Ֆելյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆելյաններ կամ Ֆեյյաններ (ֆր.՝ feuillants), քաղաքական խմբավորում Ֆրանսիայում, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։

Ֆելյանները նիստերը գումարել են մի ժամանակ ֆելյանների կուսակրոն միաբանությանը պատկանած դահլիճում (այստեղից էլ նրանց անվանումը, Ֆելյանների ակումբի լրիվ անվանումը՝ «Ֆելյանների մոտ նիստեր գումարող սահմանադրության բարեկամների ընկերություն»)։ Ֆելյանների ակումբը ստեղծել են սահմանադրական-միապետական բուրժուազիայի և լիբերալ ազնվականության ներկայացուցիչները, որոնք դուրս են եկել Յակոբինյան ակումբից՝ համաձայն չլինելով թագավորին գահընկեց անելու 1791 թվականի հուլիսի 16-ին նրանց ընդունած որոշման հետ։ Ֆելյանների ղեկավարներից էին Ժիլբեր Լաֆայեթը, Անտուան Բարնավը, Ալեքսանդր Լամետը, Ադրիեն Դյուպորը։

1791 թ. հոկտեմբերից մինչև միապետության տապալումը (1792 թ. օգոստոսի 10) ֆելյանները փաստորեն կառավարող կուսակցություն էին Սահմանադիր և Օրենսդիր ժողովներում։ Արտահայտել են խոշոր բուրժուազիայի շահերը, դեմ էին հանրապետությանը, ձգտում էին 1791-ի ցենզային սահմանադրության շրջանակներում ամրապնդել սահմանադրական միապետությունը։ Միապետության տապալումից հետո ֆելյանների ակումբը դադարել է գոյություն ունենալուց, անցել է հակահեղափոխության կողմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png