Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Ալեքսանդր Պուշկինի կնոջ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նատալյա Գոնչարովա (այլ կիրառումներ)։
Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1812
ԾննդավայրԿարիան, Znamenka, Znamensky District, Tambov Oblast, Տամբովի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1863 (51 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանLazarev Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն և անվանի անձ
ԱմուսինԱլեքսանդր Պուշկին[1] և Պյոտր Լանսկոյ[1]
Ծնողներհայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Գոնչարով[1], մայր՝ Նատալյա Իվանովնա Գոնչարովա[1]
ԵրեխաներՄարիա Գարտունգ, Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինա[1], Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկին, Գրիգորի Ալեքսանդրի Պուշկին, Ալեքսանդրա Արապովա, Yelizaveta Lanskaya? և Sofya Lanskaya?
 Natalia Pushkina Վիքիպահեստում

Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա (ռուս.՝ (Ната́лья Никола́евна Гончаро́ва; օգոստոսի 27 (սեպտեմբերի 8) 1812 թվական, Տամբովի նահանգ, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8) 1863 թվական, Սանկտ-Պետերբուրգ), ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի կինը։ Պուշկինի մահից 7 տարի անց ամուսնացել է գեներալ Պյոտր Լանսկոյի հետ։ Նրա դերը Պուշկինի կյանքի և վերջին մենամարտին նախորդած իրադարձությունների մեջ մինչև վերջին ժամանակներս քննարկման առարկա էր։ Վավերագրական և նամակագրական նյութերի երևան գալով՝ Նատալյա Իվանովնայի անձի մասին եղած պատկերացումները վերանայվեցին

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Նիկոլաևնայի հայրը
Նատալյա Նիկոլաևնայի մայրը
Նատալյա Նիկոլաևնայի պապը
Նատալյա Գոնչարովայի տոհմը

Նատալյայի հայրը՝ Նիկոլայ Աֆանասիի Գոնչարովը (1787-1861), սերում էր վաճառականների և արդյունաբերողների ընտանիքից, որն ազնվական կոչում էր ստացել կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի կառավարության ժամանակ։ 1789 թվականին հատուկ հրամանով՝ տրված Նիկոլայ Աֆանասևիչի հորը՝ Աֆանասի Նիկոլաևիչին, Եկատերինա II-ը հաստատեց է Գոնչարովների ժառանգական ազնվականության իրավունքը[2][3]։ Նիկոլայ Աֆանասևիչը ընտանիքի միակ որդին էր։ Նա հրաշալի կրթություն է ստացել. գերազանց տիրապետել է գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին (նրա դաստիարակներից մեկը Բուդրին էր՝ Ժան Պոլ Մարատի եղբայրը), ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների՝ լավ տիրապետել է ռուսերենին, գրել բանաստեղծություններ, նվագել ջութակ և թավջութակ[4]։

1804 թվականին Նիկոլայ Գոնչարովը ընդունվում է Պետերբուրգի արտաքին գործերի կոլեգիա, իսկ 1808 թվականին ստանում է կոլեգիական ասեսորի կոչում և ստանձնում մոսկովյան նահանգապետի քարտուղարի պաշտոնը[5]։

Նատալյա Նիկոլաևնայի մայրը՝ Նատալյա Իվանովնան (1785-1848), ծնունդով՝ Զագրյաժսկայա, եղել է ուկրաինական հետման Պյոտր Դորոշենկոյի և Ագաֆյա Երյոպկինայի ծոռը[6]։ Ըստ ընտանեկան ավանդության, Նատալյա Իվանովնան Էուֆրոզինա Ուլրիկայի՝ բարոնուհի Պոսեի (ծննդյամբ՝ Լիպհարթ) ապօրինի դուստրն է Իվան Ալեքսանդրի Զագրյաժսկիից։

Մոր մահից հետո՝ 1791 թվականին, Նատալյա Իվանովնայի խնամակալությունը իր վրա վերցրեց Իվան Ալեքսանդրովիչի կինը՝ Ալեքսանդրա Ստեփանովնան և «ջանք չխնայեց՝ օրինականացնելու Նատալյայի ծնունդը՝ պաշտպանելով նրա բոլոր ժառանգական իրավունքները»[7][3]։ Ըստ մեկ այլ տեսակետի, Իվան Զագրյաժսկին Փարիզում ամուսնացել է ֆրանսուհու հետ, բայց Նատալյա Նիկոլաևնայի կենսագիրները ավելի շատ հակված են առաջին տեսակետին[8]։

Իր համահայր քույրեր Սոֆիայի և Եկատերինայի հետ միասին Նատալյա Իվանովնան օգտվում էր Եկատերինա II-ի շքախմբի պալատական օրիորդ Նատալյա Կիրիլի Զագրյաժսկայայի հովանավորությունից, և երեք քույրերը մուտք են գործում կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի շքախումբ՝ որպես պալատական ազնվական օրիորդներ։

Նատալյա Իվանովնային, որն առանձնանում էր, ըստ ընտանեկան ավանդույթի, բարոնուհի Պոսեից ժառանգած իր արտասովոր գեղեցկությամբ, ուշադրություն է դարձնում և սիրահարվում է կայսրուհու ֆավորիտ Ալեքսեյ Օխոտնիկովը։ Որոշ կենսագիրների կարծիքով՝ Նատալյա Իվանովնայի և Նիկոլայ Գոնչարովի ամուսնությունը «շուտափույթ» էր[9]։

Ըստ կամեր-ֆուրիերիստական ամսագրի՝ հարսանիքը շատ շքեղ է եղել. պսակադրությանը ներկա է եղել ողջ կայսերական ընտանիքը, իսկ հարսնացուին հարդարել են կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ննջասենյակում[9]։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովան, անհայտ նկարիչ, 1820-ական թվականների սկիզբ
Գոնչարովների դաստակերտը Յարոպոլեց գյուղում
Գանչարովների տունը Պոլոտնյանի Զավոդում

Նատալյա Նիկոլաևնան Գոնչարովների յոթ երեխաներից հինգերորդն էր. ամենակրտսերը՝ Սոֆյան, ծնվեց և մահացավ 1818 թվականին[10]։ Նատալյան ծնվել է Տոմբովի նահանգի Կարիան գյուղում՝ Զագրյաժսկիների տոհմական կալվածքում, ուր Գոնչարովները տեղափոխվել էին 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ։ Նատալյան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մոսկվայում և Յարոպոլեց (Մոսկվայի նահանգ) ու Պոլոտնյանի Զավոդ (Կալուգայի նահանգ) կալվածքներում։

Ընտանիքի մթնոլորտը ծանր էր։ Պոլոտնյանի Զավոդում ամեն ինչ ղեկավարում էր Նատալյա Նիկոլաևնայի պապը՝ Աֆանասի Նիկոլաևիչը։ Ազգականներն ստիպված էին տանել նրա սիրուհու՝ ֆրանսուհի Մադամ Բաբետի ներկայությունն իրենց տանը։ Նատալյա Նիկոլաևնայի հայրը Աֆանասի Նիկոլաևիչի շռայլությունը կանխելու ապարդյուն փորձեր էր անում, սակայն 1815 թվականին ինքը հոր կողմից զրկվեց գործերը վարելու իրավունքից։ Նատալյայի ծնողները տեղափոխվեցին Մոսկվա՝ կրտսեր աղջկան թողնելով պապու խնամքի տակ, որը նրան սիրում և երես էր տալիս։ Աղջիկը Պոլոտնյանի Զավոդում ապրեց ևս մոտ երեք տարի[11]։

Լինելով կրթված և տաղանդավոր մարդ՝ Նիկոլայ Աֆանասևիչը 1814 թվականի վերջերից սկսեց տառապել հոգեկան հիվանդությամբ։ Հիվանդությունը, ազգականների ասելով, առաջացել էր ձիուց ընկնելու հետևանքով ստացած հարվածից։ Սակայն ավելի ուշ ախտորոշման վերաբերյալ կասկածներ առաջացան. դատելով կնոջ նամակներից՝ Նիկոլայ Աֆանասևիչը շատ էր խմում։ Հնարավոր է, դա կալվածքի կառավարման գործերից անսպասելի հեռացման և այն իրողության գիտակցման արդյունքն էր, որ Աֆանասի Նիկոլաևիչը սնանկացնում է ընտանիքը. 40 տարվա ընթացքում վերջինս վատնեց մոտ 30 միլիոնանոց կարողությունը[12][13]։

Նատալյա Իվանի Գոնչարովան իշխող կին էր՝ ծանր բնավորությամբ, որի վրա իր հետքն էր թողել անհաջող ընտանեկան կյանքը։ Նատալյա Նիկոլաևնայի երկրորդ ամուսնությունից դստեր՝ Ալեքսանդրա Արապովայի վկայությամբ, մայրը չէր սիրում պատմել իր մանկությունից։ Նատալյա Իվանովնան երեխաներին դաստիարակում էր խստությամբ՝ պահանջելով անվերապահորեն ենթարկվել իրեն[14]։

Դատելով Գոնչարովների արխիվում պահպանված աշակերտական տետրերից, Նատալյան և նրա քույրերը՝ Եկատերինան և Ալեքսանդրան, տնային որակյալ կրթություն են ստացել։ Երեխաներին դասավանդվել է ռուս և համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն։ Բացի ֆրանսերենից, որին բոլոր կրտսեր Գոնչարովները լավ տիրապետում էին (ավելի ուշ Նատալյա Նիկոլաևնան խոստովանել է, որ ֆրանսերեն գրելն իր մոտ ավելի հեշտ է ստացվում, քան ռուսերենը[15]), ուսումնասիրել են գերմաներեն և անգլերեն։ Մեծ եղբայրը՝ Դմիտրին, «մեծ հաջողություններով» ավարտել է Մոսկվայի համալսարանը, Իվանը՝ մասնավոր պանսիոնը[16], իսկ Սերգեյը տնային կրթություն է ստացել։ Պուշկինագետ Լարիսա Չերկաշինան ենթադրում է, որ Նատալյան սովորել է նույն ծրագրով, ինչ կրտսեր եղբայր Սեգեյը[17]։

Նադեժդա Երոպկինայի՝ Նատալյա Նիկոլաևնային նախքան ամուսնությունը ճանաչած Պավել Նաշչոկինի զարմուհու հիշողությունների համաձայն, Նատալյան դեռ վաղ հասակից աչքի է ընկել իր գեղեցկությամբ։ Նրան շատ վաղ են ներկայացրել բարձրաշխարհիկ հասարակությանը, և նա միշտ երկրպագուներ է ունեցել։

Աներևակայելի արտահայտիչ աչքերը, հիասքանչ ժպիտը և շփման պարզությունը, իր կամքից անկախ, գրավում էին բոլորին։ Նա մեղավոր չէր, որ իր մեջ ամեն ինչ այդչափ հիանալի էր։ Բայց ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե որտեղի՞ց էր Նատալյա Նիկոլաևնան պահվածքի նրբագեղություն և հմտություն ձեռք բերել։ Նրանում ամեն ինչ, նաև կեցվածքը, խորապես համակված էր օրինավորությամբ։ Ամեն ինչ comme il faut էր՝ առանց կեղծիքի։ Եվ դա առավել տարօրինակ էր, քանի որ նույնը չէր կարելի ասել նրա ազգականների մասին։ Քույրերը գեղեցիկ էին, սակայն Նատալյայի նրբագեղությունը նրանց մեջ փնտրելն անիմաստ էր։ Հայրը թուլակամ մարդ էր, իսկ վերջում նույնիսկ տարօրինակություններ ուներ և ընտանիքում որևէ դեր չէր խաղում։ Մայրը բոլորովին աչքի չէր ընկնում բարեկրթությամբ և բավականին տհաճ անձնավորություն էր...Այդ պատճառով Նատալյա Նիկոլաևնան այդ ընտանիքում մի հրաշալի գտածո էր։ Պուշկինին գերել էր նրա անսովոր գեղեցկությունը և, ամենայն հավանականությամբ, նաև հիանալի պահվածքը, որը բանաստեղծը բարձր էր գնահատում[18]։

Ծանոթությունը Պուշկինի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինը Նատալյային հանդիպել է 1828 թ. դեկտեմբերին՝ պարահանդեսի ժամանակ։ Հաջորդ տարվա ապրիլին նա Ֆյոդոր Տոլստոյի միջոցով խնդրում է Նատալյայի ձեռքը, սակայն վերջինիս մայրն անորոշ պատասխան է տալիս. նա չի մերժում, սակայն ասում է, թե Նատալյան դեռ շատ երիտասարդ է ամուսնանալու համար (Նատալյան այդ ժամանակ 16 տարեկան էր)։ Պուշկինն Իվան Պասկևիչի գործող բանակի հետ մեկնում է Կովկաս, որտեղից վերադառնում է նույն տարվա սեպտեմբերին։ Գոնչարովների տանը նրան սառն են ընդունում, ինչի պատճառներից էին Պուշկինի աղքատությունն ու սերը թղթախաղի հանդեպ[19]։

Գոնչարովների տունը Մոսկվայում (նկ.` Ա. Վասնեցով, 1880-ական թթ.)

1830 թ. գարնանը Պուշկինը, որ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, ընդհանուր ծանոթի միջոցով լուր է ստանում Գոնչարովներից, այն մասին, որ նրանք համաձայն են Պուշկինի ու Նատալյայի ամուսնությանը։ Նա վերադարձավ Մոսկվա, երկրորդ անգամ առաջարկություն արեց, և ստացավ դրական պատասխան։ Գոնչարովների մի ծանոթի խոսքերով, հենց Նատալյան կարողացավ համոզել մորը տալ համաձայնություն. «Նա շատ է հետաքրքրված իր փեսացուով»[20]։ Քանի որ Պուշկինը գտնվում էր կայսեր հսկողության տակ, գրողը պետք է տեղեկացներ Նիկոլայ I-ին իր ամեն քայլի մասին։ 1830 թվականի ապրիլի 16-ի Ալեքսանդր Բենկենդորֆին ուղղված նամակում, ով հաստանում էր Պուշկինի ու կայսեր կապը[21], գրողը հայտնում է իր ամուսնանալու ցանկության մասին։ Համարելով իր վիճակը «սխալ ու կասկածելի», Պուշկինը նշում է. «Տիկին Գոնչարովան վախենում է պսակել իր դստերը այն մարդու հետ, որ լավ հարաբերությունների մեջ չէ կայսեր հետ»։ Նամակի վերջում նա խնդրում է տպագրել ավելի վաղ արգելված «Բորիս Գոդունով» վեպը։ Պատասխան նամակում կայսրը նշում է իր «բարյացակամ բավարարվածությունը», և ասում է, որ Պուշկինը չի գտնվում հսկողության տակ, ունի «հետևողականության» և «խորհուրդներ ստանալու» կարիք՝ որպես կայսեր վստահված անձ[22]։

1830 թվականի մայիսին Պուշկինը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի՝ Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար։ Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը։ Ալբոմը չի պահմանվել[23].|Ն}}</ref>։

Ա. Ս. Պուշկին, ակվարել, անհայտ նկարիչ: Դիմանկարը թվագրված է 1831 թվականի հունիսի 31-ին: Արվեստաբանների կարծիքով, կատարված է 1860-ական թվականներին: Նույնիսկ կասկածներ կան, թե դիմանկարն իրոք Պուշկինինն է:

Նշանադրությունը կայացավ 1830 թվականի մայիսի 6-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց։ Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր Պավել Աննենկովին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»[24]։ Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը։ Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները։ Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ խոլերայի համաճարակի պատճառով։ Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին։ Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա։ Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ։ Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան։ Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար։ Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը։ Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով Գերմանիայում պատրաստված Եկատերինա II-ի պղնձե արձանը։ Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»[25]։

Մեծ Համբարձման տաճարը Նիկիտյան դարբասի մոտ։ Ժամանակակից տեսքը

Պսակադրությունը տեղի ունեցավ 1831 թվականի փետրվարի 18-ին (մարտի 2-ին) Մեծ Համբարձման տաճարում Նիկիտայի դարպասների մոտ։ Մատանիների փոխանակման պահին Պուշկինի մատանին վայր ընկավ, որից հետո հանգեց նրա մոմը։ Նա գունատվեց և ասաց. «Այս ամենը վատ կանխանշաններ են»[26]։

«Ես ամուսնացած եմ և երջանիկ. իմ միակ ցանկությունն է, որ իմ կյանքում ոչինչ չփոխվի. ավելին չեմ սպասում։ Այս վիճակն ինձ համար այնքան անսովոր է, որ թվում է, թե վերածնվել եմ», — գրում է բանաստեղծն ընկերոջը` Պլետնյովին, հարսանիքից քիչ անց։ Երիտասարդները հաստատվեցին Մոսկվայի բնակարանում, որ բանաստեղծը վարձել էր հարսանիքից առաջ (ժամանակակից հասցեն` Արբատ փ., 53): Պուշկինի նախաձեռնությամբ, որը չէր ցանկանում, որպեսզի զոքանչը խառնվի իր ընտանեկան կյանքին, 1831 թվականի մայիսի կեսին ամուսինները տեղափոխվեցին Ցարսկոյե սելո։ Նրանք բնակություն հաստատեցին Կիտաևայի ամառանոցում և մի քանի ամիս բավականին մեկուսացած էին ապրում` ընդունելով միայն մտերիմ ընկերներին և բարեկամներին[27]։ Հայտնի է, որ Նատալյա Նիկոլաևնան օգնում էր Պուշկինին արտագրության հարցում. պահպանվել են «Եկատերինա II-ի գաղտնի նոթերը» (հատվածներ), «Քննարկումների մատյան» (հատվածներ), «Կոլոմնայի տնակը» ստեղծագործությունների` նրա կողմից կատարված պատճենները[28]։ Հուլիսին խոլերայի համաճարակի պատճառով Ցարսկոյե սելո տեղափոխվեց արքայական ընտանիքը։ Իր պապիկին ուղղված նամակում Նատալյա Նիկոլաևնան տեղեկացնում է, որ զբոսանքների համար ընտրում է «ամենախուլ անկյունները», քանի որ, ըստ իրեն հասած շշուկների, կայսրն ու նրա կինը ցանկանում են հանդիպել իրեն զբոսանքի ժամանակ։ Պուշկինի մայրն այսպես է պատմում նրա քրոջը կայսերական ընտանիքի հետ Պուշկինների հանդիպման մասին[29].

…կայսրն ու կայսրուհին հանդիպել են Նատաշային և Ալեքսանդրին, վերջիններս կանգ են առել նրանց հետ խոսելու համար, և կայսրուհին Նատաշային ասել է, որ շատ ուրախ է նրա հետ ծանոթանալու համար և էլի բազմաթիվ սիրալիր ու հաճելի բաներ։ Եվ ահա Նատաշան ստիպված է, իր կամքին հակառակ, ներկայանալ արքունիքին[28]։

Մեկ այլ նամակում Ն. Օ. Պուշկինան գրում է, որ արքունիքը հիացած է Նատալյա Նիկոլաևնայով, կայսրուհին նշանակել է օրը, երբ Նատալյան պետք է ներկայանա իրեն. «Դա Նատաշային այնքան էլ հաճելի չէ, բայց նա ստիպված է հնազանդվել»[28]։

Ա. Ս. Պուշկինի ամառանոց-թանգարանը (Կիտաևի ամառանոցը)

1831 թվականի աշնանը Պուշկինների ընտանիքը Ցարսկոյե սելոյից տեղափոխվեց Պետերբուրգ և հաստատվեց այրի Բրիսկորնի տանը` Գալերյան փողոցի վրա։ Նույն փողոցում էր ապրում նաև Նատալյա Նիկոլաևնայի ավագ եղբայրը` Դմիտրին։ Մյուս երկու եղբայրները նույնպես ծառայում էին Պետերբուրգում։ Նատալյա Նիկոլաևնայի հորաքույրը` պալատական ազնվական օրիորդ Եկատերինա Զագրյաժսկայան, շատ էր մտերմացել նրա հետ, հովանավորում էր նրան արքունիքում և հոգ տանում նրա մասին` ինչպես հարազատ դստեր` օգնելով նաև նյութապես[30]։

Պուշկինայի գեղեցկությունը մեծ ազդեցություն ունեցավ Պետերբուրգի ազնվակիրթ հասարակության վրա։ Պուշկինը սկզբում հպարտանում էր կնոջ աշխարհիկ հաջողություններով։ Դարյա Ֆիկելմոնն իր օրագրում նկարագրում է բանաստեղծի կնոջ գեղեցկությունը` միաժամանակ նշելով, որ «նա աչքի չի ընկնում խելքով և երևակայությամբ»[31]։ Պուշկինը, Ֆիկելմոնի հավաստմամբ.


…կնոջ ներկայությամբ դադարում է բանաստեղծ լինելուց, ինձ թվաց, որ երեկ նա ապրում էր... այն ամբողջ գրգռվածությունն ու հուզմունքը, որն զգում է ամուսինը, որը ցանկանում է, որ կինը հաջողություն ունենա հասարակության մեջ[32]։

Ժամանակակիցները նշում էին Նատալյա Նիկոլաևնայի սառնության հասնող զսպվածությունը, քչախոսությունը։ Հնարավոր է` դրա պատճառը նրա բնածին ամոթխածությունն էր և հասարակության համառ, ոչ միշտ բարյացակամ ուշադրությունը[33]։ Գրող Նիկոլայ Ռաևսկու կարծիքով՝ դաստիարակվելով Պետերբուրգից դուրս, նա, ինչպես և հետագայում իր քույրերը, բավականին արագ հարմարվեց տեղի հասարակությանը, բայց բարձրաշխարհիկ կին այդպես էլ չդարձավ։ Գրողը նշում է, որ, լինելով «Ռուսաստանի առաջին բանաստեղծի կինը», մի մարդու, որ ոչ միայն ընկերներ, այլև բազմաթիվ թշնամիներ ուներ, Պուշկինան ի սկզբանե հայտնվեց «դժվարին կացության մեջ». ոմանք ակնկալում էին նրա մեջ կատարելություն տեսնել, մյուսները «փնտրում էին թերություններ, որոնք կարող էին նվաստացնել ինքնասիրահարված բանաստեղծին»[34]։ Ավելի ուշ Պուշկինան գրել է, որ սեփական զգացմունքները բացահայտելը «սրբապղծության նման մի բան է։ Միայն աստված և քիչ ընտրյալներ ունեն իմ սրտի բանալին»[35]։

1832 թվականի մայիսի 19-ին Նատալյա Նիկոլաևնան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին` Մարիային, իսկ 1833 թվականի հուլիսի 6-ին` որդուն` Ալեքսանդրին։ Թոռների ծնունդը մի փոքր լավացրեց Պուշկինի հանդեպ զոքանչի վերաբերմունքը. վերջինս, ըստ երևույթին, սկսեց գնահատել երեխաների հանդեպ բանաստեղծի ջերմ զգացմունքները[36]։ Կնոջն ուղղված նամակներում Պուշկինը մշտապես հիշում էր երեխաների մասին (առավել հաճախակի հանդիպում են երկու ավագների անունները), իր ուղևորությունների ընթացքում նա խնդրում էր կնոջը իրեն տեղյակ պահել տանը կատարվող ամեն ինչի մասին։ Միջոցների սղությունն անհանգստացնում էր բանաստեղծին. նամակագրության մեջ նա բազմիցս հարց է տալիս` ի՞նչ կլինի ընտանիքի հետ իր մահվան դեպքում[37]։

Երկար ժամանակ համարվում էր, որ Նատալյա Նիկոլաևնան բոլորովին չէր զբաղվում երեխաներով ու տնային գործերով և հետաքրքրված էր միայն բարձրաշխարհիկ զվարճություններով։ Այդ կարծիքի ձևավորման մեջ մեծ դեր ունեցավ Շչյոգոլևի «Պուշկինի մենամարտն ու մահը» գիրքը, որտեղ հեղինակը հաստատում է, որ Պուշկինայի կյանքի հիմնական բովանդակությունը «աշխարհիկ-սիրային ռոմանտիզմն է»[38]։ Չնայած Շոգոլևը նաև նշում է, որ շատ քիչ ինֆորմացիայի է տիրապետում։ Գոնչարովների ընտանեկան արխիվի, Պուշկինայի` հարազատներին ուղղված նամակների ավելի ուշ ուսումնասիրությունը էապես փոխեց նրա անձի մասին պատկերացումները` օգնելով ստեղծել Նատալյա Նիկոլաևնայի ավելի ամբողջական կերպարը[39][40]։ Այսպես, քույրերի նամակագրությունը չի հաստատում ավելի վաղ ստեղծված այն կարծիքը, որ, տեղափոխվելով Պուշկինների մոտ, տնային բոլոր հոգսերն իր վրա է վերցրել Ալեքսանդրա Նիկոլաևնան[41]։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ի տարբերություն քույրերի, Նատալյա Նիկոլաևնան իր նամակներում երբեք չի շոշափել իր աշխարհիկ հաջողությունները։ Մեծ մասամբ, այդ նամակները վերաբերում են տանը, երեխաներին, ամուսնու հրատարակչային գործունեությանը[42][41]։ Ստեղծված կարծիքին հակառակ` «պոետիկ Պուշկինան» գործնական և համառ էր, երբ հարցը վերաբերում էր հարազատներին և մտերիմներին։ Այսպես, նա ակտիվ մասնակցություն էր ունենում իրենց ձեռնարկությունների վարձակալների հետ Գոնչարովների դատական գործընթացին։ Ավելի ուշ, երբ Պուշկինն սկսեց ամսագրի հրատարակությունը, նրա բացակայության օրոք Նատալյա Նիկոլաևնան կատարում էր «Սովրեմեննիկին» վերաբերող ամուսնու հանձնարարությունները[43]։

1832 թվականի աշնանը մահացավ Նատալյա Նիկոլաևնայի պապը։ Պարզվեց, որ Գոնչարովների կալվածքը գտնվում է մեկուկես միլիոն ռուբլի պարտքի տակ, բացի այդ, ժառանգները ստիպված էին մի քանի դատական գործ վարել։ Դմիտրի Գոնչարովը, նշանակվելով հոր խնամակալ, թողեց ծառայությունը Արտաքին գործերի կոլեգիայում, տեղափոխվեց մոսկովյան արխիվ և միաժամանակ իր վրա վերցրեց ընտանեկան մայորատի կառավարումը։ Պապի պարտքերը վճարել նա չկարողացավ և ամբողջ կյանքում ստիպված էր ըստ գրավաթղթերի տոկոսներ փակել, որոնք երբեմն գերազանցում էին բուն պարտքը[44]։

Ն. Ն. Պուշկինան (?, ձախից). Հատված «Պղնձե հեծյալը» պոեմի ձեռագրից: 1833։ Բոլդինո

Երբ վերջացավ Կիստենյովի գրավադրումից ստացված գումարը, Պուշկինների ընտանիքը գրեթե մշտապես գտնվում էր նյութական բարդ կացության մեջ[44]։ Պետերբուրգում կյանքը թանկ էր, ընտանիքն աճում էր, իսկ Պուշկինները, ինչպես և շատ ուրիշներ, «հեղինակության» նկատառումներից ելնելով, շարունակում էին ապրել հսկայական տանը։ Աշխարհիկ կյանքը ևս բավականին ծախսեր էր պահանջում։ Պուշկինը երբեմն թղթախաղով էր զբաղվում և մեծ գումարներ տանուլ տալիս։ Արտաքին գործերի նախարարությունում նրա աշխատավարձը (տարեկան հինգ հազար ռուբլի) բավականացնում էր միայն բնակարանի և ամառանոցի վարձերը վճարելու համար[45]։

1833 թվականի վերջին Նիկոլայ 1-ինը Պուշկինին շնորհում է կամեր-յունկերի կրտսեր պալատական կոչում։ Բանաստեղծի ընկերների խոսքով` նա սաստիկ զայրացել էր. այդ կոչումը տրվում էր հասարակ երիտասարդներին։ 1834 թվականի հունվարի 1-ին Պուշկինն իր օրագրում հետևյալ գրառությունն է արել.

Երեք օր առաջ ես կամեր-յունկերի կոչում եմ ստացել (ինչն անհարկի է իմ տարիքի համար). Բայց արքունիքը ցանկանում է, որպեսզի Ն. Ն. [Նատալյա Նիկոլաևնան] պարի Անիչկովում[46]։

Պուշկինի ծնողները Օ. Ս. Պավլիշևային ուղղված նամակներում հայտնում են, որ իրենց հարսն արքունիքում մեծ հաջողություն ունի, և դժգոհում են, որ նա շատ ժամանակ է վատնում պարահանդեսներում։

1834 թվականին Նատալյա Նիկոլաևնան իր մոտ է հրավիրում քույրերին։ Ե՛վ Ալեքսանդրան, և՛ Եկատերինան դեպի մայրաքաղաք էին ձգտում` հույս ունենալով դասավորել իրենց ճակատագիրը. մայրը դեմ էր նրանց` բարձրաշխարհիկ հասարակություն մտնելուն, և նրանք մի քանի տարի անցկացրին գյուղում։ Պուշկինան կարողացավ հաղթահարել ամուսնու կասկածներն այդ հարցի իրավացիության վերաբերյալ, չնայած Պուշկինն ինքն էլ հասկանում էր, թե ինչ դժվարին կացության մեջ են նրանք հայտնվել։ Երկու քույրերն էլ հաստատվեցին ամուսինների մոտ և սկսեցին իրենց բարձրաշխարհիկ կյանքը։ Նրանք իրենց եղբոր` Դմիտրիի կողմից տրվող գումարից վճարում էին սննդի և բնակարանի իրենց մասնաբաժինը։ Եկատերինան շուտով հորաքրոջ ջանքերով պալատական ազնվական օրիորդի կոչում ստացավ, սակայն, հակառակ տարածված սովորույթի, չտեղափոխվեց պալատ, այլ մնաց Պուշկինների մոտ[47]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
  2. Ободовская, Дементьев, 1987, էջ 21
  3. 3,0 3,1 Род Гончаровых. Калужские Гончаровы. Исследовательская работа. Автор: Георгий Васильевич Ровенский, член Историко-родословного общества (Москва).
  4. Ободовская, Дементьев, 1987, էջ 22—23
  5. Ободовская, Дементьев, 1987, էջ 23
  6. Черкашина, 2010, էջ 170—171
  7. Ободовская, Дементьев, 1987, էջ 26
  8. Ободовская, Дементьев, 2010, էջ 243—244
  9. 9,0 9,1 Ободовская, Дементьев, 1987, էջ 27
  10. Ободовская, Дементьев, 1987, էջ 31
  11. Ободовская, Дементьев, 1987, էջ 29
  12. Ободовская, Дементьев, 1987, էջ 30—31
  13. Вацуро, В. Э․ и др. Комментарии // Пушкин в воспоминаниях современников. — 3-е, доп. — СПб.: Академический проект, 1998. — Т. 2. — С. 592.
  14. Ободовская, Дементьев, 1987, էջ 36
  15. Раевский, Н. А. В замке Бродяны // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 24.
  16. Ободовская, Дементьев, 1987, էջ 35
  17. Черкашина, 2010, էջ 296
  18. Раевский, 1978, էջ 211
  19. Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — 2-е издание. — М.: Советская Россия, 1987.
  20. Пушкин и его современники. — Л., 1928. — Т. XXXVII. — С. 153.
  21. Ободовская, Дементьев, 1987, էջ 47
  22. Ободовская, Дементьев, 1987, էջ 48
  23. Ободовская, Дементьев, 1987, էջ 52
  24. Ободовская, Дементьев, 1987, էջ 57
  25. Ободовская, Дементьев, 1987, էջ 53—54, 59
  26. Пеньковский, А. Нина: культурный миф золотого века русской литературы в лингвистическом освещении. — Индрик, 2003. — С. 491.
  27. Ободовская, Дементьев, 1987, էջ 62
  28. 28,0 28,1 28,2 Ободовская, Дементьев, 1987, էջ 66
  29. Ободовская, Дементьев, 1987, էջ 64
  30. Ободовская, Дементьев, 1987, էջ 74
  31. Раевский, 1978, էջ 207
  32. Ободовская, Дементьев, 1987, էջ 72
  33. Ободовская, Дементьев, 1987, էջ 73
  34. Раевский, 1978, էջ 214
  35. Раевский, 1978, էջ 215
  36. Ободовская, Дементьев, 1987, էջ 88—89
  37. Ободовская, Дементьев, 1980, էջ 138—140
  38. Ободовская, Дементьев, 1987, էջ 75
  39. Черкашина, 2010, էջ 220
  40. Последний год жизни Пушкина, 1988, էջ 157
  41. 41,0 41,1 Раевский, 1978, էջ 219
  42. Ободовская, Дементьев, 1987, էջ 81
  43. Раевский, 1978, էջ 220—221
  44. 44,0 44,1 Ободовская, Дементьев, 1987, էջ 80
  45. Ободовская, Дементьев, 1987, էջ 152
  46. Ободовская, Дементьев, 1987, էջ 106
  47. Ободовская, Дементьев, 1987, էջ 132