Ցրոնքի կռիվ (1899)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցրոնքի կռիվ, տեղի է ունեցել 1899 թվականի ապրիլի 24-ին Ցրոնք գյուղում (Արևմտյան Հայաստան, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառ), երբ Գուրգենը մի փոքրիկ խմբով Սասունից իջել էր Մշո դաշտ՝ Սասուն, վառոդ և ռազմամթերք փոխադրելու գործով։

Մշո դաշտում եղած ժամանակ Սասունը հատկապես սպիտակ վառոդ փոխադրելու նպատակով անցնում է Ցրոնք։ Ցրոնքում հարկ եղած պատրաստությունները տեսնելուց և բեռները Սասուն ճամփելուց հետո որոշում է ևս մեկ օր մնալ Ցրոնքի մարագներում։ Օղունքի գյուղացի Մկրտիչ Երամյանը, որը գաղտնի ոստիկան էր, հետևում է Գուրգենի խմբի շարժումներին և այդ մասին լուր տալիս Բիթլիսի կուսակալին։ Ապրիլի 25-ին Ցրոնքը պաշարվում է Բիթլիսից և Մուշից եկած զինվորներով, որոնց թիվն հասնում էր 1000-ի։ Կառավարական զորքերը Ցրոնք գյուղի նշանավոր այրերին պատանդ են վերցնում և սկսում են գյուղի խուզարկությունը։ Գյուղացիներից մեկը, չդիմանալով ծեծին և չարչարանքներին, վկայում է, որ նախորդ օրվա երեկոյան տեսել է հայդուկային խմբին, որը դեպի գյուղի մարագներն էր շարժվում։ Զորքն անմիջապես շրջապատում է գյուղի մարագները։ Մարագների ուղղությամբ արձակված ոստիկանական համազարկը մնում է անպատասխան, որից հետո թուրքերը հրդեհում են մարագները։ Գուրգենն իր հայդուկային խմբին հրամայում է դուրս գալ մարագներից և կռվով ճամփա բացել։ Հայդուկներից ոմանք զոհվում են հենց մարագներից դուրս գալուց, մյուս մասը՝ հետագա կռվի ընթացքում։

Գուրգենի խմբի կազմում էին մշեցի Տիգրանը, աղջանցի Ռուբենը, ղարաբաղցի Փարսադանը, դաշտեցի Մկրոն, Նշանը, սասունցի Կրպոն և Վարդանը։ Ցրոնքի կռվում բոլոր ութ հայդուկներն էլ սպանվում են, իսկ թուրքական զորքը տալիս է 13 զոհ և 20-ից ավելի վիրավոր։ Քրդերից սպանվում է 10 հոգի։ Սպանվածների մեջ էր նաև Թալիպ էֆենդին, որը Մուշի քաղաքապետն էր։

Թուրքերը կտրում են Գուրգենի գլուխը, իսկ մյուս հայդուկների մարմինները սայլերի վրա փոխադրում են Մուշ և հանձնում Մուշի հայոց հոգևոր առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանին։ Վերջինս հայ ֆիդայիների մարմիններն ամփոփել է տալիս Մուշի սուրբ Մարինե թաղամասի Կողի հայկական գերեզմանատանը։ Գուրգենի մահը մեծ հարված էր ընդհանուր ապստամբության ծրագրի իրականացման համար։

Ցրոնքի կռվից հետո թուրքական կառավարությունը ձերբակալում և Մշո բանտն է նետում բազմաթիվ հայ գյուղացիների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։