Ֆինանսների կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆինանսական մենեջմենթից)

Ֆինանսական մենեջմենթը` որպես կառավարման համակարգ[խմբագրել]

Ֆինանսական մենեջմենթի կամ ֆինանսական կառավարման դերը որոշակի նպատակի իրականացմանն ուղղված ակտիվների ձեռքբերումը, ֆինանսավորումը և կառավարումն է։ Կազմակերպություններում ֆինանսական կառավարումն իրականացվում է երկու ուղղությամբ՝

•առկա ֆինանսական ռեսուրսների տնօրինում (ակտիվների կառավարում).

•անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավում (պասիվների կառավարում)։

Ակտիվների կառավարման շրջանակներում ֆինանսական կառավարումը թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիրները.

•ակտիվների օպտիմալ կառուցվածքի ձևավորում,

•շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործում,

•ապրանքանյութական արժեքների և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ հարաբերակցության ապահովում։

Պասիվների կառավարումը վերաբերում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների աղբյուրների որոնմանը, այլև դրանց այնպիսի կառուցվածքի ձևավորմանը, որը ծախսված մեկ միավոր կապիտալի դիմաց ապահովում է առավելագույն հատույց։

Այսպիսով՝ միկրոմակարդակում ֆինանսական կառավարման օբյեկտներ են կազմակերպության ակտիվները և պասիվները, իսկ որպես սուբյեկտ հանդես են գալիս ֆինանսական ծառայության աշխատակիցները։

Ելնելով ֆինանսական կառավարման բովանդակությունից՝ տարբերում են նրա հետևյալ խնդիրները.

•կազմակերպության նպատակների իրագործման համար ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտ ծավալի ապահովում.

•Ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինում և օգտագործում.

•Ֆինանսական ռիսկի կանխատեսված մակարդակի պայմաններում շահույթի մաքսիմալացում.

•Շահույթի կանխատեսված մակարդակի պայմաններում ֆինանսական ռիսկի մինիմիզացում.

•Ֆինանսական հավասարակշռության ապահովում ընթացիկ ժամանակահատվածում և կազմակերպության գործունեության առաջիկա հեռանկարում.

•Տնտեսական գործունեության իրականացման արտաքին և ներքին պայմանների փոփոխությունների դեպքում ներդրումների ներգրավման հնարավորության ապահովում։

Այսպիսով, ֆինանսական մենեջմենթը կառավարման համակարգ է, որն ուղղված է ֆինանսական ռեսուրսների և դրանց շարժի կառավարմանը։ Ինչպես ցանկացած կառավարման համակարգ, ֆինանսական կառավարումը ևս իրագործվում է պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի և վերահսկողության հիմնական գործառույթների իրականացմամբ։

Պլանավորումը՝ որպես կառավարման գործառույթ, ընկած է կառավարչական որոշումների կայացման հիմքում։ Այն ենթադրում է կազմակերպության կառավարման խնդիրների ձևակերպում և առաջադրված նպատակների իրագործման համար ծրագրերի իրականացման ուղիների մշակում։ Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է որոշել, թե ֆինանսական պլանավորման համակարգի որ տարրերի հետ են դրանք առավելապես կապված և ինչ գործիքներ կարող են օգտագործվել դրանց լուծման համար։

Ֆինանսական պլանավորման կազմակերպումը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ.

1.Տեղի է ունենում տարբեր ծառայությունների շահերի համակարգում՝ պլանի մշակման և իրականացման ընթացքում.

2.Ստեղծվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների գործողությունների միասնական կարգ.

3.Գործում է շահադրդման համակարգ, որն ուղղված է կազմակերպության մտավոր և նյութական ներուժի արդյունավետ օգտագործմանը.

4.Պլանավորման ողջ գործընթացը բաժանվում է առանձին մոդուլների, ինչը զգալիորեն պարզեցնում է պլանի մշակման և իրականացման գործընթացը, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը.

5.Մշակված է փաստաթղթաշրջանառության համակարգ, որի շնորհիվ կարելի է օբյեկտիվ պատկերացում ստանալ կազմակերպության արտադրատնտեսական գործունեության վերաբերյալ.

6.Ռեսուրսների օգտագործման սահմանափակ այլընտրանքների պայմաններում գոյություն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ պլանների փոխկապվածություն.

7.Կազմակերպության ներսում մշակվող պլանները հավասարակշռված են միմյանց միջև։

Կազմակերպության ֆինանսական խնդիրների լուծման գործում մեծ է կազմակերպության ֆինանսական գործունեության կառավարման կազմակերպական կառուցվածքի դերը։

ՙՖինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը կազմակերպության ֆինանսական գործունեությանն առնչվող որոշումների կայացման և իրականացման համար պատասխանատվություն կրող կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների ամբողջությունն է։

Փոքր կազմակերպություններում ֆինանսական կառավարման ծառայություն, որպես այդպիսին, չի ձևավորվում, և բոլոր ֆինանսական պարտականությունները հաճախ դրվում են մեկ մարդու՝ կազմակերպության սեփականատիրոջ, կառավարչի կամ գլխավոր հաշվապահի վրա։ Միջին և խոշոր կազմակերպություններում ֆինանսական գործունեության համակարգման և գործառույթների իրականացման համար ստեղծվում է ֆինանսական հատուկ ծառայություն՝ համապատասխան ստորաբաժանումներով։

Ժամանակակից պայմաններում ֆինանսական գործունեության կառավարման բնագավառում լայն տարածում են գտել պատասխանատվության կենտրոնների հիման վրա ձևավորվող կառուցվածքները։

Պատասխանատվության կենտրոնը կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է, որի ղեկավարն ամբողջությամբ վերահսկում է ֆինանսական գործունեության այս կամ այն ոլորտը, ինքնուրույն կայացնում որոշումներ և կրում պատասխանատվություն նորմատիվային ցուցանիշների կատարման համար։

Պատասխանատվության կենտրոնների հիման վրա ֆինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը ձևավորվում է հետևյալ ալգորիթմով.

1.Առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրություն՝ ֆինանսական ռեսուրսների ձևավորման վրա ունեցած ազդեցության տեսանկյունից.

2.Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում պատասխանատվության կենտրոնների առանձնացում.

3.Պատասխանատվության կենտրոնների ղեկավարների լիազորությունների և պարտավորությունների սահմանում.

4.Պլանային (նորմատիվային) ֆինանսական առաջադրանքների մշակում և փոխանցում պատասխանատվության կենտրոնների ղեկավարներին.

5.Սահմանված առաջադրանքների իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովում։

Վերահսկողությունը տնտեսավարող սուբյեկտների արտադրական ու ֆինանսատնտեսական գործունեության անքակտելի մասն է։ Ֆինանսական պլանավորման համակարգի հետազոտման ժամանակ չի կարելի չմատնանշել դրա սերտ կապը կազմակերպության ֆինանսական վերահսկողության համակարգի հետ։

Չնայած պլանավորումն ու վերահսկողությունը կառավարման տարբեր գործառույթներ են՝ դրանց գոյությունը կազմակերպության տնտեսական գործունեության մեջ մեկուսացված ձևով անհնար է, քանի որ դրանք փոխպայմանավորում և փոխլրացնում են միմյանց։

Ընդհանրացնելով ֆինանսների կառավարման էությունը՝ պետք է նշել, որ այն ներառում է կառավարչական գործունեության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են գործողությունների ծրագրերի մշակումը, կազմակերպական և կառավարչական գործառույթները, կատարողների գործողությունների համակարգումը, ընդունված որոշումների կատարման վերահսկողությունը։ Ֆինանսական կառավարմանն են վերաբերում կազմակերպության ֆինանսական կայունության, իրացվելիության, վճարունակության, երկարաժամկետ ֆինանսավորման, զարգացման հեռանկարների ապահովման և ակտիվների կառուցվածքի ձևավորման վերաբերյալ որոշումների կայացումը։ Այն կազմակերպության ռազմավարական նպատակների և մարտավարական խնդիրների լուծմանն ուղղված՝ դրամական ֆոնդերի և ֆինանսական ռեսուրսների կառավարման գործընթաց է։

Գրականություն[խմբագրել]

1.«Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան։ Տնտեսագետ, 2009, 608 էջ։

2.Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.։ Хика-Центр, 1999.-592 с.

3.Финансовый менеджмент։ учебное пособие/ Под ред. проф. Е. И. Шохина._М.։ ИД ФБК-ПРЕСС, 2004.-408 с.

4.Финансовый менеджмент։ теория и практика. Учебник/ Под ред. Стояновой E.С. -М.։ Перспектива, 1998.-656 с.