չէր աշակերտում, ուստի ծանոթ չէր ու չէր տիրապետում աշուղական տաղաչափության դասական օրենքներին ու պատրաստի եղանակների համակարգին։ Այս հանգամանքն ունեցավ իր դրական կողմը, քանի որ սկզբից ևեթ ազատ լինելով աշուղական դասական օրենքներից ու պատրաստի եղանակներից, հնարավորություն ունեցավ, ու մասամբ էլ ստիպված եղավ յուրաքանչյուր երգի համար նոր եղանակ ստեղծել՝ ակամա ենթարկվելով ժողովրդական երաժշտության ու բանահյուսության ուժեղ ազդեցությանը։ Ի վերջո նա ինքնուրույն որոշում է կայացնում' դառնալ թառահարի աշակերտ և լրացնում աշուղական կրթությունը։ 22 տարեկան հասակում նորապսակ Գրիգորը, որն արդեն թողել էր հյուսնությունը, ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար ընկերանում է Արցախից եկած հայտնի պարսիկ երգիչ Ջումշուդի հետ և սազանդարական խումբ կազմում։ Այսպիսով, նա կարողանում է և՛ զբաղվել իր այնքան սիրած արվեստով, և՛ ընտանիքի կարիքները հոգալ, և՛ կատարելագործվել այն ժամանակ բավական գնահատված արևելյան սազանդարական ոճով նվագելու և երգելու մեջ։ Որոշ ժամանակ անց, նա միանում է Ալեքսանդրապոլի անվանի սազանդարական խմբերից մեկի՝ քամանչահար Չոնգուր Հագոյի (Հակոբ Մանուկյանի) խմբին, որի համբավը դրանից հետո բավական մեծացավ։ Հաճախ այդ խումբը հրավիրվում էր նաև այլ քաղաքներ՝ Կարս, էջմիածին, Երևան, Շուշի, նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող հայաշատ քաղաքներ, ինչպիսիք են Թիֆլիսը, Բաքուն և Աստրախանը։ Իսկ Գրիգոր Տալյանը շուտով Ալեքսանդրապոլում հռչակվեց որպես թառահար Տալոյենց Գոքոր։ Չոնգուր Հագոն մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքում և սպասված հյուր էր ամենատարբեր հավաքույթներում, և նրա խմբի կազմում հանդես գալով Գրիգորը թրծվում է ու զարգացնում իր տաղանդը։ Այս տարիներին նա արդեն լավատեղյակ էր այն նվագացանկին, որն Ալեքսանդրապոլի հասարակության բոլոր խավերի համար ընդունելի էր։ Այդ ժամանակաշրջանում ուժեղանում է սազանդարական երաժշտության ազդեցությունը Գրիգորի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ նա լրիվ տարվում է սազանդարական արվեստով ու սոսկ սազանդար է դառնում։ Որպես օրենք սազանդարները միայն կատարողներ էին, նրանցից թեկուզ և ամենատաղանդավորները կամ ամենահռչակվածները, երգեր հորինելով երբեք չեն զբաղվել։ Ըստ որում երգում էր դափ խփողը և ոչ թե սազանդարական խմբի թառ նվագողը, մինչդեռ Գրիգորը, հորինելով հարյուրավոր երգեր ու եղանակներ, հանդես գալով որպես բեղմնավոր, ստեղծագործող ու հիանալի երգիչ, խմբի մյուս անդամներից շատ բարձր էր դասվում։

Լայն ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարավերջին Շերամի երգերն արդեն հնչում էին քաղաքում հայտնի երաժիշտների ու խմբերի կատարմամբ, նրա արվեստը հետաքրքրում էր պրոֆեսիոնալ երաժիշտներին։ Աշուղին սիրով հրավիրել են նաև հարսանիքների, որտեղ էլ ծիսականացվել են նրա երգերր։ Բանահավաք Ալեքսանդր Մխիթարյանցի բնորոշմամբ, Շերամի գործունեության շնորհիվ Ալեքսանդրապոլի հարսանիքներում ավանդական են դառնում լարային անսամբլների ելույթները։ «Ղայդեքը փոխվել են, - գրում է նա, - հիմի դավուլ-գուռնեն վո՞վ լայեղ կէնե, թառ ու քյամանչա գուզեն բիրադի, Տալոյենց Գոքորն օր չչալե ու երգե, էլ հարսը դռնեն գելնի՞»: Շերամի երգերը կատարել և երգեցիկ տարբեր խմբերի համար փոխադրել է Ալեքսանդրապոլում հայտնի պրոֆեսիոնալ երաժիշտ Եփրեմ Գյադուկյանը, որն ունեցել է երաժշտական կրթություն և սերտորեն համագործակցել է աշուղի հետ։ Շերամը երբեմն նույնիսկ սրտնեղել է, որ ոչ բոլորին է հայտնի, որ այդ երգերի հեղինակն ինքն է և ոչ թե Եփրեմը։ Որպես ալեքպոլյան երաժշտական կենսական աղբյուր' Շերամի երգերը հետաքրքրել են ժամանակի շատ մեծանուն բանաստեղծների ու երաժիշտների։ Նրա երգերը գրառել են Կոմիտասը («Ալ ու ալվան ես հագել»), Ալեքսանդր Մխիթարյանցը, Արշակ Բրուտյանը, Վ. Տալյանը, Դ. Ղազարյանը, Ա. Քոչարյանը, բարձր են գնահատել Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլ կոմպոզիտորներ։ Իսկ ոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի խոսքերով՝ Շերամը ոչ թե աշուղ էր, այլ կոմպոզիտոր, քանի որ հորինում էր նոր և գեղեցիկ մեղեդիներ։ Թառից հորդած ծորուն նվագակցությամբ նա երգում էր իր երգերը բոլորովին նոր մեղեդիներով։

Շերամի գրած երգերի ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին «Քնար» խորագրի տակ hրատարակվում է Գրիգոր Տալյանի երգերի առաջին ժողովածուն։ Մինչ այդ, նրա ծավալած մոտ 25-ամյա ստեղծագործական գործունեության մեջ տիրապետող սիրո թեման իր արտահայտությունը գտավ այդ ժողովածուի թե՛ խորագրի, և թե՛ բովանդակության մեջ։ 1905 թվականին «Գանգատի շանթեր» խորագրով հրատարակվեց նրա երկրորդ գրքույկը, որի մեջ հեղափոխական և հայրենասիրական երգերը առաջնակարգ տեղ են գրավում։ Այդ գիրքը հրատարակված է «Պետրոգրադ» կեղծանվան տակ։ Երկու տարի անց, 1907 թվականին «Սեր և կռիվ» խորագրով լույս է տեսնում Գրիգոր Տալյանի երրորդ գրքույկը։ 1913 թվականին լույս է տեսնում աշուղի չորրորդ գրքույկը՝ «Անջուր պարտեզ» խորագրով։ Այս ժողովածուն նույնպես սիրո, հայրենասիրական ու հեղափոխական երգերի ժողովածու է։ 1915 թվականին լույս է տեսնում նրա հինգերորդ գրքույկը՝ «Անզուսպ արշավ» խորագրով, ուր մեծամասնություն են կազմում Հայրենասիրական երգերը։ Այս ժողովածուների հրապարակ գալը մեծացրին Գրիգոր Տալյանի համբավն ու ժողովրդականությունը։ Նրա ստեղծագործությունները, որոնք մինչ այդ հիմնականում տարածվում էին իր իսկ կատարողական գործունեության միջոցով, մատչելի դարձան ավելի լայն շրջանակների Համար, ընդգրկելով նաև այն հեռավոր հայաբնակ քաղաքները, որտեղ Գրիգորը դեռ չէր եղել։ Հետագայում Շերամի ավագ որդին՝ կոմպոզիտոր Վարդգես Տալյանը, որը տարիներ առաջ ձայնագրել էր նրա բազմաթիվ երգերը, հավաքում է դրանք ու ժողովածու է կազմում, որը Հայպետհրատը հրատարակում է 1948 թվականին։ Ժողովածուի առաջին էջերում տպված են Ավետիք Իսահակյանի, Գարեգին Լևոնյանի և ժողովածուի խմբագիր երաժշտագետ Մուշեղ Աղայանի հոդվածները։ Այս ժողովածուի լրացված տարբերակը վերահրատարակվում է 1959 թվականին։ 2022 թվականին Կանադայում լույս է տեսնում "Շերամը սիրո մեջ" հավաքածուն՝ աշուղ Շերամի երեսուն երգերի տեքստերի անգլերեն թարգմանությամբ, որոնցում Շերամի սիրո քնարը ներկայանում է նաև ոչ հայախոս երաժշտասերներին։

Թիֆլիսյան և երևանյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին Շերամը տեղափոխվում Է Թիֆլիս, որտեղ նույնպես նա լայն ժողովրդականություն Է վայելում, սակայն, ըստ էության, այս ընթացքում նա այլևս նոր նշանավոր երգեր չի գրում, այլ ամբողջ արժեքավոր ժառանգությունը ստեղծվում է Ալեքսանդրապոլում ապրած տարիներին։ 1922 թվականի ապրիլի 2-ին Թիֆլիսում կազմակերպվում Է երեկո՝ նվիրված Շերամի գործունեության 35-ամյակին, որի ընթացքում զեկույցով ելույթ է ունենում Գարեգին Լևոնյանը։

1935 թվականին Շերամը տեղափոխվում է Երևան, որտեղ ևս, հակառակ պատկառելի հասակին, նա շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը։ Երևանում Շերամին շրջապատում են սիրով ու հարգանքով, նրան ընդունում են Սովետական Գրողների Միության մեջ, նրա երգերը հաճախ հնչում են ռադիոյով։ Միայն անբուժելի Հիվանդությունր ընկճում է 81-ամյա Շերամի եռանդը։ Նա մահացավ քաղցկեղից 1938 թվականի մարտի 7 -ին։

Շերամի ժառանգությանը բնորոշ գծեր ու ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերամի երգերի, նրա արվեստի ոճական յուրահատուկ ու բնորոշ գծերը, հանդես են գալիս թե երգերի լեզվական ոճական առանձնահատկություններում և թե երգերում ներկայացված կերպարների պատկերների ու տրամադրությունների յուրահատկությունների միջոցով։ Լեզվական տեսակետից, Շերամի երգերի տեքստերը պարզ ու մատչելի են, հիմնականում գրված են հայ գրական լեզվով, որը համեմված է Շիրակի ժողովրդական բառ ու բանով և յուրահատուկ դարձվածքներով։ Ոճական տեսակետից, Շերամի երգերը նույնպես շատ մոտ են ժողովրդական երգերին, հաճախ ուղղակի ժողովրդական մանիների նման 7-8 վանկանոց քառյակներով, երբեմն էլ քիչ ավելացնելով վանկերի ու տողերի քանակը, նա միշտ մնում է պարզության սահմաններում։ Շերամը չի սիրում բարդությունները, նրա երգերում չկան 15-16 վանկանոց բարդ կառուցվածքներ, քիչ է լինում նաև քառյակների քանակը, չհաշված կրկնակները, որոնց լայն օգտագործումը Շերամի ոճական յուրահատկություններից մեկն է։ Նրա երգերը հիմնականում կազմված են 3-4 քառյակներից։ Այս տեսակետից սխալ չի լինի Շերամին համարել աշուղական ասպարեզի «մանրանկարիչը»։ Բնորոշ ու յուրահատուկ են Շերամի երգերում հանդես եկող կերպարները, նրանք միշտ ներկայացված են վառ գույներով, յուրաքանչյուրը օժտված է մարդկային յուրօրինակ ներաշխարհով։ Սիրո երգիչ Շերամի երգերում, որպես կենտրոնական ու հիմնական կերպար հանդես է գալիս սիրուհու կերպարը։ Իր երգերում, սիրուց վառված ու սիրուհու գեղեցկությամբ տարված Շերամը, շռայլությամբ օգտագործում է մինչ այդ էլ աշուղական արվեստում ընդունված հիպերբոլիկ պատկերավոր արտահայտությունները։ Բոյը չինարի, աչքերն աստղերի, ունքերը շանթի, այտերը կարմիր վարդի, մազերը ոսկու նմանեցնելով, նա նկարագրում է իր՝ Արևի պես փայլուն փերուն։ Տրամաբանորեն Շերամի երգերի կենտրոնական կերպարի, այդպիսի գերմարդկային գեղեցկությամբ օժտված սիրուհու ներքին աշխարհը շատ զուսպ է, նա հանդես է գալիս «հազար ու մի նազերով», «չեմ ու չումերով», որի համար Շերամը նրան «անգութ հոգեհան» է անվանում, հաճախ է պատահում նաև «ջիգյարս խորով արիր» ավանդական դարձվածքը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերամի առաջին՝ «Պարտեզում վարդեր բացված» երգը լույս է տեսել 1900 թվականին Ա. Մխիթարյանցի կազմած և խմբագրած «Տաղեր ու խաղեր» ժողովածույում։
  • 1902 թվականին տպագրվել է «Երգիչ Գրիգոր Թալյանի քնարը»։
  • 1905 թվականին հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում նրա հայրենասիրական և ազգային երգերը։
  • 1915 թվականին լույս է տեսել նրա «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ»։
  • 1915-1935 թվականների լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը։
  • 2022 թվականին Կանադայում լույս են տեսել "Sheram In Love" և "Sheram: Songs with music notation in Armenian and transliterated English lyrics" գրքերը՝ առաջին անգամ Շերամի ստեղծագործությունների հասանելի դարձնելով նաև անգլերեն լեզվով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Թ. Մանուկյան, Գուսան Շերամ, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի տեղեկագիր, 1962 թ., N8: http://basss.asj-oa.am/2193/1/1962-8(29).pdf(չաշխատող հղում)
  • Հասմիկ Հարությունյան, Աշուղ Շերամը և Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքը (հոդված). http://shirak.asj-oa.am/287/1/90-94.pdf(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]