Առաջավորաց պահք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջավորաց պահք, Հայ առաքելական եկեղեցում ընդունված պահոց շրջան, որն ըստ ավանդության սահմանվել է Գրիգոր Ա Լուսավորչի կողմից։ Հատուկ է միայն Հայ եկեղեցուն։ Լինում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ։ Պահանջվում է խիստ պահեցողություն։ Հնում թույլատրվել է ուտել միայն աղ ու հաց։ Այդ օրերին չի արտոնվում Պատարագ մատուցել, եկեղեցում ընթերցել Սուրբ Գիրք կամ Ավետարան։ Տարբեր մեկնությունների համաձայն, այս պահքը «Առաջավորաց» է կոչվել իբրև ազդարար Մեծ պահքի կամ, իբրև Հայոց պահք՝ նշանակ Հայաստանի հոգևոր լուսավորության։ Ըստ մեկ այլ բացատրության, Աստված 6-րդ օրը մարդուն ստեղծելուց հետո միայն 5-րդ օրն է ուտելու հրաման տվել (Ծննդ. 1.29–30), և չուտիքի հենց այդ 5 օրն է ակնարկում «Առաջավորաց»-ը։ Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ։ Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոս. ապականությունից, ադամական մեղքից մարդկային 5 զգայարանների սրբումն է։ Հին եկեղեցում սովորություն կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել։ Գրիգոր Ա Լուսավորիչը նույնպես սահմանում է, որ Տրդատ Գ թագավորն ու մյուսները մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահեն, ինչի շնորհիվ էլ նրանք փրկվում են այսահարությունից։ Այստեղից էլ Առաջավորաց պահքը կոչվել է նաև Փրկության պահք։ Առաջավորաց պահքը միջնադարում թյուրիմացաբար անվանվել է ս. Սարգսի պահք՝ ելնելով այն հանգամանքից, որ Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է ս. Սարգսի տոնը։ Հայ մատենագիրների վկայությամբ, Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների ու լատինների մոտ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Երևան, 1992։
  • Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999։