Քաղաքացիական պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
USMC-09316.jpg
US Navy 050309-N-8796S-031 Chief Hospital Corpsman Alberto Redublo, left, helps Hospital Corpsman 2nd Class Richard Cabatit as he dons his personal protective equipment for spraying pesticides.jpg

Քաղաքացիական պաշտպանություն, համապետական պաշտպանական միջոցառումների համակարգ խաղաղ և պատերազմական Ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և ժողտնտեսության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Այդօրինակ միջոցառումներ իրականացվել են դեռևս առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) և կարևոր դեր կատարել երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ։ XX դարի 50-60-ական թվականներին քաղաքացիական պաշտպանության համակարգ ստեղծվել է շատ պետություններում՝ կապված միջուկային զենքի, հրթիռների երևան գալու և զարգացման հետ։ Շատ երկրներում այդպիսի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է կառավարությունը, տեղերում՝ իշխանության տեղական մարմինները։ Նրա անմիջական ղեկավարությունն իրականացնելու համար ստեղծված են կառավարման հատուկ մարմիններ, առանձնացվում են քաղաքացիական պաշտպանության հատուկ զորքեր, ստեղծվում ռազմականացված և ոչ ռազմականացված միավորումներ աշխատունակ բնակչությունիցː Ժամանակակից պայմաններում նրա խնդիրն է զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր հարվածին ենթակա քաղաքներից բնակչության տեղափոխումն առավել անվտանգ շրջաններ և ապաստարաններ, բնակչությանն ապահովել պաշտպանական անհատական միջոցներով (հակագազ, շնչազտոց, բժշկական պատրաստուկներ և այլն), իրականացնել փրկարար և անհետաձգելի վերականգնման աշխատանքներ հարվածի ենթարկված տարածքներում։ Պատերազմական ժամանակաշրջանում ժողտնտեսության կայուն աշխատանքն ապահովելու համար իրականացվում են կազմակերպական և ինժեներատեխնիկական տարբեր միջոցառումներ, ստեղծվում միջոցներ վերականգնման աշխատանքների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png