Բորիս Պիոտրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկի
ռուս.՝ Борис Борисович Пиотровский
Դիմանկար
Ծնվել է14 փետրվարի,1908
ԾննդավայրՊետերբուրգ
Մահացել է15 հոկտեմբերի, 1990
Մահվան վայրԼենինգրադ
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ[1]
Ազգությունռուս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Երկեր«Ուրարտուի պատմությունն ու մշակույթը»
Մասնագիտությունպատմաբան, հնագետ
ԱշխատավայրՌԳԱ հնագիտության ինստիտուտ, ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և Պետական Էրմիտաժ
ԱմուսինՀռիփսիմե Ջանփոլադյան
Ծնողներհայր՝ Q118501152?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Academy of the Kingdom of Morocco for Royaume?[2] և Գեղարվեստի ակադեմիա
ԵրեխաներՄիխայիլ Պիոտրովսկի
 Boris Piotrovsky Վիքիպահեստում

Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկի ( ռուս․ Бори́с Бори́сович Пиотро́вский, փետրվարի 1 (14), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6] - հոկտեմբերի 15, 1990(1990-10-15)[3][4][5], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ, արևելագետ, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոտրովսկին ծնվել է 1908 թվականին Պետերբուրգում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր ռազմա- ուսումնական հաստատություններում, մայրը՝ մանկավարժ միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1925 թվականին նա ընդունվել է Լենինգրադի համալսարանի լեզվաբանության և նյութական մշակույթի ֆակուլտետը։ Ակադեմիկոս Վ․ Վ․ Ստրուվեի մոտ Բորիս Պիոտրովսկին պարապել է եգիպտաբանություն և Հին Արևելքի պատմություն, ուսումնասիրել է Եգիպտոսի և Առաջավոր Ասիայի նյութական մշակույթի պատմությունը պրոֆ. Ն. Դ. Ֆլիտների և Կովկասի հնագիտությունը՝ պրոֆ. Ա. Ա. Միլլերի ղեկավարությամբ։ Համալսարանում սովորելու տարիներին նա կատարել է իր առաջին հնագիտական արշավները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ ԳԱ (1968) և ԽՍՀՄ ԳԱ (1970) ակադեմիկոս[7], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։ Խորհրդային աշխատանքի հերոս (1983)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ 1953-1964 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ, 1964 թվականից՝ Էրմիտաժի տնօրեն, 1966 թվականից նաև Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ, 1980-1982 թվականներին (զուգահեռ)՝ ԽՍՀՄ ԳԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Պիոտրովսկին կազմակերպել է ամենամյա բազմաթիվ գիտարշավները դեպի Հայաստան, Վրաստան (1935), Վոլգա֊Դոն (1934), Թաման (1931), Հյուսիսային Կովկաս (1933, 1936), Միջին Ասիա (1936-1937) և Հեռավոր Եգիպտոս (1961—1963)։

Պիոտրովսկին եղել է Եգիպտոսում, որտեղ նա սկզբում մասնակցել է ՅՈԻՆԵՍԿՈ-յի էքսպերտների կոնսուլտատիվ խորհրդի աշխատանքներին (1990), իսկ ավելի ուշ՝ ղեկավարել Արաբական Միացյալ Հանրապետությունում, Աոուտնի ջրամբարտակի գոտում աշխատող սովետական առաջին հնագիտական արշավախումբը (1961-1963)։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականից Հայաստանում ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ և ուրարտական հուշարձաններ։ 1939-1971 թվականներին արդյունավետ պեղումներ է կատարել Թեյշեբաինի բերդաքաղաքում, Ծովինարում, Ռեդկիգ-լագերում, Վանաձորում, Այգավանում (Արարատի շրջան)։ Ուսումնասիրել է նաև Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի վաղ ժամանակաշրջանի մշակույթները։ 1961-1963 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտական արշավախումբը Նուբիայում (ԵԱՀ)։

Մոտ 30 տարի Պիոտրովսկու ղեկավարությամբ Կարմիր բլուրում աշխատել է կոմպլեքսային հնագիտական արշավախումբ, որը մեծ դեր է կատարել Հայաստանի գիտական կադրերի ձևավորման գործում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոտրովսկին ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա աշխատություններից շատերը նվիրված են Կովկասի և Հին Արևելքի մասնավորապես՝ Ուրարտու պետության պատմությանը, մշակույթին ու արվեստին, հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության հարցերին։ 1939 թվականին լույս է տեսել ուրարտագիտությանը նվիրված նրա առաջին գիրքը՝ «Ուրարտու․ Անդրկովկասի հնագույն պետությունը»։ Այնուհետև լույս է տեսել «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» աշխատությունը (1944), որի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1946)։ 1969 թվականին այն վերահրատարակվել է «Վանի թագավորությունը» վերնագրով։ Իսկ երեք տարի անց Բ. Պիոտրովսկին հրապարակել է ևս մի աշխատություն՝ նվիրված Վանի թագավորության ինքնատիպ արվեստին՝ «Ուրարտուի արվեստը» (1962)։ Առաջինը 1966 թվականին իտալերեն թարգմանությամբ լույս է տեսել Հռոմում, իսկ երկրորդը՝ 1967 թվականին անգլերեն Լոնդոնում։

Պիոտրովսկին հրատարակել է նաև «Հայ ժողովրդի կազմավորման հարցի շուրջը» (1944, 1945) և «Հայ ժողովրդի կազմավորման մասին» (1949) աշխատությունները։ Պիոտրովսկու հոդվածներից են՝ «Երկրագործության հիմնական փուլերը Հայաստանում» (1961), «Անասնապահության զարգացումը հնագույն Անդրկովկասում» (1955), որտեղ նա առաջ է քաշել և բազմակողմանիորեն հիմնավորել այն թեզը, որ Կովկասի լեռնային ռելիեֆի պայմաններում բրոնզի դարաշրջանում մեծանում էր անասնապահության, որպես ամենաշատ հավելյալ պրոդուկտ տվող ճյուղի դերը։

Պիոտրովսկին գրել է նաև «Սկյութները և Անդրկովկասը» (1940), «Սկյութները Անդրկովկա» (1949), «Սկյութները և Հին Արևելքը» (1954) աշխատությունները։ Եգիպտական հուշարձաններին և նրանց իմաստաբանությանն են նվիրված նրա վաղ շրջանի մի շարք աշխատությունները, որոնցից առաջինը՝ «Հին եգիպտական «երկաթ» տերմինի մասին» գրված է դեռևս ուսանողական տարիներին (1999)։

Արտասահմանյան երկրների ակադեմիաների (Բրիտանական ԳԱ, Բավարական ԳԱ, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղեցիկ դպրության ակադեմիայի) թղթակից անդամ է։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով, մեդալներով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Պիոտրովսկու դիմաքանդակ-հուշաքարը Երևանի Զաքյան 2 բ հասցեում

2016 թվականին Երևանի Զաքյան 2 բ հասցեում բացվել է Պիոտրովսկու բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակ (քանդակագործ՝ Տիգրան Մուրադյան, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյան)[8]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Urartu, London, 1969, 221 p.
  • Вади Аллаки -путь к золотым рудникам Нубии : Древнеегипетские наскальные надписи, Москва, 1983, 184 с.
  • Скифы и Урарту, Ереван, 1978, 12 с.[9]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ․ Քուշնարյովա «Բ․ Բ․ Պիոտրովսկի» (Շննդյան 60-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1968, էջ 309-403

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LIBRIS — 2012.
  2. https://alacademia.org.ma/membre/%d8%a8%d9%88%d8%b1%d9%8a%d8%b3-%d8%a8%d9%8a%d9%88%d8%aa%d9%92%d8%b1%d9%88%d9%81%d8%b3%d9%92%d9%83%d9%8a-2/
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Petrukhin V. Y. Piotrovsky, Boris // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T067792
  5. 5,0 5,1 Annuaire prosopographique : la France savante
  6. 6,0 6,1 Пиотровский Борис Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը - Shabat.am». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Բորիս Պիոտրովսկի». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պիոտրովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 302