Արևելյան սոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Platanus orientalisից)


Սոսի
Սոսի
Սոսի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Proteales
Ընտանիք Սոսազգիներ (Platanaceae)
Ցեղ Սոսի (Platanus)
Տեսակ Սոսի (P. orientalis)
Միջազգային անվանում
Platanus orientalis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Արևելյան սոսի (լատին․՝ Platanus orientalis), Հայաստանում աճում է բնականորեն, որը տերևաթափ հզոր ծառ է՝ մինչև 40(50) մ բարձրությամբ և 1.5-2.5 (3.5) մ տրամագծով։ Հնագույն (երրորդական) ժամանակաշրջանի ռելիկտ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմասեր է և խոնավասեր։ Աճում է ցածրադիր, համեմատաբար խոնավ աճատեղերում։ Տերևները թաթանման են, 5-7 բլթակավոր։ Արևելյան սոսին երկարակյաց է, սովորաբար ապրում է 500-600 տարի, սակայն հանդիպում են ծառեր, որոնք ունեն 2-2.5 հազար տարվա հասակ։ Առաջացնում է ուղիղ, շեղության փոքր աստիճան ունեցող ներ՝ բարձր ապրանքայնությամբ։ Արագաճ է՝ 20 տարեկանում ունենում է 16-18 մ բարձրություն և 25-30 սմ բնի տրամագիծ։ Լավ է աճում բարձր կրայնություն ունեցող հողերում։ Գազադիմացկուն և ծխադիմացկուն է, շոգեդիացկուն և փոշեդիմացկուն ծառատեսակ է։ Ներկայումս սոսու պուրակում բնական սերմնային վերաճն անբավարար է։ Շատ ծառերի մոտ նկատվում են չորացման երևույթներ։ Պատճառը, ամենայն հավանականությամբ անասունների արածեցումն է, մարդու գյուղատնտեսական ակտիվ գործունեությունը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնականորեն տարածված է Միջերկրածովափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպող ամենահնագույն ծառատեսակներից է։ Սպիտակ բունը, հզոր և խիտ սաղարթը, թաթաձև բլթակավոր պարզ խոշոր տերևները, ինչպես նաև գնդաձև, երկար կոթուններով պտղագլխիկները ինքնատիպ գեղեցկություն են տալիս արևելյան սոսու ծառերին։ Դրա շնորհիվ է, որ հնագույն ժամանակներից ի վեր լայնորեն օգտագործվում է քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ։ Այն առաջին հերթին աճեցվել է եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերում։ Հայաստանում բնական պայմաններում հանդիպում է Զանգեզուրում՝ Ծավ գետի հովտում, շուրջ 60 հա տարածքով։ Ծառուտի մի մասը գտնվում է Ադրբեջանում։ Այդ ծառուտը կազմում է մեկ ամբողջություն։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր է գնահատվում գեղազարդ պարտիզագործության մեջ, զանգվածային, խմբային տնկարկների և ծառուղիների համար, որպես սոլիտեր։ Բազմանում է սերմերով, անդալիսով և կտրոններով։ Պարտիզային ձևերը նպատակահարմար է բազմացնել պատվաստով։ Ներկայումս արևելյան սոսին գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ նրա եզակի ու ինքնատիպ ծառուտը արդյունավետ պահպանելու պատճառով ընդգրկված է Շիկահողի արգելոցում։ Հայաստանի քաղաքների ու բնակավայրերի կանաչ տնկարկներում, գլխավորապես փողոցային տնկարկներում ու ծառուղիներում, բացի արևելյան սոսուց, օգտագործվում է նաև թխկիատերև սոսին (P.acerifolia)։ Այն նույնպես աչքի է ընկնում բարձր դիմացկունությամբ և գեղազարդությամբ, որի շնորհիվ լայնորեն օգտագործվում է Արարատյան հարթավայրի չոր ցամաքային կլիմա ունեցող բնակավայրերում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան սոսի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան սոսի» հոդվածին։