309 թ-ին, քրիստոնյաների դեմ հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո գլխավորել է Պաղեստինյան Կեսարիայի քրիստոնեական վարժարանը։ Մասնակցել է 325-ի Նիկիայի Ա տիեզերական ժողովին, իր ստորագրությունը դրել նիկիական Հավատո հանգանակի տակ, սակայն հետագայում հանդես է եկել որպես Արիոսի ուսմունքի չափավոր հետևորդ և հականիկիական ընդդիմության երևելի ներկայացուցիչ։ Եղել է իր ժամանակի կրթված և հեղինակավոր աստվածաբաններից, բեղմնավոր հեղինակ, որը թողել է հարուստ գրական ժառանգություն։
Իր երկերը գրել է հունարեն, սակայն դրանց մեծ մասը մեզ է հասել միջնադարում այլ լեզուների, այդ թվում՝ նաև գրաբար կատարված թարգմանությունների միջոցով։
«Եկեղեցական պատմություն», ներկայացնում է քրիստոնեության ծագումից մինչև 324 թ. ընկած ժամանակաշրջանի անցքերը։ Այն գրելիս Եվսեբիոսն օգտվել է ոչ միայն իր ժամանակի բոլոր հիմնական գրադարաններից, այլ նաև պետական արխիվներից։ Ըստ ուսումնասիրողների Եվսեբիոսը այս երկասիրությամբ քրիստոնեության եկեղեցական պատմության համար նույնն է, ինչ որ Հերոդոտոսը ընդհանուր պատմության համար։ Ռանկեն համարում է Եվսեբիոսի պատմությունը օրինակելի գործ և մեր ժամանակի համար, հատկապես գովելով այն պրագմատիզմի համար, որի միջոցով հեղինակը կապ է ստեղծում անցյալի և ներկայի միջև։ Ըստ Մովսես Խորենացու՝ «Եկեղեցական պատմությունը» V դ. (հավանաբար՝ 416–420-ին) Մեսրոպ Մաշտոցի կարգադրությամբ հայերեն թարգմանել են նրա աշակերտները։
«Քրոնիկոն» (Պատմություն աշխարհի արարչությունից մինչև Կոստանդիանոս Մեծ կայսրի գահակալության 20-րդ տարի)։ Երկի հունարեն բնագիրը կորել է։ երկար ժամանակ հայտնի էր Հիերոնիմոսի կողմից 5-րդ դարում նրա մի մասի լատիներեն թարգմանությամբ, սակայն 1792 թ. հայտնաբերվել է նրա ամբողջական հայերեն (գրաբար) թարգմանությունը, որը հրատարակվել է 1818 թ. և ավելի փութաջան կերպով՝ 1833 թ.
Կեսարացու «Ժամանակագրություն» և «Եկեղեցական պատմություն» երկերը միջնադարում թարգմանվել էին հայերեն ու լայնորեն օգտագործվել հայ պատմիչների կողմից։ Մասնավորապես դրանցից օգտվել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունը» գրելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 527)։