2 ցենտ (ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2 ցենտ
Տեսակմետաղադրամի տեսակ
ԵնթատեսակԱՄՆ մետաղադրամներ
ԵրկիրԱՄՆ
Արժողություն2 ցենտ
Տրամագիծ23 մմ
Կշիռ6,2 գրամ
Եզրհարթ
Բաղադրությունպղինձ
Թողարկման ավարտ1873
ՓողերանոցՖիլադելֆիա
ՆախագծողՋեյմս Լոնգակր
Պատկերված էԱՄՆ նախագահի կնիք

2 ցենտը (անգլ.՝ two cents) ԱՄՆ դոլարի մանրուն դրամն է։ Հատվել է 1864 - 1873 թվականներին, Ֆիլադելֆիայի փողերանոցում (դրամահատարանում)։ Սկզբում 2 ցենտ դրամը արտադրվում էր 95% հարգի պղնձից, բայց ժամանակի ընթացքում այս մետաղադրամի պղնձի պարունակությունը ենթարկվեց որոշ փոփոխումների։

Երկու ցենտանոց մետաղադրամները ԱՄՆ-ում շրջանառության են թողվել միայն մեկ տեսակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 2 ցենտանոց դրամն սկսեց թողարկվել 1864 թվականին՝ շրջանառության մեջ գտնվող մանր դրամների պաշարն ավելացնելու և այդ ժամանակների պահանջները բավարարելու նպատակով։ Այս մետաղադրամն արդադրելիս հաշվի առնվեց պղնձի՝ որպես կիսաթանկարժեք մետաղի արժեքը, և երկու ցենտ դրամանիշը պարունակում էր արդեն շրջանառության մեջ գտնվող մեկ ցենտ մետաղադրամի պղնձի պարունակության ճիշտ կրկնակի չափը։ Դրամն արտադրվեց 1864 թվականից մինչև 1872 թվականը՝ անդադար, ամեն տարի, և յուրաքանչյուր տարի՝ զանազան քանակներով։ Բացի ընդհանուր շրջանառության համար նախատեսված այս զանգվածային թողարկումը, 1873 թ. դրամանիշն արտադրվել է նաև միայն նմուշային դրամի որակով՝ կոլեկցիոներների համար։

Այս մետաղադրամը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սեմոն Չեյզի նախաձեռնությամբ և Նախագահ Աբրահամ Լինկոլնի արտոնությամբ, դարձավ ԱՄՆ «In God We Trust» նշանաբանը կրող առաջին դրամանիշը։ Այնուհետև այդ նշանաբանը սկսեց հիշատակվել բազմաթիվ այլ ամերիկյան մետաղադրամների վրա։

1873 թ. Միացյալ Նահանգներում գործադրվեցին դրամական քաղաքականության արմատական բարեփոխման օրենքներ, և 2 ցենտ նոմինալով մետաղադրամի արտադրումը մեկընդմիշտ դադարեց (բայց, ինչպես և ԱՄՆ կառավարության կողմից թողարկված բացարձակապես բոլոր դրամները, այն պաշտոնապես շարունակում է մնալ որպես օրինական վճարամիջոց, թեև իրականում շրջանառության մեջ չկա)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմերես

Դիմերեսի վրա պատկերված է դափնե տերևներով պսակված հերալդիկ վահան, վերևը՝ IN GOD WE TRUST մակագրությունը, իսկ վահանի ներքևում՝ թողարկման տարեթիվը։

Դարձերես

Դրամի ետևի կողմում՝ դափնեպսակով ամփոփված 2 CENTS («2 ցենտ») գրությունը, իսկ դափնեպսակը շրջապատված է UNITED STATES OF AMERICA («Ամերիկայի Միացյալ Նահանգներ») բառերով։

Նումիզմատական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ 2 ցենտ դրամի նումիզմատական արժեքը տատանվում է՝ ըստ թողարկման տարեթվի, քանի որ արտադրման ամեն տարի ունի հատման տարբեր քանակ և, ճիշտ ինչպես բոլոր մետաղադրամների պարագայում, նումիզմատական արժեքը կախված է դրամի վիճակից։ «Լավ» վիճակի մետաղադրամների արժեքը տատանվում է $8-ից (1864 և 1865 թթ.) $85 դոլար (1872 թ.՝ ամենացածր քանակով արտադրված այս դրամը)։ «Չօգտագործված արտակարգ» վիճակի նյուն թվականների դրամների կատալոգային արժեքը՝ $365 և $2 750 դոլար համապատասխանաբար։ 1873 թվականին թողարկված նմուշային 2 ցենտ մետաղադրամը կատալոգները գնահատում են $1 700 դոլար (թողարկվել է ընդամենը մոտ 1 100 հատ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century). Page 1072.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]