Քարվաճառի ազատագրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քելբաջարի ազատագրումից)
Քարվաճառի ազատագրում
Qelbajar henaket.jpg
Քարվաճառի ռազմական գործողությունը (1993 մարտի 27- ապրիլի 2)
Թվական 1993
Վայր ԼՂՀ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Պատճառ Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը
Արդյունք Ապրիլի 1-ին Հայկական զորքերը ազատագրեցին Քարվաճառ

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողություն։ Տեղի է ունեցել 1993մարտի 27-ից ապրիլի 2-ը։

Քարվաճառի ազատագրում[խմբագրել]

1993-ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիսարևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քարվաճառի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը` ՊԲ զինուժը մարտի 29-ին մտել է Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղաջաքենդ գյուղերը։ Մարտի 30-ին ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը Բաղրլու, Քեչիլիղայա, Չորման գյուղերում, որտեղից ամիսներ շարունակ պարբերաբար հրետակոծության են ենթարկվել Մարտակերտի շրջանի արևմտյան տարածքները։ Ապրիլի 2-ին հայկական զինուժը ազատագրել է Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկը։ Շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական բանակի քելբաջարյան խմբավորումը։ Վերջիններիս օգնության հասնելու նպատակով, խաչմերուկի ուղղությամբ շարժվել են հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 հետևակ: Մարտագծի այդ հատվածում գործող ՊԲ-ի 30 զինվորից բաղկացած ջոկատը, իր վրա վերցնելով հարվածը, մտել է անհավասար մարտի մեջ։ Ճակատամարտի ընթացքում հայ մարտիկները ոչնչացրել են 3 միավոր զրահատեխնիկա և մոտ 60 զինվոր։ Հակառակորդի գործադրած շրջափակումը ճեղքելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Մարտակերտի, Մարտունի, Շուշիի պաշտպանական շրջանների և կենտրոնական ենթակայության ուժերի կողմից անցկացված Քարվաճառի ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի զինուժի լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ։ Արևելյան զորախմբի զորամասերի հետ փոխգործողությամբ զարգացնելով հարձակումը` ՊԲ ուժերը ապրիլի 5-ին դուրս են եկել Օմարի լեռնանցք։

Տես նաև[խմբագրել]