Քաջարի զինվոր Շվեյկի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
չեխ․՝ Osudy dobrého vojáka Švejka za světové války
ՀեղինակՅարոսլավ Հաշեկ
Տեսակգրական ստեղծագործություն և անավարտ ստեղծագործական աշխատանք
Ժանրերգիծանք և military fiction?
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուչեխերեն
Կերպար(ներ)Յոզեֆ Շվեյկ և Baloun?
Ստեղծման տարեթիվ1921
Նկարագրում էԿենտրոնական և Արևելյան Եվրոպա, Չեխոսլովակիա և Պրահա[1]
ՆկարազարդողՅոզեֆ Լադա
Երկիր Չեխոսլովակիա
Հրատարակման տարեթիվ1921-1923
Թարգմանիչ հայերենՍուրեն Վահունի
Հրատարակում հայերեն1973
ԹարգմանիչPaul Selver?
ՎիքիքաղվածքՔաջարի զինվոր Շվեյկի արկածները
 Josef Švejk Վիքիպահեստում

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, լրիվ անվանումը՝ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ (չեխ․՝ Osudy dobrého vojáka Švejka za světové války), չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկի անավարտ վեպն է։

Ստեղծմնան պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն վեպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյկը առաջին անգամ հայտնվեց Յարոսլավ Հաշեկի՝ 1912 թվականին հրատարակված «Քաջարի զինվոր Շվեյկը այլ հետաքրքիր պատմություններ» պատմվածքների ժողովածուի էջերում։ Նույն հերոսին Հաշեկն անդրադարձավ հինգ տարի անց՝ 1917 թվականի հունիսին Կիևում լույս տեսած «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ» վիպակում։

Ռուսաստանից Պրահա վերադառնալով՝ գրողը նորից է վերադառնում իր ստեղծած կերպարին, բայց այս անգամ վեց մասից բաղկացած ծավալուն վեպում։

1920-1921 թվականներին Հաշեկը գրում է վեպի երեք մասերը և սկսում չորրորդը, բայց չի կարողանում այն ավարտել։ Նա հիվանդության մահճին գամված մինչև վերջ թելադրել է վեպը։ Մահը վրա հասավ 1923 թվականի հունվարի 3-ին և «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը մնաց անավարտ։

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի շարունակությունը՝ «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ», գրել է չեխ լրագրող Կարել Վանեկը 1923 թվականին։ Գիրքը շատ բաներում ինքնակենսագրական է. Վանեկը ռազմագերի է եղել Ռուսաստանում։ Վեպը հնարավորություն է տալիս տեսնել այդ տարիների Ռուսաստանը չեխ զինվորի և ավստրահունգարացի ռազմագերու աչքերով[2]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայությունը թողած, իսկ այժմ գողացած շներ վաճառող Յոզեֆ Շվեյկն իմանում է Համաշխարհային պատերազմի սկզբի մասին։ Էրցհերցոգ Ֆերդինանդի սպանության և պատերազմի սկզբի հետ կապված Շվեյկը հայտնվում է ոստիկանական գրասենյակում, հոգեբուժարանում, զինվորական հոսպիտալում և կայազորի բանտում։ Այնուհետև սկսվում են նրա ծառայության օրերը՝ սկզբում թիկունքում, հետո ռազմաճակատի ճանապարհին և ապա ռազմաճակատում։

Մասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիկունքում
  • Ռազմաճակատում
  • Փառահեղ քոթակ
  • Փառահեղ քոթակի շարունակությունը

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի բազմաթիվ կերպարների մի մասի նախատիպերը իրական անձինք են՝ Հաշեկի ծանոթներից։ Շատերի անունը հեղինակը չի էլ փոխել, թեև փոխել է նրանց կենսագրական մանրամասները։ Որոշ կերպարների վերագրված են դեպքեր Հաշեկի բուռն կենսագրականի մանրամասներից։

Յոզեֆ Շվեյկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Շվեյկը վեպի գլխավոր հերոսն է և բոլոր իրադարձությունները պտտվում են նրա շուրջ։ Մինչև պատերազմը զբաղվում էր գողացած շների վաճառքով (Յարոսլավ Հաշեկի կենսագրությունից է)։ Ներկա դեպքերից մի քանի տարի առաջ զինվորական բժշկական հանձնաժողովը նրան «կատարյալ ապուշ» էր համարել և նա ազատվել էր զինվորական ծառայությունից։ Տառապում էր ռևմատիզմով, բայց երբ նրան կանչում են զորակոչային հանձնաժողովի ներկայանալու, նա հենակներով և սայլակով է գնում։ Արդյունքում ընկնում է հոսպիտալ, կայազորի բանտ, մեղադրվում որպես դասալիք և սիմուլյանտ, բայց ի վերջո ճանաչվում է զինվորական ծառայությանը պիտանի։

Շվեյկը մնում է Պրահայում, հասցնում է երկու սպայի սպասյակ լինել։ Միայն անհեթեթ պատահականությունն է նրան բերում գործող բանակ, նույն իննսունմեկերորդ հետևակային գունդ, որտեղ որ նրա ժամկետային ծառայությունն էր անցել։ Շվեյկին նշանակում են վաշտի հանձնակատար։ Շվեյկը իր շուրջ կատարվող իրադարձությունները ընդունում է անվրդով լավատեսությամբ Բոլոր հրամանները կատարում է մեծ եռանդով, որը սակայն հիմնականում հանգեցնում է անկանխատեսելի արդյունքի։

Շվեյկը միշտ պատրաստ է ցանկացած իրադարձություն մեկնաբանել իր կյանքից վերցրած որևէ էպիզոդով։ Բազմաթիվ, իր կյանքից վերցրած և բոլորին ձանձրացրած պատմություններով հայտնի էր Հաշեկի հետ միասին ծառայած Ֆրանտիշեկ Ստրաշլիպկան՝ իրական պորուչիկ Լուկաշի սպասյակը։ Նրանից էլ Շվեյկին անցել է բնավորության այս գիծը։

Վերջին տարիներին փաստորեն հաստատվել է, որ գոյություն է ունեցել իրական Յոզեֆ Շվեյկ (1892-1965)՝ պրահացի արհեստավոր, ում Հաշեկը ճանաչել է 1911 թվականից, և ոí հիմք է ծառայել Շվեյկ կերպարը ստեղծելուն։ Հետագայումը Հաշեկը և Շվեյկը հանդիպել են Ռուսաստանում՝ գերության մեջ և որոշ ժամանակ ծառայել են նույն չեխական կամավորական գնդում[3]։

Պանի Մյուլլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանի Մյուլլեր, (այսպես է Ս․ Վահունու թարգմանությամբ, իսկ բնօրինակ տեքստում՝ Մյուլլերովա, ըստ չեխերենում կանացի անունների կազմավորման կանոնի), Շվեյկի աղախինը, սուսիկ-փուսիկ, երկչոտ պառավ է։ Դատելով վեպի տեքստից, նա Շվեյկի աղախինը չէ, այլ բնակարանի տիրուհին, ումից Շվեյկը սենյակ էր վարձում պանսիոնով։ Երբ Շվեյկը բանակ գնաց, ռազմական դատարանի որոշմամբ պանի Մյուլլերն ուղարկվեց համակենտրոնացման ճամբար։ Վեպը սկսíում է նրա «Ուրեմն մեր Ֆերդինանդին խփել են» (չեխ․՝ Tak nám zabili Ferdinanda) արտահայտությունով։ Հայտնի են Հաշեկի երկու ծանոթներ Մյուլլերովա ազգանունով, բայց նրանցից և ոչ մեկը երկչոտ պառավ չէր։

Պալիվեց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանդոկապան է։ Պրահայում «Թասի մոտ» պանդոկի տերն է, որտեղ Շվեյկը մշտական այցելու է։ «Պալիվեցը երևելի գռեհկախոս էր։ Նրա յուրաքանչյուր երկրորդ բառը կամ «հետույք»-ն էր կամ «կղկղանք»-ը։»[4], բայց կարդացած մարդ էր և գիտեր թե ինչ է ասել Նապոլեոնի գվարդիան անգլիացիներին Վաթեռլոոյի ճակատամարտի ժամանակ։ Ամեն կերպ խույս էր տալիս քաղաքականությունից և քաղաքականության մասին խոսակցություններից («դրանից Պանկրացի[5] հոտ է գալիս»), բայց և այնպես տասը տարով բանտարկվեց այն պատճառով, որ նրա պանդոկում կախված Ֆրանց Իոսիֆի դիմանկարի վրա ճանճերը ծրտել էին։

Իրական «Թասի մոտ» պանդոկի տերը 1910-ական թվականներին ոմն Վացլավ Շմիդ էր, մականունը «Կոպտող», իսկ Յոզեֆ Պալիվեցը նրա մոտ մատուցողի օգնական էր՝ նույնպես հայտնի զազրախոս։ Սոցիալիստական Չոխոսլովակիայում արդեն ազգայնացված հաստատության տնօրենը Պալիվեց ազգանունով մեկն էր[6]։

Բրետշնայդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի ոստիկանության գործակալ է, որը միշտ փորձում է շրջապատի մարդկանց բռնացնել հակամիապետական հայտարարություններ անելիս։ Ձերբակալեց Շվեյկին և Պալիվեցին։ Շվեյկի ազատվելուց հետո, շուն գնելու պատրվակով, բայց իրականում հսկողության նպատակով այցելում էր նրան։ Գնել էր յոթ շուն, որոնց ուտելու բան չէր տվել և նրանք հենց իրեն էլ լափեցին։

Բրետշնայդերի նախատիպը Պրահայի ոստիկանության աշխատակից Շպանդա-Բրետշնայդերը 1919 թվականին Պրահայից տեղափոխվել է Բեռլին, որտեղ աշխատել է գինետանը[6]։

Ֆելդկուրատ Օտտո Կաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական քահանա էր, հրեա։ Կացը սովորել էր առևտրական ինստիտուտում (այստեղ սովորել էր նաև Հաշեկը), սնանկության էր հասցրել հոր ընկերությունը և զինվորական ծառայության կանչվել որպես հոժարական (չեխ․՝ jednoroční dobrovolník, գերմ.՝ einjährig Freiwilliger, կամավոր մեկ տարով), կարիերայի համար մկրտվել էր, հանձնել սպայական աստիճան ստանալու քննությունները, բայց զինվորական ակադեմիայի փոխարեն ընդունվել էր սեմինարիա և ի վերջո դարձել ֆելդկուրատ։

Կացը անհավատ, հարբեցող, անբարոյական և խաղամոլ էր։ Բանտում հերթական քարոզի ժամանակ Կացը կալանավորների մեջ տեսնում է Շվեյկին և իրեն սպասյակ ընտրում, բայց շուտով նրան թղթախաղով տարվում է պորուչիկ Լուկաշին։ Ըստ Շվեյկի Կացը «կարող էր իր սեփական քիթն էլ խմել։ Ես և նա խմեցինք մասնատուփը, և երևի տեր Աստծուն էլ կխմեինք, եթե մեզ նրա դիմաց մի քոռ գրոշ տային»[7]

Կացը ամենայն հավանականությամբ հավաքական կերպար է։

Հեղինակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հեղինակը չեխ գրող-երգիծաբան, դրամատուրգ, լրագրող Յարոսլավ Հաշեկն է (1883-1923)։ Հեղինակ է շուրջ 1500 պատմվածքների, ֆելիետոնների և այլ երկերի։ Համաշխարհային հռչակ է ստացել այս վեպի շնորհիվ։

Նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյկի և վեպի մյուս հերոսների դասական կերպարները ստեղծել է նկարիչ Յոզեֆ Լադան։ Տուշով արած նրա մի քանի հարյուր նկարները ոչ միայն օգտագործվել են վեպի տարբեր տարիների, տարբեր լեզուներով հրատարակությունների համար, այլև թողարկվել են առանձին գրքերով։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գրաքննադատներ համարում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին hակապատերազմական վեպը, որը մի քանի տարով կանխեց Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գիրքը (1929)։ Ավելին, Ջոզեֆ Հելերն ասել է, որ եթե ինքը չկարդար «Քաջարի զինվոր Շվեյկը», ապա երբեք չէր գրի իր «Հնարք 22» վեպը[8]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին էկրանավորումը ստեղծվեց Հաշեկի մահվանից հինգ տարի անց՝ 1926 թվականին։ Այդ ժամանակվանից սկսած Շվեյկի արկածները ոչ մեկ անգամ հիմք են հանդիսացել տարբեր երկրներում նկարահանված կինոնկարների համար։ Գոյություն ունեն նաև վեպի մոտիվներով մի շարք կինոնկարներ։

  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Dobrý voják Švejk), 1926, Չեխոսլովակիա,
  • «Շվեյկը ռազմաճակատում» (Švejk na frontě), 1926, Չեխոսլովակիա,
  • «Շվեյկը ռուսական գերության մեջ» (Švejk v ruském zajetí), 1927, Չեխոսլովակիա,
  • «Շվեյկը քաղաքացիական կյանքում» (Švejk v civilu), 1927, Չեխոսլովակիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Dobrý voják Švejk), 1931, Չեխոսլովակիա,
  • «Շվեյկի կռվի է պատրաստվում», 1942, ԽՍՀՄ,
  • «Շվեյկի նոր արկածները» (Schweik’s New Adventures), 1943, Մեծ Բրիտանիա,
  • «Շվեյկի նոր արկածները», 1943, ԽՍՀՄ,
  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Dobrý voják Švejk), (մուլտֆիլմ) 1955, Չեխոսլովակիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Dobrý voják Švejk), 1957, Չեխոսլովակիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (Die Abenteuer des braven Soldaten Schwejk) (հեռուստասերիալ), 1958, ԳՖՀ,
  • «Շվեյկը ռազմաճակատում» (Poslušně hlásím), Չեխոսլովակիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Der brave Soldat Schwejk ), 1960, ԳՖՀ,
  • «Շվեյկի երիտասարդ տարիները» Schwejks Flegeljahre, 1963, Ավստրիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (Kunnon sotamies Svejkin seikkailuja) (հեռուստասերիալ), 1968, Ֆինլանդիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (De avonturen van de brave soldaat Schwejk) (հեռուստասերիալ), 1968, Բելգիա
  • «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (հեռուստաֆիլմ), 1969, ԽՍՀՄ,
  • «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (Svejk i anden verdenskrig) (հեռուստասերիալ), 1970, Դանիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (Die Abenteuer des braven Soldaten Schwejk) (հեռուստասերիալ), 1972, ԳՖՀ,
  • «Շվեյկը երկրորդ համաշխարհային պատերազմում» (Schweik na Segunda Guerra Mundial), 1975, Պորտուգալիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկը» (Osudy dobrého vojáka Švejka) (մուլտֆիլմ), 1986, Չեխոսլովակիա,
  • «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», մուլտֆիլմ 2008, Ուկրաինա։

Բացի այդ ԽՍՀՄ-ում 1941 թվականին նկարահանվել է «Մարտական կինոհավաքածու № 7», որտեղ հերոսներից մեկը Շվեյկն է։

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի երգիծանքը հիմնականում ուղղված է գերմանական միլիտարիզմի դեմ, և զարմանալի չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շվեյկը նորից ¹³ñÓ³í արդիական։ Եվրոպական տարբեր երկրներում հայտնվեցին Շվեյկի նոր արկածներ, որոնցում հնարագետ հերոսը գերմանական սպաներին ուզածի պես ֆռռացնում էր կամ պարզապես պայքարում էր նրանց դեմ։ ԽՍՀՄ-ում հայտնվեցին Շվեյկի արկածների շարքեր։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ամենահայտնի չեխերեն վեպն է։ Նա թարգմանվել և հրատարակվել է բազմաթիվ լեզուներով։

Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հայերեն հրատարակվել է երեք անգամ՝ 1936, 1973 և 1978 թվականներին՝ առաջին հրատարակությունը վերնագրված է «Քաջ զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ», մյուս երկուսըՙ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»[9]։

  • 1936 թվականի թարգմանությունը ռուսերենից կատարել է Վահան Տեր-Առաքելյանը։ Տպագրվել է ՀԽՍՀ Պետհրատի Մոսկվայի տպարանում։ Ըստ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությունը կատարվել է բնագրից[9], ըստ Սուրեն Վահունու ռուսերենից՝ «Չեխ մեծանուն գրող Յա. Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպը հայերեն լեզվով առաջին անգամ լույս է տեսել 1936 թվին, հանգուցյալ Վ. Տեր-Առաքելյանի ռուսերենից կատարած թարգմանությամբ»[10]։
  • Հաջորդ թարգմանության առաջին հրատարակությունը 1973 թվականին է եղել («Հայաստան» հրատ.)։ Թարգմանությունը ռուսերենից կատարել է Սուրեն Վահունին։ Հրատարակչությունը հիմնավորում է ռուսերենից կատարված երկրորդ թարգմանության անհրաժեշտությունը՝ «Համաշխարհային հռչակ վայելող այդ երգիծական վեպի հետ հայ ընթերցողին ծանոթացնելու գործում միանգամայն դրական դեր կատարելով հանդերձ, հիշյալ թարգմանությունը, կատարված լինելով գրեթե քառասուն տարի առաջ, բնականաբար չէր կարող խուսափել տեքստային և ոճական այն բազմաթիվ անհամապատասխանություններից, որոնք տարիներ անց, բնագրի ճշտված հրատարակությունից հետո, շտկվել են ռուսական նոր թարգմանության մեջ»։ Ավելացվում է նաև, որ այդ «թարգմանությունը կատարված է ռուսերեն նոր թարգմանությունից, ըստ որում թարգմանիչը և խմբագիրը հնարավորություն են ունեցել թարգմանության առանձին տեղերը ճշգրտելու բնագրով»
  • 1978 թվականին («Սովետական գրող» հրատ.) 1973 թվականի վերահրատարակումն է։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջարի զինվոր Շվեյկին հուշարձաններ են կանգնեցվել տարբեր երկրներում և քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգում 2003 թվականի ապրիլին[11],. Մոսկվայում, Օմսկում[12], Բուգուլմայում, Սամարայում։

Շվեյկի հուշարձաններ կան նաև Գումենեում[13], Սանոկում, Պշեմիսլում, Լվովում, Սկելովկայում, Դոնեցկում, Լուցկում, Կիևում[14]։

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում Շվեյկի մասին նկարահանված ֆիլմերում հերոսի անունը ոչ թե Յոզեֆ էր, այլ Իոսիֆ՝ Ստալինի անվան նմանությամբ։
  • Վեպը հավանաբար համաշխարհային գրականության մեջ միակն է, որի հեղինակը չի կարդացել նրա ձեռագրերը, ոչ մաս-մաս, ոչ էլ լրիվ։ Վեպը գրվել է միանգամից մաքրագիր և յուրաքանչյուր գրված գլուխ անմիջապես ուղարկվել է խմբագրություն։
  • Շվեյկին հուշարձաններ են կանգնեցվել տարբեր երկրներում, բայց իր հայրենիքում՝ Չեխիայում Շվեյկին նվիրված հուշարձան չկա։
  • Յոզեֆ Շվեյկի անունով աստերոիդ կա՝ (7896) Շվեյկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hašek J. Osudy dobrého vojáka Švejka za světové války (չեխերեն) — 1921.
  2. Կարել Վանեկ, «Քաջարի զինվոր Շվեյկը ռուսական գերության մեջ», Սանկտ Պետերբուրգ, 1993. 224 էջ, ISBN 5-87918-014-X (ռուս.)
  3. http://www.gashek.org.ru/razdel-ar-at-179/ Ս․ Նիկոլսկի, Յարոսլավ Հաշեկի ստեղծագործությունները և Ռուսաստանը (ռուս.)
  4. Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1973, էջ 11
  5. Պանկրացը քաղաքական կալանավորների բանտ էր, Պրահայի համանուն շրջանում։
  6. 6,0 6,1 http://www.serak.cz/Svejk/b2_rus.htm(չաշխատող հղում) «Թասի մոտ» գարեջրատանը
  7. Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1973, էջ 370
  8. Arnošt Lustig Nakladatelství Andrej Šťastný (չեխ.)
  9. 9,0 9,1 Յարոսլավ Հաշեկը, նրա վեպի հայ թարգմանիչները և․․․ «Չեխ Հովիկը», Ազգ օրաթերթ, #232, 2008-12-13(չաշխատող հղում)
  10. Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1973
  11. 2003 թվականի ապրիլի 11։ Բալկանյան հրապարակում Շվեյկի արձանի բացումը Արխիվացված 2012-08-04 archive.today, Պետերբուրգում Շվեյկին հուշարձան են կանգնեցրել, Յարոսլավ Հաշեկի 120-ամյակը:, Քանդակագործի դոսյեն Արխիվացված 2009-07-28 Wayback Machine, Շվեյկին հուշարձան են կանգնեցրել Արխիվացված 2009-07-28 Wayback Machine (ռուս.)
  12. Շվեյկի արկածները Սիբիրում (ռուս.)
  13. Չեխիայի նորություններ Արխիվացված 2009-07-28 Wayback Machine, Ռադիո Պրահա, նորություններ 07.10.2000 Հեղինակ՝ Լիբոր Կուկալ Արխիվացված 2009-07-27 Wayback Machine (ռուս.)
  14. Պատկերված է դերասան Գնատ Յուրան Շվեյկի դերում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» հոդվածին։