Դիմիտար Բերբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտար Բերբատով
բուլղար․՝ Димитър Бербатов
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1981(1981-01-30)[1][2][3][…] (43 տարեկան)
Ծննդավայր Բլագոևգրադ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դիմիտար Բերբատով (բուլղար․՝ Димитър Бербатов, հունվարի 30, 1981(1981-01-30)[1][2][3][…], Բլագոևգրադ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտար Բերբատովը ծնվել է 1981 թ. հունվարի 30-ին բուլղարական Բլագոևգրադ քաղաքում՝ պրոֆեսիոնալ սպորտսմենների ընտանիքում։ Նրա հայրը հանդես էր գալիս տեղական «Պիրին» ֆուտբոլային թիմում, իսկ մայրը՝ Մարգարիտան, պրոֆեսիոնալ ձեռնագնդորդուհի էր։ Մանուկ հասակում Դիմիտարը երկրպագում էր «Միլանին» և նրա կուռքը Մարկո վան Բաստենն էր։ Բայց դա շարունակվեց ընդամենը մինչև 15 տարեկանը, երբ 1996 թ. Եվրոպայի առաջնության ժամանակ նրա մոտ նոր կուռք հայտնվեց՝ Ալան Շիրերը։ Դիմիտարն անգամ քնում էր «Նյուքասլի» մարզաշապիկով ու մորն ասում էր, որ մի օր անպայման կխաղա «կաչաղակների» կազմում։ Դիմիտարը անգլերեն սովորում էր «Կնքահայրը» ֆիլմի սերիաները դիտելով, իսկ նրա հոբբին բասկետբոլն էր ու ավտոմեքենա վարելը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական «Պիրին» թիմում (Բլագոևգրադ), իսկ 17 տարեկանում գնացել է հոր ճանապարհով և տեղափոխվել Սոֆիայի «բանակայինների» (ЦСКА) ակումբ, որտեղ նրա հայրը զբաղեցնում էր ձախ կիսապաշտպանի, իսկ հետագայում պաշտպանի դիրքերը։ Դիմիտարը մնաց ЦСКА–ում 1998-2001 թթ, դեբյուտը կայացավ 1998/99 մրցաշրջանում, բայց թիմում նա ամրապնդվեց 1999 թվականին, երբ 27 խաղում 14 գնդակ խփեց ու դարձավ Բուլղարիայի ազգային գավաթի հաղթող։ Բերբատովի 9 գոլանոց սերիան 11 խաղում (2000/01 մրցաշրջանում) բավական էր, որ 2001 թ. հունվարին նրա հետ պայմանագիր կնքի Լևերկրուզենի «Բայերը»։ Գերմանիայում բուլղարացու կարիերան սկզբում լավ չկարգավորվեց, նա ընդամենը 16 գոլ խփեց 67 խաղում։ Սակայն դեռ իր առաջին մրցաշրջանի ընթացքում Դիմիտարը կարևոր դեր խաղաց Չեմպիոնների Լիգայում «Բայերի» հանդես գալու գործում։ Իր անհատական վարպետության հաշվին նա հոյակապ գոլ խփեց «Լիոնին», խոցեց «Լիվերպուլի» դարպասը քառորդ եզրափակիչում, իսկ Մադրիդի «Ռեալի» հետ եզրափակիչում 38-րդ րոպեին փոխարինեց Թոմաս Բրդարիչին։ 2001/02 մրցաշրջանում «Բայերը» դարձավ Գերմանիայի չեմպիոն ու խաղում էր ազգային գավաթի եզրափակիչում։ Հաջորդ մրցաշրջանում Բերբատովն ամրապնդվեց որպես հիմնական կազմի հարձակվող, բայց միայն 2003/04 մրցաշրջանում կարողացավ լուրջ նվաճումների հասնել՝ 24 խաղում խփելով 16 գնդակ։ Հետագա երկու տարիների ընթացքում նա շարունակում էր կատարելագործվել և 46 գնդակ ուղարկեց մրցակիցների դարպասը, որոնցից հինգը՝ 2004/05 Չեմպիոնների Լիգայի խաղերում, դրանով իսկ եվրոպական առաջատար ակումբների ուշադրությունը հրավիրելով իր վրա։ Ասեկոսեներն այն մասին, որ Բուլղարիայի լավագույն ֆուտբոլիստը լքելու է Գերմանիան, սկսվեցին 2004 թ., և 2006 թ. մայիսին Բերբատովը 10, 9 միլիոն ֆունտով տեղափոխվեց անգլիական «Տոտենհեմ», դառնալով բուլղարական ֆուտբոլային պատմության ամենաթանկ խաղացողը։ Ընդհանուր առմամբ Բերբատովը լոնդանյան ակումբում անցկացրել է 101 խաղ և խփել 46 գնդակ։ 2007 թ ապրիլին նա ճանաչվել է անգլիական Պրեմիեր Լիգայի 2006/07 մրցաշրջանի լավագույն խաղացող, ինչպես նաև նվաճել է «Տոտենհեմի» երկրպագուների սերը, որոնք նրան անվանել են այդ սեզոնի լավագույն ֆուտբոլիստ։ Դիմիտարը 65 հանդիպում է անցկացրել Բուլղարիայի ազգային հավաքականում, խփել է 43 գնդակ ու 4 անգամ ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ։ Բուլղարացու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին երկարատև ասեկոսեներից հետո՝ 2008 թ սեպտեմբերի 1-ին Դիմիտարը 30.75 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Յունայթեդ» և չորս տարվա պայմանագիր կնքեց «մանկունիանցիների» հետ, իսկ երիտասարդ հարձակվող Ֆրեյզեր Կեմպբելլն այդ գործարքի շրջանակներում մեկ տարով ուղևորվեց «Ուայթ Հարթ Լեյն»։ Նոր թիմի կազմում Բերբատովի դեբյուտը կայացել է «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ նա աչքի ընկավ Կարլոս Տևոսին ուղղված գոլային փոխանցումով, թեև մանկունիանցիները այդ խաղում պարտվեցին։ Հետագայում Բերբատովը դուրս մղեց արգենտինացուն հիմնական կազմից։ Առաջին մրցաշրջանն անհաջող չէր. 14 գոլ 43 խաղում, ու չնայած որ դրանցից շատերը մեծ դեր ունեին (մասնավորապես «Բոլտոնին» խփած գոլը, որը թիմը հանեց աղյուսակի առաջին տող), Դիմիտարին այդպես էլ չհաջողվեց «հարազատ մարդ» դառնալ «Օլդ Թրաֆֆորդում» ու երկրպագուներից շատերին դեռ չի ոգևորում նրա, անկասկած, վարպետական, բայց պրագմատիկ խաղաոճը։ Երբ Անգլիայի Գավաթում «Էվերտոնի» հետ կիսաեզրափակիչում հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում Դիմիտարը չկարողացավ իրացնել իր հարվածը՝ Սեր Ալեքսը ստիպված էր հրապարակայնորեն պաշտպանել իր հարձակվողին մամուլի ու երկրպագուների առջև։ Մրցաշրջանի միջնամասում Ֆերգյուսոնը խոստովանեց, որ առաջին սեզոնը ծախսվել է բուլղարացու ադապտացման վրա և ասաց. «Հավանաբար, մենք սխալ ենք օգտագործել նրան դաշտում»։ Ինչևէ, Դիմիտարը հոյակապ օգնում էր իր թիմակիցներին և դարձավ 10 գոլային փոխանցումների հեղինակ ու երկրպագուները հույսով են, որ չեմպիոնական տիտղոսը (իսկ Բերբատովն առաջին բուլղարացին է, որ դարձել է Անգլիայի չեմպիոն) առաջ կմղի նրան և գալիք մրցաշրջանում Դիմիտարը ավելի վառ խաղ ցույց կտա։ 2009/10 մրցաշրջանում արդյունավետության ցուցանիշով Բերբատովն իր խփած 12 գոլերով դարձավ թիմի երկրորդ խաղացողը՝ զիջելով միայն Ուեյն Ռունիին, բայց նրա խաղը մինչ այսօր բազմաթիվ վեճերի պատճառ է հանդիսանում երկրպագուների ու մասնագետների շրջանում, որոնցից շատերը համարում են, որ բուլղարացու ոճն ուղղակի չի սազում «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բերբատովի որոշ գերկրքոտ հակառակորդներ մեղադրում են նրան այն բանում, որ ճակատագրական հանդիպումներում բուլղարացին չի կարողանում իրեն դրսևորել և թիմին անհրաժեշտ միավորներ բերել։ Ասեկոսեներ կային, որ Բերբատովը լքելու է ակումբը, բայց սըր Ալեքսը հայտարարեց, որ չի պատրաստվում բաժանվել իր հարձակվողից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտար Բերբատով» հոդվածին։