Ֆալոպյան փողի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆալոպյան փողի բոբոքում նաև արգանդափողի բորբոքում, «սալպինգիտ», արգանդափողերի բորբոքային հիվանդություն։

Նկարագրություն[խմբագրել]

Առաջանում է արգանդից (սեպտիկ միկրոֆլորայի և գոնոռեայի առկայության դեպքում) կամ այլ օրգաններից (օրինակ՝ տուբերկուլոզի ժամանակ) արյան միջոցով ֆալոպյան փողերը վարակի անցումից։ Սովորաբար պրոցեսն սկսվում է լորձաթաղանթի ախտահարմամբ, որն աստիճանաբար ընդգրկում է արգանդափողի մյուս շերտերը, այնուհետև առաջանում են գալարակծկանքի խանգարումներ, կպումներ, որոնք կարող են արտարգանդային հղիության կամ անպտղության պատճառ դառնալ։

Արգանդափողի լուսանցքում շճային հեղուկի կուտակումը կոչվում է ֆալոպյան փողի ջրակալում (հիդրասալպինքս), իսկ թարախի կուտակումը՝ ֆալոպյան փողի թարախակալում (պիոսալպինքս)։ Սովորաբար պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև ձվարանները (սալպինգոօֆորիտ)։ Ընթացքը սուր է, ենթասուր կամ քրոնիկական՝ կրկնությունների հակումով։ Սուր ընթացքի ժամանակ լինում են որովայնի ստորին հատվածի ցավեր, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրանում՝ 38 - 38,5°C, որովայնի լարվածություն։

Ախտորոշվում է անամնեզի (վիժումների կամ ծննդաբերությունների բարդ ընթացք, անկանոն սեռական կյանք, թոքերի տուբերկուլոզ ևն), կլինիկական պատկերի առանձնահատկությունների և գործիքա-լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա։

Բուժում[խմբագրել]

Սուր շրջանում հիվանդի հոսպիտալացում, հանգիստ, անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, կալցիումի քլորիդի պատրաստուկներ, հակահիստամինային դեղամիջոցներ, ենթասուր և քրոնիկական շրջաններում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ (ցեխաբուժություն, գերձայնային բուժում, դիաթերմիա ևն), տուբերկուլոզայինի ժամանակ՝ հակատուբերկուլոզային դեղամիջոցներ։

Կանխարգելում[խմբագրել]

Որպես կանխարգելման միջոցներ կարելի է նշել աբորտների և ծննդաբերությունների ընթացքում վարակի ներթափանցման կանխումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png