Քրիստոնեական խորհրդապաշություն
Խորհրդապաշտությունը, կամ միստիցիզմը, կրոնական արարողությունների և յուրահատուկ տեսությունների, հոգեբանաֆիզիկական վարժությունների համակարգ է, կրոնափիլիսոփայական աշխարհայացք, որն ընդունում է արարվածի` ամենից հաճախ մարդու` Բացարձակին` Արարչին, Գերբնականին, Աստծուն հասնելու կամ հաղորդակցվելու հնարավորությունը` գերզգայական ճանապարհով: Մտահայեցման օբյեկտին հաղորդվելը հիմնականում տեղի է ունենում տարածական, ժամանակային և ֆիզիկական չափորոշիչներից ու պայմաններից դուրս գալու միջոցով: Որպես արդյունք` հաստատվում է բնազանցական, խորհրդավոր կապ, որը հետապնդում է մտասևեռման օբյեկտի ճանաչումն ու միավորումը նրա հետ:
Խորհրդապշտությունը առկա է գրեթե բոլոր կրոնական համակարգերում` սկսած նախնական հավատալիքներից (ֆետիշիզմ, շամանիզմ) մինչև համաշխարհային կրոնները`ընդգրկելով Հին աշխարհի դիցապաշտական կրոնները:
Բովանդակություն |
Քրիստոնեական խորհրդապաշտություն (միստիցիզմ) [խմբագրել]
Քրիստոնեական միստիցիզմը. ծագել է վաղքրիստոնեական համայնքներում և նորացվել ու հարստացվել քրիստոնեական վարդապետության ձևավորմանը զուգընթաց: Այն ևս կրել է Ընդհանրական Եկեղեցու պառակտումների ազդեցությունը, ուստի ընդունված է առանձնացնել հիմնականում վաղ քրիստոնեական, Ուղղափառ կամ Արևելյան, Կաթոլիկ կամ Արևմտյան և Բողոքական միստիկաները: Միստիցիզմը քրիստոնեության օրգանական տարրն է, չնայած քրիստոնեության մեջ հաճախ միստիցիզմը առանձնացնում են աստվածաբանությունից, նույնիսկ հակադրում` ընդգծելով միստիցիզմի մեջ առկա գաղտնիքը, թաքնվածն ու անճանաչելին: Սակայն խորհուրդը առհասարակ աստվածաբանության հիմքն է, աստվածաբանությունը և խորհրդապաշտությունը փոխկապակցված են և լրացնում են միմյանց, ավելին` դրանք անբաժանելի են:
Քրիստոնեական խորհրդապաշտության ակունքները առկա են Աստվածաշնչում. թե Հին, թե Նոր Կտակարանները պարունակում են բազմաթիվ խորհրդապաշտական գծեր:
Ուղղությունները [խմբագրել]
Քրիստոնեական միստիկան ընդունված է բաժանել 2 ուղղությունների`
- վերացարկված-մտահայեցողական
- բարոյագործնական
Վերացարկված-մտահայեցողական միստիցիզմի հիմքը Դիոնիսիոս Արիոպագացու ապոֆատիկ միստիցիզմն է, իսկ բարոյագործնական միստիցիզմը բնորոշ է անապատական մենակյացներին, որի մասին պատկերացում կարելի է կազմել Եվագր Պոնտացու, Մակար Եգիպտացու, Ֆրանչիսկոս Ասսիզացու, Սիմեոն Նոր Աստվածաբանի զրույցներից, իսկ հայ իրականության մեջ` Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու գործերից: Վերացարկված-մտահայեցողական ուղղությունը մարդու աստվածացումը տեսնում է աստվածության հետ միություն կազմելու մեջ, որի համար անհրաժեշտ է հոգու պարզեցում` հապլոսիս: Դիոսնիսիոս Արիոպագացու համակարգում աստվածացումը կազմված է 3 փուլից` կաթարսիս կամ մաքրագործում, ֆոտիսմոս կամ պայծառացում և տելեոսիս` կատարելագործում: Կաթարսիսը մարդու բարոյական մաքրագործումն է` պատվիրանները կատարելով, Աստծուն նվիրվելով ու սիրելով, մեղքերից խուսափելով: Ֆոտիսմոսը մարդկային հոգու լուսավորումն է աստվածային լույսով, որը մտահայեցման վերին սահմանն է: Իսկ տելեոսիսը միստիկ իմացության բարձրագույն աստիճանն է` աստվածային գաղտնիքներին ու խորհուրդներին հաղորդ լինելը:
Եթե մտահայեցողական միստիցիզմը կենտրոնացած է մետաֆիզիկական բանաձևումների և ընկալումների վրա, ապա բարոյագործնական միստիցիզմի դեպքում միանգամայն այլ պատկերն է ստացվում: Այս հոսանքի ամենահայտնի ներկայացուցիչներն են անապատական-ճգնակյացները, ովքեր աստվածտեսության նախապայման են համարում քրիստոնեական սերը, որից էլ բխում է նրանց խստակյաց առօրյան: Զեղչված են մետաֆիզիկական ընկալումները, փոխարենը առկա է ներքին փորձը: Այս ուղղության մեջ աստվածտեսությունը մի տեսակ ինքնաբերաբար է կատարվում, բայց, իհարկե, ճգնակեցական կանոնների պահպանմամբ` աղոթքով, բարեգործությամբ, չար ուժերի դեմ մարտնչելով, պատվիրանների կատարմամբ: Բարոյագործնական միստիկայում կաթարսիսը փոխարինվում է պրաքսիսով` ճգնակեցությամբ, իսկ ֆոտիսմոսը դիտվում է որպես Քրիստոսի ներկայություն անձի մեջ:
Երբեմն այս երկու ուղղությունների կողքին առանձնացնում են նաև երրորդը, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում և հանդիսանում է վերը բերված ուղղությունները միավորողը` ձգտելով համադրել տեսականն ու գործնականը: Այդ ուղղության ներկայացուցիչներից էին կապադովկյան հայրերը, Իսահակ Ասորին, ավելի ուշ` Մաքսիմոս Խոստովանողը:
Միստիկ ավանդույթը քրիստոնյա Արևելքում և Արևմուտքում [խմբագրել]
Քրիստոնեական միստիկան ունի նաև Արևելյան և Արևմտյան դիմագիծ: 1054թ. քաղկեդոնական եկեղեցու պառակտումը դրոշմ թողեց աստվածաբանության հետագա զարգացման վրա: Սկսած այդ պառակտումից Արևմտյան-Կաթոլիկ և Արևելյան-Ուղղափառ եկեղեցիների ճամփաներն ուրվագծվեցին ինքնուրույն: Արևմտյան միստիկ ուղղությունների սզբնաղբյուրներն էին Դիոնիսիոս Արիոպագացու, Օգոստինոս Երանելու ավանդած գործերը: Արիոպագացու մտահայեցողությունը կաթոլիկյան ուսմունքին հարմարեցրեց Հովհան Սկոտ Էրիուգենը, իսկ Օգոստինոս Երանելու ուսմունքին ավարտուն միստիկ ուղղվածություն հաղորդեցին 12-րդ դ. Բեռնարդ Կլերվոցին ու նրա հետևորդները, օգոստինական Սեն-Վիկտորյան դպրոցի աստվածաբանները, հատկապես մեծ ներդրում ունեցավ այս գործում Ջովաննի Բոնավենտուրան: Կաթլիկյան խոշոր միստիկ ավանդույթներով հայտնի են նաև ֆրանցիսկյան և դոմինիկյան միաբանությունները: Օգոստինականության և նորպլատոնականության միակցում էր Թովմա Գեմբացու միստիցիզմը: Հետագայում Վերածնունդն ու Ռեֆորմացիան ներազդեցին նաև կաթոլիկյան միստիցիզմի վրա, այն սկսեց կրել ավելի շուտ բարոյագործնական ուղղվածություն: Գործնական միստիցիզմի կաթոլիկ աստվածաբաններից էին Թերեզա Ավիլացին, ճիզվիտներ Խուան դե լա Կրուսը, Իգնատիոս Լոյոլան և այլք: Կաթոլիկյան աստվածաբանության մեջ չկա այնպիսի բնագավառ, որտեղ զեղչված լինի Օգոստինոսի` մեղքի մասին վարդապետությունը, մարդու կամքի մասին շնորհի միջոցով արդարացվելու ուսմունքները:
Մինչ 9-րդ դ. Արևմտյան եկեղեցին հաստատել էր ակնառու զգուշավորություն խորհրդապաշտության հանդեպ` գտնելով, որ միստիկայի ներկայությունը լավագույնս չի անդրադառնա Կաթոլիկ եկեղեցու արժեհամակարգի վրա: Սակայն արդեն 9-12-րդ դդ. միստիցիզմի նկատմամբ տրամադրվածությունը փոխվեց:
Արևմտյան միստիկան ուներ Արևելյանից տարբեր վարդապետական սկզբունքներ, որոնք հիմնարար նշանակություն ունեին միստիկ սահմանումների համար: Սակայն Արևելյան և Արևմտյան խորհրդապաշտության ճամփաբաժանը վերջնականորեն հաստատվում է աստվածտեսության հարցում, երբ 14-րդ դ. բուռն քննարկումներ էին ծավալվում աստվածճանաչողության հնարավոր լինել-չլինելու խնդրի շուրջ: Արևելյան միստիկան իրեն բնորոշ գծերով ի հայտ եկավ այս աստվածաբանական քննարկումների արդյունքում` 1341թ., 1351թ., 1368թ. Կ. Պոլսի ժողովներում: Բոլոր երեք ժողովների ընթացքում սահմանվեց, որ Աստծո էությունը բացարձակապես անճանաչելի է արարածերի համար, այն ճանաչողության օբյեկտ չի կարող լինել անգամ երանության մեջ գտնվող մարդկանց և ոչ էլ` հրեշտակների համար: Մարդկանց համար աստվածճանաչողությունը հնարավոր է լինում միայն աստվածային անստեղծ ու աստվածացմանը տանող էներգիաների շնորհիվ. աստվածային էությունը անհասանելի է արարածների համար:
Միանգամայն այլ դիրքորոշում էր տիրում Արևմուտքում: Վերը նշված ժողովների հրավիրման պատճառը իսիխաստ-աստվածաբան Գրիգոր Պալամասի և կալաբրացի վանական Բաղաամ Կալաբրացու աստվածաբանական վեճն էր: Խոսքը վերաբերում է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության լույսի բնույթին: Բաղաամը գտնում էր, որ այդ լույսը նյութական ֆենոմեն էր` ոչ ավելին, և քանի որ իսիխաստները պնդում էին, որ իրենց էքստատիկ տեսլիքներում նրանք տեսնում էին միևնույն այդ լույսը, ապա Բաղաամը նրանց աստվածտեսության ու աստվածճանաչողության աստվածային ճշմարիտ հիմքը կասկածի տակ էր դնում: Գր. Պալամասը պնդում էր, որ այդ լույսը ոչ նյութական է, ոչ էլ` հոգևոր, այլ` աստվածային և անստեղծ: Չնայած Կալաբրացու աստվածաբանությունը նզովվեց ժողովների ընթացքում, Արևմուտքում իրավիճակը մնաց անփոփոխ և մինչև օրս էլ առկախ է մնում Կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը Պալամասի աստվածաբանության հանդեպ: Կաթոլիկները մշակեցին visio beata-ի մասին տեսությունը, որի համաձայն հնարավոր է համարվում երանության մեջ գտնվողների` աստվածային էության հայումը` մինչ Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու վերջնական երանության հաստատումը: Ամեն դեպքում Արևելյան և Արևմտյան միստիկաները հավասարապես քրիստոնեական միստիկաներ են, Կաթոլիկ միստիկան ավելի քրիստոսակենտրոն է, ավելի մարդակենտրոն, իսկ Ուղղափառ միստիկան շեշտը դնում է ճգնակեցական սխրանքի վրա: Յուրաքաչյուրն էլ ունեն աշխարհայացքային ինքնուրույնություն, բայց ունեն մեկ ու միակ նպատակ` աստվածացումը` այն, ինչ վերագտել է մարդը Քրիստոսի շնորհիվ:
Աղբյուրներ [խմբագրել]
- Бердяев Н. А. Диалектика божественного и человеческого. М., 2003.
- Бердяев Н. А. Философия свободы. М., 1989.
- История религии (под. общ. ред. Яблокова И. Н.), Т. 2, М., 2002.
- Лосский В. Н. Богоизбранность. М., 2006.
- Мистика. Религия. Наука (под ред. Красникова А. Н.), М., 1991.
- Ситников А. В. Философия Плотина и традиция христианской патристики. СПб., 2001.
- Христианство (энциклопедический словарь в 2-х томах), М., 1993,1995.
- Encyclopedia of Religion and Ethics (1961), edited by James Hastings, Vol. 9, New York.