Ֆրանսուա դը Լարոշֆուկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
François de La Rochefoucauld.jpg

Ֆրանսուա դը Լառոշֆուկո (ֆր.՝ François VI, duc de La Rochefoucauld, 15 սեպտեմբերի 1613թ., Փարիզ - 17 մարտի 1680թ., Փարիզ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Ֆրանսուա Վեցերորդ իշխանազուն դը Մարսիյակը, հետագայում` դուքս դը Լառոշֆուկոն, Լառոշֆուկոների տոհմի քսանմեկերորդ հետնորդն էր: Լառոշֆուկոները եղել են ֆրանսիական գրեթե բոլոր թագավորների օրոք մեծ հարգանք և պատիվ ունեցող տոհմ, նրանցից մի քանիսը թագավորների ազգականներ են եղել, իսկ տասնյոթերորդ դարում` Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի օրոք, այդ տոհմը ֆրանսիական ազնվականության ամենահին և հարգված տոհմերից էր: Տոհմի ազգանունը կազմվել է նահանգի (Լա Ռոշ) և տոհմը սկզբնավորողի անունների միավորումից: Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի մանկությունն ու պատանեկությունը անցել են Անգումուա նահանգում, որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին: Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր: Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին: Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը: Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից: 1629թ. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց Իտալիայում: Հետագայում մի քանի անգամ մասնակցեց զանազան ճակատամարտերի, վիրավորվեց և, ժամանակակիցների վկայությամբ, բոլոր ճակատամարտերում աչքի ընկավ իր արտակարգ խիզախությամբ, ռազմական տաղանդով, նվիրվածությամբ և արիությամբ: Փարիզի նշանավոր ֆրոնդում անցկացրած չորս տարիները շատ բան տվեցին Լառոշֆուկոյին: Բանտարկություն, ներում, մահացու վերք, հուսախաբությունններ, շնորհազրկում(նա զրկվեց նահանգապետի պաշտոնից, ավերվեց Լառոշֆուկոներին պատկանող Վերտոյ դղյակը), այս տարիների փորձն էր, որ հիմնականում բյուրեղացվեց և ժամանակի ընթացքում մշակվելով ու հղկվելով արտահայտվեց «Մաքսիմներում»:

Արդեն տասնվեցերորդ դարից սկսած, մաքսիմները և բարոյական սենտենցները ֆրանսիական գրականության, բարոյագիտության, փիլիսոփայության և հատկապես ազնվական կենցաղի ամենատարածված ժանրերից էին: Մաքսիմները և բարոյախրատական աֆորիզմները մտել էին նաև կենցաղ. Փարիզյան սալոնների ամենատարածված խաղերից մեկն էր աֆորիզմների և ասույթների խաղը: Խաղի մասնակիցները պարտավոր էին կարճ ժամանակում սրամիտ, դիպուկ և խոր աֆորիզմ ասել որևէ տրված թեմայի շուրջ, հանպատրաստից մաքսիմներ հորինել: Տասնյոթերորդ դարի Փարիզի ազնվական սալոններում սրամտությամբ, բարձր ճաշակով, մտքի խորությամբ և ճկունությամբ փայլող երիտասարդ ազնվական դը Մարսիյակը, հետագայում դուքս դը Լառոշֆուկոն, իր մաքսիմները հանպատրաստից հորինելիս, ամենևին նպատակ չուներ տեղ գրավել համաշխարհային գրականության մեծերի շարքում, չնայած արդեն այդ տարիներին նրա ճաշակի և դիտողությունների հետ լրջորեն հաշվի էին նստում ֆրանսիական գրականության այնպիսի գագաթներ, ինչպիսիք են Կորնեյլը, Բուալոն, Մոլիերը և Լաֆոնտենը:


Ստեղծագործություններ[խմբագրել]

Լառոշֆուկոյի գլխավոր երկը` «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» (ֆր.՝ Maximes et Réflexions morales, 1665) ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունքն է: Երկում դը Լառոշֆուկոն, որպես XVII դարի ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որը արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»[1]։ Լառոշֆուկոյի «Մաքսիմները» հեղինակի ապրած կյանքի հանրագումարն են` թե իրենց փիլիսոփայական, խրատական բովանդակությամբ, թե ժանրի զուտ ֆրանսիական տեսակով:Տարածելով մի դասակարգի բարոյականության վերաբերյալ դիտումները ամբողջ հասարակության վրա, Լառոշֆուկոն ընդհանրացնող պեսիմիստական հետևություն է անում այն մասին, թե արատավորությունը զետեղված է մարդու մեջ բնությունից: Լառոշֆուկոն սկեպտիկորեն է վերաբերվում այն մտքին, թե բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը, հակադրվել մարդկանց էգոիստական հակումներին: Էգոիզմը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, ահա, նրա տեսակետից, մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը: Առաքինությունները, ըստ Լառոշֆուկոյի, ամենից հաճախ արհեստականորեն զգեստափոխված արատներն են:

Աղբյուրներ[խմբագրել]

Լառոշֆուկո, «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ»

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե.Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ.Ս. Թադևոսյան. - Երևան ։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939- թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե.Ս. խմբ. Թադևոսյան, Վ.Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն


Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝