Քշիշտոֆ Պենդերեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քշիշտոֆ Պենդերեցկի, լեհ մեծ կոմպոզիտոր։

Krzysztof Penderecki 20080706.jpg

Կենսագրություն[խմբագրել]

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Հայրական տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։

Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958 թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968 թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։

1972 թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով Պենդերեցկու առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959 թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործությունններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։ 1959 թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի համար։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակին։ 1966 թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։ Հաջորդ տարի գրել է մեկ այլ խոշոր երգչախմբային աշխատանք՝ Dies Irae-ն։

1968-1969 թթ. Պենդերեցկին գրել է իր առաջին օպերան՝ Լուդունի դևերը, Համբուրգի պետական օպերայի պատվերով։ Պենդերեցկու հաջորդ խոշոր աշխատանքն էր Ուտրենյան։ 1970 թ. ՄԱԿ-ի համար գրել է մեկ այլ օրատորիա՝ Կոսմոգոնիա կանտատը։ Նրա պրեմիերան նշանավորվել է նախագահների, թագավորական ընտանիքների անդամների և վարչապետների ներկայությամբ։ Կոսմոգոնիան գնահատվել է որպես փայլուն ու չափազանց ինքնատիպ աշխատանք։ 1971 թ. գրել է Natura sonoris թիվ 2 ստեղծագործությունը դիրիժոր Զյուբին Մեհթայի համար։ 1972 թ. Պենդերեցկին սկսել է իր դիրիժորական կարիերան։ Այդ թվականից նա հանդես է գալիս աշխարհի կարևորագույն նվագախմբերի հետ։ 1972–1978 թթ. Քշիշտոֆ Պենդերեցկին եղել է Յեյլի համալսարանի երաժշտության պրոֆեսոր։ 1973 թ. ավարտել է իր Սիմֆոնիա թիվ 1 և Canticum Canticorum Salomonis ստեղծագործությունները։ Գրել է Magnificat-ը՝ ի նշանավորումն Զալցբուրգի Մայր տաճարի 1200-ամյակի, որը Պենդերեցկին ինքն է ղեկավարել 1974 թ. Զալցբուրգի փառատոնում։

Պենդերեցկու երկրորդ բեմական աշխատանքը Կորուսյալ դրախտն էր, որի պրեմիերան կայացել է Չիկագոյում, 1978 թ.։ Հաջորդ տարի նույն օպերան Պենդերեցկին ղեկավարել է Միլանի Լա Սկալա թատրոնում, ապա Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հրավերով համերգ ղեկավարել Վատիկանում։ Պենդերեցկու թիվ 1 ջութակի և նվագախմբի կոնցերտի Համաշխարհային պրեմիերան կայացել է 1977 թ. Բազելում (Շվեյցարիա), մենակատար՝ Իսահակ Սթերն։ 1980 թ. Զյուբին Մեհթան ղեկավարել է թիվ 2 սիմֆոնիայի առաջին կատարումը Նյու Յորքում։ 1979–1980 թթ. գրված Te Deum գործը կատարվել է Նյու Յորքում, Բեռլինում, Վարշավայում, և Փարիզում։ 1983 թ. հունվարի 11-ին Պենդերեցկին ղեկավարել է իր Թավջութակի և նվագախմբի թիվ 2 կոնցերտի կատարումը Բեռլինի ֆիլհարմոնիայի հետ (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ)։ Վյուրտեմբերգի ռադիոյի և պետական թատրոնի պատվերով գրել է Լեհական ռեքվիեմը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասնամյա տարելիցին։

Պենդերեցկու երրորդ օպերայի՝ Սև դիմակի համաշխարհային պրեմիերան, տեղի է ունեցել 1986 թ. Զալցբուրգի փառատոնում։ 1987 թ. արժանացել է Իսրայելի Կառլ-Վոլֆ հիմնադրամի մրցանակին։

1988 Պենդերեցկին ստացել է Գրեմի մրցանակ իր Թիվ 2 թավջութակի կոնցերտի (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ) համար, որ ձայնագրել է Էրատո ստուդիան։ 1989 թ. նոյեմբերին Լորին Մաազելը ղեկավարել է Պենդերեցկու Թիվ 4 սիմֆոնիան՝ գրված Ֆրանսիայի կառավարության պատվերով, ֆրանսիական հեղափոխության 200-ամյակի առթիվ։ Նույն ստեղծագործությունը 1992 թ. արժանացել է Լուիսվիլի համալսարանի Գրոմայեր երաժշտական կոմպոզիցիայի մրցանակին։

Պենդերեցկու չորրորդ օպերայի պրեմիերան՝ Ուբու արքան, տեղի է ունեցել 1991 թ. Մյունխենի պետական օպերայում։ 1992 թ. Լոզանում Ժան-Պիեռ Ռամպալն առաջին անգամ կատարել է Ֆլեյտայի կոնցերտը՝ նվիրված Պենդերեցկուն։ 1992 թ. օգոստոսին Պենդերեցկին ավարտել է իր Benedictus-ը երգչախմբի համար՝ մաեստրո Լորին Մաազելի համար, իսկ նոյեմբերին Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է նրա Sanctus-ի պրեմիերան։ 1995 թ. Լայպցիգում Միջին Գերմանիայի ռադիոյի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Մարիս Յանսոն) ջութակահարուհի Անն Սոֆի Մութերն առաջին անգամ կատարել է իրեն նվիրված Պենդերեցկու Թիվ 2 ջութակի կոնցերտը։

1996 թ. դեկտեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին ավարտել է իր նոր աշխատանքը՝ Երուսաղեմի յոթ դարպասները, որով նախատեսվել է եզրափակել Երուսաղեմի 3000-ամյակի տոնակատարությունները։ Պրեմիերան կայացել է 1997-ին, Երուսաղեմում։ Նույն թվականին կոմպոզիտորն արժանացել է Բյուրեղյա մրցանակի Դավոսում (Շվեյցարիա)։ 1997-ին Մոսկվայում կայացել է Օրհներգ Սուրբ Դանիիլին ստեղծագոծության համաշխարհային պրեմիերան, պատվիրված Մոսկվայի Հեռուստատեսության վեցերորդ ալիքի կողմից, ի նշանավորումն Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի։ Հաջորդ տարվա հուլիսի կայացել է նրա Credo ստեղծագործության համաշխարհային պրեմիերան Յուջինում (Օրեգոն, ԱՄՆ) կայացած Բախի փառատոնում։ 1999 Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է երկու Գրեմի մրցանակ Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիայի համար (Ջութակի կոնցերտ թիվ 2 - Metamorphosen, մենակատար՝ Անն-Սոֆի Մութեր)։ 2000-ին Պենդերեցկին ստացել է «Լավագույն ապրող կոմպոզիտոր» մրցանակը Կաննի ձայնասկավառակների և երաժշտական հրատարակությունների միջազգային շուկայում։ Պենդերեցկու Ջութակի և դաշնամուրի սոնատի պրեմիերան իրականացրել են Անն-Սոֆի Մութերը և Լամբերթ Օրքիսը Բարբիքանում (Լոնդոն, 2000)։ Վիեննայի երաժշտական ընկերակցության համերգասրահի պատվերով գրված Սեքստետա առաջին անգամ կատարվել է նույն թվականին, Վիեննայում (կատարողներ՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ, Յուրի Բաշմետ, Յուլիան Ռախլին, Դմիտրի Ալեքսեև, Ռադովան Վլատկովիչ և Փոլ Մեյեր)։

2001 թ. հունվարին Պենդերեցկին ավարտել է իր Concerto grosso-ն երեք թավջութակի համար, որի պրեմիերան կայացել է հունիսին, Տոկիոյում (դիրիժոր՝ Շառլ Դյուտուա, կատարողներ՝ Բորիս Պերգամենշչիկով, Հան-Նա Չան և Թրուլս Մյորք)։ 2001 թ. Պենդերեցկին ստացել է հեղինակավոր Աստուրիայի արքայազնի արվեստի մրցանակը։ Նյու Յորքի Քարնեգի հոլի պատվերով գրված Դաշնամուրի կոնցերտի առաջին կատարումը կայացել է 2002-ի մայիսին՝ Էմանուել Աքսի և Ֆիլադելֆիայի նվագախմբի կողմից (դիրիժոր՝ Վոլֆգանգ Սավալիշ)։ Պենդերեցկին եղել է Համբուրգի Հյուսիս-գերմանական և Լայպցիգի Միջին-գերմանական ռադիո-հեռուստատեսության նվագախմբերի գլխավոր դիրիժորը։ 1987–1990 թթ. եղել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 1992–2002 թթ.՝ Սան Խուանի (Պուերտո Ռիկո) Կազալսի անվան փառատոնի գեղարվեստական տնօրենը։ 1997-ին Պենդերեցկին եղել է Վարշավայի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը։ 1998-ից Պեկինի երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդականն է, իսկ 2000 թ. հոկտեմբերից՝ Չինաստանի նորաստեղծ ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը դիրիժորը։

2005-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սեիծի Օձավայի ղեկավարությամբ իրականացրել է Պենդերեցկու՝ թավջութակի և նվագախմբի գրված Largo-ի պրեմիերան (մենակատար՝ Մստիսլավ Ռոտրոպովիչ), գրված Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով։ Նույն տարում Լյուքսեմբուրգում կայացել է Սիմֆոնիա թիվ 8-ի պրեմիերան, որ պատվիրել է Լյուքսեմբուրգի կառավարությունը՝ ի նշանավորումն նոր Ժոզեֆին Շառլոտ ֆիլհարմոնիկ համերգասրահի բացման։ 2005 թ. Պենդերեցկի պարգևատրվել է «Արծաթե արծիվ» շքանշանով (Լեհաստանի բարձրագույն պարգևը), իսկ 2006-ին՝ Լատվիայի Երեք աստղ շքանշանով։

2007-ին կոմպոզիտորը դարձել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի, իսկ 2008-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր։ 2008 թվականին Քշիշտոֆ Պենդերեցկին ստացել է «Արծիվներ 2008» մրցանակը Անջեյ Վայդայի «Կատինյ» ֆիլմի երաժշտության համար։ 2009-ին Պենդերեցկին ստացել է ընդունել է Լյուքսեմբուրգի մեծ դքսի Արժանյաց շքանշանը և Պատվո շքանշան Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։

2010 Վիեննայի երաժշտական ընկերակցության պատվերով գրել է Ջութակի և ալտի կրնկակ կոնցերտը ի նշանավորումն ընկերակցության 200-ամյակի։ Պրեմիերան կայացել է 2012-ն հոկտեմբեր 22-ին, Վիեննայում, Բավարիայի ռադիոյի նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Մարիս Յանսոնս, մենակատարներ՝ Յանին Յանսեն (ջութակ) և Յուլիան Ռախլին (ալտ)։ Քշիշտոֆ Պենդերեցկին արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, որոնց թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արժանյաց շքանշանի մեծ խաչը բացառիկ ծառայությունների համար, Սուրբ Գևորգի ասպետական կարգը, Praemium Imperiale-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական խորհրդի մրցանակը, Մոնակոյի իշխանության մշակութային Արժանյաց շքանշանը։ 1995 և 1996 թթ. նա արժանացել է հեռուստատեսության ակադեմիայի արվեստի և գիտության Էմմի մրցանակին։ Պենդերեցկու կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական կինոնկարներ։

2008 և 2014 թվականներին հյուրընկալվել է Հայաստանում, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները։

Հղումներ[խմբագրել]