Օբլոմով
| հեղինակ | Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարով |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Обломов |
| Երկիր | Ռուսական կայսրություն |
| Լեզու | ռուսերեն |
| Ժանր(եր) | Սոցիալական դրամա |
«Օբլոմով» (ռուս.՝ Обломов), ռուս հայտնի գրող Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարովի վեպը: Համարվում է հեղինակի ամենանշանավոր և հայտնի ստեղծագործությունը: Առաջին անգամ հրատարակվել է 1859 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի առաջին չորս համարների մեջ: «Օբլոմովը» առաջ է քաշում մարդկային բնավորության մի նոր տեսակ «օբլոմովշչինա» անունով: Վեպը եռագրության մաս է կազմում «Սովորական պատմություն» և «Անդունդ» ստեղծագործությունների հետ:
Բովանդակություն |
Գլխավոր հերոսներ[խմբագրել]
- Իլյա Իլյիչ Օբլոմով – ազնվական, կալվածատեր, վարում է ծույլ, նստակյաց կյանք, ոչնչով չի զբաղվում բացի երազելուց
- Անդրեյ Իվանովիչ Շտոլց – Օբլոմովի մանկության ընկեր, կիսով չափ գերմանացի, աշխույժ և գործարար մարդ
- Օլգա Սերգեյեվնա Իլյինսկայա – ազնվական կին, Օբլոմովի, հետագայում Շտոլցի սիրուհին
- Զախառ – Օբլոմովի հավատարիմ ծառան, ամբողջ կյանք ծառայել է Օբլոմովների ընտանիքին, կռվարար է և բողոքող
- Ագաֆյա Մատվեյեվնա Փշենիցինա – տան տիրուհի. Օբլոմովը բնակություն է հաստատում նրա տանը, հետո ամուսնանում հետը
- Միխեյ Անդրեյեվիչ Տարանտյեվ – Օբլոմովին ծանոթը, խորամանկ և խարդախ մարդ
Սյուժե[խմբագրել]
Վեպի սյուժեն ներկայացնում է կալվածատեր Իլյա Իլյիչ Օբլոմովի կյանքը: Նա նստակյաց, ծույլ, ոչ աշխույժ ապրելակերպ է վարում և օրերով կարող է պառկել բազմոցին ոչինչ չանելով, բացի մտքերում երազելուց: Նա չի զբաղվում ոչ մի աշխույժ գործունեությամբ, դուրս չի գալիս բարձր հասարակություն և զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ օրը գործով են զբաղված:
Օբլոմովն ապրում է Պետերբուրգում իր հավատարիմ ծառայող Զախարի հետ, որն ամբողջ կյանք ծառայում էր Օբլոմովների ընտանիքին: Զախարն էլ իր հերթին բողոքող ու կռվարար ծերունի է, ինչի պատճառով ավելի է բարդացնում թուլամորթ տիրոջ իրավիճակը:
Իլյա Իլյիչն իր ընտանեկան կալվածքին է տիրապետում Օբլոմովկա անունով, սակայն ծուլությունից ընդհանրապես չի զբաղվում կալվածքի տնտեսական գործերով, ինչի պատճառով Օբլոմովկայի արդյունաբերությունը սպառվելու վտանգի տակ է կանգնում: Վատ լուրեր են հասնում նաև բնակավայրի հետ կապված: Բնակարանի տերը, որը վարձում է Իլյա Իլյիչը, ստիպում է նրան տեղափոխվել:
Շուտով արտասահմանից վերադառնում է Օբլոմովի ամենամոտիկ ընկերը, կիսով գերմանացի՝ Անդրեյ Շտոլցը: Նա իր ընկերոջ ճիշտ հակապատկերն է: Աշխույժ, գործունյա, աշխատասեր ապրելակերպ է վարում, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով: Շտոլցը ցավով նկատում է իր մոտիկ ընկերոջ ողբալի իրադրությունը: Նա Իլյա Իլյիչի նստակյաց ապրելակերպը կոչում է օբլոմովշինա և ամեն կերպ փորձում է համոզել նրան, դուրս գալ դրանից, նոր գույներով լցված կյանք սկսել:
Կարգավորելով Օբլոմովի սոցիալական խնդիրները, Շտոլցը ծանոթացնում է իրեն մի ազնվական ընտանիքից, երիտասարդ կնոջ հետ՝ Օլգա Իլյինսկայա անունով: Երկուսն էլ սիրահարվում են միմյանց, սակայն չեն ցանկանում խոստովանել դա: Շուտով Շտոլցը դարձյալ արտասահման է մեկնում գործերով, իսկ Իլյա Իլյիչն օր օրի մտերմանում է Օլգայի և իր ընտանիքի հետ: Սերը ստիպում է Օբլոմովին ամբողջովին փոխել ապրելակերպը, հանուն սիրած էակի, որը չի թողնի իրեն նման կերպ ապրել: Նա որոշում է ամեն ինչ նոր էջից սկսել, մոռանալ հնացած բազմոցները, որոնց վրա օրեր էր անցկացնում, հեռացնել պատռված գիշերանոցները, որոնցից դուրս չէր գալիս և դուրս պրծնել ի ծնե տրված ոչ նշանակալից կյանքից:
Սակայն հետագայում, Օբլոմովը այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր ցավալի բնավորությունը, ինչի պատճառով էլ Օլգան չի կարողանում համակերպվել իր սիրելիի բարդ իրավիճակի հետ: Դրա պատճառով նրանք բաժանվում են: Օբլոմովը բնակություն է հաստատում իր խարդախ ծանոթ Տարանտյեվի ճարած տանը, որտեղ Իլյա Իլյիչին խնամում է տան տիրուհին՝ Ագաֆյա Փշենիցինան, իր եղբոր հետ: Սակայն վերջինս և Տարանտյեվը լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում: Նրանք ցանկանում են ձեռքի տակ առնել Օբլոմովի կալվածքը, ինչը նրանց մի պահ հաջողվում է: Բայց շուտով վերադառնում է Շտոլցը և կռահելով խաբեբաների մտքերը, նրանց վռնդում է և կարգի է բերում իր ընկերոջ կալվածքը: Շտոլցը խոստովանում է, որ արտասահմանում նա հանդիպել էր Օլգային, և վերջինս իրեն սեր է խոտովանել, ինչից հետո նրանք որոշել են ամուսնանալ: Շտոլցը չգիտեր, որ իր ընկերոջ, և Օլգայի հարաբերություններն ու բաժանումը, այդքան լուրջ ու ցավալի են եղել, դրա համար էլ սխալ չէր համարում իր արարքը: Օբլոմովն էլ իր հերթին, անկեղծ ուրախանում է իր ընկերոջ ու Օլգայի համար, ով հիմա երջանիկ կլինի, բայց ով ամեն օր տխրում ու մտածում է Օբլոմովի մասին:
Հետո հեղինակը ներկայացնում է Օբլոմովի ապրելակերպը, քաղաքից դուրս գտնվող տանը, որն իր համար ժամանակին ճարել էր Տարանտյեվը, խարդախ նպատակների համար: Այստեղ նրան խնամում ու պահում է աշխատասեր, բարի տան տիրուհին, իր բարեկամների ու գյուղացիների հետ: Ծեր Զախարն իր կնոջ հետ, նույնպես այստեղ են բնակվում: Իսկ Օբլոմովը վերադառնում է հին կյանքին: Նա օրերով բազմոցին պառկած է անցկացնում, ոչնչով չի զբաղվում, միայն երազում է, համտեսում է գյուղացիների կերակուրները, քնում ու տեղից չի շարժվում: Հետագայում պարզ է դառնում, որ տարիների ընթացքում, Օբլոմովը սիրային կապի մեջ էր մտել միայնակ տան տիրուհու՝ Ագաֆյա Փշենիցինայի հետ, որը իրենից որդի է ծնել: Երբ Շտոլցը այցելում է Օբլոմովի տուն, վերջինս խոստովանում է իրեն դրա մասին և խնդրում է, որ Շտոլցը խնամի իր որդուն, եթե իր հետ մի բան պատահի: Շտոլցը սաստիկ զայրանում, քննադատում է իր ընկերոջը, նման ողբերգական ապրելակերպի համար և աղաչում է գալ իր հետ, փոխվել, նոր կյանք սկսել: Բայց Օբլոմովն արտասվելով ասում է, որ արդեն ուշ է, և նա չի կարող ոչինչ անել: Շտոլցն էլ հասկանում է, որ արդեն հույս չկա և հուսահատված վիճակով լքում է տունը:
Հետո հեղինակն իմաց է տալիս ընթերցողներին, որ հետագա տարիներին, Օբլոմովը լուրջ հիվանդություն էր ստացել, նստակյաց կյանքի պատճառով, որի ընթացքում կաթված էր ստացել: Հետո պատմում է, որ վերջում Օբլոմովը չկարողացավ ապաքինվել և վախճանվեց: Շտոլցն ու Օլգան, խնամության տակ են առնում նրա որդուն:
Քննադատություն[խմբագրել]
Օբլոմովշինա[խմբագրել]
Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի գլխավոր հերոսի անունով, առաջացավ մի նոր թևավոր, անվանական խոսք՝ օբլոմովշինա բառը: Այս խոսքով առաջացավ մի նոր մարդկային տեսակ, բնավորություն, որն իր մեջ պարունակում է նստակյաց կյանքի, ծուլության, ալարկոտության, քնած ապրելակերպի իմաստները: Վեպի մեջ առաջին անգամ, այս խոսքը օգտագործում է Շտոլցը, իսկ հետո էլ ինքը՝ Օբլոմովը, նկարագրելով իր ցավալի կյանքը: Այսպիսով, գրքի հեղինակն իր հայտնի կերպարով, սկիզբ դրեց մի նոր ապրելակերպի հատկանիշ: Օբլոմովշինային նվիրված է հայտնի ռուս քննադատ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի քննադատական հոդվածը, «Ի՞նչ բան է օբլոմովշինան», որը մնաց պատմության մեջ:
Էկրանավորում[խմբագրել]
- «Մի քանի օր Ի.Ի. Օբլոմովի կյանքից», ԽՍՀՄ, 1879 թվական, ռեժիսոր՝ Նիկիտա Միխալկով , գլխավոր դերում՝ Օլեգ Տաբակով: