Փրփուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
փրփուր

Փրփուր, բջջավոր կառուցվածք ունեցող դիսպերսային համակարգ, բաղկացած է հեղուկի բարակ թաղանթներով իրարից բաժանված գազի կամ գոլորշու բշտիկներից։ Բշտիկների մեծությունը, սովորաբար, միլիմետրի տասնորդական մասերից մինչև մի քանի սմ է։ Գազի՝ դիսպերսային ֆազի, ծավալը փրփրում կարող է գերազանցել հեղուկի՝ դիսպերսային միջավայրի, ծավալին։ Փրփուրի և նրա պարունակած հեղուկի ծավալների հարաբերությունը կոչվում է փրփուրի բազմապատիկություն։ Փրփուրը բնութագրող մեծություն է նրա կայունությունը։ Վերջինս որոշում են չափելով այն ժամանակը, որի ընթացքում փրփուրի ծավալը (կամ նրա շերտի բարձրությունը) փոքրանում է երկու անգամ (50%֊ով)։ Բարձրադիսպերս և կայուն փրփուրներ են առաջացնում հեղուկում փրփրագոյացնող նյութերը կամ փրփուրի կայունացուցիչներ պարունակող համակարգերը։ Այդպիսիք են մակերևութային ակտիվ նյութերը, որոնք դյուրացնում են փրփրագոյացումը, փոքրացնում հեղուկի հոսունությունը թաղանթում և արգելակում բշտիկների միացումը իրար (կոալեսցենցում)։ Փրփուր ստացվում է, երբ հեղուկով անցկացվում են գազի բշտիկներ կամ նրա ծավալում գազ է առաջանում։ Ածխաթթու գազի կայուն և առատ փրփուրները օգտագործվում են հրդեհները մարելու համար (տես Կրակմարիչներ)։ Հեղուկ և կիսահեղուկ նյութերի փրփրացումը կարևոր նշանակություն ունի սննդի (հաց, խմորեղեն, կրեմներ ևն) և շինանյութերի (փրփրապակի, փրփրապլաստ և այլն) արտադրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png