Փոլ Չաթեր
| Փոլ Չաթեր | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Փոլ Չաթեր |
| Ծննդյան օր՝ | 1846 |
| Ծննդավայր՝ | Կալկաթա |
| Վախճանի օր՝ | 1926 |
| Վախճանի վայր՝ | Հոնկոնգ |
Փոլ Չաթեր (հայկական անունը` Պողոս Խաչիկ Աստվածատրյան, 1846, Կալկաթա - 1926, Հոնկոնգ), հայազգի պետական-հասարակական գործիչ, մեծահարուստ։
Ծնվել է Կալկաթայում։ 1859-ին քրոջ հետ հաստատվել է Հոնկոնգում, շուտով դառնալով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև ողջ Հոնկոնգ կղզու ամենանշանավոր դեմքը։ Հասել է Հոնկոնգի «ամենանշանավոր, ամենազդեցիկ, ամենահարուստ մարդու աստիճանին», դարձել «թիվ առաջին քաղաքացին»։
1876-1926-ին ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականը, Հոնկոնգի գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ։
Նրա օժանդակությամբ կառուցվել են Հոնկոնգի համալսարանը, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, Հոնկոնգի նավահանգիստը։ Որպես Հոնկոնգի ներկայացուցիչ, բազմիցս մասնակցել է միջազգային միջոցառումների։ Եղել է նաև ազգային խոշոր բարերար, նյութական օգնություն է ցույց տվել հնդկահայ եկեղեցիներին և դպրոցներին, Էջմիածնին, հետաքրքրվել է Հայաստանով։
1902-ին նրան շնորհվել է Սըր տիտղոսը։ Տիրել է խոշոր բանկերի, հողատարածությունների, առևտրական նավատորմի։
Մահացել է Հոնկոնգում։ Մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի, որտեղ պահվել են չինական, հնդկական, մալայական արվեստի մեծարժեք գործեր։ Նրան համարել են «ամենաբարի ու շռայլ մարդը Չինաստանում»։ Հոնկոնգի երկու կենտրոնական փողոցներ կրում են «Սըր Փոլ Չաթեր» և «Աստվածատրյան» անվանումները։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են, Ե., «Ապոլոն», 1993, էջ 233։