Ֆեռոհամաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեռոհամաձուլվածքներ, երկաթի և այլ տարրերի համաձուլվածքներ, որոնք հիմնականում կիրառում են պողպատի ապօքսիդացման և լեգիրման համար։

Պայմանականորեն ֆեռոհամաձուլվածքներ են համարում նաև խառնուկների ձևով երկաթ պարունակող համաձուլվածքները (օրինակ, սիլիկաալյումին, սիլիկակալցիում), բացի այդ նաև որոշ մաքուր մետաղներ և ոչ մետաղներ (մետաղական մանգան, մետաղական քրոմ, բյուրեղային սիլիցիում)։ Ֆեռոհամաձուլվածքները ստանում են ֆլյուսի և վերականգնիչի հետ (սովորաբար ածխածին, սիլիցիում կամ ալյումին) հանքանյութի կամ վերջինիս խտանյութի հալումով։

Ֆեռոհամաձուլվածքների տեսականին շատ բազմազան է։ Առավել տարածված են ֆեռոսիլիցիումը (9—95% Si), ֆեռոքրոմը (մինչև 70% Cr), ֆեռոմանգանը (70—80% Mn), ֆեռովոլֆրամը (65—80% W), ֆեռոմոլիբդենը (մինչև 55% Mo), ֆեռովանադիումը (35—80% V), ֆեոոտիտանը (27—40% Ti), ֆեռոնիոբիումը (30—75% Nb), ֆեռոբորը (5—20% B), ֆեոոֆոսֆորը (7—25% P)։ Երբեմն ստանում են մի քանի բաղադրիչներից բաղկացած բարդ ֆեռոհամաձուլվածքներ։

Ֆեռոհամաձուլվածքների արտադրությունը բնութագրում է արդի մետալուրգիական արդյունաբերության զարգացման ընդհանուր մակարդակը, մասնավորապես, լեգիրված պողպատի արտադրության վիճակը։ Մեծ էներգատարության պատճառով ֆեռոհամաձուլվածքների արտադրությունը հաճախ կապում են էժան էներգիայի հզոր աղբյուրների հետ։

Գրականություն[խմբագրել]

  • Рысс М․ А․, Производство ферросплавов, М․, 1975;
  • Дуррер Р․, Фолькерт Г․, Металлургия ферросплавов, пер․ с нем․, М․, 1976․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png