Ընդդիմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դարձիր ընդդիմություն» (2001 թվական). այս մակագրությամբ բրոնզե սալաքարը տեղադրված է Բոստոնի Հին քաղաքապետարանի շենքի դիմաց ավելի վաղ կանգնեցված ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական խորհրդանիշ էշի բրոնզե արձանի դիմաց և տպավորություն է ստեղծում, որ էշը նայում է մարդու ոտնահետքերին, որի վրա ԱՄՆ հանրապետական կուսակցության խորհրդանշան փիղն է պատկերված[1][2]

Ընդդիմություն, ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը, գործող իշխանության կողմից անտեսված խնդիրների արտահայտող։ Այն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։ Միակենտրոն քաղաքական համակարգերում պետական իշխանության հետ ցանկացած հակասություն, նրա կողմից որդեգրած քաղաքականության ու ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է պետական դավաճանություն և ազգային արժեքների ուրացում։ Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության չափավոր և խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակարգի ճկունությունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը[3]։

Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ։ Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը։ Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը։ Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն, դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված կոնֆլիկտ։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ընդդիմության առաջացման պատճառներն են հասարակության շերտավորվածությունը, ազգային անհավասարությունը, քաղաքական համակարգի անլիարժեքությունը, կոնֆլիկտները և այլն։ Այստեղ կարևոր է նշել այն հանգամանքը, որ տարբեր հիմքերով առաջացած կոնֆլիկտները անպայմանորեն ձևավորում են ընդդիմություն։ Ավելի խորը բնույթ ստանալով՝ դրանք կարող են հանգեցնել ռեժիմի քայքայմանը և ավտորիտար ռեժիմի հաստատմանը։

Ընդդիմության ձևավորման պայմաններին մանրամասնորեն անդրադարձել է Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունը Արևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ։ Նա նշում էր, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները.

  1. Սահմանադրական կարգ և ընտրական համակարգ։ Ընդդիմություն կարող է առաջանալ միայն այնպիսի պետությունում, որտեղ կա ներկայացուցչական բազմազանություն։
  2. Քաղաքական մշակույթի առանձնահատկություններ։ Քաղաքական մշակույթը նույնպես էական դեր է խաղում ընդդիմության ձևավորման հարցում, քանի որ միայն ընդդիմության նկատմամբ վստահության և դրական տրամադրվածության պարագայում այն կարող է գոյատևել։
  3. Հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը։ Սա սովորաբար վերաբերում է բազմատարր հասարակություններին, երբ ընդդիմությունն արտահայտում է որևէ էթնիկական խմբի շահերը։
  4. Կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը։ Կառավարության նկատմամաբ վստահության կամ նրանից դժգոհելու աստիճանը կապված է հասարակության մեջ շերտավորվածության աստիճանից։ Սովորաբար դժգոհությունը մեծ է, երբ բնակչության մեծամասնության կենսամակարդակը և սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ։ Կառավարության նկատմամբ վերաբերմունքը դրական է հիմնականում այնպիսի պետություններում որտեղ գերակայում է միջին խավը։
  5. Հասարակության մեջ սոցիալական և տնտեսական բաժանումը։ Սա տարբեր պետություններում կարող է տարբեր կերպ դրսևորվել։ Այսպես, կարող է լինել այնպես, որ տնտեսական հիմքը առաջացնի քաղաքական բախումներ և բաժանումներ։ Հնարավոր է նաև, որ սոցիալական և տնտեսական տարբերությունները համընկնեն քաղաքական հարցերի հետ։ Կարող է լինել նաև այնպես, որ այս տարբերությունները չլինեն առաջնային բախումների առաջացման հիմք։
  6. Զանգվածային գիտակցության առանձնահատկություններ, որը պայմանավորված է ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների բնույթով։
  7. Հասարակության բևեռվածության աստիճանը[4]։

Ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ չկա ընդհանուր մոտեցում քաղաքական ընդդիմության սահմանման վերաբերյալ։ Խնդիրը բարդանում է հիմնականում այն պատճառով, որ տերմինի իրավաբանական ամրագրումը բացակայում է։ Այսօր շատ երկրներում բացակայում են օրենքներ, որոնք կարգավորում են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Ընդդիմության մասին կարող են լինել հիշատակումներ, սակայն միայն այլ կոնցեպցիաների հետ հարաբերությունների առնչությամբ։

Տարածված սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղաքական ընդդիմությունը ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որոնք միավորվում են ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով և պայքարում են քաղաքական իշխող սուբյեկտների դեմ՝ պետական իշխանական համակարգում դոմինանատ դիրք զբաղեցնելու համար[5]։
  2. Ընդդիմությունը քաղաքական կյանքի սուբյեկտների (սոցիալական խմբեր, դասեր և այլն) դիմադրություն է քաղաքական իշխանության դեմ, որը ներքին և արտաքին քաղաքականության մեջ չի իրականացնում իշխող սուբյեկտների որոշումները[6]։
  3. Ընդդիմությունը.
  • մեկի քաղաքականանության հակադրումն է մյուսի քաղաքականությանը
  • օրենսդիր, կուսակցական կամ այլ կառույցներում մեծամասնության կարծիքին հակասող խումբն է, որը ցույց է տալիս իր կողմնակցությունը դեմոկրատիային[7]։

Ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ։ Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է։ Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։ Եթե սա ընկալենք այսպես՝ այսինքն ցանկացած հակադրություն մեծամասնության կարծիքին համարենք ընդդիմություն, ապա կստացվի, որ իշխանական շրջանակներում առաջացած անհամաձայնությունները կդիտարկվեն որպես ընդդիմություն։ Հետևաբար, անհրաժեշտ է մեկ այլ, լրացուցիչ չափանիշ, որով ընդդիմությունը կբնութագրվի որպես այսպիին։ Այդ լրացուցիչ չափանիշը ձգտումն է ձեռք բերել քաղաքական իշխանություն։ Այսպիսով, քաղաքական ընդդիմությունը սուբյեկտների կազմակերպված խումբ է, որը պայքարում է համակարգի դոմինանտ ռեսուրսները ձեռք բերելու համար։ Դոմինանտ ռեսուրսը ըստ Ռոջերսի «բարիք է, պարագա, որը տնօրինողի համար ստեղծում է հնարավորություն ուժեղացնելու իր ազդեցությունը մյուսների վրա»[8]։ Ռոջերսը նաև ուշադրություն է դարձնում այն գործոններին, որոնց հիման վրա դասակարգվում են ռեսուրսները։ Դրանք են ատրիբուտները՝ սոցիալական կարգավիճակ, ֆիզիկական հմայք, հարիզմա, պարագաներ, որոնք պահովում են իշխանությունը՝ քաղաքական հիմնարկության տնօրինում, ազդեցիկ դեմքմերի և հեղինակություների մոտ մուտք ունենալու հնարավորություն, անդամություն կոմիտեներում, ճկուն քաղաքական գրաֆիկ, սեփականություն՝ հող, ԶԼՄ-ների տնօրինում և այլն։ Այս շարքը կարող ենք լրացնել նաև Վեբերի կողմից առաջարկվող բռնության կիարռման հնարավորություն, լեգիտիմության ձևավորման խորամանկ ձևեր՝ ֆինանսներ, հարիզմա, գաղափարախոսություն։

Ընդդիմության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմությունը բաղկացած է հետևյալ երեք տարրերից՝ գործողներ, գործունեության ոլորտ, վարք և ռազմավարություն։

  1. Որպես ընդդիմության գործող կարող են հանդես գալ կուսակցությունները կամ շահերի խմբերը։ Երբեմն անհատները նույնպես կարող են առաջ քաշել հակադիր գաղափարներ և պայքարել դրանց համար, սակայն այսպիսի պայքարը հիմնականում անարդյունավետ է ուստի, ընդդիմությունը հանդես է գալիս խմբային մակարդակում։
  2. Ընդդիմության գործունեության ոլորտը սովորաբար խորհրդարանն է։ Այստեղ նրա գործունեությունը հիմնականում սահմանափակվում է խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելով։ Ընդդիմության գործունեության ոլորտը մեծապես կախված է ռեժիմից։ Դեմոկրատական ռեժիմի պայմաններում այն գործում է խորհրդարանում, սակայն այլ՝ հիբրիդ ռեժիմի պայմաններում նրա գործունեությունը կարող է ծավալվել հրապարակներում կամ նույնիսկ ընդհատակում։ Ավտորիտար և տոտալիտար ռեժիմների պարագայում ընդդիմությունը գործում է միայն ընդհատակում։
  3. Ընդդիմության վարքը և ռազմավարությունը կարող է տարբեր բնույթ ունենալ։ Նրա պայքարի մեթոդների վերլուծության մոտեցումները բազմազան են։ Բոլոր մեթոդների վերլուծությունն անհնար է։ Սովորաբար առանձնացվում են էլեկտորալ, ոչ հասարակական, բռնի, լոգ-ռոլլինգ և այլ մեթոդները։

Ընդդիմության ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունկցիոնալ վերլության տեսանկյունից ընդդիմությունն ապահովում է.

  • էլիտաների փոփոխությունը
  • իշխանության կենտրոնակցման բացառումը
  • երկակի կարծիքի և քաղաքական պլյուրալիզմի հնարավորությունը
  • քաղաքական որոշումների ընդունման ժամանակ կոմպրոմիսի հնարավորությունը։

Ընդդիմության տիպաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդդիմությունը տիպաբանվում է ըստ հետևյալ մի քանի չափանիշների.

  • ըստ համակարգի նկատմամբ դիրքի՝ այն լինում է արտահամակարգային և համակարգային
  • ըստ հասարակության հիմնական արժեքների նկատմամբ վերաբերմունքի տարբերում են սկզբունքային, հանդուրժողական, քաղաքական ընդդիմություն[9]
  • ըստ սուբյեկտի ընդդիմությունը լինում է կուսակցական, խմբային, քաղաքացիական, ինստիտուցիոնալ
  • ըստ հասարակության չափանիշների` լինում է բացահայտ և քողարկված
  • ըստ իշխանության հետ հարաբերությունների բնույթի տարբերակում են լեգալ և անլեգալ ընդդիմություն
  • ըստ գաղափարախոսության առանձնացվում է աջ և ձախ ուղղություններին հարող ընդդիմություն
  • ըստ կառավարության նկատմամբ լոյալության աստիճանի՝ ընդդիմությունը լինում է կառավարամետ, չեզոք, անհաշտ, ինստիտուցիոնալացված (այդ թվում կուսակցություններ, «ստվերային խմբեր»), ինստիտուցիոնալացված (սահմանփակվում են միայն գաղափարական քննադատությամբ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Политология, энциклопедический словарь под, ред Аверьянова Ю.И, из-во Московского коммерческого института, 1993
  • Соловьев А.И. Политология։ Политическая теория, политические технологии։ Учебник для студентов вузов .։ M Аспект Пресс, 2000
  • Political Opposition in Western Democracies, ed. by Robert Dahl, New Heaven, London, 1966
  • “Stumbling but Struggling. Political Opposition in Four Post Soviet Countries”, ed by. Careja R., M 2004
  • Василев В. А. Оппозиция как социальное явление /Соц. Пол. жур/ n 5, 1996
  • Зеркин, Д.П. Политически конфликты и оппозиция, /Соц. Пол. жур/ n 5, 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Old City Hall was designed by Gridley J. F. Bryant & Arthur Gilman and was constructed between 1862 and 1865. ARCHITECTURE.
  2. Democratic Donkey.
  3. Соловьев А.И. Политология: Политическая теория, политические технологии: Учебник для студентов вузов, М.: Аспект Пресс, 2000, стр 243
  4. Dahl R. Political oppositions in Western Democracies, Yale University press, 1966
  5. Зеркин, Д.П. Политически конфликты и оппозиция, /Соц. Пол. жур/ n 5, 1998
  6. Василев В. А. Оппозиция как социальное явление /Соц. Пол. жур/ n 5, 1996
  7. Политология, энциклопедический словарь под. ред Аверьянова Ю.И, из-во Московского коммерческого института, 1993, стр 230
  8. Rogers M.F. Instrumental and infra-resources: The bases of power // Amer. J. Sociol. 1974, vol. 9 p. 1422 // ÑÕáõÙ Áëï. Власть. Очерки современной политической философии Запада. М. «Наука», 1989
  9. Political Opposition in Western Democracies, ed. by Robert Dahl, New Heaven, London, 1966, p. 237