Օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ Այն պարզ էր ու հարմար, բայց...

Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով... Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա։ Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում։ Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը։ Շատ տարիներ անց՝ մ.թ.ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։

Մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։ Այդ 11 րոպե 14 վայրկյանի տարբերությունը 400 տարում հասավ 3 օրվա, և Հուլյան օրացույցը նույնպես սկսեց «հետ մնալ»։

1582 թ-ին Հռոմի Գրիգոր XIII պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր՝ Գրիգորյան օրացույցը։ Սակայն վերջինս նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում սխալը հասնում է 1 օրվա։

Գործող օրացույցն ունի նաև մի շարք այլ թերություններ. ամիսների տևողության, եռամսյակների, կիսամյակների անհավասարությունը, ամսաթվերի և շաբաթվա օրերի անհամաձայնությունը։ Այդ իսկ պատճառով դեռևս 19-րդ դարից քննարկվում է օրացույցի բարեփոխման և նոր՝ համաշխարհային օրացույցին անցնելու հարցը, որով ներկայումս զբաղվում են առանձին մարդիկ և ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը։

Չինական օրացույցում ընդունված է տարիների 12-ամյա պարբերություն, և յուրաքանչյուր տարին անվանվում է 12 կենդանիների՝ առնետի, ցուլի, վագրի, նապաստակի, վիշապի, օձի, ձիու, ոչխարի, կապիկի, աքաղաղի, շան և խոզի անուններով։

Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։

Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր։ Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաև Բուն Հայկական օրացույցը։ Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է։

Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց։

Մեզանում Բուն Հայկական օրացույցի թվականից բացի, ստեղծել են նաև այլ օրացույցներ։ 584 թ-ին հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական։ Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ-ի հուլիսի 11-ից։ Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, և ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը։ 1085 թվականին հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց ևս, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական։

Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում։

Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից)։

Հայկական Հանրագիտարան