Քաղաքական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր [խմբագրել]

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները: Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս): Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ: Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է: Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն: Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի: Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային,
  • Լեռնային և այլն:

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից: Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ: Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ): Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները: Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները: Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝

  1. լիբերալները (նիգեր),
  2. պահպանողականները (տորիներ):

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին: Դա Լիբերալ կուսակցությունն էր: 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը: Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝ Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից: Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը:

Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը [խմբագրել]

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով: Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է: Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության: Այս չափանիշով առանձնացվում են՝

  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ:

Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է: Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝

  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ:

Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է: Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ:

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ: Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների: Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ: Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը: Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն: Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով: Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես: Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում: Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ: Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն: Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են: Այս չափանիշը առաջադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Մորիս Դյուվերժեն: Այս չափանիշի հիման վրա առանձնացվում են 2 տիպի կուսակցություններ՝

  • կադրային
  • մասսայական կամ զանգվածային:

Կադրային կուսակցությունները, որպես կանոն, ունեն ներքին կուսակցական թույլ օղակներ, անդամակցության բավականաչափ հեշտացված ընթացակարգ: Կադրային կուսակցություններում հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվությունների և բարեգործական հատկացումների հաշվին: Այստեղ կուսակցական վերնախավի որոշումները պարտադիր չեն կատարման կուսակցության բոլոր անդամների կողմից: Կադրային կուսակցություններում առանձնացվում են անհատների 3 շերտեր՝

  • ֆինանսիստներ, որոնք կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի մեջ ներդնում են գումարներ:
  • փորձագետներ, որոնք ապահովում են կուսակցության սպասարկումը մասնագիտական առումով:
  • կարծիքի հեղինակություններ, որոնք ապահովում են կուսակցության հանրաճանաչությունը:

Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են: Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները: Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են: Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով: Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ: Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին: Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար: Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները: Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է: Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • աջեր
  • ձախեր
  • ցենտրիստներ կամ կենտրոնամետներ:

Այս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին: Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ: Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր: Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները: Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների: Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն:

Կուսակցական համակարգեր [խմբագրել]

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով: Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն: Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

  • միակուսակցական,
  • երկկուսակցական,
  • բազմակուսակցական:

Այս դասակարգման հիմքում դրված է ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը: Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը: Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը: Միակուսակցական համակրգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները: Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ: Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ: Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ: Մյուս կարևոր թերությունն այն է, որ պետական կուսակցական բյուրոկրատիան սերտաճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգարում է երկիրը արդյունավետ կառավարելու գործում: Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին: Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա եական ազդեցություն չունեն: Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր: Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին: Մեկի հաղթելու դեպքում, մյուսը դառնում է ընդդիմություն: Այս համակարգերում ընդդիմության դերակատարումը շատ բարձր է, որովհետև այն իրենից ներկայացնում է կառավարող կուսակցության ռեալ այլընտրանք: Երկկուսակցական համակարգը ունի նաև որոշ թերություններ: Այս համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից: Բացի այդ, երկկուսակցական համակարգի պարագայում որոշակի քաղաքական իրավիճակներում ձևավորվում են արմատական-ծայրահեղական մոտեցումները, ամեն ինչ սևի և սպիտակի մեջ ներկայացնելու միտումները, ինչը իր հերթին հասարակությունում առաջացնում է պառակտում 2 հակադիր ճամբարների միջև: Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները: Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն: Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն: Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը: Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ: Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ: Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ: