Խնկածաղիկ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Origanum vulgareից)
Խնկածաղիկ սովորական
Խնկածաղիկ սովորական
Խնկածաղիկ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Խնկածաղիկ (Origanum)
Տեսակ Խնկածաղիկ սովորական (O. vulgare)
Միջազգային անվանում
Origanum vulgare

Խնկածաղիկ սովորական (լատին․՝ Origanum Vulgare), խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։

Բազմամյա բույս է` 30-60 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը սողացող է, բազմաթիվ բարակ արմատներով, ցողունը քառանիստ, կարմրամանուշակագույն, տերևները՝ հակադիր դասավորված։ Երկարավուն-ձվաձև, մանր բոսորագույն ծաղիկները հավաքված են վահան ծաղկաբույլում։ Ծաղկում է ամռանը (հունիս-օգոստոս), պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Խնկածաղիկ սովորականը բուրումնավետ է և ունի տտիպ դառնավուն համ։ Հումքը պարունակում է եթերայուղեր (մինչև 1.2-1,5%), հիմնականում թիմոլ, կարվակրոլ, սեսկվիտերպեններ, նաև դաբաղանյութեր, ֆլավանոիդներ, ասկորբինաթթու։

Եթերայուղերի պարունակության շնորհիվ ունի խորխաբեր կծկանքալույծ ազդեցություն, բարելավում է աղիների պերիլստատիկան։ Մտնում է կրծքային և քրտնաբեր հավաքների կազմի մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ կոճղարմատով, ճյուղավոր, 30-50 սմ բարձրությամբ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Մանր, դեղնավուն գեղձիկներով ծածկված տերևները հակադիր են, կոթունավոր, սրածայր, ատամնաեզր։ Նոսր, վահանակաձև հուրաններ առաջացնող երկշուրթ, հնգանդամ ծաղիկները հավաքված են ճյուղերի ծայրերին։ Երկշուրթ, կարմիր, երբեմն վարդագույն կամ սպիտակավուն պսակի խողովակը դուրս է գալիս բաժակից։ 5 եռանկյունաձև-նշտարաձև ատամիկներով բաժակը ունի 4 երկուժ առէջ և մազապատ օղակ երախում։ Հարթ պտուղները ձվաձև գորշագույն ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառներում։ Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում։ Լավ մեղրատու և գեղազարդային բույս[1] է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործվում է բույսի ծաղիկներն ու տերևները, որոնք հավաքում են ծաղկման շրջանում։ Խնկածաղիկը պարունակում է դաբաղանյութեր, սեսկվիտերպեններ, ասկորբինաթթու, եթերային յուղ, որոնք ապահովում են բույսի հաճելի հոտն ու մանրէասպան ազդեցությունը։ Տերևներն օգտագործում են որպես համեմունք տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս։ Եթերային յուղը կիրառում են օծանելիքի արտադրության և ներկարարության մեջ՝ բրդյա գործվածքները նարնջագույն-կարմիր ներկելու համար[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկածաղիկ սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկածաղիկ սովորական» հոդվածին։