Ֆթիզիատրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆթիզիատրիա (հուն․՝ фθίσις - հյուծախտ, բարակացավ, թոքախտ և հուն․՝ ιατρεία - բուժում), կլինիկական բժշկության բաժին, ուսումնասիրում է տուբերկուլոզի հարուցիչի ձևաբանական և կենսաբանական առանձնահատկությունները, կենդանի օրգանիզմ նրա ներթափանցման ուղիները, հիվանդության զարգացման մեխանիզմները, զանազան օրգանների ախտահարումը տուբերկուլոզով, դրանց ախտորոշումը, կլինիկական ընթացքը, բուժման մեթոդները և առողջացման պրոցեսները։

Ֆթիզիատրիան զբաղվում է նաև տուբերկուլոզի ժամանակ ալերգիայի և իմունիտետի, համաճարակագիտության, կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումների ուսումնասիրությամբ։ Ֆթիզիատրիան օգտագործում է կլինիկական, ռենտգենաբանական, բրոնխաբանական, ռադիոիզոտոպային, ընդերադիտման, բակտերիալոգիական, լաբորատոր, կենսաքիմիական, իմունաբանական և այլ ախտորոշիչ մեթոդներ։ Ժամանակակից ֆթիզիատրիայից առանձնացել են մի շարք մասնաճյուղեր՝ ֆթիզիապեդիատրիան, ֆթիզիաուրոլոգիան, ֆթիզիագինեկոլոգիան, ֆթիզիաօրթոպեդիան, ֆթիզիավիրաբուժությունը։

Հիվանդների բուժման նախկին հիգիենա-դիետային, ախտանշանային, կոլապսաբուժական և կոլապսավիրաբուժական մեթոդների հետ մեկտեղ, սկսած 1943 թվականից ֆթիզիատրիան ձեռնամուխ է եղել տուբերկուլոզի տարբեր արտահայտությունների բուժմանը՝ անտիբիոտիկներով և քիմիական դեղամիջոցներով։ Սկսած XX դ․ 50-ական թթ․, տուբերկուլոզի թոքային որոշ ձևերի դեպքում կիրառում են թոքերի արմատական վիրահատություններ, որոնք տալիս են բարձր բուժական արդյունավետություն։ Հակատուբերկուլոզային դեղամիջոցների օգտագործումը հնարավորություն տվեց ֆթիզիատրիայի բնագավառում կազմակերպել նոր կանխարգելիչ ուղղություն՝ քիմիականխարգելումը։ XX դ․ սկզբին ֆրանսիացի գիտնականներ Ա․ Կալմետի և Կ․ Գերենի հայտնաբերած ԲՑԺ կենդանի վակցինային շտամի շնորհիվ ֆթիզիատրիայի բնագավառում սկսեց զարգանալ կանխարգելիչ նոր ուղղություն՝ հակատուբերկուլոզային վակցինացումը և ռեվակցինացումը։ Հիվանդության վաղ ձևերի ժամանակին հայտնաբերման նպատակով լայնորեն կիրառվում են զանգվածային տուբերկուլինաախտորոշման մեթոդը և ֆլյուորագրաֆիական հետազոտությունները։

XX դ․ սկզբին ֆթիզիատրիան առանձնացել է ընդհանուր թերապիայից, այնուհետև կազմակերպվել են տուբերկուլոզով հիվանդների բուժման մասնագիտացված հիմնարկներ՝ հիվանդանոցներ, առողջարաններ, ինչպես նաև հակատուբերկուլոզային պայքարը գլխավորող հիմնարկներ՝ դիսպանսերներ։

Հայաստանում հակատուբերկուլոզային ծառայությունը կազմակերպվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ ֆթիզիատրիաի հիմնադիր Գ․ Սաղյանի նախաձեռնությամբ։ Սովետական Հայաստանի քաղաքներում և գյուղական շրջաններում գործել են հակատուբերկուլոզային դիսպանսերներ, որոնց աշխատանքը գլխավորել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը։

Երևանի բժշկական ինստիտուտում ֆթիզիատրիան դասավանդվել է 1930 թվականից, թերապիայի ամբիոնին կից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։