Քրիստոսի մանկությունը (օրատորիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոսի մանկությունը (ֆր.՝ L'enfance du Christ, Op. 25), ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի օրատորիա։ Սյուժեն հիմնված է Սուրբ ընտանիքի Եգիպտոս փախուստի նորկտակարանյա պատմության վրա (տես՝ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 2)։ Օրատորիայի տեքստը գրել է ինքը՝ Բեռլիոզը։ Երաժշտությունը ստեղծվել է 1853 և 1854 թթ. ընթացքում։

Առաջին անգամ կատարվել է Փարիզի Salle Herz համերգասրահում` 1854 թ. դեկտեմբերի 10-ին, «Օպերա Կոմիկ» (Opéra-Comique) թատրոնի մենակատարների մասնակցությամբ և Բեռլիոզի ղեկավարությամբ ։

Բեռլիոզը նկարագրել է «Քրիստոսի մանկությունը» որպես սրբազան եռագրություն (Trilogie sacrée)։ Առաջին մասում պատկերված է Հրեաստանի Հերովդես արքան, որը հրամայում է կոտորել Բեթղեհեմի բոլոր նորածին երեխաներին։ Երկրորդ մասը ներկայացնում է Սուրբ ընտանիքը՝ Հովսեփին, Մարիամին և նորածին Հիսուսին, որոնք, զգուշացված լինելով հրեշտակի կողմից, ճանապարհ են գնում դեպի Եգիպտոս։ Երրորդ՝ վերջին մասում ներկայացվում է նրանց ժամանումը եգիպտական Սայիս քաղաք և Իսմաելացիների մի ընտանիքի մոտ ապաստանելը։

«Քրիստոսի մանկությունը» համարվում է Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս հաճախ կատարվում է, հատկապես՝ Սուրբծննդյան տոներին։ Կան նաև օրատորիայի բազմաթիվ ձայնագրություններ։

Օրատորիայի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսի մանկությունը» օրատորիայի գաղափարը Բեռլիոզի մոտ ծագել է 1850 թ., երբ կոմպոզիտորն իր ընկերոջ ՝ Ջոզեֆ-Լուի Դաքի համար ստեղծեց երգեհոնային ստեղծագործություն, որը կոչվում էր L'adieu des bergers («Հովիվների հրաժեշտը»)։ Նա շուտով այն վերածեց երգչախմբային ստեղծագործության` Բեթղեհեմից Եգիպտոս մեկնող մանուկ Հիսուսին հրաժեշտ տվող հովիվների խմբի համար։

Ստեղծագործությունը կատարվեց 1850 թվականի նոյեմբերի 12-ին, Բեռլիոզը ներկայացրեց այն ոչ թե իր անվամբ, այլ որպես 17-րդ դարի երևակայական կոմպոզիտոր «Դյուքրեի» ստեղծագործություն։

Նա ուրախ էր տեսնելու, որ «Հովիվների հրաժեշտը» խմբերգը արժանացավ բազմաթիվ մարդկանց գովասանքի, որոնց դուր չէր գալիս նրա իսկական անվամբ կատարվող երաժշտությունը։ Մի տիկին նույնիսկ հայտարարեց, որ «Բեռլիոզը երբեք չէր կարողանա գրել այնպիսի պարզ կամ հմայիչ մեղեդի, որքան հին Դյուքրեի այս փոքրիկ կտորը»[1]։ Դրանից հետո նա ավելացրեց մի կտոր տենորի համար՝ Le repos de la sainte famille («Սուրբ ընտանիքի հանգիստը») և երկու կտորները նախորդեց նախերգանքով՝ ստեղծելով մի գործ, որը նա անվանեց La fuite en Egypte («Փախուստ Եգիպտոս»)։ Այն լույս տեսավ 1852 թվականին և առաջին անգամ ներկայացվեց Լայպցիգում՝ 1853 թ.-ի դեկտեմբերին։

Կատարումն այնքան հաջող անցավ, որ Բեռլիոզի ընկերները նրան հորդորեցին ընդլայնել ստեղծագործությունը, և նա ավելացրեց նոր բաժին ՝ L'arrivée à Sais («Ժամանում Սայիս»), որը պարունակում էր Մարիամի և Հովսեփի դերերգերի համար նախատեսված հատվածներ։

Բեռլիոզը, թերևս զգալով, որ արդյունքը լիարժեք չէ, հետագայում ստեղծեց երրորդ բաժինը, որը նախորդեց մյուս երկուսին ՝ Le songe d'Hérode («Հերովդեսի երազը»)։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից Բեռլիոզի երաժշտությունը սովորաբար ընդունվում էր մեծ թշնամանքով՝ բնութագրվելով որպես տարօրինակ և ոչ բարեհնչյուն։ Այնուամենայնիվ, «Քրիստոսի մանկությունը» անմիջապես հաջողություն ունեցավ և փարիզյան թերթերում, բացի երկու քննադատներից, գովերգվեց։ Ոմանք ստեղծագործության ջերմ ընդունումը վերագրում էին կոմպոզիտորի նոր՝ ավելի նուրբ ոճի, պնդում, որը Բեռլիոզը եռանդուն կերպով մերժում էր։

Այդ ստեղծագործության մեջ շատ մարդիկ երևակայեցին, որ կարողացել են արմատական փոփոխություններ նշմարել իմ ստեղծագործական ոճի և եղանակի մեջ։ Այս կարծիքը լիովին անհիմն է։ Առարկային բնական կերպով սազական էր երաժշտության նուրբ և հասարակ ոճ, և միայն այդ պատճառով երաժշտությունը ավելի շատ համապատասխանեց նրանց ճաշակին և խելքին։ Ժամանակը հավանաբար ենթադրում է որոշակի ստեղծագործական որակների զարգացում, բայց ես քսան տարի առաջ էլ «Քրիստոսի մանկությունը» կգրեի ճիշտ նույն ոճով»[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաս առաջին։ Հերովդեսի երազը
  1. Տեսարան 1. Պատմիչ "Dans la créche" ("Մսուրի մեջ..."): Ստեղծագործությունը սկսվում է միանգամից՝ առանց նախերգանքի, տենոր պատմիչի Քրիստոսի ծննդյան ժամանակ Հրեաստանում տիրող վիճակի նկարագրությամբ։
  2. Marche nocturne (Գիշերային քայլերգ)։ Միահյուսված մեղեդիներով ֆուգալ հատված, որով պատկերվում է գիշերը Հերովդեսի պալատի շրջակայքը հսկող հռոմեական զինվորների քայլքը։
  3. Պոլիդորուս. "Qui vient" ("Ով է մոտենում..?"):
  4. Գիշերային քայլերգ (շարունակություն)։
  5. Տեսարան 2. Հերովդեսի մեներգ։ Սա օրատորիայի ամենահայտնի հատվածներից մեկն է։ Իր երկար մեներգում Հերովդեսն արտահայտում է իր հուսահատությունը, երբ նրան տանջում է իրեն մի օր գահընկեց անող երեխայի մասին կրկնվող երազը։ Հերովդեսին նվագակցում են տրոմբոնները, ինչպես Մեֆիստոֆելին՝ Բեռլիոզի «Ֆաուստի դատապարտումը» ստեղծագործության մեջ։
  6. Տեսարան 3. Պոլիդորուս. "Seigneur" ("Իմ տեր"): Պոլիդորուսը հայտարարում է հրեա գուշակների ժամանման մասին։
  7. Տեսարան 4. Հերովդեսն ու գուշակները։ Հերովդեսը նկարագրում է իր երազը գուշակներին։
  8. Գուշակները կատարում են կաբալիստական ծեսեր։ Կարճ վայրենի պար 7/4 չափով։
  9. Գուշակներ։ "La voix dit vrai" ("Ձայնը ճշմարիտ է խոսում"): Գուշակները հաստատում են, որ Հերովդեսի երազը ճշմարիտ է և խորհուրդ են տալիս նրան սպանել երկրում բոլոր նորածին երեխաներին։
  10. Հերովես. "Eh bien" ("Շատ լավ"): Հերովդեսը համաձայնվում է և հրամաններ է տալիս երեխաներին կոտորածի ենթարկելու համար։
  11. Տեսարան 5. Բեթղեհեմի մսուրը։ Քրիստոսը մսուրի մեջ է մինչդեռ Մարիամն ու Հովսեփը օրորոցային են երգում նրա վերևում։
  12. Տեսարան 6. Հրեշտակների խմբերգ . "Հովսե՛փ։ Մարիա՛մ": Հրեշտակները զգուշացնում են Հիսուսի ծնողներին փախնել Եգիպտոս՝ Հերովդեսի հետապնդումից խուսափելու համար։ Հրեշտակներին ներկայացնելու համար Բեռլիոզն օգտագործում է հետնաբեմի բաց սենյակում տեղադրված երգչախումբ (երգեհոնի նվագակցումթյամբ)՝ ներգործություն, որն առաջին անգամ օգտագործվել է Գոսեկի La nativité (1774) օրատորիայում։ Եզրափակիչ ակրոդների ժամանակ կոմպոզիտորն առաջարկում է փակել դռները։
  • Մաս երկրորդ։ La fuite en Égypte (Փախուստ Եգիպտոս)
  1. Նախերգանք։
  2. L'adieu des bergers (Հովիվների հրաժեշտը)։ Հանրահայտ երգչախմբային ստեղծագործություն, հաճախ կատարվում է որպես առնձին կտոր։
  3. Le repos de la Sainte Famille (Սուրբ ընտանիքի հանգիստը)։ Երգչախմբային հատված, որը նկարագրում է Մարիամի, Հովսեփի և Հիսուսի հանգիստը ծառերի ստվերում։
  • Մաս երրորդ։ L'arrivée à Saïs (Ժամանում Սայիս)
  1. Պատմիչ. "Depuis trois jours" ("Երեք օր..."): Պատմիչը նկարագրում է Բեթղեհեմից Եգիպտոսի Սայիս քաղաք փորձություններով լի ճանապարհորդությունը։
  2. Տեսարան 1. Սայիս քաղաքում։ Հովսեփն ու Մարիամը խնդրում են ապաստան տալ իրենց, սակայն Սայիսի քաղաքացիները մերժում են նրանց, քանի որ նրանք հրեա են։ Երաժշտական նվագակցումը համապատասխան արտահայտում է վիճակը։
  3. Տեսարան 2. Իսմայելիթների տան ներսում։ Վերջապես, Իսմայելացիների (այլ խոսքով՝ անհավատների) գերդաստանի նահապետը գթում է նրանց և նրանց տուն է հրավիրում։
  4. Գերդաստանի հայր. "Grand Dieu!" ("Հզոր տե՛ր"): Իսմայելացին կարգադրում է իր ընտանիքին հոգ տանել ճանապարհորդների համար։
  5. Գերդաստանի հայր. "Sur vos traits fatigués" ("Ձեր հոգնած անդամները..."): Իմանալով, որ Հովսեփը նույնպես հյուսն է, նա հրավիրում է նրան միանալու իրեն որպես գործակից։ Նա նաև առաջարկում է Հովսեփին և նրա ընտանիքին մնալ իր տանն այնքան, որքան անհրաժեշտ է։
  6. Գերդաստանի հայր. Pour bien finir cette soirée ("Այս երեկոն եզրափակելու համար..."): Երաժշտություն է նվագում՝ Սուրբ ընտանիքին հանգիստ պարգևելու համար։
  7. Տրիո երկու ֆլեյտայի և տավիղի համար։ Գործիքային ինտերյուդիա՝ Բեռլիոզի՝ կամերային երաժշտության ժանրում գրած թվով քիչ ստեղծագործություններից մեկը։ Ֆլեյտաների և տավիղի օգտագործումը ոգեշչված է Շառլ Գունոյի «Սափֆո» օպերայից և ենթադրում է հին աշխարհի մթնոլորտը փոխանցելը։
  8. Գերդաստանի հայր. "Vous pleurez, jeune mère ("Դու արտասվում ես, երիտասարդ մայր"): Իսմայելացին համոզում է Մարիամին գնալ ննջելու և վանել բոլոր անհանգստությունները։
  9. Տեսարան 3. Վերջաբան։ Պատմիչը նկարագրում է, թե ինչպես Հիսուսն անցկացրեց տաս տարի՝ տարիք առնելով Եգիպտոսում։
  10. Պատմիչ և երգչախումբ. "O mon âme" ("Օհ, իմ հոգի"): Ստեղծագործությունն ավարտվում է տենորի և երգչախմբի հանդարտ երաժշտական բաժինով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Cairns: Berlioz: Servitude and Greatness (the second volume of his biography of the composer) (Viking, 1999), էջ 451
  2. Berlioz: Memoirs (Dover, 1960), էջ 483-84։