Ֆրանցիսկ Ասսիզեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրանցիսկ Ասիզացիից)
Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի
Սուրբ Ֆրանցիսկը աղոթելիս, Խոսե դը Ռիբերայի նկարը

Ֆրանցիսկ Ասսիզեցի (լատ.՝ Franciscus Assisiensis, իտ.՝ Francesco d'Assisi, Ջիովաննի դի Պիետրո Բերնարդոնե, իտ.՝ Giovanni di Pietro Bernardone; 1182թ. հուլիսի 5[1]1226թ. հոկտեմբերի 3), կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից, իր անվամբ կոչված Ֆրանցիսկյան ուխտի կամ միաբանության հիմնադիրը:


Բովանդակություն

Պատմական ենթատեքստը [խմբագրել]

Հին վանականությունը աշխարհից իր հրաժարմամբ առանձին վանականից աղքատության ուխտ էր պահանջում, բայց դա չէր խանգարում, որ մենաստաններն ու վանքերը խոշոր հողատերեր դառնային, իսկ վանահայրերը շքեղությամբ և հարստությամբ մրցեին եպիսկոպոսների և իշխանների հետ: Ֆրանցիսկը շեշտը դրեց ավետարանական աղքատության գաղափարի վրա. աշխարհից հրաժարիմքի բացասական ընկալումը նա դարձրեց դրական, կենսական տեսլական, ինչը բխում էր աղքատ Քրիստոսի օրինակին հետևելու գաղափարից: Ֆրանցիսկը միաժամանակ վերափոխեց վանականության բուն նշանակությունը` վանական-ճգնավորին փոխելով առաքյալ-քարոզիչով, ով, հրաժարվելով այս աշխարհից, մնում է աշխարհում, որպեսզի այնտեղ մարդկանց խաղաղություն և խոնարհություն քարոզի:


Ֆրանցիսկ Ասսիզեցին հրաժարվում է ունեցվածքից: Ջոտտո, Ասսիզիի Սբ. Ֆրանցիսկ եկեղեցու որմնանկար:

Ֆրանցիսկ Ասսիզեցու կյանքը [խմբագրել]

Ֆրանցիսկի առաջին վարքերը գրվել են նրա մահվանից անմիջապես հետո, երբ դեռ կենդանի էին նրա գործունեության բազմաթիվ ականատեսները, սակայն նա արդեն կենդանության օրոք լեգենդ էր, որտեղ համընդհանուր սիրո և հիացման արժանացած պատմություններն ավելին էին, քան կենսագրական փաստերը: Զարմանալի է այն համընդհանուր սերը, որին արժանացել է այս զարմանահրաշ սուրբը: Նրա մասին պատմությունների կենտրոնում առաջին հերթին կարեկցանքի համընդգրկուն զգացումն է, ըստ ուրում այդ զգացումը նրան ոչ թե համաշխարհային ողբի է հանգեցնում, այլ ամենայն ապրողի հանդեպ սիրով լեցուն մի վերաբերմունքի, որը ամեն ինչ – անգամ մահը – ներառում է Աստվածային Սիրո ծիր` ողջ շնչավորը և անշունչը վերածելով, իր հանրահայտ հիմնի տողերով ասած, «եղբայրների և քույրերի»: Աղքատ և տառապող Քրիստոսի կերպարը, որը նմանության է կոչում, Ֆրանցիսկի համար հայտնության աղբյուր է դառնում,- դա է, որ կազմում է նրա անձնական կյանքի բովանդակությունը, դառնում է նրա նպատակն ու խնդիրը և ուղղորդում է նրա գործունեությունը: Հիսուս Քրիստոս. ահա այն Արեգակը, որի շուրջը պտտվում է ամեն ինչ, և առանց որի ամեն ինչ թաղված է խավարի մեջ:

Կենսագրությունը [խմբագրել]

Պատանեկությունը [խմբագրել]

Ծնվել է բարեկեցիկ ընտանիքում: Հայրը` Բեռնարդոնեն, մետաքսի վաճառական էր, ով առևտրական նպատակներով հաճախ էր լինում Ֆրանսիայում: Ըստ մի վարկածի` հայրը որդուն անվանակոչել է այդ երկրի պատվին: Համենայն դեպս` Ֆրանցիսկը գիտեր ֆրանսիացի տրուբադուրներին և նրանց երգերը երգում էր ֆրանսերեն: Նա ծնողների միակ որդին էր, ում համար ոչինչ չէին խնայում: Պատանի տարիքում ցոփ և շվայտ կյանք էր վարում, հայրենի Ասսիզի քաղաքի երիտասարդությունը նրան հաճախ ընտրում էր խնջույքների արքա: Ըստ կենսագիրների` այդ ժամանակահատվածում զերծ չէր փառասիրությունից: Մասնակցել է Ասսիզիի և Պերուջայի միջև պատերազմին, գերի է ընկել: Ծանր հիվանդությունը անգամ չի կոտրել նրա հավատը իր ուժերի և ապագայի հանդեպ: Երիտասարդ ասպետների հետ մասնակցել է Հարավային Իտալիա արշավանքներին` ի նպաստ պապի:

Այսուհանդերձ, Ֆրանցիսկի սիրտը արտաքին շուքուփայլով չի գոհանում, նա ասես ձգտում է սխրանքների: Շուտով մի երազ է տեսնում, որը նրան այլ ուղի է մատնանշում: Մի անգամ, ինչ-որ գործով տարված, նա մերժում է «Տիրոջ» անունով ողորմություն խնդրող մի մուրացկանի, բայց իսկույն, հասկանալով, որ ինքը նրան չէր մերժի, եթե նա խնդրեր ոմն երկրային «սենյորի» անունից, հասնում է մուրացկանի հետևից և ուղղում է իր սխալը: Ողորմությունը նրա համար ուրիշ` ավելի բարձր իմաստ է ձեռք բերում: Մեկնելով Հռոմ` սբ. Պետրոսի գերեզմանին, նա հանկարծ հասկանում է, որ Քրիստոսի և նրա առաքյալների համար ողորմություն տալը առանձնահատուկ իմաստ և նշանակություն ունի: Այնտեղ հագնելով մուրացկաններից մեկի շորերը` նա մինչև իրիկուն կանգնում է նրանց հետ և մուրում է:

Մի անգամ ինչ-որ ճոխ խնջույքից վերադառնալով` Ֆրանցիսկը կանգ է առնում և ընկնում է խորին մտածմունքի մեջ: Նրա սիրտը լցվում է ջերմեռանդությամբ, և նա մեխվում է տեղում: Ընկերները զարմացած հարցնում են. չլինի՞ թե նա մտածում է ամուսնանալու մասին: «Դուք ճիշտ կռահեցիք,- պատասխանում է նա,- ես մտածում եմ առավել ազնիվ, հարուստ և գեղեցիկ մի հարսնացու ընտրել, քան երբևէ եղել է»: Մեծ նկարիչ Ջոտտոն Ասսիզիի տաճարի որմին պատկերել է նրա այդ նշանադրությունը պատառոտված շորերով այդ գեղեցիկ հարսնացուի հետ: Շները հաչում են նրա վրա, երեխաները քար են նետում, բայց Քրիստոս երկնքից օրհնում է նրան: Նրա անունն է – Աղքատություն:

Ֆրանցիսկը հատուկ կարեկցությամբ է վերաբերվում բորոտներին: Հռոմի ճանապարհին, հանդիպելով մի բորոտի, իջնում է ձիուց, համբուրում է նրա ձեռքը և արժանանում նրա «հանգստության համբույրին»: Նա սկսում է խորասուզվել ինքն իր մեջ: Սուրբ Դամիան եկեղեցում մի անգամ երկար աղոթում է խաչելության առջև, և այդ պահից, ինչպես պատմում են նրա ընկերները, «նրա սիրտը վերքերով է պատվում և սկսում է արնածորել` ի հիշատակ Տիրոջ չարչարանքների»:

Ծառայության սկիզբը [խմբագրել]

Ֆրանցիսկի կյանքում բեկում է մտցնում հոր հետ բախումը: Նա հոր բացակայությամբ քաղաք է տանում տանը եղած մետաքսը և իրենց ձին` վաճառելու և եկեղեցուն նվիրելու համար: Երբ քահանան, վախենալով նրա հոր բարկությունից, հրաժարվում է ընդունել նվիրատվությունը, Ֆրանցիսկը քսակը նետում է պատուհանագոգին և մնում է այնտեղ: Հոր զայրույթից խուսափելու համար թաքնվում է շրջակայքի քարայրներում: Հայրը նրան փակում է տանը, սակայն մայրը բաց է թողնում, և նա մեկընդմիշտ հեռանում է հայրական տնից: Հայրը դիմում է իշխանություններին, սակայն Ֆրանցիսկը հայտարարում է, որ դարձել է Տիրոջ ծառան և այլևս աշխարհիկ դատիրավասության ենթակա չէ: Բեռնարդոնեն դիմում է եպիսկոպոսին, որի դատավարության ժամանակ Ֆրանցիսկը իր վրայից հանում է հոր գնած հագուստը, դնում է հատակին և հայտարարում, որ այսուհետև ճանաչում է միայն Երկնային Հորը: «Մինչև օրս ես քեզ եմ իմ հայրը համարել, այս պահից ես ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս ես»»:

Այս հրաժարիմքը նրա սիրտը գորովանքով է լցնում: Եպիսկոպոսի ծառան մերկությունը ծածկելու համար նրան հասարակ շորեր է բերում, որոնցով Ֆրանցիսկը ուղևորվում է անտառ` բարձր երգելով: Իրեն հանդիպած ավազակներին պատասխանում է, որ ինքը Տիրոջ բանբերն է: Այս ամենը տեղի է ունենում 1207 թ.:

Երկու տարի անցկացնում է Ասսիզի քաղաքի մատույցներում, եկեղեցիներ է նորոգում, իր սիրած Սբ. Կույս եկեղեցու մոտ իր համար մի հյուղ է կառուցում: Սնվում է իր հավաքած թերմացքներով: Շատերը նրան համարում են ցնորված, բայց շուտով նրան է միանում հարուստ քաղաքացի Բեռնարդ դե Քվինտաբալլեն, ով, Ավետարանի համաձայն, ծախում է իր ունեցվածքը և բաժանում է աղքատներին: Հետզհետե նրանց են միանում նաև ուրիշներ: Իրենց կոչում են «զղջացող մեղավորներ», օրավարձու աշխատանքներ են կատարում` բավարարվելով միայն համեստ ընթրիքներով:

1209 թ. համարվում է Ֆրանցիսկի կյանքի կարևորագույն տարեթիվը: Փոքրիկ մատուռում պատարագի ժամանակ լսելով այն խոսքերը, որոնցով Քրիստոս իր աշակերտներին ուղարկում է քարոզելու Երկնային արքայության սկսվելու մասին («Եվ երբ գնաք, քարոզեցեք և ասացեք. «Երկնքի արքայությունը մոտեցել է»: Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առեք, ձրի էլ տվեք: Մի ունեցեք ոչ ոսկի, ոչ արծաթ և ոչ էլ պղինձ դրամ` ձեր գոտիների մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ երկու զգեստ, ոչ կոշիկներ և ոչ էլ ցուպ. որովհետև մշակն արժանի է իր կերակրին»: Մատթ, 10, 7-11)` նա քահանային խնդրում է կրկնել և մեկնել իր համար լատիներեն տեքստը և խորամուխ լինելով նրա իմաստի մեջ` խանդավառ բացականչում է. «Ահա իմ ուզածը»: Նա հանում է հագից կոշիկները, նետում է գավազանը, մի պարան է կապում մեջքին և սկսում է քարոզել:

Ֆրանցիսկյան միաբանության հիմնումը [խմբագրել]

Աշակերտների թիվը գնալով մեծանում է, և նա մեկնում է Հռոմ` Իննոկենտի 3-րդ պապից խնդրելու, որ նա հաստատի իր եղբայրության` իր կազմած կանոնադրությունը: Նույն արմատից աճած երկու տարբեր աշխարհընկալումների տեր այս երկու անձանց հանդիպումը պատմական նշանակալից իրադարձություն է. մի կողմից` հեղինակության և իշխանության մարմնավորումն է, Քրիստոսի տեղապահը, ով տիրում է աշխարհին և թագեր է բաժանում, մյուս կողմից` հովվի քրջերով բոկոտն աղքատը, որ սեր և խոնարհություն է քարոզում: Ըստ ավանդության` պապը խոնարհվում է նրա առջև և կատարում է նրա խնդրանքը:

Ֆրանցիսկյանների տարածումը Եվրոպայում [խմբագրել]

Այդ պահից ֆրանցիսկյանների թիվը արագ մեծանում է, ստեղծվում են փոքրիկ առաքելություններ, որոնք դրվում եմ «մինիստր» (ասել է թե` փոքր եղբայր) կոչվող եղբայրներից մեկի հսկողության տակ. Ֆրանցիսկը իր հետևորդներին կոչում է մինորիտներ`փոքրեր: Ենթարկվում են հալածանքների: Սակայն ուր էլ հասնեն` բոլոր եղբայրներին ձգում է ինքը` Ֆրանցիսկը, որի հյուղի մոտ էլ ամեն տարի Երրորդության օրը հավաքվում են նրանք: Ուխտին հարում են նաև բազմաթիվ աշխարհիկներ: Տարիների ընթացքում ուխտը և նրա կանոնադրությունը բազմաթիվ փոփոխություններ են կրում: Ուշագրավ է այն փաստը, որ Ֆրանցիսկը ուզում է դարձի բերել մամլյուկների սուլթանին` հազիվ պրծնելով մահից: Քրիստոս քարոզելու նպատակով մեկնում է նաև Սիրիա: Իր հիմնած և իր իսկ անունով կոչվող հետզհետե կանոնացված միաբանության պաշտոնեականացումը նրան խորթ է մնում: Մի անգամ մի աբեղա, որ իր վանահորից սաղմոսարան ունենալու իրավունք էր ստացել, մոտենում է Ֆրանցիսկին և խնդրում նրա համաձայնությունը: Գրքային իմաստնություններից վախեցող և ամենայն սեփականություն մերժող Ֆրանցիսկը նրան ասում է. «Սաղմոսարան ունենալով` դու կուզենաս նաև Աղոթագիրք ունենալ, իսկ դրանից հետո իբրև կարևոր հոգևորական` կրտսերիդ կասես. «Աղոթագիրքս բեր»»: Ապա վերցնում է մի բուռ հող, լցնում է աբեղայի գլխին և ասում. «Ահա քեզ Սաղմոսարան, ահա քեզ Աղոթագիրք: Ով ուզում է մինորիտ լինել` ոչինչ չպետք է ունենա, բացի վրայի հագուստից»: Որոշ փաստաթղթեր վկայում են, որ կյանքի վերջում Ֆրանցիսկը դատապարտել է իր անվամբ կոչված միաբանությունը:

Վինչենցո Ֆոպպա, սբ. Ֆրանցիսկը ստանում է Տիրոջ վերքերը: Բրերա պինակոտեկա, Միլան:

Ֆրանցիսկի կյանքի վերջին տարիները [խմբագրել]

Իրեն հետ պահելով միաբանության կազմակերպչական հոգսերից` Ֆրանցիսկը տրվում է թափառումների և աղոթքների: Ինչպես միշտ` նա հափշտակված է Քրիստոսի պատկերով: Այն նրան ցնծություն և բերկրանք է պատճառում, այն նրան գցում է հեկեկոցների մեջ:

Վերապրել Տիրոջ երկրային կյանքի պահերը – ահա թե այժմ ինչին են ուղղված նրա բոլոր մտքերը: 1224 թ. մի քանի ամենամերձավորների հետ բարձրանում է Առնո լեռների Ալվերնո բարձրաբերձ գագաթը, առանձնանում է պահքի և աղոթքների համար: Այստեղ էլ ունենում է Սուրբ Խաչի իր տեսիլքը, որից հետո նրա ձեռքերին և ոտքերին վերքեր (ստիգմատներ) են մնում` ճիշտ խաչյալ Քրիստոսի ոտքերի և ձեռքերի` գամերի բացած վերքերի տեղում:

Իր կոչումը և խնդիրը համարելով «ողջ աշխարհով մեկ Տիրոջ չարչարանքները ողբալը» և հակառակ կյանքի վերջին երկու տարիների ծանր տառապանքներին` Ֆրանցիսկը մինչև կյանքի վերջը պահպանում է աշխարհի պայծառ և բանաստեղծական ընկալումը: Նա ամենայն արարյալի եղբայրն է` սկսած տիեզերական լուսատուներից մինչև որդը: Ձմռանը մեղրով է կերակրում մեղուներին. քարոզ է կարդում թռչուններին և գայլին, խնդրում է «եղբայր կրակին», որ նա չճարակի ամեն ինչ: Այս բոլորը նրա համար մի ընտանիքի անդամներ են, նրանց միավորում է նույն Հոր հանդեպ միևնույն սերը: Նրա «Փառաբանումները» բանաստեղծական հզոր տեքստեր են, և չափազանցություն չէ, երբ ոմանք նրան համարում են նոր իտալական բանաստեղծության ստեղծողը և Վերածննդի սկզբնավորողը: Քրիստոսի նրա ընկալումը աղքատության ճգնակեցական իդեալով որքան որ կրոնական է, թերևս մարդու և ողջ արարյալի հանդեպ իր սիրով նույնքան էլ մշակութաբանական է. «Տերը մեզ կոչել է ոչ այնքան մեր, որքան բազում ուրիշների փրկության համար»` ահա նրա վարդապետությունը: Սեր և Խաղաղություն – ահա նրա ձգտումը: Նմանություն Քրիստոսին` ահա նրա ելակետը:

Վերջին օրերը անցկացնում է ծանր տանջանքների մեջ: Հակառակ դրան` Տիրոջ իր փառաբանության մեջ ավելացնում է «մեր քրոջը` մարմնական մահին» փառաբանող տողը և կյանքը ավարտում է` ասելով. «Ինձ համար ապրելը և մեռնելը միանման քաղցր են»: Մեռնում է 1226 թ. հոկտեմբերի 4-ին:

Մեռնելուց առաջ խնդրում է իրեն մահճից վերցնել և դնել լերկ հողին: Թաղվում է Ասսիզի քաղաքի Սակրո-Կոնվենտո վանքի ներքին եկեղեցում, որը այսօր կրում է նրա անունը և ուխտատեղի է: Երկու տարի անց Գրիգորիուս 9-րդ պապի կոնդակով սրբացվում է: Ժամանակի ընթացքում բանավոր և գրավոր պատմությունների հիմամբ ստեղծվում է «Սուրբ Ֆրանցիսկի ծաղիկները» գիրքը, որը այսօր էլ գերում է: Նրան նվիրված գրականությունը ամբողջ մի գրադարան է կազմում: Նրանից պահպանվել են աղոթքներ, կանոններ, հանձնարարականներ և փոքրիկ նամակագրություն: Բացառիկ տեղ է գրավում մահվան մահճում հորինված «Հիմն Արեգակին» փառատրությունը, որը փառաբանում է Տիրոջը և նրա ողջ արարչագործությունը, նախ և առաջ Եղբայր Արևին և Քույր Լուսնին, ինչպես նաև Եղբայր Քամուն, Քույր Ջրին, Եղբայր Կրակին, Մայր Երկին և, ի վերջո, Քույր Մահվանը:

Տեքստեր [խմբագրել]

Հիմն Արեգակին [խմբագրել]


Բարձրյալ, Ամենազոր, բարի Աստված,
Քոնն են փառաբանումը, մեծարումը, գովք և օրհնություն,
Միայն Քեզ են, Բարձրյալ, պատշաճում դրանք,
Եվ արժանի չէ ոչ ոք քո անունը տալու:

Փառաբան լեր, Տեր,
Արարյալներովդ ամեն,
Նախ և առաջ Լուսատու Արեգակով,
Որ եղբայրն է մեր տեր,
Եվ որը ցերեկն է, որով լուսավորում ես Դու մեզ:
Եվ նա գեղեցիկ է և, շողշողալով փայլն իր վիթխարի,
Քո էությունն է կրում, Բարձրյալ:

Փառաբան լեր, Տեր, լուսնյակի և աստղերի համար, որ քույրերն են մեր:
Դու արարեցիր դրանք երկնքում` պայծառ, գեղեցիկ և հրաշափառ:
Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր,
Եվ օդի ու ամպի, և երկնային բիլի ու տարափի ամեն,
Որոնցով Դու քո արարյալներին ես պահում:

Փառաբան լեր, Տեր, մեր քույր ջրի համար,
Ողջ օգտավետ է նա, խոնարհ, անբասիր և ախորժելի:

Փառաբան լեր, Տեր, կրակի համար, ով եղբայրն է մեր,
Որով գիշերը լուսավոր ես դարձնում,
Եվ սիրուն է նա, զվարթ, ուժեղ և ժիր:

Փառաբան լեր, Տեր, մեր քրոջ համար` վասն Մայր-Երկրի,
Ով պահում է մեզ, կառավարում է
Եվ պտուղներ է տալիս զանազան, երփներփին ծաղիկներ և բույսեր:

Փառաբան լեր Դու վասն ամենայնի, ինչ ի սեր քո ներողամիտ է, Տեր,
Եվ հիվանդանում է և կարիքի մեջ է մտնում,
Երանի` ովքեր մնում են ընդմեջ խաղաղության,
Քանզի նրանք, Բարձրյալ, Քեզանից են պսակն ընդունելու:

Փառաբան լեր, Տեր, վասն մարմնական մահի, որ եղբայրն է մեր,
Որից չի խուսափելու ապրող ոչ ոք,
Եղուկ` ովքեր մահացու մեղքերի մեջ են հոգին տալիս,
Երանի` ովքեր Սուրբ Կամքին են քո հնազանդում,
Երանի` ովքեր մահը գտանում են` հանց նվիրյալ կամքիդ,
Քանզի երկրորդ մահը նրանց ոչ մի ցավ չի պատճառելու:

Գովաբանենք և փառք ասենք Տիրոջը և երախտիք բարբառենք նրան,
Եվ ծառայենք նրան, և մեծ խոնարհությամբ:

Գերմաներեն Հ. Հեսսեի թարգմանությունից թարգմանությունը` Հակոբ Մովսեսի

Սուրբ Ֆրանցիսկի ծաղիկներից [խմբագրել]

Ճշմարիտ և կատարյալ բերկրանքի մասին [խմբագրել]

Իսկ նա (եղբայր Լեոնարդը) պատմում էր, թե ինչպես մի անգամ Սանտա Մարիա Ան­ջե­լայի մոտերքում երանելին Ֆրանցիսկ կանչում է եղբայր Լեոին և ասում.

-Եղբայր Լեո, գրիր:

Սա պատասխանում է.

-Ասա, ես պատրաստ եմ:

-Գրիր,- ասում է,- թե ինչ բան է ճշմարիտ բերկրանքը:- Ահա մեզ մոտենում է բանբերը և հայ­տարարում, թե Փարիզի բոլոր ուսյալ աստվածաբանները մտել են մեր եղբայ­րու­թյան մեջ: Գրիր. դա չէ ճշմարիտ բերկրանքը:-

Եվ թե մեր եղբայրության մեջ են մտել Ալպերի բոլոր պրելատները, արքեպիսկոպոս­ներն ու եպիսկոպոսները և ո’չ միայն նրանք, այլև Ֆրասիո թագավորը և Բրիտանիո թա­գավորը:- Գրիր. դա չէ ճշմարիտ բերկրանքը:

Եվ թե մեզ մի լուր է հասնում, որ իմ եղբայրները մեկնել են անհավատների մոտ և բո­լորին դարձի են բերել ճշմարիտ հավատի,- և եթե ինձ Աստծուց այնպիսի մի շնորհ է իջել, որ ես բուժում եմ հիվանդներին և մեծ հրաշքներ եմ գործում, այդուհանդերձ, ես քեզ ասում եմ` այդ ամենը չէ ճշմարիտ բերկրանքը:

-Իսկ ո՞րն է ճշմարիտ բերկրանքը:

-Ասենք ես ուշ գիշերով վերադառնում եմ Պերուջիայից և գալիս եմ այստեղ, իսկ ձմեռը ցուրտ է, և այնպիսի մի սառնաման է, որ ջուրը սառույց է կտրում, և սառցելուլաները կախ­վում են հագուստիս քղանցքներից և ոտներիս են խփվում շարունակ, այնպես որ արյունն է հոսում վերքերից: Եվ արդ ցրտից սրթսրթալով, ամբողջովին կեղտոտ և սառ­ցա­կոլոլ` մոտենում եմ մի դարպասի և երկար բախում եմ և կանչում: Վերջապես եղ­բայր­ներից մեկը դուրս է գալիս և հարցնում.

-Ո՞վ է:

Ես պատասխան եմ տալիս.

-Եղբայր Ֆրանցիսկը:

Իսկ նա ասում է.

-Գնա այստեղից, թրև գալու ժամանակ չէ, չեմ թողնի:

Իսկ ես չեմ նահանջում, թակում եմ, և արդ այլ մի եղբայր ասում է.

-Կորիր այստեղից, դու տգետ ես և հիմար: Այլևս մի գա մեզ մոտ. մենք արդեն քո կարիքը չունենք:

Իսկ ես չեմ հեռանում դարպասից և դարձյալ թախանձում եմ.

-Ի սեր Քրիստոսի, ինձ միայն այս գիշեր օթևան տվեք:

Նա պատասխանում է.

-Մտքովդ էլ թող չանցնի: Գնա և օթևան խնդրիր խաչակիրների մոտ:

Եվ արդ, եթե ես դեռ համբերություն ունենամ և այդ ամենից չխռովեմ, ահա քեզ ասում եմ` հենց դա է ճշմարիտ բերկրանքը և դա է ճշմարիտ բարեպաշտությունը և փրկու­թյունը հոգու:

Ռուսերենից թարգմանությունը` Հակոբ Մովսեսի

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. San Francisco de Asís / Enciclopedia Libre Universal en Español