Ֆրանսիական հեղափոխություն (1848)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհարում բարիկադներում (1848)

1848 թվականի ֆրանսիական հեղափոխություն, (ֆր.՝ Révolution française de 1848), հայտնի նաև որպես՝ Փետրվարյան հեղափոխություն (révolution de Février), զանգվածային ապստամբություն Ֆրանսիայում՝ 1848 թվականի հունիսի 23–26-ին։ 1848 թվականի եվրոպական հեղափոխական ալիքի մաս է կազմում։

Ապստամբության պատճառը բուրժուական ռեակցիայի հարձակումն էր 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությամբ աշխատավորների ձեռք բերած դեմոկրատական իրավունքների և ազատությունների դեմ։ Ապստամբության անմիջական առիթ է հանդիսացել կառավարության հրահանգը ազգային արհեստանոցները (որոնցում աշխատում էր ավելի քան 100 հազար մարդ) փակելու և դրա հետևանքով աշխատանքը կորցրած 18–25 տարեկան չամուսնացած բանվորներին բանակ, իսկ մյուսներին՝ գավառ հողային աշխատանքների ուղարկելու վերաբերյալ։ Կառավարության պրովոկացիոն քաղաքականությունը առաջ բերեց բանվորների ընդվզումը։

Հունիսի 23-ին Փարիզի բանվորները բարիկադներ բարձրացրին, ապստամբությունն ընդգրկեց Փարիզի արևելյան և հյուսիս–արևելյան բանվորական թաղամասերը, ինչպես նաև արվարձանները։ Ապստամբների ընդհանուր թիվը 40– 50 հազար մարդ (այլ տվյալներով՝ 60 հազար) էր, ղեկավարում էին ազգային արհեստանոցների «բրիգադավարներն» ու «պատգամավորները», քաղաքական ակումբների գործիչները, ազգային գվարդիայի բանվորական արվարձանների ջոկատների հրամանատարները։ Միասնական ղեկավար կենտրոնի բացակայությունը և տարբեր թաղամասերի ապստամբական ջոկատների միջև անբավարար կապը խանգարեցին հարձակողական գործողությունների ընդհանուր պլանի իրականացմանը։ Ապստամբները պահանջում էին ձերբակալել կառավարության անդամներին, պայքարել գործազրկության դեմ, պահպանել ազգային արհեստանոցները։ Վախեցած ապստամբության թափից՝ Ազգային ժողովը հունիսի 24-ին դիկտատորական լիազորություններ տվեց ռազմական նախարար գեներալ Լուի Էժեն Կավենյակին։ Գավառից Փարիզ բերվեցին զորքեր, որը մեծ գերակշռություն տվեց կառավարությանը ապստամբական ուժերի նկատմամբ։ Հունիսի 26-ին ապստամբությունը դաժանությամբ ճնշվեց։ Միայն որոշ խոշոր արդյունաբերական քաղաքներում (Ամիեն, Դիժոն, Բորդո և այլն) տեղի ունեցան ապստամբների հետ աշխատավորների համերաշխության ցույցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։