Ֆրանսուա Վիետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Վիետը

Ֆրանսուա Վիետ (ֆր.՝ François Viète, seigneur de la Bigotière; 1540 - փետրվարի 13[1] 1603), ֆրանսիացի հանրահայտ մաթեմատիկոս։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1540 թ. Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆանտեն լե Կոնտ փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը դատախազ էր, և, ինչպես սովորաբար լինում է, որդին ընտրեց հոր մասնագիտությունը։ Ավարտելով Պուատուի համալսարանը՝ նա դարձավ իրավաբան։ 1560 թ. քսանամյա երիտասարդը հարազատ քաղաքում սկսեց իր աշխատանքային գործունեությունը և ունեցավ մեծ հաջողություններ։ Սակայն երեք տարի անց ծառայության անցավ ճանաչված դե Պարտենե ընտանիքում։ Նա դարձավ տանտիրոջ քարտուղարը և նրա տասներկուամյա դստեր՝ Եկատերինայի ուսուցիչը։ Հենց այդ ժամանակ էլ երիտասարդ իրավաբանի մեջ արթնացավ սերը բնական գիտությունների և, հատկապես , մաթեմատիկայի հանդեպ։

1571 թ. Վիետն անցավ պետական ծառայության՝ նշանակվելով պառլամենտի խորհրդական։ Այնուհետև նա դարձավ Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդի, իսկ նրա մահից հետո՝ նաև Հենրիխ 4-րդի խորհրդականը։ Սակայն նրա տարերքը մաթեմատիկան էր։ Նա ուսումնասիրում էր ինչպես դասականների՝ Արքիմեդի և Դիոֆանտեսի, այնպես էլ ոչ վաղ անցյալի իր նախորդների՝ Կարդանոյի, Բոմբելլիի, Սթեվինի և ուրիշների աշխատությունները։

1584 թ. Վիետը հեռացավ քաղաքական ծառայությունից և ձեռնամուխ եղավ համապարփակ մաթեմատիկայի ստեղծմանը, որը հնարավորություն կտար լուծել ցանկացած խնդիր։ Նրա հանրահայտ թեորեմը, որը կապ է հաստատում բազմանդամի գործակիցների և նրա արմատների միջև, հրապարակվել է 1591 թ.։ Վերջինս արժանի է հիացմունքի, մանավանդ, որ տրված է ընդհանուր տեսքով և կիրառելի է ցանկացած աստիճանի բազմանդամի համար։ Այժմ այդ թեորեմը կրում է Վիետի անունը։ Վիետի թեորեմը ներկայիս դպրոցական հանրահաշվի ամենահայտնի պնդումներից է։

Գիտնականը մեծ հաջողությունների է հասել նաև երկրաչափության ասպարեզում։ Նա ավարտուն տեսքի բերեց ավելի վաղ ժամանակներում (դեռևս Ք.ա. առաջին դարից) կիրառվող եռանկյունների լուծման մեթոդները՝ հարց, որը դարեր շարունակ հետաքրքրում էր մաթեմատիկոսներին։ Առաջինը նա տվեց կոսինուսների թեորեմի հստակ ձևակերպումը՝ բառային արտահայտությամբ։

Վիետի ժամանակներում բոլոր գործողությունների նշանները գրվում էին բարդ մաթեմատիկական լեզվով, ինչը դժվարացնում էր դրանց անմիջական կիրառումը։ Նրա կենդանության օրոք դրանք իրենց արժանի տարածումը չգտան և ամբողջապես չհրատարակվեցին։ Միայն Վիետի մահից հետո՝ 1646 թ. հոլանդացի մաթեմատիկոս Ֆ. վան Սկոտենը նրա աշխատությունները քիչ թե շատ կերպով ամբողջացրեց և հրատարակեց Opera mathematica ընդհանուր վերնագրով։

1603 թ. փետրվարի 14-ին մարկիզ Լետուալը Փարիզի պալատական նորություններում գրեց՝

«Մահացավ մեծ խելքի և մտածողության տեր մարդը, դարի հանճարեղ մաթեմատիկոսներից մեկը՝ պարոն Ֆրանսուա Վիետը»։

Կա վարկած, որ նա սպանվել է։

Գործունեություն[խմբագրել]

Ֆրանսուա Վիետը մշակել է գրեթե ողջ տարրական հանրահաշիվը։ Առաջինը նա հանրահաշվի մեջ ներմուծեց տառային նշանակումները, ընդ որում՝ տառերով նշանակեց ոչ միայն անհայտ թվերը, այլ նաև տրված մեծությունները։ Այսինքն՝ նա ներմուծեց մաթեմատիկական բանաձևի հասկացությունը, ինչն ունեցավ իր վճռորոշ դերը տառային հանրահաշվի ստեղծման գործում և հիմք հանդիսացավ Ֆերմայի, Դեկարտի, Նյուտոնի գիտական հայտնագործությունների համար։ Պատահական չէ, որ Վիետին անվանում են «հանրահաշվի հայր»։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Jacques-Auguste de Thou. Histoire universelle, depuis 1543 jusqu'en 1607, tome 14, livre CXXIX, էջ` 162-166.