Օլեգ Յանկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Յանկովսկի
ռուս.՝ Олег Иванович Янковский
Օ. Յանկովսկի, 2007 թ. լուսանկար
Ծնվել էփետրվարի 23, 1944(1944-02-23)[1][2]
ԾննդավայրKarsakpay, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էմայիսի 20, 2009(2009-05-20)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (1965)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Lyudmila Zorina?
Երեխա(ներ)Ֆիլիպ Յանկովսկի
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0946160
ԿինոՊոիսկID 54829
olegyankovsky.ru
Օլեգ Յանկովսկի՝ Վիքիպահեստ

Օլեգ Իվանի Յանկովսկի (ռուս.՝ Оле́г Ива́нович Янко́вский, փետրվարի 23, 1944(1944-02-23)[1][2], Karsakpay, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] - մայիսի 20, 2009(2009-05-20)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[4]), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ամենանշանավոր ու ճանաչված դերասաններից մեկը։

Նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ 1991 թվականին ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1987), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1996, 2002)։

Դերասանն ավելի հայտնի դարձավ «Վահան և սուր», «Ծառայում էին երկու ընկեր», «Այն նույն Մյունհաուզենը», «Թռիչք երազում և իրականում», «Նոստալգիա» ֆիլմերի շնորհիվ։ Թատրոնի բեմում նրա ամենավառ աշխատանքները եղել են Ֆ. Մ. Դոստաևսկու «Ապուշը», Մ. Շատրովի «Կապույտ ձիեր կարմիր խոտերի վրա», Վ. Վիշնևսկու «Օպտիկական դժբախտություն», Ա. Չեխովի «Ճայը», Գ. Գորինի «Ծաղրածու Բալակիրյովը» ներկայացումներում մարմնավորած կերպարները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Իվանովիչ Յանկովսկին ծնվել է Ղազախստանի ԽՍՀ-ում (այժմ Ղազախստան), Ջեզկազգան քաղաքում 1944 թվականի փետրվարի 3-ին Իվան և Մարինա Յանկովսկիների ընտանիքում։ Յանկովսկիների տոհմն ունի բելառուսական և լեհական արմատներ[5]։

Դերասանի հայրը՝ Յան Յանկովսկին (հետագայում ստացել է Իվան անունը) մինչև 1917 թվականի հեղափոխությունը գվարդիական սպա էր, Սեմյոնովյան գնդի շտաբս-կապիտան։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պարգևատրվել է Սուրբ Գեորգու շքանշանով։ Բրուսիլովսկու ճեղքման ժամանակ ծանր վիրավորվել է։ Ծառայել է Տուխաչևսկու հետ միասին, ով իր կարիերան ևս սկսել է Սեմյոնովյան գնդում։ 1930-ական թվականների սկզբում ձերբակալվել է, իսկ 1936 թվականին՝ ազատվել։ 1937 թվականին կրկին ձերբակալվել է, ինչպես փաստում էր Օլեգ Յանկովսկին, «վառվել է» նրա համար, որ «եղել է Տուխաչևսկու ընկերը»։ Շուտով ազատվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է թիկունքում՝ Ջեզկազգանի և Լենինաբադի կառուցման ժամանակ։ 1951 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սարատով, որտեղ 1953 թվականին Իվան Յանկովսկին մահացել է (մահվան պատճառը Առաջին համաշխարհայինի ժամանակ ստացած վերքերի հետևանքներն են)։

Իվան Պավլովիչը սիրում էր թատրոն, արվեստ, երաժշտությունը, իսկ Մարինա Իվանովնան պատանի տարիներին եղել էր բալետի պարուհի։ Նրանք մեծ գրադարան ունեին, որը հավաքել էր հայրը, իսկ մայրը կարողացել էր ամբողջը պահպանել։ Երբ ընտանիքը Ջեզկազգանից Սարատով տեղափոխվեց, թատրոնը դարձավ որդիների հետաքրքրությունը. ավագ որդին՝ Ռոստիսլավը, այցելում էր գեղարվեստական ինքնագործունեության դասերի, միջնեկ եղբայրը՝ Նիկոլայը, հաճախում էր թատերական դասերի։ Եղբայրները շատ էին սիրում տեղական Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները։ Ռոստիսլավը, ավարտելով Մ. Գորկու անվան թատերական ստուդիան, սկսեց աշխատել տեղական թատրոնում։ 1957 թվականին նա տեղափոխվեց Մինսկ, որտեղ սկսեց խաղալ Մ. Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Մորը նյութական կարիքների գոնե մի մասից ազատելու համար (ընտանիքի միակ կերակրողը միջնեկ եղբյարն էր՝ Նիկոլայը), մեկ տարի անց Ռոստիսլավն իր մոտ վերցրեց 14-ամյա Օլեգին, որն ավարտել էր 7-րդ դասարանը։ Մինսկում Յանկովսկի կրտսերը իր առաջին դերը խաղաց. հարկավոր էր փոխարինել էպիզոդիկ դեր կատարող փոքրիկ Էդիկին Ա. Դ. Սալինսկու «Թմբուկահարուհին» ներկայացման մեջ։ Օլեգը չէր զգում ներկայացման մեջ իր մասնակցության կարևորությունը. մի անգամ նա քնել էր հանդերձարանում և չէր հասցրել իր մուտքին։ Օլեգը ֆուտբոլ էր սիրում, որով տարվել էր դեռ Սարատովում ապրելու տարիներին։ Տեղափոխվելով Միսկ՝ նա որոշ ժամանակ խաղացել է Էդուարդ Մալոֆեևի հետ։ Բայց այդ տարվածությունը բացասաբար ազդեց նրա ուսման վրա, և ավագ եղբայրն արգելեց Օլեգին ֆուտբոլ խաղալ։

Մարինա Իվանովնան անհանգստանում էր որդիների համար՝ կապված նրանց տեղափոխման հետ, և հենց հնարավորություն ընձեռվեց, Օլեգը վերադարձավ Սարատով, որտեղ ավարտեց № 67 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո Օլեգը պատրաստվում էր ընդունվել բժշկական համալսարան, բայց պատահաբար տեսավ Սարատովի թատերական ուսումնարանի ընդունելության հայտարարությունը։ Հիշելով բեմի վրա իր ունեցած փորձը՝ նա որոշեց փորձել իր ուժերը։ Բայց նրան հիասթափություն էր սպասում. ընդունելության քննություներն արդեն ավարտել էին, սակայն Օլեգը որոշեց իմանալ ընդունելության կանոնները հաջորդ տարվա համար և մտավ տնօրենի սենյակ։ Վերջինս միայն հարցրեց նրա ազգանունը և ասաց, որ Յանկովսկին ընդունված է և պետք է պարապմունքներին սկսի այցելել սեպտեմբեր ամսից։ Մի քանի ամիս անց պարզվեց, որ Օլեգի եղբայրը՝ Նիկոլայը, ընտանիքից գաղտնի որոշել է ընդունվել և հաջողությամբ անցել է ստեղծագործական մրցույթը։ Օլեգին անկեղծորեն սիրող Նիկոլայը որոշեց չբաժանել Օլեգին բեմից։ Օլեգն առանց խնդիրների չէր սովորում։ Ինչպես հիշում էր սցենարային խոսքի մանկավարժը. «Վատ էր խոսում, ապարատին ծանր էր տիրապետում, բերանը սխալ էր բացում»։ Բայց «Երեք քույրեր» դիպլոմային թատրոնում Տուզենբախի դերում, Օլեգ Յանկովսկին կարողացավ ներկայանալ որպես շատ խոստումնալից, հետաքրքիր դերասան և այդ փաստը ցրեց կուրսի ղեկավարի տարակուսանքները։ Երկրորդ կուրսում Օլեգը ծանոթացավ Լյուդմիլա Զորինայի հետ, որը սովորում էր մեկ կուրս բարձր։ Շուտով նրանք ամուսնացան։ Երբ ուսումնարանից հետո Զորինային հրավիրեցին Սարատովի դրամատիկական թատրոն, նա համառեց, որպեսզի Օլեգին ևս վերցնեին այնտեղ։ 1965 թվականին Սարատով դրամատիկական ուսումնարանն ավարտելուց հետո (մանկավարժ՝ Ա. Ս. Բիստրյակով) Օլեգին ընդգրկեցին Սարատովի թատրոնի կազմի մեջ։ Լյուդմիլան արագ դարձավ թատրոնի աստղ, նրան դիտելու էր գնում ողջ Սարատովը։ Օլեգին տրվում էին միայն էպիզոդիկ դերեր։

Դեբյուտը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում Օլեգ Յանկովսկին պատահաբար է հայտնվել։ Սարատովի դրամայի թատրոնը հյուրախաղերի էր մեկնել Լվով։ Օլեգը մտել էր հյուրանոցի ռեստորան, որպեսզի ճաշեր։ Նույն ռեստորանում էր գտնվում ռեժիսոր Վլադիմիր Բասովը և ապագա «Վահան և սուր» ֆիլմի նկարահանման խմբի անդամները։ Նրանք քննարկում էին, թե որտեղից կարող էին գտնել դերասանի, որը կխաղար Հենրիխ Շվարցկոպֆի դերը։ Բասովի կինը՝ Վալենտինա Տիտովան, նկատելով հարևան սեղանի մոտ նստած Օլեգին, ասաց ռեժիսորին. «ահա նստած է տիպիկ արիական արտաքինով պատանի»։ Բասովը համաձայնեց, որ երիտասարդը կատարելապես կհամապատասխաներ դերին, սակայն «նա, իհարկե, ինչ-որ ֆիզիկոս է կամ լեզվաբան։ Որտեղի՞ց գտնել մի դերասան, որ ունենա նման խելացի դեմք»։ Մոսֆիլմում կրկին հանդիպելով Օլեգին և իմանալով, որ նա դերասան է, Նատալյա Տերպսիխորովան՝ Բասովի օգնականը, առաջարկեց նա թեկնածությունը ռեժիսորին։ Նա Օլեգին գտավ Սարատովի թատրոնում և հրավիրեց նրան փորձերի[6]։ Ստանիսլավ Լյուբշինին, որը արդեն հաստատված էր հետախույզ Իոհան Վայսի (Ալեքսանդր Բելովի) դերում, հրավիրեցին խաղալ երիտասարդ դերասանի հետ։ Օլեգը շատ էր հուզվում։ Նա ընդհանրապես փորձառու չէր կինոյում, իսկ թատրոնի փորձը բաղկացած էր միայն էպիզոդիկ դերերից։ Ստանիսլավ Լյուբշինը պատմում էր.

Խաղում և, ինչպես բոլոր դերասանները կինոփորձերի ժամանակ, խաղում են սարսափելի։ Դա ինձ համար սարսափելի չէ, ես արդեն հաստատված եմ այս դերի համար, իսկ Օլեգը այնպես էր հուզվում։ Մեզ մոտ սպիտակ սյուն էր դրած՝ մարմարե, և նա ավելի անգույն էր, քան այդ սյունը։ Ողջ ողբերգական իրավիճակը արտահայտված էր նրա անգույն դեմքին։ Եվ ինչքան ավելի շատ էր Օլեգը հենվում էր սյունին, այնքան էր ավելի էր գունատվում։ Ես այդ ժամանակ Բասովին ասացի. «Վլադիմիր Պավլովիչ, ինչպե՜ս է այս տղան տառապում, ինչքա՜ն ճիշտ ընտրություն եք կատարել»։ Եվ Բասովը համաձայնեց. «Այո՛, ամեն վայրկյանի հետ ավելի լավն է դառնում, մենք նրան հաստատում ենք»[7]։

Այդպես Օլեգ Յանկովսկին հրավիրվեց իր առաջին ֆիլմին։ Թատերախումբը Լվովից հետո մեկնեց Յալթա, որտեղ Օլեգը կարդում էր «Վահան և սուր» ֆիլմի սցենարը[8]։ Նույն թվականին Օլեգը խաղաց Կարմիր բանակի զինվոր Անդրեյ Նեկրասովի դերը Եվգենի Կարելովի «Ծառայում էին երկու ընկեր» դրամայում։ Սկզբում նա փորձում էր Բրուսնեցովի դերը, սակայն ռեժիսորը, տեսնելով Օլեգին փորձերի ժամանակ, բացականչեց. «Այս մարդուն մենք Վրանգելին չենք տա»[9]։ Այդ ֆիլմի նկարահանումներին Յանկովսկին հանդիպեց միանգամից երկու աստղերի հետ՝ Ռոլան Բիկովի, որը խաղում էր Իվան Կարյակինի դերը, և Վլադիմիր Վիսոցկու, որը խաղում էր Բրուսնեցովի դերը։ Ռոլան Բիկովի հետ միասին երիտասարդ դերասանը ընկերացավ։ Բիկովի խորհուրդը Յանկովսկու համար մարգարեական դարձավ և միշտ մնաց նրա հիշողության մեջ.

Դու միանգամից Մոսկվա մի՛ գնա, Օլեգ։ Մոսկվան շնչակտուր է լինում, նրան չեն բավականացնում տաղանդավոր մարդիկ։ Իսկ դու հանրահայտ կլինես, երբ թողարկվի ֆիլմը։ Շատ թատրոններ կհրավիրեն և՛ մոսկովյան, և՛ լենինգրադյան[10]։

Նեկրասովի դերում Յանկովսկին սովորեց լռել և նայել։ Վալերի Ֆրիդը՝ սցենարի հեղինակներից մեկը, հիշում էր, թե ինչպես նրա մոտ վազեց ֆիլմի ռեժիսոր Եվգենի Կարելովը և անհանգստացած հարցրեց, թե ինչու Նեկրասովի մոտ, որի դերը խաղում էր Յանկովսկին, այդքան քիչ տեքստ կար, նրա բոլոր խոսքերը տեղավորվում էին կես էջի վրա։

Ինչպե՞ս կլինի, գլխավոր դեր և այսքան քիչ տե՛քստ։ Միգուցե ավելացնե՛ք։ Հարկավոր չէ, ասացինք մենք ռեժիսորին, թող լռի, թող Բիկովը խոսի, իսկ Յանկովսկու մոտ առանց այն էլ ամեն բան հասկանալի է առանց տեքստի, և նա այնքա՜ն արտահայտիչ է լռում, այնքա՜ն խոսուն է նրա լռությունը[11]։

«Վահան և սուր» և «Ծառայում էին երկու ընկեր» ֆիլմերի թողարկումից հետո Յանկովսկին հանրահայտ դարձավ։ Սարատովի հանդիսատեսը սկսեց գնալ թատրոն՝ դիտելու Օլեգ Յանկովսկուն։ Օլեգ Իվանովիչը սկսեց լուրջ դերեր ստանալ, ինչպես դասական («Մի բաժակ ջուր»՝ Մեշեմ, «Տաղանդներ և երկրպագուներ»՝ Մելուզով, «Ապուշը»՝ Միշկին), այնպես էլ ժամանակակից խաղացանկի («Կողքից մարդը»՝ Չեշկով) տեսքով։

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Օլեգ Յանկովսկին խաղաց Իգոր Մասլեննիկովի «Ավտոարշավորդը» ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել էր որպես «Մոսկվիչ-412» մեքենայի արտահանման տարբերակի գովազդ։ Ինչպես և իր առաջին երկու ֆիլմերում, Յանկովսկին հիանալի խաղընկեր ուներ՝ ի դեմս Եվգենի Լեոնովի։ Նրանք երկու ավտոարշավորդներ էին. Լեոնովը խաղում էր փորձառու և իմաստուն Իվան Կուկուշկինի դերը, իսկ Յանկովսկին՝ երիտասարդ, հաջողակ ու գեղեցիկ տղամարդու՝ Նիկոլայ Սերգաչյովի։ Մեքենայի սրահում նրանք գործնականում մի քանի ամիս ապրեցին՝ մեկնելով նկարահանումների Աբխազիա, Մերձբալթիկա, Ֆինլանդիա։ Յանկովսկին խոնարհվում էր Լեոնովի առջև։ Լեոնովը նույնպես նկատել էր «սարատովյան բնատուր տաղանդին»։ Հենց Լեոնովը առաջարկեց Լենկոմի նորանշանակ գլխավոր ռեժիսորին՝ Մարկ Զախարովին, նկատի ունենալ Յանկովսկուն։ Մարկ Զախարովը հատուկ մեկնեց Սարատով (այդպես է նա նկարագրում դրվագը իր «Թատրոն առանց մուրաբայի» գրքում) և նայում է «Ապուշը» և «Տաղանդներ ու երկրպագուներ» ներկայացումները՝ Օլեգ Յանկովսկու մասնակցությամբ (1973 թվականի օգոստոսին Սարատովի դրամայի ակադեմիական թատրոնը հյուրախաղերի էր Մ. Գորկու անվան Մեծ դրամատիկական թատրոնում[12])։ Օլեգ Յանկովսկու աշխատանքը աչքի զարնեց լենինգրադյան մամուլում։ Լենինգրադյան «Սմենա» թերթը 1973 թվականին գրում էր.

«Ջրի բաժակում»՝ դասական հերոս-սիրահար, ինչպես նաև Սկրիբի մոտ՝ և հանկարծ, պարզապես տղա։ Վատ չէ մտածված։ Եվ հիանալի խաղացված է[13]։

… եթե խոսել այն դերի մասին, որը գլխավորն է դերասանի արվեստում, ապա դա իշխան Միշկինն է՝ Դոստոևսկու «Ապուշ»-ում։

Լենինգրադում հաջող հյուրախաղերից հետո Օլեգը սկսեց առաջարկներ ստանալ՝ խաղալու մոսկովյան և լենինգրադյան թատրոններում, սակայն նա սպասում էր Մարկ Զախարովի առաջարկությանը։ Օլեգի հետ հանդիպման Մարկ Զախարովը չեկավ, ինչը չվախեցրեց երիտասարդ դերասանին, ով ինքը զանգեց ռեժիսորին և հիշեցրեց հանդիպման մասին[10]։ 1973 թվականին Մարկ Զախարովի հրավերով Օլեգ Յանկովսկին տեղափոխվեց Լենինյան կոմերիտմիությա անվան Մոսկովյան թատրոն ն (Լենկոմ) և սկսեց փորձել Գորյաևի՝ կուսակցական կազմակերպության երիտասարդ քարտուղարի գլխավոր դերը «երիտասարդական-երաժշտական» ներկայացման՝ «Ավտոգրադ XXI» մեջ։ Ներկայացումը առաջինն էր Մարկ Զախարովի համար՝ որպես այդ թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Պիեսը գրվել էր Յուրի Վիզբորի հետ միասին։ Թատրոնում այս ներկայացումը երկար կյանք չունեցավ, սառը ընդունվեց քննադատների կողմից, սակայն դերասանը հիշում էր նրա մասին բարի զգացմամբ՝ որպես «Զախարովի հետ դեբյուտ Լենկոմում»։ Օլեգ Յանկովսկին հիշում էր այդ ժամանակվա մասին. «Իմ տեղափոխումը Մոսկվա բարդ էր հիմնականում կենցաղային տեսանկյունից։ Հանրակացարանում հինգմետրանոց սենյակ, փոքր որդի… Բայց մասնագիտական առումով ես ոչ մի վտանգ չէի զգում[6]»:

Այդ տարիներին կինոյում Օլեգ Յանկովսկին ստեղծում է բազում հետաքրքիր կերպարներ. կուսակցության անզիջում կազմակերպիչը Սոլոմախինը Ալեքսանդր Գելմանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Մրցանակ»-ում և զվարթ Ֆրանսիսկ Սկորինան («Ես, Ֆրանցիսկ Սկորինան»), քննիչ Վորոնցովը («Երկար, երկար գործ») և դեկաբրիստը Կոնդրատի Ռիլեևը Վլադիմիր Մոտիլի «Թովիչ երջանկության աստղը» ֆիլմում, բևեռախույզը («Զրոյից ցածր յոթանասուներկու աստիճան») և մայրաքաղաքային թերթի հատուկ թղթակիցը («Սպասի՛ր ինձ,Աննա»

1970-ականների կեսերին Օլեգ Յանկովսկու նշանակալի աշխատանքը դարձավ Հոր դերը Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում։ Դերասանը ֆիլմում հայտնվել էր՝ շնորհիվ Արսենի Տարկովսկու՝ ռեժիսորի հոր հետ իր նմանության[14]։ Յանկովսկու համար Հոր դերը ընդլայնվել էր։ Ֆիլմում նաև նկարահանվել էր փոքր Ֆիլիպը՝ Յանկովսկու որդին (նա խաղում էր Անդրեյ Տարկովսկու դերը մանուկ տարիներին)[15]։ Տարկովսկին երազում է էկրանավորել Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ը և առաջարկեց Օլեգ Յանկովսկուն խաղալ Համլետի դերը, բայց Տարկովսկուն թույլ չտվեցին նկարահանել այդ ֆիլմը։ Եվ ադ ժամանակ նա որոշեց այդ ստեղծագործությունը բեմադրել թատրոնում։ Օլեգ Յանկովսկին բերեց պիեսը Լենկոմ, համոզեց Մարկ Զախարովին, սպասեց երկու տարի, սակայն փորձերը սկսելուց հինգ օր առաջ (պրեմիերան կայացել է 1977 թվականին) Տարկովսկին ասաց. «Դու, Օլե՛գ, ռոմանտիկ հերոս ես, քո դերը՝ Լաերտը, իսկ Անատոլի Սոլոնիցինը կխաղա Համլետի դերը»[16] (ներկայացման մեջ խաղում էին նաև Իննա Չուրիկովա և Մարգարիտա Տերեխովան)[15][17]։ Վիրավորված Յանկովսկին հրաժարվեց ներկայացման մեջ իր մասնակցությունից[7]։ Դա սառեցրեց հարաբերությունները դերասանի և ռեժիսորի միջև[16]։

1976 թվականին Մարկ Զախարովը պետք է սկսեր Եվգենի Շվարցի ստեղծագործության հիման վրա «Սովորական հրաշք» ֆիլմի նկարահանումները։ Մոսֆիլմի ղեկավարությանը հարկավոր էր մի ֆիլմ, որը կկարողանային ցուցադրել Ամանորի գիշերը։ Այն պետք է թեթև, հետաքրքիր կատակերգություն լիներ։ Նկարահանել առաջարկել էին Մարկ Զախարովին՝ թատրոնի ռեժիսորին, որը ուներ նկարահանած ընդամենը մեկ ֆիլմ՝ «12 աթոռ»՝ նկարահանված հեռուստատեսության համար և ճանաչված անհաջող[18]։ Գոյություն ուներ Շվարցի հեքիաթի սև ու սպիտակ էկրանավորումը, որը նկարահանել էր Էրաստ Գարինը 1964 թվականին։ Չնայած նրան, որ Արջի դերում Օլեգ Վիդովն էր, իսկ թագավորի դերում՝ Էրաստ Գրինը, ֆիլմը մոռացվել էր։ Մարկ Զախարովին ստեղծագործությունը դուր չէր գալիս, նա այն համարում էր թեթև, չէր տեսնում փիլիսոփայական ենթատեքստ։ Բայց որոշելով իր տարբերակով պատմել այդ պատմությունը՝ նա համաձայնեց։ Հրաշագործի դերում Զախարովը տեսնում էր Օլեգ Յանկովսկուն։ Նրան հեշտությամբ հաստատեց գեղարվեստական խորհուրդը՝ հիշատակելով նրա մեծ դերը կինոյում։ Նկարահանումները սկսելուց առաջ դերասանը սրտի կաթված ստացավ[19] և հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։ Բայց ռեժիսորը պատասխանեց. «Ո՛չ։ Ես ձեզնից չեմ բաժանվի։ Կսպասենք»։ Նկարահանումները դադարեցվեցին։ Եվ սկսվեցին միայն այն ժամանակ, երբ դերասանը դուրս գրվեց հիվանդանոցից[20]։ Մարկ Զախարովը հիշում էր, որ Յանկովսկին իր կինոփորձով օգնում էր նկարահանման հրապարակում[21]։ Այդ անգամ ևս ֆիլմը ստացվեց։ Արջի դերը խաղաց տակավին պատանի Ալեքսանդր Աբդուլովը, իսկ Արքայադստեր դերը՝ Եվգենիա Սիմոնովան։ Այդ ողջ պատմության մեղավորը Հրաշագործն էր՝ Օլեգ Յանկովսկին։ Մարկ Զախարովը հակադրում էր Հրաշագործին իր աշխարհի մյուս բոլոր կերպարներին։ Նա միակ կերպարն է, որ ունի փիլիսոփայական բնույթ։ Մնացածը կա՛մ լիրիկական են, կա՛մ սատիրիկ։ Նա գլխավոր դեմքն է, և հենց ինքն էր փոխանցում հեքիաթի հիմնական միտքը. «Փառք խիզախներին, որոնք քաջություն ունեն սիրելու՝ իմանալով, որ այդ ամենն ավարտ ունի։ Փառք խենթերին, որոնք ապրում են այնպես, ասես անմահ լինեն»[11]։ Օլեգ Յանկովսկու Հրաշագործը չկորավ Արջ-Աբդուլովի հմայքի, Թագավոր-Լեոնովի փայլի և Արքայադուստ-Սիմոնովայի նուրբ թովչանքի ներքո։ Չնայած նրան, որ Յանկովսկու կերպարի ստեղծման համար միջոցները ամենաքիչն էին ծախսվել, այնուամենայնիվ նա կարողացավ փոխանցել Ստեղծագործի էությունը. նա կարողանում էր հրաշքներ արարել, բայց միևնույն ժամանակ մնալ իրական մարդ՝ էգոիստ, իշխանավոր, երբեմն դաժան, և միևնույն ժամանակ իմաստուն։ Մարկ Զախարովը հետագայում խոստովանում էր. եթե չլիներ Հրաշագործը, հետագայում չէին լինի նաև Մյունհաուզենը, Սվիֆթը և Վիշապը։ Շնորհիվ «Սովորական հրաշք»-ի հաջողության՝ ռեժիսորը վերջապես կարողացավ ասել, որ նա «պատահական մարդ չէ կինեմատոգրաֆում»[21]։

1978 թվականին Օլեգ Յանկովսկին խաղաց Կամիշևի դերը Էմիլ Լոտյանուի «Իմ քնքուշ ու նուրբ գազան» ֆիլմում՝ նկարահանված Անտոն Չեխովի «Դրամա որսի վայրում» ստեղծագործության հիման վրա։ «Սպիտակ կոստյումով գեղեցիկ մարդը», գրում էր այդ մասին Մարկ Զախարովը։ Այդ դերը Օլեգ Յանկովսկին նվիրեց իր մորը՝ Մարինա Իվանովնային[22]։ Ֆիլմը վատ ընդունվեց քննադատների կողմից սկզբնաղբյուրի հետ կամայական վերաբերմունքի պատճառով, սակայն մեծ հաջողություններ գրանցեց հեռուստադիտողների շրջանում, իսկ Յանկովսկին ֆիլմից հետո դարձավ «սեքս սիմվոլ»[6]։ Կինոհամերգների ժամանակ պարզապես անհրաժեշտություն էր դարձել այն դրվագի ցուցադրումը, երբ Օլեգ Յանկովսկին ձեռքերի վրա պտտում է Օլենկային՝ Գալինա Բելյաևային Եվգենի Դոգայի հանճարեղ վալսի ներքո[11]։

1978 թվականին Մարկ Զախարովը Լենկոմում բեմադրեց «Կապույտ ձիեր կարմիր խոտի վրա» ներկայացումը՝ Միխայիլ Շատրովի ստեղծագործության հիման վրա։ Դա համարձակ փորձ էր. Օլեգ Յանկովսկին ոչ միայն խաղաց Վլադիմիր Լենինի դերը, այլ Լենինի դերը՝ առանց դիմահարդարման, առանց առաջնորդին հատուկ բարկության ու աղմուկի։ Խաղաց ոչ թե բրոնզե արձանի պես, այլ սովորական մադու՝ հիվանդ ու հոգնած, տանջվող նրանից, որ շուտով պետք է մահանար։ Նույնիսկ նրանք, ովքեր չընդունեցին ներկայացումը, հիանում էին Յանկովսկու գործով, ով կարողացավ չպատկերել ավանդական Լենինին։ Դերասանը խաղում էր ոչ թե իրական Լենինին, այլ նրա ռոմանտիկ պատկերացումը մարդկանց մտքում, ոչ թե այն մարդուն, որը նա եղել էր, այլ այնպիսի մարդու, որին ցանկանում էին տեսնել[6]։

«Այն նույն Մյունհաուզենը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Մարկ Զախարովը սկսեց «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի նկարահանումները, որի հիմքում ընկած է Գրիգորի Գորինի «Ամենաարդարը» ստեղծագործությունը, որը սկզբնապես գրվել է Սովետական բանակի թատրոնի համար[23]։ Այն ներկայացման մեջ գլխավոր դերերը կատարում էին Վլադիմիր Զելդինը և Լյուդմիլա Կասատկինան։ Իհարկե, տրամաբանական կլիներ նրանց հրավիրել ֆիլմում խաղալու համար, սակայն Մարկ Զախարովը միայն Օլեգ Յանկովսկուն էր տեսնում Մյունհաուզենի կերպարում, չնայած նրան, որ դա ինչ-որ առումով խիզախ որոշում էր։ Մարկ Զախարովը վերհիշում էր.

Օլեգ Յանկովսկուն այդ դերի համար հրավիրելու մեջ ռիսկի տարր կար։ Նա ձևավորվել էր որպես դերասան, որի մեջ ոչ մի կատարկերգական բնույթ չկար։ Բայց ի պատիվ Օլեգի՝ իր դերասանական գունապնակում գտնվեցին նաև կատակերգական գույներ, որոնք ֆիլմում, հատկապես՝ առաջին մասում, բայց երկրորդում ևս, գտան հիանալի արտացոլում[24]։

Գեղարվեստական խորհուրդը չէր հաստատում դերասանին՝ դա բացատրելով նրանով, որ նա չափազանց երիտասարդ է բարոնի դերի համար, որը մեծ որդի ունի[23]։ Գրիգորի Գորինը ևս դեմ էր Յանկովսկու թեկնածությանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և աշխատել է Մոսկվայում։ Եղել է ամուսնացած։

  • Այրի՝ դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լյուդմիլա Զորինա, ամուսնացել են այն ժամանակ, երբ Օլեգ Յանկովսկին սովորում էր թատերական ուսումնարանի երկրորդ կուրսում։
  • Օլեգ Յանկովսկու որդի՝ Ֆիլիպ Յանկովսկի, նույնպես դերասան և կինոռեժիսոր։
  • Հարսը՝ Օքսանա Ֆանդերա՝ դերասանուհի։
  • Թոռներ՝ Իվան (Մոսկվայի միջազգային կինոդպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետը ավարտելուց հետո ընդունվել է Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի ռեժիսորական ֆակուլտետ) և Ելիզավետա։
  • Եղբայրներ՝ Ռոստիսլավ Յանկովսկի, թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Նիկոլայ Յանկովսկի (1940-25.05.2015), աշխատել է Սարատովի Տիկնիկային «Տերեմոկ» թատրոնի տնօրենի տեղակալ։
  • Զարմիկ՝ Իգոր Յանկովսկի, թատրոնի դերասան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Шипунов В. Гиппократ медного края (ռուս.) // Индустриальная Караганда — 2017.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119119358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Янковский Ростислав Иванович (Династия) Արխիվացված 2012-04-21 Wayback Machine // Татьяна Ахремчик, «Народная газета», 30 марта 2006 г., № 70 (4194)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Զառա Աբդուլաևա., Օլեգ Յանկովսկի. Խաղից դուրս։
  7. 7,0 7,1 Իրինա Կորնեևա. Այն նույն Յանկովսկին 1Ռուսական թերթ», 20 փետրվարի 2004
  8. Տատյանա Անիսիմովայի հիշողություններից
  9. Յանկովսկուն չտվեին Վրանգելին // «Կոմսոմոլսկայա պրավդա»
  10. 10,0 10,1 «Օլեգ Յանկովսկի։ Ժպտացե՛ք, պարոններ՛ր», «Իմենա», մայիս 2009
  11. 11,0 11,1 11,2 Օ. Սուլկին,, Օլեգ Յանկովսկի 10, էջեր 10 — 10 էջ։
  12. Սարատովի Կ. Մարքսի անվան դրամատիակական թատրոնի հյուրախաղերը ՄԴԹ-ի բեմում. Բուկլետ
  13. Կերպարի խորքը // «Սմենա» № 198 (14525) 25 օգոստոսի 1973 г.
  14. Օլեգ Յանկովսկի. Այժմ անժամանակությունը։ Ահա և հերոս չկա // «Իզվեստիա»
  15. 15,0 15,1 Անդրեյ Տարկովսկի։, Նոստալգիա։
  16. 16,0 16,1 Աննա Կալինինա-Արտեմովա. Օլեժկան մեր համար ամենափոքրն է ու ամենասիրելին(չաշխատող հղում) // «Կոմսոմոլսկայա պրավդա», 23 փետրվարի 1999 թվական
  17. Անդրեյ Վանդենկո. Վերջին ժողովրդական արտիստը Արխիվացված 2009-08-01 Wayback Machine //Իտոգի № 8(402) 24 փետրվարի 2004
  18. «Սովորական հրաշք». Մաս 1 Արխիվացված 2009-08-03 Wayback Machine // Gorodfilm.ru, 5 սեպտեմբերի 2007 года
  19. Օլեգ Յանկովսկին «թունավորվել էր լավ կինոյով» // «ՌԻԱ Նովոստի»
  20. Կինոկլասիկա։ «Սովորական հրաշք»(չաշխատող հղում) // Sweetmama, 17 նոյեմբերի 2008 թվական
  21. 21,0 21,1 Մարկ Զախարով։, Թատրոն՝ առանց մուրաբայի։
  22. Ինտերվյու № 6, հունիս 2009 թվական
  23. 23,0 23,1 «Այն նույն Մյունհաուզենը». Աբդուլովը ստիպել է Կորնեևին հանվել // «Կոմսոմոլսկայա պրավդա», 11 նոյեմեբրի 2004։
  24. «Այն նույն Մյունհաուզենը» home video // «Մեր կինո» № 4, հունիս-հուլիս 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зара Абдуллаева. Олег Янковский։ Вне игры. - изд. 3-е, дополненное. - М.։ Эксмо, 2009. - С. 11, 14, 73, 88 - 102, 107 - 108, 127, 129 - 132, 136, 159, 161, 169, 178 - 179, 183, 198, 216, 268, 278, 283. - 352 с. - ISBN 978-5-699-35528-0
  • Марк Захаров. Загадка Олега Янковского // Театр без вранья. - М.։ АСТ, Зебра Е, 2007. - С. 248 - 251, 494. - 624 с. - (Актёрская книга). - ISBN 5-17-041580-9, ISBN 5-94663-401-1
  • Марк Захаров. Контакты на разных уровнях. - М.։ Искусство, 1987. - С. 133, 135. - 240 с.
  • Григорий Горин. Четыре послания Олегу Янковскому // Антология Сатиры и Юмора России XX века. - М.։ Эксмо-Пресс, 2000. - Т. 6. - С. 683 - 685. - 736 с. - ISBN 5-04-005055-0, 5-04-003950-6
  • О. Сулькин. Олег Янковский. - Союз кинематографистов СССР, 1987. - 80 с.
  • Андрей Тарковский. Ностальгия. - М.։ АСТ, Хранитель, Зебра Е, 2008. - С. 173, 181 - 187. - 528 с. - (Актёрская книга). - ISBN 978-5-17-051170-9, 978-5-9762-6661-2, 978-5-94663-584-4
  • Иван Александров. Олег Янковский - Улыбайтесь, господа! // Имена։ журнал. - 2009. - № 5. - С. 8 - 19.
  • Олег Янковский - на экране и в жизни // Интервью։ журнал. - 2009. - № 6. - С. 88 - 95.
  • Ольга Макашова. Настоящий народный // Starhit։ журнал. - 2009. - № 21 (80). - С. 20 - 23.
  • Энциклопедический словарь кино / Гл. ред. С. И. Юткевич; Редколлегия։ Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. - М.։ Советская энциклопедия, 1987. - 640 с., 96 л. ил. с. - ISBN 5-900070-03-4
  • С. Хохрякова. Олег Янковский. - Ростов-на-Дону։ Феникс, 2000. - 336 с. - (Мужчина-миф). - ISBN 5-222-00936-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Յանկովսկի» հոդվածին։