Կոնստանտին Ուշինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ուշինսկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 3), 1823
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22 1870 (հունվարի 3 1871) (47 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանVydubychi Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[2]
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունմանկավարժ, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրԴեմիդովոյի իրավաբանական լիցեյ
Ստորագրություն
Изображение автографа
 Konstantin Ushinsky Վիքիպահեստում

Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19, մարտի 3, 1823 Տուլա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1870 հունվարի 3, 1871, Օդեսա, Ուկրաինա), ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր Ռուսաստանում, «ռուս ուսուցիչների ուսուցիչ»։

Ուշինսկու գործունեությունն ընթացել է ճորտատիրական հասարակարգի ճգնաժամի, հասարակական-դեմոկրատական շարժման վերելքի և նրանում հեղափոխական-դեմոկրատական ուղղության ձևավորման շրջանում։ Նրա մանկավարժական համակարգի առանցքը կրթության և ուսուցման դեմոկրատացումն էր, որով նա ռուսական մանկավարժությունը բարձրացրեց համաշխարհային նվաճումների մակարդակին։

Ուշինսկու գիտամանկավարժական հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» (1868-1869) աշխատությունը, որը համաշխարհային մանկավարժական մտքի նվաճումներից է։

Ուշինսկին մանկավարժության տեսության անկյունաքարը դարձրեց դաստիարակության ժողովրդայնության գաղափարը («Ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակության մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած «Մանկական աշխարհ» (1861), «Մայրենի լեզու» (1864) ընթերցարանները, որոնք լայն տարածում ստացան ժողովրդական տարրական դպրոցներում և հիմք դարձան նոր դասագրքերի ստեղծման[3]։

Ուշինսկին կրթության և ուսուցման գործում առաջնակարգ տեղ է հատկացրել մայրենի լեզվին՝ որպես երեխայի մտավոր զարգացման բնական գործոնի։ Ըստ Ուշինսկու՝ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա դաստիարակության իր համակարգը, որի բովանդակությունն ու ուղղվածությունը պետք է որոշվի տվյալ ժողովրդի սոցիալ-տնտեսական և ազգային հետաքրքրություններով, պատմական զարգացման առանձնահատկություններով։ Նրա մանկավարժական համակարգի հիմքում ընկած է մարդաբանական սկզբունքը։

Մարդու ձևավորման գործում Ուշինսկին կարևորել է հիմնավոր ռեալական կրթությունը, մտավոր զարգացումը, ուսուցման կանոնավոր և հաջորդական բնույթը, մեծ տեղ է հատկացրել երեխաների բարոյական, աշխատանքային դաստիարակության հարցերին։

1947 թվականից ԽՍՀՄ-ում շնորհվել է Ուշինսկու մեդալ, որով պարգևատրվել են աչքի ընկնող ուսուցիչները և մանկավարժության բնագավառի այլ ակտիվ գործիչներ։

Ուշինսկու աշխատություններն առաջին անգամ հայերեն թարգմանվել են 1866 թվականին[Ն 1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Դմիտրևիչ Ոշինսկին ծնվել է 1824 թվականին փետրվարի 19-ին Տուլա քաղաքում։ Հայրը՝ Դմիտրի Գրիգորևիչ Ուշինսկին, պետական ծառայող է եղել։ Մայրը Լյուբով Ստեպանովնա Կապնիստը մահացել է, երբ Ուշինսկին ընդամենը 12 տարեկան էր։

Ուշինսկին վաղ մանկությունն անց է կացրել Նովգորոդ-Սևերսկի քաղաքի մոտակայքում գտնվող՝ ծնողների՝ ոչ մեծ կալվածքում՝ Դեսնա գետի ափին[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Դ. Ուշինսկին գիմնազիայում սովորելու տարիներին

Ուշինսկին սկզբնական կրթությունը՝ մինչև 11 տարեկան հասակը, ստացել է տանը, ապա 1833 թվականին ընդունվել և 1840-ին ավարտել է Նովգորոդ-Սևերսկիի գիմնազիան[5]։

1840-1844 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[6]։ Այստեղ Ուշինսկին հնարավորություն ունեցավ լսելու հայտնի գիտնականներ՝ պատմության դոկտոր Տիմոֆեյ Նիկոլաևիչ Գրանովսկու և փիլիսոփայության դոկտոր Պյոտր Գրիգորևիչ Ռեդկինի դասախոսությունները։

Համալսարանն ավարտելուց հետո 1844 թվականին՝ արդեն որպես իրավաբական գիտությունների թեկնածու, շարունակեց մնալ Մոսկվայի համալսարանում պրոֆեսորական կոչմանը նախապատրաստվելու համար։

Ուշինսկու հետաքրքրությունների շրջանակը, սակայն, չէր սահմանափակվում միայն փիլիսոփայությամբ և իրավաբանությամբ, նա հետաքրքրված էր գրականությամբ, թատրոնով, ինչպես նաև բոլոր այն հարցերով, որոնք անհանգստացնում էին ռուս հասարակության առաջադեմ շրջանին. խոսքը, առաջին հերթին, վերաբերում էր՝ հասարակ ժողովրդի գրագիտության և կրթվածության հարցերին։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Դ. Ուշինսկին 1840-ական թվականներին

1846 թվականին Ուշինսկին նշանակվում է կամերալ գիտությունների[Ն 2] պրոֆեսորի պաշտոնակատար՝ Յարոսլավլի Դիմիդովյան լիցեյում։

1848 թվականի մարտից եղել է «Ярославские губернские ведомости» թերթի ոչ պաշտոնական հատվածի խմբագիրը։

1844 թվականին եվրոպական հեղափոխության հետ կապված՝ ռուսական կառավարությունն առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերեց հասարակական առարկաների դասավանդմանը։ Ուշինսկին, որ մեծ հեղինակություն ուներ ուսանողների մոտ և խորացված կերպով էր մշակում իր դասընթացը, վտանգավոր դիտվեց և 1849 թվականի վերջին հեռացվեց աշխատանքից։ Այդ հարկադրական հեռացման պատճառով նա այլևս չէր կարող զբաղվել ուսուցչական աշխատանքով, և 1850-1854 թվականներին աշխատանքի է անցնում ներքին գործերի նախարարությունում՝ որպես օտար դավանանքների բաժնի ղեկավարի օգնական և միաժամանակ անդամակցում «Современник» (1852-1854), «Библиотека для чтения» (1854-1855) և այլ ամսագրերին։

1951 թվականի ամռանը Ուշինսկին ամուսնանում է Նադեժդա Սեմյոնովնա Դորոշենկոյի հետ[7]։

Գործունեությունը Գատչինայի որբանոցային ինստիտուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկու կինը (Նադեժդա Սեմյոնովնա Դորոշենկո)

1854 թվականի երկրորդ կեսին միայն, Ուշինսկին հնարավորություն ունեցավ զբաղվելու ուսուցչական աշխատանքով։ 1854 թվականին նա աշխատանքի է ընդունվում Գատչինայի որբանոցային ինստիտուտում, սկզբում որպես ռուսաց լեզվի և աշխարհագրության ուսուցիչ, ապա որպես տեսուչ[8]։

Ուշինսկին մի շարք բարեփոխումներ իրականացրեց որբանոցում՝ վերակառուցեց ուսումնական ողջ գործընթացը, փոխեց դաստիարակության դրվածքը։ Կարճ ժամանակ անց նա հայտնի դարձավ թե՛ որպես մանկավարժական հարցերի վերաբերյալ խոր ու ինքնատիպ գրող, և թե՛ որպես գործնական մանկավարժ։

Գատչինայի որբանոցում Ուշինսկին ծանոթանում է նախկին տեսուչներից մեկի՝ Եգոր Օսիպովիչ Գուգելի մանկավարժական գրքերի հավաքածուին, ինչը մեծ ազդեցություն է ունենում իր վրա[9]։ Հետագայում՝ այդ գրքերի ընթերցումից ստացած գաղափարները հիմք են հանդիսանում գրելու իր լավագույն հոդվածներից մեկը՝ «Մանկավարժական գրականության օգուտի մասին»[10]։

Գործունեությունը Սմոլնիի ինստիտուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Դ. Ուշինսկին 1859 թվականին

1859 թվականին Ուշինսկուն հանձնարարվում է վերակառուցել Սանկտ Պետերբուրգի ազնվազարմ օրիորդների Սմոլնիի ինստիտուտը։ Մինչև նա ինստիտուտը վեր էր ածվել կիսակուսանոցային տիպի հիմնարկի, որտեղ սովորողներին 6-ից մինչև 18 տարեկանը պահում էին փակված, շրջակա միջավայրից կտրված։ Նրանց անգամ արձակուրդների ժամանակ չէին թողնում տուն գնալ, դաստիարակում էին կրոնամոլության, ցարիզմի առջև խոնարհվելու և սենտիմենտալիզմի ոգով։ Ուշինսկին արմատականորեն փոխեց ուսումնադաստիարակչական աշխատանքների դրվածքը։ Նա սովորողներին թույլ տվեց գնալ տուն տոներին ու արձակուրդներին, մտցրեց նոր ուսումնական պլան՝ գլխավոր առարկան դարձնելով ռուսաց լեզուն, նրանց ծանոթացրեց ռուս գրականության լավագույն երկերին, ուսուցման մեջ լայնորեն կիրառեց զննականությունը, փորձերը ֆիզիկայի դասերին, ընդհանուր կրթական յոթ դասարաններին ավելացրեց նաև մանկավարժական երկամյա դասարան[11]։

1860-1861 թվականներին Ուշինսկին խմբագրել է «Ժողովրդական լուսավորության նախարարության ամսագիրը»։ Նա այն ամբողջությամբ վերակառուցեց գիտամանկավարժական ոգով, դրանում զետեղելով նաև իր մի շարք մանկավարժական հոդվածներ՝ «Մայրենի լեզու», «Ուսուցչական սեմինարիայի նախագիծ», «Աշխատանքն իր հոգեբանական և դաստիարակչական նշանակությամբ»։

1861 թվականին Ուշինսկին հրատարակում է «Մանկական աշխարհ» գիրքը՝ որը նախատեսված էր կրտսեր դասարաններում դասավանդելու համար։

Այն պահին, երբ Ուշինսկու գործունեությունն առավել մեծ ժողովրդականություն էր վայելում, դարձյալ ավելացան հետադիմական ուժերի հալածանքները։ Սմոլնիի ինստիտուտի վերակառուցումը Ուշինսկու դեմ զայրույթ առաջացրեց ինստիտուտի դաստիարակների ռեակցիոն խմբի կողմից, որոնց գլուխ կանգնած էր կրոնի ուսուցիչը։

Ուշինսկին կնոջ՝ Ն. Ս. Դորոշենկոյի և երեխաների հետ (ձախից աջ). Պավել, Վլադիմիր, Կոնստանտին, Վերա, Նադեժդա[12]

Անանուն մատնությամբ Ուշինսկին մեղադրվում էր անաստվածության և քաղաքական անհուսալիության մեջ։ Այն ժամանակվա համար դա շատ ծանր մեղադրանք էր, այնպես, որ Ուշինսկուն նույնիսկ հնարավորություն չտրվեց արդարանալու։ 1862 թվականին նա ազատվում է Սմոլնիի ինստիտուտից։

Նույն թվականին, առանց Ուշինսկու համաձայնությունը հարցնելու, կառավարական որոշում է ձևակերպվում՝ ռուսական ինստիտուտների համար մանկավարժության և հոգեբանության դասընթացներ մշակելու, ինչպես նաև եվրոպական երկրներում կանանց կրթության դրվածքն ուսումնասիրելու նպատակով Ուշինսկուն հինգ տարով արտասահման գործուղելու վերաբերյալ։ Այդ հրամանն Ուշինսկին անվանել է «պատվավոր աքսոր»[13]։

Արտասահմանյան շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանում գտնվելու տարիներն Ուշինսկին օգտագործում է մանկավարժական գիտական աշխատանքի համար. ուսումնասիրում է եվրոպական դպրոցների փորձը, ստեղծում իր գլուխգործոցը՝ «Մարդը՝ որպես դաստիարակության առարկա» ծավալուն աշխատությունը։ Չնայած նախատեսված երեք հատորներից նա ավարտում է միայն երկուսը, բայց այդքանն էլ բավական էր, որ այդ գործը դիտվեր որպես մանկավարժության բնագավառի լավագույն աշխատություններից մեկը։ Այս աշխատանքը ներկայանում է որպես մանկավարժության և հոգեբանության միաձույլ մի դասընթաց. առանց հոգեբանական հիմունքների՝ դաստիարակություն Ուշինսկին չէր պատկերացնում։

Այս ընթացքում Ուշինսկին գրում է նաև մի շարք այլ փայլուն աշխատություններ ու դասագրքեր, այդ թվում՝ «Մանկավարժական ուղևորություններ Շվեյցարիայում», «Մայրենի լեզու», «Մանկական աշխարհ» գործերը, «Մայրենի լեզվի ուղեցույցը», ինչպես նաև կանանց կրթության դրվածքի վերաբերյալ ընդարձակ հաշվետվությունը։

Արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո Ուշինսկին, երկրում ուժեղացող քաղաքական ռեակցիայի, նաև դժվար բուժվող հիվանդության (թոքերի քրոնիկ բորբոքում) հետևանքով, արդեն չէր կարող աշխատել դպրոցներում և այլ կրթական հաստատություններում։ Նա ամբողջովին նվիրվեց երեխաների և ուսուցիչների համար գրքեր կազմելու, դրանք վերամշակելու գործին։ Նրա այդ գործունեությունն էլ հենց իր համար վաստակեց «ռուս երեխաների բարեկամ», «ռուս ուսուցիչների ուսուցիչ» կոչումները։

Ուշինսկին մահացել է 1870 թվականի դեկտեմբերի 22-ին Օդեսայում, թաղված է Կիևում։

Մանկավարժական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկին առաջարկում էր մանկավարժական տեսությունը կառուցել հոգեբանության, ֆիզիոլոգիայի, փիլիսոփայության և այլ գիտությունների օրենքների վրա։ Մերժելով մանկավարժական տեսությունների հայեցողական կառուցումը՝ նա միաժամանակ նշում էր, որ միայն սեփական, թեկուզ և հաջողված, փորձի վրա հիմնվելը բավարար չէ։ Ուշինսկին պահանջում էր տեսության և պրակտիկայի միասնություն[10]։

Դատարկ, ոչնչով չհիմնավորված տեսությունը նույնքան ոչնչի պետք չեկող բան է, ինչպես և այն փաստը կամ փորձը, որից չի կարելի հետևեցնել ոչ մի միտք, որին չի նախորդում և չի հետևում գաղափարը։ Տեսությունը չի կարող հրաժարվել իրականությունից, փաստը չի կարող հրաժարվել մտքից[14]։

Դաստիարակության գործընթացի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկու մանկավարժական համակարգում կարևոր տեղ ունի դաստիարակության և ուսուցման գործընթացների միասնության անհրաժեշտության գաղափարը։ Նա առաջ է քաշում, և իր՝ արտասահմանում և Ռուսաստանում կատարած ուսումնասիրություններով հիմնավորում, որ մանկավարժական գործընթացի այդ երկու կողմերի խզումը հանգեցնում է մանկավարժական գործընթացի ներքին հակասության և հետևաբար դաստիարակվողների բնության աններդաշնակ զարգացմանը։

Ուշինսկու ողջ մանկավարժական համակարգն ուղղված է դաստիարակության և ուսուցման միջև խզումը վերացնելուն, և մանկավարժական այնպիսի հիմունքներ գտնելուն, որոնք չեն խորտակի այդ միասնությունը։ Ուշինսկին իր առջև խնդիր դրեց հաստատ և կայուն կերպով սահմանել այն նոր նախադրյալները, որոնց վրա պետք է հենվեին ինչպես դաստիարակությունը, այնպես էլ ուսուցումը։ Դրանք մի կողմից սոցիալ-տնտեսական, իսկ մյուս կողմից՝ հոգեֆիզիոլոգիական նախադրյալներն էին[15]։

Ուշինսկու մանկավարժական համակարգում դաստիարակությունը նպատակամղված գործընթաց է, որը կոչված է մարդու մեջ ձևավորելու մարդկայինը։ Այն հասարակական երևույթ է և ունի իր օրինաչափությունները, որոնց իմացությունն անհրաժեշտ է այդ բարդ գործընթացը կառավարելու համար։ Ուշինսկին գտնում էր, որ դաստիարակության նպատակը պետք է լինի անձնավորության ներդաշնակ, նպատակասլաց և համակողմանի զարգացումը։

Դաստիարակության հոգեֆիզիոլոգիական նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ուշինսկու՝ երեխայի վրա նպատակուղղված ներգործությունը պետք է խելամիտ լինի, և հիմնված երեխայի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների իմացության վրա։ Հենց դա էլ կազմում է այն նախադրյալը, որի վրա պետք է հենվի դաստիարակության գիտական մեթոդիկան։

Եթե մանկավարժությունն ուզում է մարդուն դաստիարակել բոլոր կողմերով, ապա նա պետք է ամենից առաջ մարդուն ճանաչի նույնպես բոլոր կողմերով[16]։
- Մարդը որպես դաստիարակության առարկա

Երեխայի հոգեֆիզիոլոգիական բնության ճանաչմանն ու ըմբռնմանը Ուշինսկին շատ ավելի մեծ նշանակություն էր տալիս, քան մանկավարժական ամենաճշգրիտ և մանրամասն կանոնների ու դեղատոմսերի մշակմանը։

Մենք մանկավարժներին չենք ասում՝ վարվեցեք այսպես կամ այնպես, բայց նրանց ասում ենք՝ ուսումնասիրե՛ք այն հոգեկան երևույթների օրենքները, որոնք դուք ուզում եք կառավարել, և վարվեցե՛ք այդ օրենքների և այն հանգամանքների համաձայն, որոնց մեջ դուք ուզում եք գործադրել դրանք....Գլխավոր գործն ամենևին էլ կանոններն ուսումնասիրելը չէ, այլ այն գիտական հիմունքների ուսումնասիրությունը, որոնցից բխում են այդ կանոնները[17]։

Իր գլխավոր աշխատությունը՝ «Մարդը որպես դաստիարակության առարկա», Ուշինսկին նվիրել է երեխայի բնության ուսումնասիրմանը։ Այդ աշախատության առաջին մասում նա տվել է օրգանիզմի կողմից միջավայրին հարմարվելու մեխանիզմների բնութագիրը, ուշադրության, հիշողության և այլ հոգեկան գործընթացների մանրամասն վերլուծությունը[18]։

Ժողովրդայնությունն ու մայրենի լեզուն Ուշինսկու մանկավարժական համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկու մանկավարժական համակարգի հիմքում ժողովրդայնության գաղափարն է[19]։ Ժողովրդայնություն ասելով՝ Ուշինսկին հասկանում է յուրաքանչյուր ժողովրդի յուրակերպությունը, որը պայմանավորված է նրա պատմական զարգացմամբ բնական և աշխարհագարական պայմաններով։

Կա միայն մեկ՝ բոլորի համար ընդհանուր բնածին հակում, որի վրա միշտ կարող է հույս դնել դաստիարակությունը. այն, ինչը մենք ժողովրդայնություն ենք անվանում...բուն ժողովրդի ստեղծած և ժողովրդական սկզբունքների վրա հենված դաստիարակությունն ունի դաստիարակչական այն ուժը, որը չկա վերացական գաղափարների վրա հիմնված կամ ուրիշ ժողովուրդներից փոխառնված լավագույն համակարգերում։ Ամեն մի ժողովրդայնություն երկրի վրա աստծո ամենագեղեցիկ ստեղծագործությունն է, և դաստիարակությունը մնում է քաղել այդ հարուստ ու վճիտ աղբյուրից։
- Ժողովրդայնությունը հասարակական դաստիարակության մեջ (հոդված)

Ուշինսկուն հատուկ էր անսպառ հավատը ռուս ժողովրդի ստեղածագործական ներուժի նկատմամբ։ Ռուսական երաժշտությունը և նկարչությունը, ռուսական փիլիսոփայությունը շատ բան են քաղել ժողովրդական ստեղծագործությունից.

Գորշ, տգետ, կոպիտ մասսայից ծորում է սքանչելի ժողովրդական երգը, որից ներշնչվում են և՛ բանաստեղծը, և՛ նկարիչը, և՛ երաժիշտը, լսվում է դիպուկ խոր խոսքը, որի մեջ մտասուզվում են բանասերն ու փիլիսոփան, և զմայլանքի մեջ են ընկնում այդ խոսքի խորությունից ու ճշմտարտությունից[20]։

Ուշինսկու մանկավարժական համակարգում ժողովրդայնության գաղափարի հետ սերտորեն կապված է մայրենի լեզվի կրթական ու դաստիարակչական նշանակության հարցը։

Ժողովրդի լեզուն նրա հոգևոր կյանքի չթառամող և հավերժորեն վերաբացվող լավագույն ծաղիկն է, որ սկիզբ է առնում պատմության սահմաններից հեռու այն կողմում։ Լեզվի մեջ շունչ ու ոգի են առնում ողջ ժողովուրդը և նրա ամբողջ հայրենիքը։ Ժողովրդական ոգու ստեղծագործական ուժով նրա մեջ մտքի, պատկերի և հնչյունի են փոխակերպվում հայրենիքի երկինքը, նրա օդը, նրա կլիման, նրա դաշտերը, լեռներն ու հովիտները, նրա անտառներն ու գետերը, նրա մրրիկներն ու ամպրոպները՝ հայրենի բնության այն ամբողջ խոր, մտքով և զգացմունքով լի ձայնը, որը բարբառում է այնպես բարձրագոչ՝ մարդու սիրո մասին դեպի իր երբեմն դաժան հայրենիքը, որն այնպես հստակ է արտահայտվում մայրենի երգի մեջ, մայրենի եղանակներում, ժողովրդական բանաստեղծների շուրթերին։ Սակայն ժողովրդական լեզվի պայծառ, վճիտ խորքերում արտացոլվում է ոչ միայն հայրենի երկրի բնությունը, այլև ժողովրդի հոգևոր կյանքի ամբողջ պատմությունը...Լեզուն ամենակենդանի, ամենաառատ և ամենաամուր այն կապն է, որը ժողովրդի անցյալ, ներկա և ապագա սերունդներին կապում է մի մեծ, պատմական, կենդանի ամբողջականության մեջ։ Նա իրենով ոչ միայն արտահայտում է ժողովրդական կյանքը, այլև հենց բուն այդ կյանքն է։ Երբ անհետանում է ժողովրդական լեզուն՝ ժողովուրդ չկա այլևս[21]։
- Մայրենի լեզու (հոդված)

Մայրենի լեզուն ժողովրդի լավագույն դաստիարակն է, որ ժողովրդին սովորեցրել է դեռևս այն ժամանակ, երբ չի եղել ո՛չ գիրք, ո՛չ դպրոց։

Բարոյական դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկին, կարևորելով մարդու համակողմանի և ներդաշնակ զարգացումը, միաժամանակ նշում էր, որ բարոյական դաստիարակությունը մարդու ձևավորման հիմնական խնդիրն է, իսկ գիտելիքներով զինելը, մտավոր զարգացումն ընդհանրապես, պետք է նպատակաուղղված լինեն այդ հիմնական խնդրի լուծմանը։ Այն ուսուցումը, որը չի դաստիարակում մարդասիրություն, ազնվություն, աշխատասիրություն, չի նպաստում բարոյական որակների ձևավորմանը, չի հասնում իր նապատակին։

Ուշինսկու բարոյական դաստիարակության տեսության հիմնական հարցը հայրենասիրությունն է։ Ուշինսկին այն համարում էր մարդու բարոյական վարքագծի գլխավոր կողմը։ Ըստ նրա՝ հայրենասիրության զգացումը հատուկ է բոլոր մարդկանց, նույնիսկ հանցագործներին, իսկ եթե կա մեկը, ում մեջ մեռել է այդ զգացումը, ապա դժվար թե նրա հոգում մնացած լինի որևէ սուրբ բան. հայրենասիրությունը հոգու առաքինություններից վերջինն է մեռնում։

Բարոյական դաստիարակության գործում Ուշինսկին դեմ էր հարկադրանքի մեթոդների կիրառմանը։ Հարկադրանքն ըստ նրա՝ երեխաներին դարձնում է երկերեսանի. առերևույթ նրանք պահպանում են բարոյական վարքի նորմերը, իսկ հարմար առիթի դեպքում խախտում դրանք։ Ուսուցիչը պետք է ոչ թե ահ ու սարսափ տարածի, այլ հարգանք ներշնչի իր նկատմամբ[22]։

Եթե բարոյական դաստիարակության վերաբերյալ Ուշինսկու հայացքներում սկզբում գերակշռում էր կրոնական տարրը, ապա հետո նա բարոյական դաստիարակության մեջ գլխավոր տեղը հատկացրեց քաղաքացիական խնդիրներին՝ հասարակական պարտքի զգացումով համակված քաղաքացու պատրաստմանը։

Ըստ Ուշինսկու՝ բարոյական դաստիարակության միջոցներն են.

  • ուսուցումը (նրա ուսումնական գրքերում գիտելիքների հաղորդումը զուգակցվում է բարոյական դաստիարակությանը),
  • ուսուցչի անձնական օրինակը,
  • համուզմունքը,
  • մանկավարժական տակտը,
  • նախազգուշացման միջոցները,
  • խրախուսանքը և տույժերը[23]։

Դիդակտիկական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկին մանկավարժության դասավանդման իր ծրագրում ուսուցման տեսությանը՝ դիդակտիկային, հատուկ բաժին է հատկացրել։ Չնայած՝ այդ բաժինը սխեմատիկ է ներկայացված (Ուշինսկին ժամանակ չունեցավ գրելու այդ հարցի մասին նախատեսված համառոտ դասագիրքը), սակայն դիդակտիկայի դասընթաց ստեղծելու նախադրյալները նա մշակել է բավականին մանրամասն ու հանգամանորեն։ Այդ նախադրյալները շարադրված են մի կողմից «Մարդաբանության» առաջին հատորում, որը նվիրված է իմացաբանության և իմացության հոգեբանության հարցերի մշակմանը, որոնք նրա բնորոշմամբ՝ կազմում են «դիդակտիկայի կամ գիտելիքներ հաղորդելու արվեստի հիմքը, մյուս կողմից՝ «Մանկական աշխարհ» և «Ուղեցույց մայրենի լեզվի դասավանդման» ձեռնարկներում, որոնք նվիրված են սկզբնական ուսուցման դասընթացների բովանդակության մշակմանը։ Ինչ վերաբերում է ուսուցման մեթոդներին ու եղանակներին, ապա այդ հարցերի մասին բազմաթիվ ցուցումներ տրված են Ուշինսկու գրեթե բոլոր երկերում[24]։

Ուշինսկին պահանջում էր ուսուցումը կառուցել երեխայի տարիքային հոգեբանական առանձնահատկությունների հաշվառման հիման վրա։ Նա արժեքավոր ցուցումներ է տվել ուսուցման ժամանակ երեխայի ուշադրությունը ճիշտ օգտագործելու մասին։ Նշելով, որ գոյություն ունի ուշադրության երկու տեսակ՝ կամածին և ոչ կամածին, նա պահանջում էր հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները, օգտագործել ոչ կամածին ուշադրության հնարավորությունները, միևնույն ժամանակ զարգացնել կամածին ուշադրությունը։

Խոսելով հիշողության մասին՝ Ուշինսկին նշել է, որ մոռացումը կանխող հաճախակի կրկնությունների միջոցով պետք է երեխայի մեջ ամրապնդել վստահություն իր հիշողության նկատմամբ։

Ուսուցման սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով երեխայի տարիքային և հոգեբանական առանձնահատկություններից՝ Ուշինսկին մեծ նշանակություն էր տալիս զննականության սկզբունքին․ «Երեխան մտածում է ձևերով, գույներով, ձայներով, առհասարակ զգայություններով»․ այստեղից էլ զննական ուսուցման անհրաժեշտությունը երեխաների համար, «որը կառուցվում է ոչ թե վերացական պատկերացումների և բառերի, այլ կոնկրետ, երեխայի կողմից անմիջականորեն ընկալվող պատկերների վրա»,-գրել է նա[25]։

Ուշինսկին զգալիորեն ընդլայնել և հարստացրել է զննական ուսուցման մեթոդիկան, որն ավելի վաղ մշակել էին Կոմենսկին, Պեստալոցցին, Դիստերվեգը։ Ուշինսկին մի շարք ցուցումներ է տվել երեխաներին նկարներով պատմելու մասին, մատնանշել, որ զրույցի համար օգտագործվող նկարները պետք է թողնել դասարանում՝ զրույցի միջոցով ստացված տեղեկությունները ամրապնդելու և կրկնելու համար։

Ուշինսկին մեծ ուշադրություն էր դարձնում երեխաների կողմից ուսումնական նյութի յուրացման հիմնավորվածությանն ու գիտակցվածությանը։ Այս սկզբունքների կիրառման մեջ ևս Ուշինսկին նոր հնարներ մտցրեց։ Նա հիմնավորեց ուսումնական նյութի կրկնության դերը և տվեց դրա հանագամանորեն մշակված մեթդիկան[26]։

Ուշինսկին մեծ նշանակություն է տվել դաստիարակող ուսուցմանը։ Նա նշում է, որ ուսուցումը մանկավարժական գործընթացում իմաստ ունի միայն որպես դաստիարակության միջոց։ Ճիշտ է, դա հզոր միջոց է, բայց ինքին վերցրած, առանց դաստիարակության աջակցության և առանց դրա հենարանի, չի կարող դրական արդյունքներ տալ[27]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկու անվան գիտամանկավարժական գրադարանը Մոսկվա քաղաքում

Ուշինսկու անունով են կոչել.

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուշինսկու անվան գիտամանկավարժական գրադարանը[28] (ք. Մոսկվա)

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուշինսկու անվան հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան[29] (ք. Օդեսա)
  • Յարոսլավլի պետական մանկավարժական համալսարան[30] (ք. Յարոսլավլ)
  • Ուշինսկու անվան № 1 գիմնազիա (ք. Սիմֆերոպոլ)
  • Գատչինայի մանկավարժական քոլեջ (ք. Գատչինա)
  • Նիժնի Նովգորոդի մանկավարժական քոլեջ (ք.Նիժնի Նովգորոդ)[31]
  • Ուշինսկու անվան № 187 մասնագիտացված դպրոց (ք. Կիև)
  • Ուշինսկու անվան № 6 դպրոց (ք. Տուլա)
  • Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատուն-ինտերնատ[32] (քաղաքատիպ ավան Շիմսկ)
  • Ուշինսկու անվան միջին մասնագիտական կրթության ինստիտուտ (ք. Մոսկվա)
  • Տամբովի № 1 մանկավարժական քոլեջ[33] (ք. Տամբով)
Տունը, որտեղ ապրել է Ուշինսկին, քաղաք Յարոսլավլ, Ռուսաստան

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշինսկու անունով են կոչել փողոցներ Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքներում.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուշինսկու մեդալ (շնորհվել է ԽՍՀՄ-ում՝ 1946 թվականին մայիսի 29-ից)
  • Ուշիսնկու մեդալ[35] (շնորհվում է Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության հրամանով՝ 2004 թվականի հոկտեմբերի 6-ից)

Հուշարձաններ և հուշատախտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1866 թվականին Կամսար Տեր-Դավթյանը (Կամսար Օձնեցի) թարգմանել և հրատարակել է «Մանկական աշխարհ» ընթերցարանի առաջին և երկրորդ բաժինները, ապա՝ նույնի առաջին մասը և «Մայրենի լեզու» դասագրքի երկրորդ մասը՝ «Ընթերցանություն մանկանց» խորագրով (1868)։ Ուշինսկու դասագրքերի նմանությամբ Տեր-Ղևոնդյանը կազմել է Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքեր, որոնք անցյալ դարի 70-ական թվականներին լայն տարածում են գտել հայկական դպրոցներում։ Ուշինսկու գաղափարների ազդեցությամբ տարրական դպրոցի «Մայրենի լեզվի դասագիրք» է կազմել Ղ․ Աղայանը։
  2. 19-րդ դարի առաջին կեսին կամերալ գիտություններ էին անվանում իրավաբանական ֆակուլտետներում և որոշ լիցեյներում դասավանդվող հասարակական-իրավաբանական առարկաները։
  3. Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1961 թվականի հունիսի 30-ին, ճարտարապետը Վ. Վ. Լիշևն է։
  4. Հուշատախտակի բացումը տեղի է ունեցել 1974 թվականի մարտի 2-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #119474476 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. LIBRIS
  3. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений/ Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.:ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 200)
  4. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.:ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 197)
  5. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 399)
  6. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-544 с. (էջ 197)
  7. К. Д. Ушинский в портретах, иллюстрациях, документах
  8. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие. Под. ред. М.А. Галагузовой.- М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.- 544 с. (էջ 198)
  9. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.-М.:ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 198)
  10. 10,0 10,1 К.Д.Ушинский, О пользе педагогической литературы
  11. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 314)
  12. К. Д. Ушинский в портретах, иллюстрациях, документах
  13. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.- 603 с. (էջ 406)
  14. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 319)
  15. Կ. Դ. Ուշինսկի, Ընտիր երկեր, խմբ․ Վ․ Յ․ Ստրումինսկի, հ.2, Հայպետմանկհրատ, Երևան, 1959, հ.1, 708 էջ (9 էջ)
  16. Ушинский К. Д. Собрание сочинений. Т. 8.-1950 (էջ 23)
  17. Կ. Դ. Ուշինսկի, Ընտիր երկեր, խմբ․ Վ․ Յ․ Ստրումինսկի, հ.2, Հայպետմանկհրատ, Երևան, 1959, հ.1, 708 էջ (էջ 33)
  18. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений/ Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.:ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 199)
  19. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 412)
  20. Ушинский К.Д. Родное слово.// Ушинский К.Д. Педагогические сочинения: В 6 т. Сост. С.Ф. Егоров.-М.: Педагогика, 1988., Т 2, с. 108-109
  21. Կ. Դ. Ուշինսկի, Ընտիր երկեր, խմբ․ Վ․ Յ․ Ստրումինսկի, Հայպետմանկհրատ, Երևան, 1959, հ.2, 816 էջ (էջ 604)
  22. Ուշինսկի Կ. Դ., Մանկավարժական ընտիր երկեր. [թարգմ. ռուս.] կազմ. Ա. Գ. Ցամաքյան, Լ. Գ. Սեղբոսյան.-Եր.: Լույս, 1981, 443 էջ (էջ 13)
  23. Педагогика Ушинского
  24. Կ. Դ. Ուշինսկի, Ընտիր երկեր, խմբ․ Վ․ Յ․ Ստրումինսկի, Հայպետմանկհրատ, Երևան, 1959, հ.2, 816 էջ (էջ 6)
  25. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 326)
  26. Дидактика К. Д. Ушинского
  27. Կ. Դ. Ուշինսկի, Ընտիր երկեր, խմբ․ Վ․ Յ․ Ստրումինսկի, Հայպետմանկհրատ, Երևան, 1959, հ.1, 816 էջ (էջ 19)
  28. Научная педагогическая библиотека им. К.Д. Ушинского
  29. Южноукраинский национальный педагогический университет имени К. Д. Ушинского
  30. Ярославский государственный педагогический университет имени К. Д. Ушинского
  31. Нижегородский педагогический колледж им. К.Д.Ушинского
  32. Детский дом - интернат для умственно отсталых детей имени Ушинского
  33. Тамбовский педагогический колледж №1 им. К.Д. Ушинского(չաշխատող հղում)
  34. «Улица К.Д. Ушинского». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  35. Положение о медали К.Д. Ушинского (утв. приказом Министерства образования и науки РФ от 3 июня 2010 г. N 580)
  36. Аудиторный корпус Московского университета на Моховой – Летопись

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абоимова И. Е. К. Д. Ушинский о значении воспитания для приготовления к труду / И. Е. Абоимова // Наука К. Д. Ушинского о воспитании и современное образование: пятые юбил. пед. чтения, март 2008 г.- Н. Новгород : Нижегор. ин-т развития образования, 2008.-С. 67-71.
  2. Абрамова Л. А. Нравственный аспект отношений педагогов и учащихся в наследии К. Д. Ушинского / Л. А. Абрамова // Развитие педагогического знания в науке и образовании: [материалы XXVII сессии Науч. Совета по проблемам истории образования и пед. науки Рос. акад. образования]. - М.; Тверь: Науч. кн., 2011.-С. 102-106.
  3. Акимова Е. Ю. Ретроспективный анализ взглядов К. Д. Ушинского на природу страха и его роль в обучении школьников/ Е. Ю. Акимова// Модернизация образования: опыт и исследования. - Ярославль: Изд-во ЯГПУ, 2004.-Ч. 2.- C. 34-47.
  4. Арцыбашева Т. Н. О культурологической концепции К. Д. Ушинского/ Т. Н. Арцыбашева // К. Д. Ушинский и современная школа. — Курск, 1994. - С. 48-50
  5. Беликов В. А. Реализация теории К. Д. Ушинского в концепции личностно- ориентированной и ценностно-значимой учебно-познавательной деятельности учащихся / В. А. Беликов // К. Д. Ушинский и проблемы современного образования.- Челябинск, 2000. - С. 53-57
  6. Бельский В. Ю. К. Д. Ушинский о национальном характере воспитания/ В. Ю. Бельский // Социально-гуманитарные знания.- 2003.- № 6.- С. 203-213.
  7. Волков Г. Н. Пансофия К. Д. Ушинского и национальное образование/ Г. Н. Волков.- Чебоксары, 1994.- 44 с.
  8. Гвоздецкий М. Ю. Деятельность К. Д. Ушинского по реформированию женского воспитания и образования в Смольном институте/ М. Ю. Гвоздецкий// Эффективность образования: история и современность : материалы 60-й Международной научной конференции «Чтения К. Д. Ушинского».- Ч. 1.- Ярославль: Изд-во ЯГПУ, 2006.- С. 38-40
  9. Глебов A. A. Идея системного подхода в исследованиях К. Д. Ушинского/ A. A. Глебов// Человек в педагогической системе К. Д. Ушинского.- Курск, 1995.- С. 46- 47.
  10. Гранкин А. Ю. К. Д. Ушинский о семейном воспитании/ А. Ю. Гранкин// Гуманистическая направленность педагогики.-Пятигорск, 1993.-С. 3-17.
  11. Дацковская Н. А. История образования: аксиологические идеи К. Д. Ушинского: учебное пособие/ Н. А. Дацковская; ИПК ГОУ ОГУ.- Оренбург, 2006.- 184 с.
  12. Карпиков В. Г. К. Д. Ушинский о нравственном воспитании/ В. Г. Карпиков// Человек в педагогической системе К. Д. Ушинского.-Курск, 1995.-С. 85-87.
  13. Карпиков В. Г. Философские взгляды К. Д. Ушинского/ В. Г. Карпиков// К. Д. Ушинский и современная школа. - Курск, 1994.- С. 69-71.
  14. Лифинцева Н. И. К. Д. Ушинский о духовных потребностях и нравственных ориентациях человека/ Н. И. Лифинцева// Человек в педагогической системе К. Д. Ушинского. - Курск, 1995.-С. 90-92.
  15. Максименко Н. В. К. Д. Ушинский о народности как общечеловеческой духовно-нравственной категории/ Н. В. Максименко// Формирование ценностных ориентаций личности в теории и истории отечественной и зарубежной педагогики (конец ХХ - начало XXI вв.). - М.: ИТИП РАО, 2005. - C. 229-230.
  16. Меньшиков В. М. Источники педагогического учения К. Д. Ушинского/ В. М. Меньшиков// К. Д. Ушинский и русская школа. - М., 1994. - С. 40-49.
  17. Пономарева Н. И. Урок К. Д. Ушинского : (нар. искусство как основа формирования человека): [об использовании пед. взглядов К. Д. Ушинского (1824- 1870 гг.) в Шк. нар. искусств им. императрицы Александры Федоровны в Петербурге]/ Н. И. Пономарева// Диалог отечественных светской и церковной образовательных традиций. - СПб., 2001.- С. 176-180.
  18. Скородумова Л. С. Педагогическое наследие К. Д. Ушинского в современной школе: [использование на уроках лит. чтения в нач. кл. произведений К. Д. Ушинского для детей]/ Л. С. Скородумова// Петербургские педагоги в Приоритетном национальном проекте "Образование": опыт, достижения, проблемы.-СПб.: СПб АППО, 2007.-С. 36-40.
  19. Худякова Н. Л. Актуальность идей К. Д. Ушинского о формировании содержания цели для современной педагогики/ Н. Л. Худякова// К. Д. Ушинский и проблемы современного образования. - Челябинск, 2000.- С. 37-42.
  20. Ярошенко С. Н. К. Д. Ушинский о необходимости всестороннего изучения учащихся/ С. Н. Ярошенко// К. Д. Ушинский и проблемы современного образования. - Челябинск, 2000.-С. 84-88.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ուշինսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ուշինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։