Աննա Ելիզարովա-Ուլյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ելիզարովա-Ուլյանովա
ռուս.՝ Анна Ильинична Елизарова-Ульянова
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 14 (26), 1864
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ և Սիմբիրսկի Մարիինյան կանանց գիմնազիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական, թարգմանչուհի, խմբագիր և հիշատակագիր
ԱշխատավայրՄարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
ԱմուսինՄարկ Ելիզարով
Ծնողներհայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
ԿուսակցությունԽՄԿԿ
 Anna Yelizarova Վիքիպահեստում

Աննա Իլյինիչնա Ելիզարովա-Ուլյանովա (ռուս.՝ Анна Ильинична Елизарова-Ульянова, օգոստոսի 14 (26), 1864, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 19, 1935(1935-10-19)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս հեղափոխական և խորհրդային քաղաքական գործիչ, Վլադիմիր Լենինի քույրը և համախոհը, ԽՄԿԿ անդամ (1898

1880 թվականին ավարտել է Սիմբիրսկի գիմնազիան։ 1886 թվականից մասնակցել է ուսանողական հեղափոխական շարժումներին։ 1887 թվականին եղբոր՝ Ալեքսանդր Ուլյանովի գործով ձերբակալվել և դատապարտվել է 5 տարվա աքսորի։ 1896 - 1904 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Ռուսաստանում և արտասահմանում։ 1908-1909 թվականներին կազմակերպել է Լենինի «Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ» գրքի հրատարակումը։ 1913 թվականին աշխատել է «Պրավդա» թերթում, եղել «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրի քարտուղար, «Ռաբոտնիցա» («Работница») ամսագրի խմբագրության անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է բյուրոյի անդամ, «Պրավդա» թերթի քարտուղար, «Տկաչ» («Ткач») ամսագրի խմբագիրը։

1918-1921 թվականներին աշխատել է սոցապահովագրության, ապա լուսավորության ժողկոմատներում, հետագա տարիներին՝ ԽՄԿԿ-ին կից ՄԷԼ-ի ինստիտուտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895
1962 թվականի ԽՍՀՄ փոստային նամականիշ «Ուլյանովների ընտանիքը» (1879)

Աննա Ելիզարովա-Ուլյանովան ծնվել է 1864 թվականի օգոստոսի 14-ին (26) Նիժնի Նովգորոդում, դպրոցի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի՝ Իլյա Նիկոլաևիչ Ուլյանովի և Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովայի (Բլանկ) ընտանիքում, եղել է նրանց առաջին երեխան։ 1869 թվականից ընտանիքն ապրել է Սիմբիրսկում։ 1880 թվականի նոյեմբերին Աննան հաջողությամբ ավարտել է Սիմբիրսկի Մարիինյան կանանց գիմնազիան՝ ստանալով «մեծ չափի» արծաթե մեդալ և Ժողովրդական կրթության նախարարության կողմից նրան տրվել է տնային ուսուցչի կոչման վկայական։

1883 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի Բեստուժևի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1886 թվականին առաջին անգամ մասնակցել է Նիկոլայ Դոբրոլյուբովի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ ուսանողների կողմից կազմակերպված քաղաքական ցույցին։ Ձերբակալվել է եղբոր՝ Ալեքսանդր Ուլյանովի գործով, որպես Ալեքսանդր III-ի մահափորձի մասնակից 1887 թվականի մարտի 1-ին (13) և դատապարտվել 5 տարվա աքսորի, որը անցկացրել է Կազանի Կոկուշկինո գյուղում։ 1889 թվականի հուլիսին ամուսնացել է Մարկ Ելիզարովի հետ։

1893 թվականի աշնանը նա ընտանիքի հետ Սամարայից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հաջորդ տարի մտել է սոցիալ-դեմոկրատական շարժման մեջ՝ կապեր հաստատելով Սերգեյ Միցկևիչի, Մասլեննիկովի և Չորբայի «Մոսկվայի բանվորական միության» աշխատավորական շրջանակների հետ։ Նա գերմաներենից թարգմանել է Գերհարդ Հաուպտմանի «Ջուլհակները» պիեսը և կազմել համառոտ գրքույկ՝ Եվստաֆի Դեմենտևի «Գործարան, ինչ է տալիս բնակչությանը և ինչ է վերցնում» գրքի հիման վրա և այդ ստեղծագործությունները լայնորեն ընթերցել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի բանվորները։

1896 թվականին Աննա Ելիզարովան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կազմակերպել է կապը ձերբակալված Լենինի և Բանվոր դասակարգի ազատագրական պայքարի Սանկտ Պետերբուրգի միության միջև[3], Լենինին մատակարարել գրականություն, վերաշարադրել բանտում նրա կողմից գաղտնի գրված կուսակցական փաստաթղթերն ու նամակները։

1897 թվականի ամռանը մեկնել է արտերկիր, որտեղ կապ է հաստատել Գեորգի Պլեխանովի և Աշխատանքի ազատագրության խմբի մյուս անդամների հետ։ 1898 թվականի աշնանը նա դառնում է ՌՍԴԲԿ Մոսկվայի առաջին կոմիտեի անդամ, որտեղ աշխատում էր Միխայիլ Վլադիմիրսկու, Անատոլի Լունաչարսկու և մյուսների հետ։ Երբ Լենինը գտնվել է աքսորում, նա կազմակերպել է նրա «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատության հրատարակումը։

1900-1902 թվականներին Բեռլինում և Փարիզում, այնուհետև Ռուսաստանում կազմակերպել է «Իսկրա»-ի տարածման աշխատանքը։ 1903-1904 թվականներին Կիևում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպել է կուսակցական աշխատանքները։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը, եղել է «Վպերյոդ» հրատարակչության խմբագրական խորհրդի անդամ։ Ռուսերեն է թարգմանել Վիլհելմ Լիբկնեխտի գիրքը 1848 թվականի հեղափոխության մասին։

1908-1909 թվականներին Մոսկվայում կազմակերպել է Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքի հրատարակումը։ 1909-1913 թվականներին քրոջ՝ Մ․ Ի․ Ուլյանովայի, ամուսնու՝ Մարկ Ելիզարովի և Վլադիմիր Լենինի մոր Մարիա Ուլյանովայի հետ բնակվել են Սարատովում՝ Ուգոդնիկովսկի (ներկայումս Ուլյանովսկի) փողոցում գտնվող № 26 տանը (այժմ՝ այդտեղ տեղակայված է Ուլյանովների մարզային գավառագիտական թանգարանի մասնաճյուղը՝ Ուլյանովների ընտանիքի բնակարան-թանգարանը)։ Ա. Ի. Ուլյանովան, քրոջ՝ Մ. Ի. Ուլյանովայի հետ կապեր է հաստատել տեղի հեղափոխական առաջնորդների հետ։ Նրանք կապ են պահպանել նաև արտասահմանյան կենտրոնի և Վլադիմիր Լենինի հետ։ Քույրերի ղեկավարությամբ 1911 թվականի սկզբին վերականգնվել է գաղտնի ոստիկանության կողմից ավերված ՌՍԴԲԿ Սարատովյան կազմակերպությունը։ Խմբի ղեկավար կազմում ընդգրկված են եղել Մ. Ի. Ուլյանովան, Ս. Ս. Կռժիժանովսկին, բանվորներ՝ Ա. Ա. Լարիոնովը, Ա. Վ. Սիմոնովը, Ի. Վ. Նեֆեդովը, Ա. Ա. Գոգոլկինը, Յա. Բեսչաստնովը։ 1911 թվականի գարնանը սկսել է հրատարակվել լեգալ սոցիալ-դեմոկրատական «Պրիվոլժսկայա գազետա» թերթը։ ՌՍԴԲԿ Սարատովի կազմակերպությունն առաջիններից է եղել, որ դրականորեն է արձագանքել ՌՍԴԲԿ VI (Պրահա) կոնֆերանսի գումարման վերաբերյալ Կենտկոմի անդամների խորհրդակցության որոշմանը, այնուհետև հաստատել նրա որոշումները՝ ուղղված անլեգալ կուսակցության ամրապնդման և լիկվիդատորների ու օտզովիստների դեմ պայքարին։ Կազմակերպության ակտիվ գործունեությունը անհանգստացրել է իշխանություններին և 1912 թվականի մայիսի 8-ի գիշերը խուզարկվել և ձերբակալվել են 13 մարդ, այդ թվում՝ Մարիա Ուլյանովան, Աննա Ուլյանովա-Ելիզարովան և այլ անդամներ։ Մայիսի վերջին Ա. Ի. Ուլյանովային հաջողվել է դուրս գալ բանտից և միջոցներ ձեռնարկել ՌՍԴԲԿ Սարատովի կազմակերպության հետագա կուսակցական աշխատանքը կարգավորելու համար։ Մ. Ի. Ուլյանովան և կազմակերպության մյուս անդամները աքսորվել են Վոլոգդայի նահանգ։ 1913 թվականին Աննա Ելիզարովա-Ուլյանովան Սանկտ Պետերբուրգում աշխատել է «Պրավդա»-ում, եղել է «Լուսավորություն» ամսագրի քարտուղար և «Ռաբոտնիցա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Ռուսաստանում կազմակերպվել է դրամահավաք կուսակցության և գրականության տեղափոխման համար։ Ձերբակալվել է 1904, 1907, 1912, 1916, 1917 թվականներին։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է ՌՍԴԲԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, «Պրավդա»-ի քարտուղար, ապա՝ «Տկաչ» ամսագրի խմբագիր։ Մասնակցել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստմանը։

1918-1921 թվականներին աշխատել է Սոցիալական ապահովության ժողովրդական կոմիսարիատում, այնուհետև՝ կրթության ժողովրդական կոմիսարիատում երեխաների պաշտպանության բաժնի վարիչ։ Եղել է Հոկտեմբերյան հեղափոխության պատմության հանձնաժողովի և Լենինի ինստիտուտի կազմակերպիչներից։

Մինչև 1932 թվականի վերջը եղել է Մարքսի-Էնգելսի-Լենինի ինստիտուտի գիտաշխատող, «Պրոլետարական հեղափոխություն» ամսագրի քարտուղար և խմբագրական խորհրդի անդամ։

1924 թվականին, Վլադիմիր Լենինի մահից հետո, ՌԿԿ (բ) Կենտրոնական կոմիտեի կողմից Ելիզարովան գործուղվել է Լենինգրադ՝ Ուլյանովների ընտանիքի մասին նյութեր հավաքելու և այդ թեմայով գիտական աշխատություն գրելու համար։ Ելիզարովայի կողմից ՆԳՆ արխիվներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում հայտնի է դարձել այն, ինչ արդեն հայտնի է եղել հետազոտողների մեկ այլ խմբի՝ Ուկրաինայում Լենինի նախնիների որոնումների արդյունքում՝ պարզելու նրա հնարավոր ժառանգական հիվանդությունը և պարզվել է, որ Լենինի պապը եղել է հրեա կանտոնիստ։ Սակայն, այդ ժամանակ, ՌԿԿ (բ) Կենտկոմը կարգադրել է այդ տեղեկությունը պահել խիստ գաղտնի։ Ելիզարովան բողոքել է Կենտկոմի նման որոշման դեմ, քանի որ այն համարել է անարդար և ազգային իրավահավասարության սկզբունքի խախտում, սակայն որպես կուսակցական ստիպված է եղել ենթարկվել, թեև դա չի ընդունել։ Հայտնի է, որ 1932 թվականի դեկտեմբերի 28-ին նա նամակ է գրել Ստալինին, որտեղ նրան հիշեցրել է Լենինի հրեական արմատների մասին, որ իր եղբայր Վլադիմիրը միշտ լավ է խոսել հրեաների մասին, և ինքը շատ է ցավում, որ Ուլյանովների ընտանիքի մասին այդ փաստը դեռևս չի հրապարակվել։ Նամակը Ելիզարովան գրել էր հակասեմիտիզմին հակադրվելու համար, որն այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հզորանում էր։ Ստալինին ուղղված դիմումն արդյունք չի տվել և երկու տարի անց Ելիզարովան կրկին գրել է Ստալինին այդ թեմայով, բայց հետո միջազգային իրավիճակի վատթարացումը հանգեցրել է նրան, որ Ստալինը կրկին հրաժարվել է հրապարակել այդ տվյալները։ 2011 թվականին Ելիզարովայի 1932 թվականի նամակը ցուցադրվել է Մոսկվայի պատմական թանգարանում՝ «Ինչ է գրված գրիչով (Խորհրդային պետության նշանավոր գործիչների ինքնագրեր)» ցուցահանդեսի շրջանակներում[4][5]։

ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1964 թվական

Գրել է հուշերի գիրք Վլադիմիր Լենինի մասին։

Աննա Ուլյանովան մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում, թաղվել է Լենինգրադի Վոլկովսկոե գերեզմանատան Լիտերատորսկիե մոստկի տեղամասում՝ մոր, ամուսնու և կրտսեր քրոջ՝ Օլգայի կողքին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասցեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1915 թվականի սեպտեմբերից մինչև 1917 թվականի սեպտեմբեր՝ Պետրոգրադ, Շիրոկայա փողոց, տուն 32[6],
  • 1919-1935 - Մոսկվա, Մանեժնայա փողոց, տուն 9։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանովա-Ելիզարովա Աննա Իլյինիչնա (ծրար), 1989 թվական

1964 թվականին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ նվիրված Աննա Ելիզարովա-Ուլյանովային։

  • 1964 թվականին Լենինգրադի Պոլոզովայի փողոցը վերանվանվել է Աննա Ուլյանովայի փողոց (այդ անվանումը կրել է մինչև 1991 թվականը),
  • 1961-1993 թվականներին Մոսկվայի Յակովապոստոլսկու նրբանցքը կոչվել է նրա անունով,
Հուշատախտակ Սիմբիրսկի Մարիինյան գիմնազիայի շենքի վրա (ք․ Ուլյանովսկ)
  • 1969 թվականին ՌՍՖՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ Սիմբիրսկի № 3 միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցը կոչվել է Աննա և Օլգա Ուլյանովների անունով (այժմ՝ «Մարիինսկու կանաց № 3 գիմնազիա» ՄԲՀՀ (ք․ Ուլյանովսկ)[7] և Սիմբիրսկի Մարիինյան գիմնազիայի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ,
  • 1979 թվականից Տոմսկում գոյություն ունի Էլիզարովների փողոց (Աննայի և նրա ամուսնու՝ Մարկ Էլիզարովի անունով),
  • 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, այն տանը, որտեղ ապրել է Աննա Ելիզարովա-Ուլյանովայի ընտանիքը (Մանեժնայա, 9), բացվել է Աննա Ուլյանովա-Ելիզարովայի թանգարան-բնակարանը, որը փակվել է 1992 թվականին,
  • Ելիզարովայի անունն է կրում Դոնեցկի փողոցներից մեկը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ульянова-Елизарова А. И. О В. И. Ленине и семье Ульяновых: Воспоминания, очерки, письма, ст. — М.: Политиздат, 1988. — 415 с. — ISBN 5-250-00169-6
  • Ульянов Д. И. Очерки разных лет: Воспоминания, переписка, ст. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1984. — 335 с.
  • Ульянова М. И. О Владимире Ильиче Ленине и семье Ульяновых: Воспоминания. Очерки. Письма. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1989. — 384 с. — ISBN 5-250-00661-2
  • Горшенин Александр Владимирович. Переводческая деятельность А.И. Ульяновой-Елизаровой в Самаре // Столица и провинции: взаимоотношения центра и регионов в истории России. Материалы Всероссийской научной конференции с международным участием / Отв.ред. В.В. Карпова. : Сборник статей. — Спб.: ЛГУ им. А.С. Пушкина, 2017. — С. 258—263.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Елизарова-Ульянова Анна Ильинична // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Елизарова-Ульянова Анна Ильинична // Энциклопедия «Москва». — 1980». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Подтверждающий еврейские корни Ленина документ выставлен в Москве» (ռուսերեն). Jewish.ru Глобальный еврейский онлайн-центр. 2011 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  5. Геннадий Васильевич Костырченко Тайная политика Сталина: власть и антисемитизм. — Москва: Международные отношения, 2003. — 784 с. — (Библиотека российского еврейского конгресса). — 3000 экз. — ISBN 5-7133-1071-X
  6. Музей-квартира Елизаровых в Петербурге
  7. Ульяновская правда, 16.2.1969 г. «Совет Министров РСФСР своим постановлением присвоил:» (ռուսերեն). {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пинчук Л. Старшая сестра // Женщины русской революции. — М., 1968.
  • Валика Д. А. А. И. Ульянова-Елизарова // Славные наши землячки. — Горький, 1968.
  • Драбкина Е. А. И. Ульянова-Елизарова. — М., 1970.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494հատոր=3