Ֆուլեր տնաշինական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուլեր տնաշինական կենտրոնի լոգոն

Ֆուլեր կենտրոն Հայաստանը (Fuller Center For Housing Armenia) 2005 թ. Habitat for Humanity կազմակերպության հիմնադիր Միլարդ Ֆուլերի կողմից ստեղծված Ֆուլեր տնաշինական կենտրոնի պաշտոնական գործընկերն է։

Առաքելություն[խմբագրել]

Ֆուլեր տնաշինական կենտրոնի տեսլականն է Հայաստանում տնազրկության և անբավարար տնային պայմանների վերացում։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել ապահով, պարզ և մատչելի տներ, ինչպես նաև իրականացնել տնազուրկ ընտանիքների շահերի պաշտպանություն։

Տնազրկությունը Հայաստանում[խմբագրել]

Տան կարիքը Հայաստանում

Ըստ ՄԱԿ-ի Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի զեկույցի՝ Հայաստանում ապրող մոտ 800.000 ընտանիքներից 40.000-ը կամ 5%-ը չունեն մշտական կացարան։ Նրանց մոտ 40%-ը ապրում է ժամանակավոր կացարաններում, շատ դեպքերում՝ մետաղական վագոններում կամ, այսպես կոչված, տնակներում։ Մնացածն ապրում են նախկին հյուրանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում։ Մշտական կացարան չունեցողների կողքին կան հազարավոր ընտանիքներ, ովքեր կեցության պայմանները բարելավելու խնդրի առջև են կանգնած։ Այլ խնդիրների և հատկապես գերբնակեցման պատճառով շուրջ 100.000 ընտանիքներ հրատապ օգնության կարիք ունեն։ Հայաստանյան անշարժ գույքի շուկան վերջին հինգ տարվա կտրվածքով ծավալների և գների կտրուկ աճ է արձանագրել։ Բնակարանաշինությամբ զբաղվող բիզնեսների հիմնական թիրախը հարուստ խավն է, նորակառույց շենքերում բնակարանի ձեռքբերումը մատչելի չէ անգամ միջին խավի համար։ Շինանյութերի և շինարարական աշխատանքի գինը աննախադեպ աճել է, որի հետևանքով աղքատ ընտանիքները չեն կարողանում կառուցել կամ նորոգել իրենց տները։ Տնազրկությունը և ժամանակավոր կացարանները ընտանիքների ու հասարակության վրա նյութական և հոգեբանական հսկայական հետևանքներ են ունենում, հանգեցնում աղքատության փակ շրջանակի առաջացմանը։ Անապահով տեղանքում (օրինակ՝ սողանքային գոտում) շինարարությունը, առողջության համար վնասակար շինանյութերի օգտագործումը, վերանորոգման ցածր հաճախականությունը բերում են առկա բնակֆոնդի քայքայմանը, խարխուլ տներում ապրողները հաճախ են հիվանդանում, ավելանում են բժշկական ծախսերը և իջնում է աշխատունակությունը, դժվարանում է ապահովել երեխաների կրթությունը։ Սա հանգեցնում է սոցիալական պայմանների վատթարացման, ծանր դեպրեսիաների, ապագայի հանդեպ հավատի կորստի, սոցիալական բևեռացման, արտագաղթի, ծնելիության մակարդակի անկման։ Հայաստանի՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին իսկապես շատ են հարկավոր բնակպայմանները բարելավելու համար նախատեսված վարկերը, սակայն նրանք ի վիճակի չեն շուկայական տոկոսադրույքով վարկեր մարել։

Ծրագրի սկզբունքը[խմբագրել]

Ֆուլեր տնաշինական կենտրոնը ցածր եկամուտ ունեցող ըտանիքներին երկարաժամկետ և անտոկոս վարկեր է տրամադրում տուն կառուցելու և վերանորոգելու նպատակով։ Ամենամսյա ետվճարները վերադառնում են շրջանառու ֆոնդ և օգտագործվում մյուս ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով կայուն համայնքային զարգացման ֆինանսական հիմքը։

Ծրագրի տեսակները[խմբագրել]

Fuller House.jpg
  • կիսակառույց տների ավարտում
  • մատչելի բնակարանների գնում
  • տանիքի վերանորոգում
  • ջեռուցման համակարգի և սանհանգույցի տեղադրում
  • բնակֆոնդի պահպանմանն անհրաժեշտ ներքին հարդարում

Ընտանիքների ընտրման չափանիշներ[խմբագրել]

  • Տան կարիք
  • Ցածր, բայց կայուն եկամուտ /վճարունակություն/
  • Կազմակերպության հետ համագործակցելու պատրաստակամություն

Նվիրատուներ[խմբագրել]

Իր առաքելությունը իրականացնելու համար, Ֆուլեր տնաշինական կենտրոնը կամավորական և ֆինանսական աջակցություն է ընդունում անհատներից, կազմակերպություններից, եկեղեցիներից և գործարարներից։ Միլլարդ Ֆուլերը հայտարարել է, որ Ֆուլեր տնաշինական կենտրոնի Հայաստանի ծրագրի համար ստացված առաջին նվիրատվությունները կկրկնապատկվեն /մինչև 100,000 դոլարի չափով/։

Կամավորներ[խմբագրել]

Ֆուլերի տեղական կամավորները

Կամավորականությունը և փոխադարձ աջակցությունը Ֆուլեր տնաշինական կենտրոնի գաղափարական հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում։ Տեղական համանքը, բարեկամները, ընկերները և հարևանները, ինչպես նաև միջազգային կամավորական խմբերը գործում են որպես անմիջական աջակիցներ մեր ընտանիքների համար, կառուցելու իրենց ապահով, պարզ և առողջ բնակարանները։

Համայնքներ[խմբագրել]

Ֆուլեր տնաշինական կենտրոնն աշխատելու է Հայաստանի բոլոր մարզերում։ Առաջիկայում նախատեսվում են ծրագրեր Արարատի մարզի Խոր Վիրապ, Շիրակի մարզի Լուսաղբյուր, Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Լոռի մարզի Վանաձոր համայնքներում։

Արտաքին հղումներ[խմբագրել]