Իսլամական համագործակցության կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամական համագործակցության կազմակերպություն (ԻՀԿ, մինչև 2011թ.՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն), կրոնաքաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանը անդամակցում են 55 իսլամական պետություններ (2003Ադրբեջանական Հանրապետությունը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՀԿ բարձրագույն մարմիններն են՝ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։ Ունի նաև հատուկ հանձնաժողովներ օժանդակ, մասնագիտացված մարմիններ, առընթեր հաստատություններ և այլն։ Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխություն, նրանց միջև ամրագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցություն, վերացնել ռասայական խտրականությունը, համադրել Սրբավայրերի պահպանությանն ուղղված բոլոր միջոցառումները, աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին, նպաստավոր պայմաններ ստեղծել անդամ պետությունների և այլ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման համար և այլն։Թուրքիայի անդամակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպությանը ժամանակավորապես դադարեցվել է

Ղարաբաղյան հակամարտությունը ԻՀԿ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻՀԿ գագաթնաժողովներում և նիստերում բազմիցս անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտությանը։ 1991-ի դեկտեմբերին Սենեգալի մայոսքաղաք Դաքարի գագաթնաժողովում ԱՀ դառնալով ԻՎԿ լիիրավ անդամ՝ փորձել է օգտագործել կազմակերպության քաղաքական, տնտեսական և ֆինանսական ներուժը և աջակցություն ստանալ ԼՂ հարցում։ 1992-ի մարտին կազմակերպության հատուկ հանձնախումբն այցելել է Թեհրան, Անկարա, Բաքու, Մոսկվա և Երևան՝ ծանոթանալու Ղարաբաղյան հիմնախնդրի և նրա լուծման հնարավորությունների վերաբերյալ պետությունների ղեկավարների տեսակետներին։ Երևանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովում և քննարկել Ղարաբաղյան հակամարտության իրավական կողմերը, ՀՀ և իսլամական երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը և այլն։ Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։1992-ի հունիսին ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարների Ստամբուլի նիստում ԱՀ և Թուրքիայի պատվիրակությունները՝ ի դեմս արտգործնախարարներ Թ. Գասիմովի և Հ. Ձեթինի, գործունեություն են ծավալել մասնակիցների շրջանում հակահայկական դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ։ Ստամբուլում Ղարաբաղյան հակամարտության մասին առանձին բանաձև չի ընդունվել, սակայն ամփոփիչ հայտարարությունում պաշտպանվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խնդիրը, միջազգային հանրությանը կոչ է արվել «ճնշում գործադրել Հայաստանի վրա», որպեսզի վերջինս երաշխավորի փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը։ Սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության միջազգայնորեն ընդունված սկզբունքներին աջակցելու համատեքստում՝ իսլամական պետությունների արտգործնախարարները համերաշխություն հայտնեցին ԱՀ-ին։ Այս տեսակետը հիմնված էր ԱՀ-ի կանխակալ կարծիքի վրա և անտեսված էր ԱՀ-ի ագրեսիան ՀՀ-ի դեմ։ ԻՎԿ հետագա գագաթնաժողովներում (Կարաչի, 1993, Թեհրան, 1997) և իսլամական պետությունների արտգործնախարների հանդիպումներում (Գվինեա, 1995, Ինդոնեզիա, 1996, Բուրկինա Ֆասո, 1999 և այլն) ընդունված փաստաթղթերը հիմնականում կրկնել են նախկինում ընդունված ձևակերպումները։

ԻՀԿ իր վերաբերմունքն է արտահայտել նաև ԼՂՀ նախագահական (1997 և 2002) և խորհըրդարանական ընտրությունների նկատմամբ՝ դրանք անվանել է «անջատողական շարժում, որը հսկողություն է սահմանել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում»։

ԻՀԿ հակամարտության կարգավորումը դիտարկում է քաղաքական ճանապարհով՝ բանակցային գործընթացի միջոցով, սակայն հայկական կողմի անվերապահ զիջողներով։

Կազմակերպության շրջանակներում Թուրքիայից բացի, ակնհայտ ադրբեջանամետ գործունեություն են ծավալել նաև Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Բանգլադեշը։

Սկսած 2002-ից՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում կազմակերպության նախկին կոշտ դիրքորոշման մեջ տեղ են գտել որոշ տեղաշարժեր՝ ոչ հօգուտ ԱՀ-ի։ 2002-ի հունիսին իսլամական պետությունների արտգործնախարարների Խարթումի (Սուդան) վեհաժողովում կոչ է արվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով դրացիական հարաբերությունները և միջազգայնորեն ճանաչված սահմանները, միաժամանակ ԱՀ-ին կոչ է արվել՝ հրաժարվելու Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից։

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը։ Այս հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու համար» և սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ։ Մամեդյարովը այդ երկրներին նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան:

«Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։ Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան հինգ տասնյակ երկրների արտգործնախարարներից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։