Ռիխարդ Վագներ
| Ռիխարդ Վագներ | |
|---|---|
Գերմանացի կոմպոզիտոր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Wilhelm Richard Wagner |
| Ծննդյան օր՝ | 22 մայիս, 1813 |
| Ծննդավայր՝ | Լայփցիգ |
| Վախճանի օր՝ | 13 փետրվար, 1883 |
| Վախճանի վայր՝ | Իտալիա |
Ռիխարդ Վագներ (գերմաներեն՝ Richard Wagner. Մայիս 22, 1813 - Փետրվար 13, 1883), գերմանացի մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական տեսաբան, և ակնարկագիր։
Բովանդակություն |
[խմբագրել] Կյանքը
[խմբագրել] Վաղ տարիները
Ռիխարդ Վագները ծնվել է 1813թ. մայիսի 22-ին Լայպցիգում, պետական ծառայող Կառլ Վագների ընտանիքում: Երաժշտություն է սկսել սովորել 1828 թվականից, 1831թ. ընդունվել է Լայպցիգի համալսարան, որտեղ ունկնդրել է փիլիսոփայության և գեղագիտության դասախոսությունները: Նույն տարիներին սկսում է ստեղծագործել. 1833թ. հունվարի 10-ին կատարվում է նրա Դո մաժոր սիմֆոնիան: Մեկ ամիս անց ստանում է Վյուրցբուրգի օպերային թատրոնի խմբավարի պաշտոնը՝ զուգակցելով աշխատանքը կոմպոզիցիայի ուսման հետ: Մամուլում են հայտնվում Վագների առաջին երաժշտական քննադատական հոդվածները, նա գրում է իր առաջին օպերան («Փերիները» (Die Feen)), որը սակայն չի ընդունվում բեմադրման:
1834թ. ստանձնում է Մագդեբուրգի օպերային թատրոնի դիրիժորի պաշտոնը, 1836թ. ամուսնանում դերասանուհի Մինա Պլաների հետ: Մագեբուրգից նա տեղափոխվում է Քյոնիգսբերգ, այնուհետև Ռիգա՝ այդ քաղաքներում ևս ղեկավարում է օպերային թատրոնների նվագախմբերը: Նրա նոր ստեղծագործությունները՝ «Իշխի՝ր Բրիտանիա» նախերգանքը (Rule, Britannia) և «Սիրելու արգելք» օպերան (Das Liebesverbot, ըստ Շեքսպիրի «Չափ ընդդեմ չափի» կատակերգության) հաջողություն չեն ունենում: 1839թ. ամռանը Ռիգայից կնոջ հետ ծովով մեկնում է Փարիզ՝ Ֆրանսիայում ապրելով շուրջ երկուսուկես տարի (1839թ. օգոստոսի 20-ից մինչև 1842թ. ապրիլի 7-ը): Չնայած զրկանքների և մշտական եկամուտի բացակայության Փարիզում Վագները որոշակի ճանաչման է հասնում երաժշտական շրջանակներում՝ ծանոթանալով Հենրիխ Հայնեի, Հեկտոր Բեռլիոզի, Ջակոմո Մեյերբերի և մշակութային այլ գործիչների հետ: Ֆրանսիայի մայրաքաղաքում ապրելու տարիներին Վագները գրում է «Ֆաուստ» նախերգանքը, ավարտին է հասցնում «Ռիենցի» օպերան, գրում «Թռչող հոլանդացի» օպերայի լիբրետտոն: 1841թ. հունիսին Մեյերբերի աջակցությամբ «Ռիենցի» օպերան ընդունվում է բեմադրության Դրեզդեն քաղաքում:
[խմբագրել] Դրեզդեն, 1842-1849
Ոգևորվելով ստացված լուրից՝ Վագները որոշում է վերադառնալ հայրենիք: 1842թ. հոկտեմբերի 20-ին շլացուցիչ հաջողությամբ անցնում է «Ռիենցիի» առաջին ներկայացումը, ինչի արդյունքում Վագների հռչակը սկսում է տարածվել Գերմանիայով մեկ, նրան հրավիրում են Լայպցիգ և Բեռլին՝ հանդես գալու համերգներով: Նույն տարիներին Վագները մերձենում է Ֆերենց Լիստի հետ:
1843թ. սկզբներին Դրեզդնում բեմադրվում է Վագների հաջորդ՝ «Լռչող հոլանդացի» օպերան, որն ամրապնդում է երգահանի հռչակը: Վագները նույն տարվա փետրվարին նշանակվում է Դրեզդենի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար: Վագների օպերաները սկսվում են բեմադրվել Գերմանիայի այլ քաղաքներում՝ «Ռիենցին»՝ Համբուրգում և Բեռլինում, «Թռչող հոլլանդացին»՝ Կասսելում, Ռիգայում և Բեռլինում: 1845թ. հոկտեմբերի 19-ին Դրեզդնում կայանում է «Տանհոյզեր» օպերայի առաջին ներկայացումը:
1849թ Վագները մասնակցում է Դրեզդենյան ապստամբությանը, որի պարտությունից հետո փախնում է Ցյուրիխ, որտեղ և անցկացնում է իր կյանքի հաջորդ 10 տարիները:
[խմբագրել] Աքսորի տարիներ
Ցյուրիխում Վագները գրում է իր գլխավոր գրական երկերը, այդ թվում «Արվեստը և հեղափոխությունը» (Die Kunst und die Revolution), «Ապագայի գեղարվեստական ստեղծագործությունը» (Das Kunstwerk der Zukunft), «Օպերա և դրամա» (Oper und Drama), ինչպես նաև «Հրեաները երաժշտության մեջ» (Das Judenthum in Musik) պամֆլետը: Նույն տարիներին Վագները սկսում է եռանդուն կերպով աշխատել «Նիբելունգի մատանին» օպերաների շարքի վրա (Der Ring des Nibelungen), սակայն 1857թ. առժամանակ ընդհատում է իր աշխատանքը՝ անցնելով «Տրիստան և Իզոլդե» օպերայի ստեղծմանը (1857-59թթ.):
Անհաջողությամբ է ավարտվում Ֆրանսիայի մայրաքաղաքը նվաճելու նրա երկրորդ փորձը. 1860թ. Փարիզում տված նրա երեք համերգները վատ ընդունելության են արժանանում, իսկ 1861թ. «Գրանդ-օպերա» թատրոնում «Տանհոյզերի» բեմադրությունը տապալվում է: Նույն ընթացքին Վագները թույլտվություն է ստանում վերադառնալ Գերմանիա:
Ձգտելվ բարելավել իր նյութական վիճակը՝ 1862–1863թթ. Վագները հանդես է գալիս համերգներով Վիեննայում, Պրահայում, Պետերբուրգում և այլ քաղաքներում: Չնայած դրան ծախսերի մեջ անզուսպ երգահանը շարունակում է խճճվել պարտքերի մեջ:
[խմբագրել] Մյունխեն. երկրորդ աքսորի տարիները
Թվում էր թե վագների վիճակն անելանելի էր, նրան հետապնդում էին պարտապանները: Սակայն նսպասելիորեն երգահանին օգնության ձեռք մեկնեց Բավարիայի գահ նոր բարձրացած Լյուդվիգ II-ը: Երիտասարդ թագավորը Վագների երաժշտության ջերմ երկրպագուն էր: Նա համաձայնեց փակել երգահանի բոլոր պարտքերը, հրավիրեց նրան Մյունխեն՝ տրամադրելով քաղաքի օպերային թատրոնի բեմը Վագների նոր օպերաների բեմադրման համար: 1865թ. Մյունխենում տեղի ունեցավ «Տրիստան»-ի պրեմիերան: Նույն տարիներին փոփոխություններ են կատարվում Վագների անձնական կյանքում: Նա իր կյանքն է կապում Ֆերենց Լիստի դստեր՝ Կոզիմայի հետ, որը երգահանի հետ լինելու համար հեռանում է իր առաջին ամուսնուց՝ անվանի դիրիժոր Հանս ֆոն Բյուլովից: Այդ հանգամանքը, ինչպես նաև Վագների կողմից Բավարիայի կառավարման գործերի մեջ խառնվելու համար Լյուդվիգ II-ի վրա իր ազդեցությունն օգտագործելու փորձերը թույլ տվեցին Բավարիայում նրա քաղաքական ընդդիմախոսներին պնդել երգահանին Մյունխենից հեռացնելու վրա: Վագները նորից տեղափոխվում է Շվեյցարիա՝ Լյուցեռնի լճի ափին գտնվող Տրիբշեն բնակավայր, որտեղ նա անցկացնում է 6 տարի:
Տրիբշենում նա ավարտին է հասցնում «Նյուրնբերգի մեյսթերզինգերներ» օպերան, «Նիբելունգի մատանին» շարքի վերջին երկու օպերաները՝ «Զիգֆրիդը» և «Աստվածների մթնշաղը», գրում է մի շարք գրական երկեր, այդ թվում՝ «Դիրիժորության մասին» (Über das Dirigieren, 1869) և «Բեթհովեն» (1870): 1870թ. Վագները կարողանում է ամուսնանալ Կոզիմայի հետ, որին վերջապես հաջողվել էր ապահարզան ստանալ: 1871թ. ծնվում է Վագների միակ զավակը՝ Զիգֆրիդը:
Լյուդվիգ Բավարացին, թեև հիասթափվել էր Վագներից որպես մարդուց, այնուամենայնիվ մնում էր նրա երաժշտության ջերմ երկրպագուն: 1860-ական թթ վերջերին 70-ական թթ. սկզբներին Մյունխենում բեմադրվում են երգահանի «Մեյսթերզինգերներ», «Հռենոսի ոսկին», «Վալկիրիա» օպերաները: Վագները դառնում է եվրոպական երաժշտության առաջնորդներից մեկը, նրա օպերաները բեմադրվում են եվրոպական երկրների օպերային թատրոններում, հրատարակվում են նրա երաժշտագիտական և քննադատական երկերը: Սակայն Վագները երազում էր ստեղծել նոր օպերային թատրոն, որտեղ հնարավոր կլինի լիարժեք կերպով կյանքի կոչել իր երաժշտական ստեղծագործությունները՝ երաժշտական դրամաները: Իր այդ ծրագիրը նա սկսում է իրականացնել 1872թ.՝ մեկնարկ տալով Բայրոյթում օպերային թատրոնի կառուցման աշխատանքներին: Լյուդվիգ Բավարացու և այլ հովանավորների աջակցությամբ թատրոնի կառուցումը ավարտին է հասցվում 1876թ.., իսկ նույն թվականի օգոստոսին տեղի է ունենում հանդիսավոր բացումը՝ «Նիբելունգի մատանին» շարքի բոլոր օպերաների հաջորդական ներկայացմամբ:
[խմբագրել] Վերջին տարիները
1870-ական թթ. վերջերին Վագները աշխատում է «Պարսիֆալ» օպերայի վրա, որը դառնում է նրա վերջին երաժշտաան ստեղծագործությունը: «Պարսիֆալի» առաջին կատարումը տեղի է ունենում Բայրոյթում՝ 1882թ.: Նույն տարվա սեպտեմբերին Վագները մեկնում է Իտալիա՝ առողջությունը բարելավելու նպատակով: Նրան տանջում էին սրտի նոպաները, որոնցից մեկը՝ 1883թ. փետրվարի 13-ին, դարձավ ճակատագրական: Վագների դին տեղափոխվում է Բայրոյթ և թաղվում պետական պատիվներով նրա «Վանֆրիդ» առանձնատան այգում:
[խմբագրել] Վագների երաժշտական ստեղծագործությունները
| Ռիխարդ Վագների ստեղծագրծությունները | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ստեծագործություն | Աղբյուր | Ստեղծման թվական | Պրեմիերա | Վերջնական տարբերակ | ||||
| հայերեն անվանում | գերմաներեն անվանում | տեղ | տարի | տեղ | տարի | տեղ | տարի | |
| Վաղ շրջան | ||||||||
| Սիմֆոնիա | Ein Sinfonie | — | Լայպցիգ | 1832 | — | — | — | — |
| Լեհաստան (նախերգանք) | Polen | — | Լայպցիգ | 1832 | — | — | — | 1836 |
| Ամուսնություն (անավարտ) | Die Hochzeit | — | Լայպցիգ | 1832 | — | — | — | — |
| Փերիներ | Die Feen | Կարլո Գոցցի | Լայպցիգ | 1833–34 | — | 1888 | — | — |
| Սիրո արգելք | Das Liebesverbot | Վիլյամ Շեքսպիր, «Չափը չափի դիմաց» | Լայպցիգ | 1836 | — | 1836 | — | — |
| Ռիենցի | Rienzi, der Letzte von Tribunen | Էդվարդ Բուլվեր-Լիտտոն, համանուն վեպ | Լայպցիգ | 1838–40 | — | 1842 | — | — |
| Հասուն գործեր | ||||||||
| Ֆաուստ (նախերգանք) | Faust | Գյոթե, «Ֆաուստ» | Փարիզ | 1840 | — | — | — | 1855 |
| Թռչող հոլանդացի | Der Fliegende Holländer | Թռչող հոլանդացու մասին ժողովրդական լեգենդներ, Հայնեի համանուն նովելը | Փարիզ | 1841 | — | 1843 | — | — |
| Տանհայզեր (օպերա) | Tannhäuser | Թանհայզերի, Վարթբուրգ քաղաքում երգիչների մրցույթի եւ Սբ. Եղիսաբեթի մասին տարբեր լեգենդների միացում | Լայպցիգ | 1843–45 | Բեռլին | 1845 | — | — |
| Լոհենգրին (օպերա) | Lohengrin | Լոհենգրինի մասին միջնադարյան լեգենդներ | Լայպցիգ | 1845–48 | Վեյմար | 1850 | — | — |
| «Նիբելունգի մատանին» շարքը — Der Ring des Nibelungen (մտահաղացում 1848, լիբրետտո 1849-52, Ցյուրիխ) | ||||||||
| 1. Հռենոսի ոսկին (օպերա) | Das Rheingold | «Ավագ Էդդա», «Երգ Նիբելունգների մասին» | Ցյուրիխ | 1852–54 | Բայրոյթ, Ֆեստշպիլխաուս | 13–17 օգոստոս1876 | — | — |
| 2. Վալկիրիա (օպերա) | Die Walküre | 1852–56 | — | — | ||||
| 3. Զիգֆրիդ (օպերա) | Siegfried | Մյունխեն | 1871 | — | — | |||
| 4. Աստվածների մթնշաղը (օպերա) | Götterdämmerung | 1871–74 | — | — | ||||
| Ուշ գործեր | ||||||||
| Տրիստան և Իզոլդա | Tristan und Isolde | Տրիստանի եւ Իզոլդայի մասին Հոթֆրիդ Սթրասբուրգցու էպիկական պոեմը | Ցյուրիխ | 1857–59 | Մյունխեն | 1865 | — | — |
| Նյուրնբերգի մայսթերզինգերները (օպերա) | Die Meistersinger von Nürnberg | XVII-րդ դարի Նյուրնբերգյան տարեգրություն | Մյունխեն | 1868 | Մյունխեն | 1868 | — | — |
| Պարսիֆալ (օպերա) | Parsifal | Պարսիֆալի մասին միջնադարյան լեգենդ, Վոլֆրամ ֆոն Էշենբախի պոեմը | Բայրոյթ | 1882 | Բայրոյթ | 1882 | — | — |
[խմբագրել] Գրականություն
- Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ռիխարդ Վագներ, Երևան, 1933։
[խմբագրել] Արտաքին հղումներ