Քարանձավի մարդիկ (Թաուֆիկ ալ-Հաքիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Քարանձավի մարդիկ» (արաբ․՝ أهل الكهف‎‎՝ ահլ ալ–քահֆ), եգիպտացի արձակագիր և դրամատուրգ Թաուֆիկ ալ-Հաքիմի (1898 - 1987) առաջին սիմվոլիկ պիեսներից մեկը։

1935 թվականին Կահիրեում բեմադրվում է «Քարանձավի մարդիկ» (արաբ․՝ أهل الكهف‎‎՝ ահլ ալ–քահֆ) պիեսը։ Այն Թաուֆիկ ալ-Հաքիմի առաջին սիմվոլիկ պիեսներից մեկն է, որը շատ անգամ է հրատարակվել և հեղինակին մեծ հռչակ է բերել։

Պիեսը կարծես թե ծառայում է որպես շարունակություն քարանձավայինների մասին հին հնդկական լեգենդի։ Պիեսի հերոսները քրիստոնյաներն են, ովքեր թաքնվել էին հեթանոս արքայի հետապնդումներից մի մոռացված քարանձավում։ Այնտեղ քնած մնալով շուրջ 300 տարի՝ նրանք ի վերջո արթնանում են։ Սակայն նրանք չեն էլ մտածում, թե ինչքան ժամանակ են անցկացրել երազում, և ի զարմանս իրենց՝ չեն կարողանում գտնել իրենց վերաբերող ոչ մի նշան՝ ոչ տուն, ոչ հարազատներ, ոչ ծանոթներ. հովիվը չի կարողանում գտնել իր ոչխարների հոտը, վեզիրը չի գտնում ոչ իր տունը, ոչ իր ընտանիքը, իսկ մյուսը իր սիրած էակի փոխարեն հանդիպում է վերջինիս ծոռանը։ Եվ աստիճանաբար կյանքը սկսում է արժեզրկվել այս մարդկանց կյանքում։ Կյանքը շատ մեծ կապ ունի շրջակա աշխարհի, անցյալի մասին հիշողությունների հետ, ամեն մարդու պետք են և ներկան, և հույսերը ապագայի համար։

Քարանձավի մարդիկ

Այսպիսով, արթնացածները կրկին վերադառնում են քարանձավ, քանի որ կյանքը այլևս ոչ մի իմաստ չունի նրանց համար։ Պիեսը լայն արձագանքներ ունեցավ, մասնավորապես հայտնի եգիպտացի գրող Տահա Հուսեյնը առաջին հերթին ուշադրություն դարձրեց դրամատուրգի նոր և յուրօրինակ մոտեցմանը առաջադրված խնդիրների նկատմամբ։

Հեղինակը միտում չի ունեցել նկարագրել հնագույն ժամանակաշրջանի մարդկանց կյանքը ժամանակակից եղանակով. նա առաջին հերթին նպատակ ուներ պատկերելու իր ժամանակների Եգիպտոսի կյանքը՝ դիմելով դիցաբանական նյութի սիմվոլիկ օգտագործմանը. այս պիեսում հեղինակը սիմվոլիկ ձևով ներկայացրել է այն բոլոր զգացմունքները, որոնք պատում էին իրեն, երբ Ֆրանսիայում չորս տարի մնալուց հետո վերադարձավ Եգիպտոս։

Գործողությունները տեղի են ունենում հորինված երկրում, իսկ հերոսները անհայտ ազգությունների են։ Այնուամենայնիվ, պիեսի հիմնական գաղափարը տանում է դեպի եգիպտական դիցաբանություն։ Հերոսներից մեկը՝ Մառնուշը, պարտություն կրելով իր և ժամանակի միջև պայքարում, բացականչում է «Անօգուտ է պայքարել ժամանակի հետ։ Եգիպտոսը դեռ ավելի վաղ փորձում էր դիմադրել ժամանակին, սակայն ժամանակը կործանեց Եգիպտոսը»։

Պիեսի դժբախտ, անելանելի ավարտը ելնում էր Թաուֆիկ ալ-Հաքիմի հոգեվիճակից, ով ցնցվել էր Եգիպոսի հետամնաց վիճակից Ֆրանսիայից վերադառնալուց հետո։ Իր տեսակի մեջ նորություն լինելով արաբական գրականության մեջ՝ պիեսը պարունակում է մի շարք թերություններ, որոնք հայտնաբերվել են գրողի ստեղծագործության հետազոտողների կողմից։

Նախ և առաջ պիեսում արտացոլված հասարակական-փիլիսոփայական խնդիրների լուծումը բավարար չափով դրսևորված չէ դրամատուրգիային հատուկ ձևով. աբստրակտ գաղափարները նվազեցնում են ստեղծագործության գեղարվեստական արժանիքները։ Դիմելով որոշակի խնդրի և պիեսի ողջ բովանդակությունը ենթարկելով այդ խնդրի լուծմանը՝ հեղինակը նախօրոք կանխորոշում է հերոսների արարքները և մտադրությունները. այսպես, քարանձավից դուրս գալուց հետո հիասթափությունը կյանքից տեղի է ունենում անսպասելի և չարդարացված ձևով։ Կարծես թե հանկարծակիորեն արթնանալով՝ հերոսներից յուրաքանչյուրը սկսում է խոսել կյանքի հանդեպ հետաքրքրության կորստի մասին։ Հերոսներից յուրաքանչյուրը՝ հովվից մինչև վեզիր խոսում են շքեղ, գրական լեզվով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Усманов Н.К.-Проблематика «интеллектуального театра» Тауфика аль-Хакима (в сборнике «Арабская филология. Сборник статей»). Москва 1968
  • Усманов Н.К.-Жизнь и творчество Тауфика аль-Хакима. Москва 1963
  • Тауфик аль-Хаким-Лотерея. Рассказы и драматические сценки (перевод Юнусова К. и др., предисловие стр. 3-10). Москва 1983
  • Путинцева Т.А.-Многоликий Тауфик аль-Хаким (в книге «Тауфик аль-Хаким. Пьесы»). Москва 1979
  • Юнусов К. О.-Драматургия Тауфика аль-Хакима. Ленинград 1973
  • The achievements of Tawfiq al-Hakim, Cambridge university Արխիվացված 2014-04-16 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]