Ֆաինա Մելնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաինա Մելնիկ
Դիմանկար
Ֆաինա Մելնիկը 1972 թվականի օլիմպիական խաղերում
Ծնվել էհունիսի 9, 1945(1945-06-09)[1]
ԾննդավայրԲակոտա, Կամենեց-Պոդոլսկիի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 16, 2016(2016-12-16)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունթեթևատլետ
ԱմուսինՎելկո Վելև
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Faina Melnyk Վիքիպահեստում

Ֆաինա Գրիգորևնա Մելնիկ (Վելևա-Մելնիկ) (ռուս.՝ Фаина Григорьевна Мельник, ուկրաիներեն՝ Фаїна Григорівна Мельник, հունիսի 9, 1945(1945-06-09)[1], Բակոտա, Կամենեց-Պոդոլսկիի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2016(2016-12-16)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային սկավառականետորդուհի և գնդահրորդուհի։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1971, 1974), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972), երեք Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաինա Մելնիկը ծնվել է Դնեստր գետի ափին` Ուկրաինական ԽՍՀ Խմելնիցկու մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանի Բակոտա գյուղում։ Երբ ամբարտակ կառուցելու պատճառով գյուղն անցավ ջրի տակ, նրա ընտանիքը տեղափոխվեց Դոնեցկի մարզ։ Մեծ սպորտ Ֆաինա Մելնիկը եկել է բավական ուշ` 25 տարեկանում, գյուղատնտեսական տեխնիկումում ուսումն ավարտելուց հետո և Մոսկվայի Կրուպսկայայի անվան պետական մարզային մանկավարժական ինստիտուտում սովորելու ժամանակ։ 1969 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Սկավառականետության հինգ տարվա մարզումները Ֆաինային բերեցին ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Սակայն հզոր և կտրուկ Մելնիկը չէր կարողանում իրագործել իր պոտենցիալ մեծ հնարավորությունները տեխնիկական լուրջ թերացումների պատճառով[3]։

1970 թվականին տեղի ունեցավ հանդիպում, որը փոխեց Ֆաինայի մարզական ճակատագիրը։ Նրա մարզիչը դարձավ նախկինում անվանի սկավառականետորդ, ԽՍՀՄ նախկին չեմպիոն և ռեկորդակիր Կիմ Բուխանցովը։ Արդեն մի քանի ամսվա համատեղ աշխատանքից հետո Մելնիկը դարձավ աշխարհի ուժեղագույն նետորդուհիներից մեկը։ Սկսելով բացարձակ անսպասելի հաղթանակից թեթև աթլետիկայի ԽՍՀՄ-ԱՄՆ ավանդական մրցամարտում (նրան ընդգրկել էին երկրորդ ԽՍՀՄ հավաքականի կազմում, սակայն նա կարողացավ առաջ անցնել մրցակցուհիներից), հետագայում Մելնիկը հաղթեց բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցեց, այդ թվում` ԽՍՀՄ առաջնությունում[3]։

1971 թվականին արդեն ոչ ոք չէր կասկածում, որ սկավառակի նետում մրցաձևում հայտնվել է նոր առաջատար։ Մելնիկը վստահորեն հաղթում է Եվրոպայի առաջնությունում` առաջ անցնելով աշխարհի ռեկորդակիր Լիզել Վեստերմանից և թարմացնելով նրա ռեկորդը։ Դա վեց տարվա ընթացքում նրա սահմանած 11 համաշխարհային ռեկորդներից առաջինն էր[3]։

Ընդհանուր առմամբ աշխարհի ռեկորդը նա թարմացրել է 6 մետրով` 64-ից դարձնելով 70։ Նման զգալի հավելում պատմության ընթացքում չի հաջողվել կատարել աշխարհի ոչ մի նետորդուհու[3]։

Ֆաինա Մելնիկին նվիրված փոստային նամականիշը, ԱՄԷ, 1973
Ֆաինա Մելնիկին նվիրված փոստային նամականիշը, ՀՀ, 2010

ԽՍՀՄ հավաքականում Հայաստանը ներկայացնող Մելնիկի կարիերայի գագաթնակետը 1972 թվականի Օլիմպիական խաղերն էին, որտեղ 66,62 մետր արդյունքով, որը օլիմպիական ռեկորդ էր, նա դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հաջորդ օլիմպիադայում սկավառակի նետման մրցումներում նա 4-րդն էր (66,40 մ), իսկ գնդի հրման մրցումներում` 10-րդը (18,07 մ)։ Իսկ 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում Մելնիկը չհաղթահարեց որակավորման փուլը (60 մետր) և եզրափակիչ չմտավ[4]։

Հանդես է եկել սկզբում Երևանի «Սևան» մարզական ընկերության, այնուհետև՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում։ Մելնիկը դարձել է սկավառակի նետման 1971, 1974 թվականների Եվրոպայի, ԽՍՀՄ 1970, 1972-1977 թվականների չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (1971—1972, 1973-1978)։ 1987 թվականին Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան Ֆաինա Մելնիկին ճանաչել է «բոլոր ժամանակների № 1 սկավառականետորդուհի»[3]։

Մեծ սպորտը թողնելուց հետո ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտը (1986 թվականին) և նույն ինստիտուտի կլինիկական օրդինատուրան բժիշկ-ստոմատոլոգ մասնագիտությամբ։ Քսան տարի աշխատել է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում։ Միաժամանակ կրկին վերադարձել է մեծ սպորտ արդեն որպես մարզիչ։ Մարզել է գնդի հրման օլիմպիական չեմպիոնուհիներ Նատալյա Լիսովսկայային և Սվետլանա Կրիվելյովային[3]։

1970-ական թվականներին ամուսնացած է եղել բուլղարացի սկավառականետորդ Վելկո Վելևի հետ (ծնվ. 1948 թվականին)[5]։

Ֆաինա Մելնիկը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[6]։

1973 թվականին Ֆաինա Մելնիկին նվիրված փոստային նամականիշ է թողարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ 2010 թվականին՝ Հայաստանում[7]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1971)[8]
  • Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1972)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sports-Reference.com
  2. 2,0 2,1 2,2 http://www.lequipe.fr/Athletisme/Actualites/Disparition-de-la-discobole-faina-melnik/760999
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Фаина Мельник». Վերցված է 2017 թ․ մայիս-ին.
  4. «Faina Melnik». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիս-ին.
  5. Велко Велев 35 години след рекорда — за успехите и неволите, за връзката си с великата Файна Мелник
  6. Похороны Фаины Мельник
  7. «Նամականիշեր` նվիրված օլիմպիական չեմպիոններին». Վերցված է 2017 թ․ մայիս-ին.
  8. Хавин Б. Н., Всё об олимпийских играх. - 2-е издание, дополненное, М., «Физкультура и спорт», 1979, էջ 537։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաինա Մելնիկ» հոդվածին։