SAP համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

SAP համակարգը ձեռնարկության ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգ է։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

SAP համակարգը գերմանական SAP AG կազմակերպության կողմից ստեղծված համակարգ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը և հաճախորդների հետ հարաբերությունները։ Ներկայումս SAP-ն իր ոլորտում հանդիսանում է աշխարհում առաջատարը։ SAP-ի հիմանական արտադրանքները վերաբերում են ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համար նախատեսված ծրագրերին (ERP), ինչպես նաև ձեռնարկության տվյլաների պահեստավորման համար նախատեսված ծրագրերին (SAP BW)։ SAP-ն առաջարկում է նաև շարժական արտադրանքների բազմաթիվ լուծումներ, որոնք թույլ են տալիս առցանց կերպով կապ հաստատել հիմնական համակարգերի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը ստեղծվել է 1972 թվականին IBM-ի հինգ աշխատակիցների (Դիմիտար Հոպպ, Կլաուս Տսչիրա, Հանս-Վերներ Հեկտոր, Հասսո Պլատտներ, Կլաուս Վելենրեութեր) կողմից։ Սկզբում կազմակերպությունն անվանվել է Systemanalyse und Programmentwicklung (Համակարգերի վերլուծություն և Ծրագրերի զարգացում)։ Կազմակերպության առաջին պատվիրատուն եղել է Թագավորական Քիմիական Կազմակերպությունը, որի համար ստեղծել են աշխատավարձի հաշվարկաման և հաշվապահական ծրագիր։ 1973 թվականին կազմակերպությունը թողարկել է իր առաջին կոմերցիոն արտադրանքը, որը կոչվում էր SAP R/1։ Այն ընդհանուր բազմաֆունկցիոնալ համակարգ էր։ Այդ համակարգը ըստ էության հանդիսանում է ERP համակարգի նախահայրը։ 1976 թվականին հիմնվում է SAP GmbH կազմակերպությունը, որը 2005 թվականից վերանվանվել է SAP AG։

Արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս SAP-ի հիմնական արտադրանքը SAP ERP (Enterprise Resource Planning) ծրագիրն է։ Ծրագրի ներկայիս տարբերակը՝ SAP ERP 6.0, հանդիսանում է կազմակերպության կողմից կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող SAP բիզնես փաթեթի մի մասը։ Բիզնես փաթեթը բացի SAP ERP 6.0-ից պարունակում է նաև հետևյալ չորս ծրագրերը՝

  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM - Customer Relationship Management)
  • Արտադրանքի կյանքի ցիկլի կառավարում (PLM - Product Lifecycle Management)
  • Մատակարարման շղթայի կառավարում (SCM - Supply Chain Management)
  • Մատակարարներ հետ հարաբերությունների կառավարում (SRM - Supplier Relationship Management)

Վերջին տարիներին SAP-ը ստեղծում է նաև արտադրանքներ, որոնք նախատեսված են փոքր և միջին բիզնեսի համար։ Գոյություն ունեն բիզնեսի բազմաթիվ մոդելներ, որոնք կարող են օգտագործել SAP համակարգը։ Մասնավորապես այն լավագույն համակարգն է, որը կարող են օգտագործել այն կազմակերպությունները, որոնք բիզնեսում իրականացանում են «ամբողջական շղթա»՝ պլանավորումից մինչև վաճառք և ֆինանսական հաշվետվություններ։ Ստորև կներկայացվի նման կազմակերպության մոդելի մեկ օրինակ, որտեղ ներդրված է SAP համակարգը։ Նման օրինակը կօգնի առավել հեշտությամբ ընկալել SAP-ի հնարավորությունները։

Կազմակերպության մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորման համար SAP-ը նախատեսում է առանձին համակարգ, որտեղ կատարվում է բիզնեսի ամբողջական պլանավորում՝ ֆինանսական, վաճառքի և արտադրության պլանավորումներ։ Ֆինանսական պլանավորումը կատարվում է տարեկան կտրվածքով և այն ունի մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում SAP-ը թույլ է տալիս կատարել փոփոխություններ։ Վերջնական արդյունքում ստանում ենք մեկ տարվա համար ամբողջական ֆինանսական պլան, որն ներառում է բիզնեսում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների բյուջետավորված ծախսերը՝ ըստ տարբեր ծախսային հոդվածների։ Ֆինանսական պլանը պարունակում է նաև պլանավորված եկամուտները և վաճառքի ծավալները։ Վաճառքի պլանավորումը կատարվում է շաբաթական կտրվածքով՝ ըստ արտադրանքներ տեսականնիների։ Այն կարող է կատարվել նաև միայն ամսական կտրվածքով՝ կախված բիզնեսի բնույթից։ Վաճառքի պլանավորման հիման վրա կատարվում է արտադրության պլանավորումը, որի հիման վրա էլ կատարվում է անհրաժեշտ հումքի գնման պլանավորումը։ Այս ամենը կատարվում է SAP-ի առանձին համակարգում, որը կապված է հիմնական ERP-ի համակարգի հետ։ Պլանավորման համակարգը բավական ճկուն է։ Նրանում գոյություն ունեն վաճառքի պլանավորման համար նախատեսված բազմաթիվ մոդելներ։ Օրինակ կարելի է վաճառքի պլանավորումը կատարել՝ հիմնվելով նախորդ տարիների վաճառքի վիճակագրության վրա։ Այստեղ հնարավոր է ստեղծել նաև հատուկ մաթեմատիկական մոդելներ պլանավորումը իրականացնելու համար։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորումից հետո հաջորդ քայլը արտադրության պրոցեսն է։ Այն համակարգի տեսանկյունից կատարվում է SAP-ի հիմնական համակարգում՝ ERP-ում։ Մինչ արտադրությունը սկսելը համակարգում ստեղծվում են անհրաժեշտ հումքի գնման համար «գնման պատվերներ»։ Գնման պատվերի հիման վրա մատակարարման ստորաբաժանումը կատարում է անհրաժեշտ գնումները, իսկ համապատասխան աշխատակիցները գնված քանակությունները ընդունում են համապատասխան պահեստ։ Այս գործողություններ արդյունքում ERP համակարգում մենք ունենում ենք հումքի որոշակի պաշար։ Արտադրությունը սկսելու համար համակարգում ստեղծվում է «արտադրության պատվեր»։ Երբ արտադրական գործընթացն ավարտվում է, արտադրության համար պատասխանաու անձը համակարգում փակում է ստեղծված արտադրության պատվերը, որի արդյունքում համակարգն ավտոմատ կերպով նվազեցնում է հումքի պաշարը և ավելացնում է արդեն իսկ արտադրված պատրաստի արտադրանքի պաշարը ERP համակարգում։ Արդյունքում համակարգում հայտնվում է վաճառքի համար առկա արտադրանքի որոշակի քանակություն։ Հաջորդ քայլում կատարվում են որոշակի ֆինանսական գործողություններ, որի արդյունքում արտադրված արատադրանքները ստանում են գին և հաշվարկվում են այլ ծախսերը։

Վաճառք և Առաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տրամաբանական գործողությունը արտադրված արտադրանքի վաճառքն է։ Վաճառքի պրոցեսը իրականանաում է SAP-ի մեկ այլ համակարգում՝ CRM-ում։ Վաճառքի իրականացման համար ստեղծվում է համակարգում ստեղծվում է «վաճառքի պատվեր»։ Վաճառքի պատվերը համակարգի տեսանկյունից իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որը պարունակում է ինֆորմացիա հաճախորդի և վաճառքի ենթակա արտադրանքենրի վերաբերյալ։ Վաճառքի պատվերի ստեղծման պահին համակարգն ավտոմատ կերպով զգուշացնում է տվյալ արտադրանքի՝ պահեստում առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Վաճառքի պատվերը ստեղծումից հետո ավտոմատ կերպով տեղափոխվում է հիմնական ERP համակարգ։ Այստեղ կատարվում են հավելյալ ստուգումներ և դրա հիման վրա ստեղծվում է «առաքման պատվեր»։ Առաքման պատվերը այն հիմնական փաստաթուղթն է, որի հետ աշխատում է առաքման բաժինը։ Առաքման բաժինը կատարում է դիսպատչինգ, որի արդյունքում կազմակերպվում է առաքումը։ Դիսպատչինգի արդյունքում համակարգում ստեղծվում է բեռնափոխադրման փաստաթութը։ Այն մի փաստաթուղթ է, որը պարունակում է ինֆորմացիա առաքվող արտադրանքի, առաքող ռեսուրսի, առաքման վայրի և այս ամենի հետ առնչություն ունեցող այլ ինֆորմացիա։ Բեռնափոխադրման փաստաթղթի հիման վրա պահեստը կատարում է բեռնման պրոցեսը, որի ավարտից հետո կատարվում է առաքման բուն գործընթացը։

Ֆինանսական հաշվառում և հաշվետվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնափոխադրման ավարտից հետո, երբ արդեն փաստացիորեն կատարվել է վաճառքը, կատարվում է տվյալ բեռնափոխադրման հաշվառում ֆինանսկան բաժնի կողմից։ Հաշվառման արդյունքում համակարգում ստեղծվում են ֆինանսական փաստաթղթեր, որոնց հիման վրա համակարգում հաշվարկվում են եկամուտները։ Յուրաքանչյուր ամսվա վերջում համակարգում կատարվում է այսպես կոչված «ամսվա փակում» գործողությունը, որի արդյունքում հաշվարկվում են արդեն փակված ամսվա ընթացքում կատարված բիզնես գործընթացների ֆինանսական արդյունքները։ Այդ արդյունքները հատուկ հաշվետվությունների տեսքով ամփոփվում են SAP-ի մեկ այլ համակարգում, որը կոչվում է BW՝ բիզնես պահեստ։ Այստեղ ամփոփված հաշվետվությունները պարունակում են տվյալ ժամանակահատվածում կատարված բոլոր բիզնես գործընթացների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան։ Արդյունքում SAP-ի միջոցով հնարավոր է դառնում կառավարել բոլոր բիզնես գործընթացները։ Նկարագրված այս կարճ շղթան արտացոլում է SAP-ի հնարավորությունների և լուծումների միայն չնչին մասը, քանի որ այն սահմանափակված էր դիտարկված կազմակերպության մոդելով։ Իրականում SAP-ի հնարավորությունները շատ լայն են, բայց միևնույն ժամանակ սահմանափակ։ Սահմանափակությունն այն է, որ հնարավոր են տարբեր բիզնես գործընթացներ, որոնք հնարավոր չլինի կառավարել SAP-ի ստանդարտ ծրագրերի միջոցով։ Նման դեպքերում շատ հաճախ օգնության է գալիս ծրագրավորումը, որի միջոցով հնարավոր է համակարգը «հարմարեցնել» որոշակի բիզնես գործընթացի։ Այս նպատակի իրագործման համար էլ ժամանակի ընթացքում ձևավորվել են խմբեր, որոնք զբաղվում են SAP-ի կատարելագործմամբ և նաև կազմակերպում են ուսուցանում հետաքրքված անձանց համար։ SAP-ի կոնսուլտանտների նման ասոցիացաներ կան աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և այլն։

SAP-ը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

SAP-ն ունի իր ներկայացուցիչը նաև Հայաստանում։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում հայտարարվել է SAP-ի մուտքը Հայաստան։ Այստեղ նրա պաշտոնական ներկայացուցիչն է «Շիրակ տեխնոլոգիաներ» ընկերությունը։ Ըստ «SAP - ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովի՝ Հայաստանում SAP-ի հիմնական հաճախորդները կլինեն լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները, բանկային հատվածը և պետական հատվածը։ Ներկայումս Հայաստանում գործող կազմակերպություններից Կոկա-Կոլա ընկերությունը բիզնեսի բոլոր ոլորտներում օգտագործում է SAP համակարգը։

SAP AG ընկերության հիմնական մրցակիցը Ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրերի ոլորտում Օրաքլ ընկերությունն է։ Այս ընկերության հետ SAP AG-ն ունեցել է աշխարհում ամենահայտնի դատական գործընթացներից մեկը՝ կապված մեկ ընկերությունից դեպի մյուսը կորպորատիվ ինֆորմացիայի արտահոսքի հետ։ Ներկայումս SAP AG-ն առաջատարն է իր ոլորտում և տարեցտարի ապահովում է եկամտի աճ (սկսած 2002 թվականից տարեկան եկամուտը աճել է 370 տոկոսով)։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Glynn C. Williams (2008), Implementing SAP® ERP Sales & Distribution
  • Akash Agrawal (2010), Customizing Materials Management Processes in SAP® ERP Operations around SAP, Understanding ASAP
  • Eric Kimberling (2006), Managing Organizational Change for Global SAP Projects
  • Rich Heilman,Thomas Jung (2007), Next Generation ABAP development
  • Kevin McDonald, Andreas Wilmsmeier, David C. Dixon,W.H. Inmon (2002), Mastering the SAP Business Information Warehouse

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]