Ֆեմինիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիազացիա (ֆր.՝ feminisation, լատ.՝ femina - Կին, էգ), կանացիացում, իգականացում, արական սեռի անհատների օրգանիզմում իգական երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալը։

Նկատվում է արու ձկների, երկկենցաղների, թռչունների, կաթնասուն կենդանիների և մարդու մոտ։ Փորձառական ճանապարհով ֆեմինիազացիա կարելի է առաջացնել ամորձատած արուներին ձվարան փոխպատվաստելով կամ իգական սեռական հորմոններ (էսարոգեններ) ներարկելով։

XX դ. 20-ական թթ. փորձառական ֆեմինիազացիան աոաջինն իրականացրել է Մ. Զավադովսկին՝ ամորձատած աքաղաղի ձվարան փոխպատվաստելով։ Ամորձատած արու կաթնասուններին (ծովախոզուկ, առնետ) ձվարան փոխպատվաստելիս կամ էստրոգեններ ներարկելիս նկատվում է իգական սեռական բնազդ։

Մարդկանց ֆեմինիազացիա[խմբագրել]

Տղամարդու ֆեմինիազացիան բնորոշվում է հոգեսեռական (պսիխոսեքսուալ) կամ մարմնակազմի կանացի տիպի այլափոխմամբ։ Լինում է 2 ձևի

  • Առաջին դեպքում բնորոշվում է տղամարդու օրգանիզմում իգական հորմոնների գերարտադրությամբ, որը կարող է հանդես գա միանգամայն առողջ տղամարդու մոտ՝ մակերիկամների, ամորձիների կամ այլ տեղակայման էստրոգենսյին ուռուցքների գոյացման հետևանքով։ Նման դեպքերում, չնայած տղամարդու օրգաններն առավել զգայուն են արական սեռական հորմոնների հանդեպ, սակայն էստրոգենների չափից ավելի արտադրության հետևանքով տղամարդու կրծքագեղձերը մեծանում են (գինեկոմաստիա), ճարպը դասավորվում է կանացի տիպի, ձայնը, շարժումները, բնավորությունը դառնում են կանացի։ Բուժումը կատարվում է վիրաբուժական ճանապարհով, կատարելով էստրոգեններ արտադրող ուռուցքի հեռացում։
  • Երկրորդ ձևի դեպքում սեռական հորմոններն արտադրվում են բնականոն չափերով ու փոխհարաբերությամբ, սակայն անհատի հյուսվածքներն առավել զգայուն են իգական հորմոնների հանդեպ։ Առաջանում է գեների մուտացիայի հետևանքով։

Արտաքին սեռական օրգանները լինում են տիպիկ կանացի։ Ունենում են կանացի հոգեսեռական կողմնորոշում։ Նման անհատներն ամուսնանում են որպես կին, ֆիզիկապես շատ ավելի ուժեղ են, քան կանայք։ Այս ձևն առավել հաճախ բնորոշ է ռեկորդակիր կանանց։ Ներկայումս միջազգային մրցումների ժամանակ անպայման ստուգվում է կին մարզիկների քրոմոսոմային կազմը և եթե հայտնարերվում է տեստիկուլյար ֆեմինիազացիա, նրանք զրկվում են մրցումներին մասնակցելու իրավունքից։

Բուժումը նույնպես կատարվում է վիրահատական ճանապարհով, եթե հեշտոցը կարճ է, երկարացնում են, ամորձիները որովայնի խոռոչից դուրս են հանվում մաշկի տակ կամ հեռացվում, այնուհետև կիրառվում է էստրոգենային բուժում (մինչև 40—50 տարեկանը)։

Ֆեմինիազացիա նկատվում է նաև ամորձատման (որոշ հիվանդությունների բուժման նպատակով), վաղ մանկական տարիքում սերմնաբշտերի հեռացման հետևանքով։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png