Օպերան և դրաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Օպերան և դրաման», գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ամենամեծ փիլիսոփագեղագիտական աշխատություն։ «Ապագայի դրամայում», ինչպես Վագներն էր անվանում իր երաժշտական դրաման, զարգանում է արվեստների սինթեզի գաղափարը։ Գրքի հիմանական բովանդակությունը հանգում է հետևյալին՝ օպերայի մոլորությունն այն է, որ երաժշտությունը, որը պետք է օպերայում արտահայտչական միջոց հանդիսանա, դարձել է նպատակ, իսկ դրաման, որը պետք է նպատակ լինի, դարձել է միջոց։ Այդ պատճառով էլ օպերան իր պատմական զարգացման ընթացքում վերածվել է արիաների, զուգերգերի, պարերի մի շարքի, որոնք դրաման մասնատում են մանր մասերի, հեղեղվել է անբովանդակ (դրամատիկական իմաստով) մեղեդիով և դարձել է հանդիսատեսին զվարճացնելու միջոց։ Այդ առումով Վանգերն առանձնապես քննադատում է իտալական օպերան հանձին Ռոսսինիի և ֆրանսիական օպերան՝ Օբերի և Մեյերբերի։

Ստեղծագործություններում նվագախմբի կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վագների՝ արտահայտչական հիմանական միջոցը պետք է լինի նվագախումբը, որը կոչված է արտահայտելու այն, ինչ բառն անզոր է արտահայտել՝ խորացնել և բացատրել ժեստը, լուսաբանել դրամայի հերոսների ապրումների և կրքերի ներաշխարհը, հանդիսատեսին տալ ապագա գործողության նախազգացում։ Սիմֆոնիկ նվագախմբային հյուսվածքի մեղեդիական բովանդակությունը պետք է կազմեն կրկնվող և բազմիցս վերադարձող մոտիվները (այսպես կոչված լեյտմոտիվները), որոնք բնութագրում են դրամայում գործող անձանց, բնության երևույթները, առարկաները, մարդկային կրքերը։ Բազմաթիվ կարճ լեյտմոտիվների հերթագայումների, փոխակերպումների, միաժամանակյա զուգորդումների վրա հիմնված այդպիսի անընդմեջ սիմֆոնիկ զարգացումը կազմում է վագներյան, այսպես կոչված, «հարատև մեղեդին»։

Վագների հայացքների քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագների` «Օպերան և դրաման» աշխատանքում արտահայտած հայացքները ենթարկվել են քննադատության ինչպես նրան ժամանակակից, այնպես էլ հետագա կոմպոզիտորների և երաժշտագետների կողմից։ Ընդդիմախոսները նշել են, որ Վագների առաջարկած ուղիները խոցելի շատ տեղեր ունեն։ Խոցելի է երաժշտական դրամայում գլխավոր դերը վերագրել նվագախմբին, այլ ոչ թե վոկալ տարրին։ Վագները դրանով իսկ դիտավորությամբ և գիտակցելով՝ օպերան զրկում է վոկալ-մեղեդիական արտահայտչականությունից, որը միշտ կազմել է օպերայի կենսական հիմքը։ Խոցելի է գտնվել Վագների այն կարծիքը, թե իբր երաժշտական դրաման միակ համադարմանն է արվեստի բոլոր փորձանքներից, որի բարձրաձայնումը հարուցեց մի շարք առաջավոր երաժիշտների արդարացի բողոքը։

Նշվել է, որ եթե Վագներն իրավացի է, երբ դեմ է դուրս գալիս սիրելի երգիչների կատարած վիտուոզային արիաներով բուրժուական հասարակության էժանագին զվարճացմանը, ապա արիաների և զուգերգերի սկզբունքային ժխտումն օպերայում ոչ այլ ինչ է, եթե ոչ խզում օպերային լավագույն ավանդույթների հետ (որոնք բնավ չեն հակասում դրամատիկական ճշմարտությանը)։

Պ. Ի. Չայկովսկին բազմիցս նշել է այդ առիթով, որ կյանքի ճշմարտությունը և գեղարվեստական ճշմարտությունը, առանձնապես այնպիսի պայմանական ժանրում, ինչպիսին օպերան է, երկու տարբեր ճշմարտություններ են։ Վագները համարում է, որ միայն պոեզիան չի կարող դառնալ կատարյալ դրամա. նա պետք է դաշինքի մեջ մտնի երաժշտության հետ։ Բայց ամեն տեսակի պոեզիան կամ սյուժեն չէ, որ կարող է զուգակցվել երաժշտության հետ. Երաժշտական դրամայի բանաստեղծական հիմքն առասպելն է, որը ստեղծէլ է ժողովրդական ֆանտազիան։ «Առասպելը,- ասում է Վագները,- պատմության սկիզբն է ու վերջը։ Ամեն մի պատահականից զերծ լինելով, այն արտահայտում է հավերժականն ու անմարը և այդ պատճառով ամենից ամբողջական, ամենից ներդաշնակ զուգակցվում է երաժշտության հետ»։